Սոնա Համբարձում | Ավելի դաժան, քան…


***

Օրեր շան հաչոց են դարձել,
Խաղաղությունը ոսկոր է՝
Ճոխ ընթրիքից հետո
Ինչ որ մեկի կոկորդում խրված,
Մութը սովորական է…
Փողոցները կարոտել են վազքիս։

11.06.2020+1

***

Պատերազմ է.
հողը՝ խենթանում
Անհագ ծարավով արյուն է խմում,
Այն տաք արյունները, որ
անապատներ, ծովեր են անցել,
Որ նորամորուս այս մարմիններում իմասնտանանալ դեռ չեն հասցրել…
Պատերազմ է.
Հողը սրբանում՝ արգանդ է դառնում,
Անշունչ մարմիններ գրկում է տաք֊տաք
Կարծում է՝ սերմ է ՝ ծիլ կտա հատ-հատ
Ու փա՜՜ռք
Կծնվեն նրանք
Նրանք, որ կանգնած են ժամանակի մեջ
Նրանք, որ ժամանակն են
Անթարթ ու անշեջ,
Նրանք հավերժ են
Կարոտի ջրվեժ,
Անսպառ մի վրեժ,
Որ համառ ստվերի պես ապրում
Ու չի շոշափվում,
ոչ մի արևից չի անհետանում
Լույսի հետ լուսե,
Մութի մեջ խավար
Անանց է, բայց գո։
Պատերազմ է.
Քարերը դեմքեր են դառնում,
Անկողինը սառն է,
Սենյակը՝ դատարկ,
Ծաղիկները հավատարիմ պահակներ են
Մոմերն աղոթքի արահետ…
Նրանք կվերադառնան
Երբ պատերազմը
Փոքրանա, նվաղի
Ծովի ալիքների և ավազների
Պայքարի վերածվի…

22.05.2020+1

***

Ավելի դաժան
Քան զոհվածների տան դատարկությունն է,
Ավելի դաժան,
Քան նրանց հետ անցկացրած օրվա վերջին լինելու զգացումը
Չկա… Չկա
Ծաղիկներ, որ կխոսեին
մութի ստվերում, թաքուն հուշերի ծածկոցի մեջ
Ծպտված դեռատի աղջկա հետ,
Այդ Ծաղիկները լռում են շիրմաքարերին,
Ժպիտներ, որ
մոր գրկի մեջ մանկության բուրմունք ունեն,
Ձեռքեր, որ
Հողի մեջ նոր սերմեր կդնեն
Չկան… Չկան
Ավելի քաղցր
Քան պատերազմից ժպիտ բերող
Հոր գիրկն է
Չկա…
Ավելի ջերմ
Քան խրամատի հողում
Քնած վիրավորի արյունն է
Չկա…
Ավելի ու ավելին
Կյանքի և պատերազմի
Կարոտի և մահվան
Հնչյունների և արցունքների
հանդիպումն է…
Ձայներ, որ կխոսեին
Խորանի մոտ, Աստծո լույսի տակ,
Կշշնջային ծառի ստվերում,
Նույն բաճկոնի մեջ սեղմված սիրածի
Փայլուն մազերով ծածուկ ականջում,
Նրանք լռել են
Շիրմաքարերին արցունքն է խոսում։

***
Նվագում է
Բարկությունը
Մոլոր ու խեղճ հայացքների,
Սրտում մարած անունների,
Անհագ խլող, ծափ չզարկող ձեռքերի,
Արևատուր, արջուկ գրկած նուրբ մատների
Նոտաներով…
Նվագում է
Վալս է՞, տանգո՞
Գուցե քամի՞…
Նվագում է
Հիշողությունը,
Կա՞ր անցյալում մեր անհոգ օրերի,
այսպիսի ներկա՝ որպես ապագա
Կա՞ր ջերմությունը ստի առվակում՝
որպես այս մեծ հրդեհի մի մասունք,
Կա՞ր ատելությունն ու անտարբերությունը՝
որպես արմատներ այս մեծ կարոտի։
Նվագում է
Ջութակը
և սպասում` ջութակահար Ջոնին,
Իսկ Ջոնի մարմինը հողում է` անակ։
Հերոսները պայքարում են միասին
Բայց ննջում են` մենակ։

24.04.2020+1

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *