Ալեքսանդր Թոփչյան | Ավարտը որպես նոր գրքի խոստում. Նորայր ՍԱՐԳՍՅԱՆԻ «Չինական պատ» գրքի մասին

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Երազանքների և դաժան իրականության այս բախումը կյանքում ավարտվում է ծանր դրամայով, երբեմն էլ` ողբերգությամբ: Իսկ արվեստո՞ւմ, գրականության մե՞ջ:
19-րդ դարասկզբից առայսօր գրականությունը շարունակ օրինակներ է մատուցում, երբ երիտասարդ անհատը, երբեմն մի ամբողջ սերունդ, սոցիալական և քաղաքական պատճառներով դառնում է ավելորդ ամբողջ հասարակության համար: Մերժված գրող-հերոսը կամ` հակառակը, հայտնվում է երկու փակուղիների նեղ և մահացու արանքում: Առաջընթաց չկա, վերադարձն անկարելի է: Ուստի «փրկությունը» գտնում է գրականության մեջ` ստեղծելով հիմնականում խոստովանական արձակ:
Նման իրավիճակում է հայտնվել նաև Նորայր ՍԱՐԳՍՅԱՆԻ «Չինական պատ» գրքի հերոսը: Չենք ասում հերոսները, այլ իսկապես միակ հերոսը, չնայած տարբեր պատմվածքներ են և մեկ հուշապատում վիպակ, և թվում է, թե գոնե փոքր-ինչ տարբեր գործող անձանց պիտի հանդիպեինք, բայց, ավա՜ղ, բոլորը նույնն են: Ուրիշ կերպ չէր կարող լինել, քանի որ բոլորը միևնույն աղետի զոհերն են: Ճիշտ է, «մենախոսում» է`մեկը` հեղինակ-հերոսը, բայց նա բոլոր պերսոնաժների խոսնակն է:
«Հեղինակ-հերոս» ասելով բնավ ցանկություն չունենք լրացնելու բանասիրության այն «քաջահմուտ» դոկտորների և թեկնածուների շարքերը, որոնք այդպես էլ չսովորեցին` միս ու արյունով, կենդանի, իրականում գոյություն ունեցող հեղինակին զանազանել հորինովի պերսոնաժից: Եվ, իհարկե, չենք ուզում ասել, թե գիրքը Ն. Սարգսյանի, ինչ-որ ժամանակում ապրած և վերապրած տվայտանքների անթերի փաստավավերագրումն է: Այդ երկու միավորներին նույնացնելով` պարզապես հիշեցնում ենք վերջին ժամանակներս հայտնված սոցիալ-քաղաքական այն երևույթը, երբ արդարություն պահանջող զանգվածը` աշխարհի տարբեր ծայրերում, դուրս էր գալիս փողոց և իրեն նույնացնում զոհի հետ:
Նույն երևույթն ենք տեսնում գրքում. «Ամեն օր մահանում եմ որպես գրող… Պատմելու բան չկա» (էջ 94): Պատմելու բան չունի նաև գրքի պերսոնաժը: Նրա կյանքը դարձել է մեքենայական, անհույզ, աննպատակ ու միապաղաղ անկապակից գործողությունների մի շարք: Երբեմն-երբեմն կատարվում են աննշան փոփոխություններ, երբ ասենք գարեջրի իններորդ, թե տասներորդ շիշը խմելուց հետո գարեջրատան բարից դեպի սեղան տարածությունը, որ սովորաբար 10 քայլ էր, դառնում է 13: Իսկ երկու էջ հետո հերոսը խոստովանում է. «…մի նախադասություն բան է գրականությունը: Ես վախենում եմ մեռնելուց»:
Գուցե սա է իսկապես նրա ապրելու կերպը` հասարակությունից դուրս, կյանքի լուսանցքի վրա, շարունակ ինքն իրեն զննելով: Սակայն մինչև ո՞ւր կարելի է խորանալ ինքդ իր մեջ: Որքանո՞վ է անվերջ ինքնազննումը, այդ մեկուսացումն արդյոք չի՞ դառնա ինքնանպատակ` հեղինակին վերջնականապես փակելով «չինական պատի» մեջ:
Կարծում ենք` ո՛չ:
Վերջերս, մի առիթով, գործածեցի «սելֆի գրականություն» բնորոշումը: Այդպես ասելով, նկատի ունեի որոշ երիտասարդ հեղինակների եսակենտրոն, նարցիսիստական բանաստեղծություններն ու արձակը, որոնցում ցավ կամ դժգոհություն չկար այդ պարտադրված սոցիալական մեկուսացումից: Ավելին, կարծես գոհ էին այդպես` ինչ-որ ապահով պատյանում հայտվելուց:
Մինչդեռ, Ն. Սարգսյանի պատմվածքներում ալկոհոլի և այլ թմրեցուցիչների «գրկում» զառանցագինորեն մենախոսող գրող-հերոսն այդ կերպ իր` եթե ոչ ընդվզումը, ապա անհամաձայնությունն է հայտնում, անգամ եթե ցավով խոստովանում է, թե «ես կրված տղա եմ» (էջ 23): Այնուհանդերձ, կարդալով նրա արձակը, ես հասկանում եմ հեղինակի մեկուսացման պատճառը և տեսնում նրա ցանկությունը դուրս գալու կախարդական շրջանակից: Եվ կարծես ելքի առաջին փորձն ենք տեսնում գրքի ավարտին` «Ներկած քուչա» նովելակերտ վիպակով:
Առաջին իսկ էջերից ինձ թվաց, թե «բախտ» ունեմ ինֆանտիլ կարոտախտի հերթական դրսևորումը վայելել: Մի կարոտախտ, որ ժամաանակ առ ժամաանակ արտահայտվում է գերազանցապես երիտասարդների արձակում` արտահայտելով սարսափն առերեսվելու սեփական ճակատագրին, առանձնահտուկ քաղցրությամբ հիշելով մանկապարտեզային տարիները և բակային սխրանքները: Սակայն ընթերցելու հետ նկատեցի, որ վիպակն, ըստ էության, պատմվածքների շարունակությունն է: Միևնույն միապաղաղությունն ենք տեսնում, բայց այս անգամ խմբովին: Հասնելով ավարտական էջերին, հասկանում ենք, թե ինչու է գրվել այս հուշապատումը, այս հրաժեշտը, որովհետև հիմա, տարիներ անց, տեսնում է, որ «…նմանվում ենք, այո՛, շատերս նմանվում ենք նրանց, ումից փոքր տարիքում զզվում էինք ու մտածում, որ ոչ թե չենք դառնա նրանց նման, այլ որ չենք մեծանա» (134 էջ):
Ավարտական այս խոստովանությունը հույս է ներշնչում, որ հեղինակը լիովին գիտակցում է, որ այնուամենայնիվ «մեծանալ» կա, և որ անկարելի է փախչել անցնող ժամանակի պահանջներից, ուստի պետք է սեփական հետքը թողնել անցնող օրվա մեջ: Այսպիսով, հետաքրքիր գրքի ավարտը դառնում է նոր սկզբի խոստում:
Նորայր Սարգսյանի «Չինական պատն» իսկապես ուշագրավ երևույթ է մեր երիտասարդական գրականության մեջ: Նա կարողացել է գեղարվեստորեն հավաստի ներկայացնել արդի հայ երիտասարդության մեջ տիրող որոշ տրամադրությունները: Ես հավատում եմ նրա կարողություններին․․․

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր,
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ

30 հունվարի, 2018 թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *