Դընի Դոնիկյան | Այնտեղ ուր մեռնում եմ, վերածնվում է Հայրենիքը

Հարցազրույց Փարիզում ապրող ֆրանսահայ արձակագիր Դընի Դոնիկյանի հետ:

-Որպես գրող՝ ի՞նչ ապրումներ, մտորումներ ունեցաք արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել այն:

-Բոլորն սպասում էին, թե օրերից մի օր պայթելու է պատերազմը։ Բայց հայերը անհոգությունից կամ բանականության անգործության պատճառով վստահում էին իրենց կառավարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ինչ վերաբերում է Ալիևին, զայրացած բանակցությունների անբերրիությունից, չկարողանալով պասիվ մնալ, ծայրաստիճան զինվում էր` սպասելով հարմար պահի հարձակվելու համար։ Թուրքիայից ստացած ռազմական օգնությունը, համաճարակի գործած ավերածությունները և Հայաստանում գոյություն ունեցող ժողովրդավարական քաոսը նրա դիմաց ճեղք բացեցին, որտեղից հարմար ձևով կարողացավ մխրճվել։
Թուրք-ադրբեջանական հարձակումը ցնցեց հայ ժողովրդին։ Սփյուռքում մենք գիտեինք, որ հայ զինվորը ոչ մի թիզ հող չի զիջի։ Սակայն հայտնվել էինք երկընտրանքի մեջ՝ լավատեսական հաղորդագրությունների, հայկական գլխավոր շտաբի եւ թշնամու առաջացած խուճապահարության միջև, որոնց մասին լրագրողները հաղորդում էին պատերազմի դաշտից։ Նոյեմբերի 9-10-ի համաձայնությունները սառը ցնցուղ եղան, եթե չասենք, իսկական տրավմա, միաժամանակ՝ թեթևացում։ Աշխարհի հայերը զգացին, որ կառավարությունն իրենց խաբել է` մարտերի մասին ապատեղեկատվություն տալով։ «Մյուսների» կողմից տարած հաղթանակի ստորացմանն ավելացավ յուրայիններից խաբված լինելու նվաստացման հանգամանքը։
Ոչ ոք չէր կարող կանգնեցնել այս պատերազմը, բացի Ռուսաստանից, որը Հարավային Կովկասի այդ մասի տարածաշրջանն իրենն էր համարում։ Այս իմաստով, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Ֆրանսիան ոչ մի իրավունք չուներ ռազմական առումով միջամտելու հայերին օգնելու համար։ Փաշինյանի սխալն այն էր, որ հավատաց, թե եվրոպական ժողովրդավարություններն օգնության ձեռք կմեկնեն երիտասարդ հայկական ժողովրդավարությանը։ Պետք է նշել, որ այս հաղթանակը բռնապետությունների հաղթանակն է։ Այն, ինչ արեց Էրդողանը, միավորվելով Ալիևի հետ, Եվրոպան չէր կարող դեմ առ դեմ նույնն անել Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա արեց այն, ինչ կամենում էր և ինչպես կամենում էր։ Ճիշտ այնպես, ինչպես Ստալին`ՙ 1921 թվին։
Բացի այդ, առաջին պատերազմից հետո կրած նվաստացումը երեսուն տարուց ավելի Ալիևին անհամբերության էր մատնել։ Կուտակված ատելությունը միանգամից բաց թողեց սանձերը և այլևս անկարող էր կանգ առնել։ Ամեն ինչ նպաստավոր էր այս պատերազմը բարեհաջող ավարտին հասցնելու համար․ ամենախեղաթյուրված զենքեր, արգելված զինատեսակներ, բարբարոս գործունեություններ, տեղեկատվության նենգափոխում, ընդհուպ՝ խաբկանք և ահաբեկում, ջիհադիստների գործողություններ, դաշնակցություն Թուրքիայի հետ, որը գերիշխող մաս կազմեց հակամարտությանը, այնինչ ադրբեջանական սպաները մի կողմ էին քաշվել։ Ինչ վերաբերվում է հայ զինվորներին, նրանք ոչ միայն խաբվել էին յուրայիններից իրենց զենքերի արդյունավետության հարցում, այլև ուզում էին շահել այս կեղտոտ պատերազմը մաքուր մնալու գնով։ Նրանք իրավացի էին, բայց մյուսները նրանց դիմադրելու առավելությունն ունեին։
Հայ զինվորներն առաջին հերթին զոհ գնացին Հայաստանում տիրող կաշառակերությանը, քանի որ նրանց մատակարարեցին ոչ արդյունավետ ու հնացած զենքեր։ Այնուհետև, նրանք պետք է դիմագրավեին իսկական պրոֆեսիոնալ բանակին, որին միացան ջիհադիստները և ադրբեջանցի զինվորները` վարելով մի կեղտոտ պատերազմ, չհարգելով միջազգային իրավունքի նորմերը։

-Հայաստանը 90-ականների հաղթանակից հետո ճաշակում է պարտության դառնությունը: Ինչպե՞ս կարող է մեր հասարակությունը հաղթահարել այդ շոկը եւ հայացքը հառել դեպի ապագա:

-Այս պարտության հարցում մեղավորներ փնտրելը տանում է դեպի պառակտում, այն դեպքում, երբ հարկավոր էր վերգտնել նվիրական միավորման մի ձև։ Դժբախտաբար, Փաշինյանի դեմ ռևանշ վերցնելով` երեկվա այլասերվածները սխալվում են թշնամու հարցում։ Հարցն այն է, որ պետք է իմանալ, թե ով է ներկայումս Հայաստանի համար առաջին թշնամին։ Փաշինյանը չէ։ Իհարկե, Քոչարյանի, Սարգսյանի դատական պրոցեսները նորմալ կհամարվեին, եթե խաղաղ պայմաններում լինեինք։ Սակայն հրատապությունը պահանջում է առաջնահերթությունը տալ միավորմանը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական թշնամու։ Այսպիսով, փոխադարձ հիշաչարությունները այնպիսին են Հայաստանում, որ այդ անհրաժեշտ ու ժամանակավոր միությունն անժխտելի է, եթե չասենք՝ ուտոպիական։ Փաստորեն, հայերն ունեն երկու տեսակի դասական թշնամի․ թուրք-ադրբեջանական միավորումը և՝ հենց․․․ իրենք։ Ի վերջո, ձեր հարցին պատասխանելու համար ասեմ․ եթե հայերն ուզում են զերծ լինել արցունքոտ ապագայից, այլ միջոցներ չունեն, քան ուժեղ ժողովրդավարություն ստեղծել և կատարելապես զինվել։ Դրա համար կան շատ հաղթաթղթեր․ տեխնոլոգիական անհերքելի կարողություն, վերապրելու կամք և այնպիսի սփյուռք, որը միայն կանաչ լույսի վառվելուն է սպասում նրանց օգնելու համար։

– Ի՞նչ դասեր պետք է քաղել այդ պարտությունից:

-Երևույթների ներկայիս հրատապության պայմաններում Հայաստանը պետք է զինվի։ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ։ Եվ հույսը դնի միայն իր վրա։ Մտածելը, որ արևմտյան երկրները կգան նրանց օգնելու՝ ուտոպիա է։ Մտածելը, որ ներկայիս հակառակորդներն ավելի լավ արդյունքի կհասնեին, քան Փաշինյանը, խաբկանք է։ Մտածելը, որ Պուտինից հետո կգա մեկ ուրիշ Պուտին, վտանգավոր է։ Այն պահից, երբ հայերը քննության կենթարկեն ամենավատ տեսակի սցենարները, կզգան, որ պարտավոր են զինվել։
Հայաստանը նոր է հասկանում, որ տառապում է մի տեսակ գաղափարական կղզիացումից։ Նա շրջապատված է շնաձկներով ու խարդախներով։ Ուրեմն նա Իսրայելի նման պետք է վարվի։ Ոչ միայն զինվի, այլև ստեղծի սեփական սպառազինությունները։ Ոչ միայն ստեղծի, այլ ավելի բարձր արտադրության հասցնի դրանք, քան թշնամիների սպառազինությունները։ Այնքան բարձրարտադրության, որ կարողանա դրանք վաճառել այլ երկրների։ Ստեղծի այնպիսի բանակ, որը կկարողանա գործել Հայաստանի շրջակա տարածքներում։ Մի խոսքով, այս կամ այն ձևով այնպես անի, որ բոլոր հայերըՙ գտնվեն Հայաստանում, թե սփյուռքում, հանդես գան տարբեր աստիճաններում, այն օբյեկտիվ նկատառումով, որ կկարողանան պաշտպանվել իրենց վրա հարձակվող դասական թշնամիներից։

-Դուք ապրում եք Ֆրանսիայում, որը պատերազմի օրերին աջակցում էր Հայաստանին: Ի՞նչ տրամադրություններ են տիրում այսօր Ֆրանսիայում:

-Անշուշտ, Ֆրանսիայում ապրող հայերը շատ ծանր տարան պարտությունը։ Իսկական ցնցում էր։ Ինչպես ասացի, իսկական տրավմա։ Այնուամենայնիվ, սփյուռքը մնում է ակտիվ վիճակում` հօգուտ Հայաստանի։ Եվ այդպես էլ կլինի այնքան ժամանակ, որքան որ Հայաստանը օժտված կլինի ունենալու ժողովրդավարական ղեկավարություն, որը կարողանա խստագույնս ձևով վստահություն ներշնչել։ Վերադարձը քաղաքական հին գործունեություններին վստահաբար կունենա այն հետեւանքը, որ կարգելակի այդ մեծահոգի խթանիչ ուժը հայ բնակչության հանդեպ։ Սակայն հետևանքը կլինի այն, որ Հայաստանը խոցելի կդարձնի։

-Որպես գրող՝ ի՞նչ ուղերձ կհղեիք հայ որդեկորույս ծնողներին:

-Մոտ 15 հոդված եմ գրել այս պատերազմի վերաբերյալ, վերնագրած՝ «Այնտեղ ուր մեռնում եմ, վերածնվում է Հայրենիքը», ինչպես նաև մի բանաստեղծություն, որ վերնագրել եմ՝ «Մենք 302 էինք»։ Սակայն ի՞նչ կարելի է պատասխանել այսքան ցավալի մի հարցի։ Դա այնպիսի հարց է, որից դուք կարող եք համրանալ։

Զրուցեց Թագուհի Հակոբյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *