Կատերինա Փոլադյան | Այստեղ առյուծներ կան

(հատված գրքից)

ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐ
Երեկոյան Վարդանը հրավիրել էր Անոյի բնակարանում ինչ-որ բան նշելու: Առիթը գաղտնիք էր, միայն ասաց՝ խնդրում եմ, արի:
Խնձոր կտրատեցի, շտրուդելի խմորը պատրաստեցի: Շրթներկը, որ գնել էի աշխատանքից հետո, ինձ սազում էր: Բալի երանգով: Նորից մաքրեցի շրթներկը: Խնամքով փաթեթավորեցի շտրուդելը ու տաքսի կանչեցի:
Մեծ տոնական գցված սեղանը համարյա լրիվ զբաղեցրել էր Անոյի սենյակը: Խոհանոցի կախովի դուռն էին հանել ու դրել գարեջրի երկու արկղի վրա, շուրջբոլորը դրված բարձերին արդեն նստած էին մի քանի հյուրեր: Պնակներ ու շշեր էին ավելացնում: Շտրուդելը դրեցի սեղանին: Վարդանը ինձ ընդառաջ եկավ, սպիտակ կոստյումի հետ կարմիր փողկապ էր կապել, գրկեց ինձ, ուրախությունից փայլում էր: Գանգստերի տեսք ուներ, շատ հմայիչ էր: Հովեսը ներկայացրեց ինձ մյուսներին: Նստեցի Ծովինարի կողքին՝ բարձին: Նա շրջվեց իմ կողմ.
-Անունդ Հելե՞ն է:
-Այո, Վարդանի հետ ծանոթ ենք արհեստանոցից:
-Դու Գերմանիայից եկած վերականգնողուհի՞ն ես:
-Այո:
-Բարի գալուստ:
Անոյի հագին ջինսե կիսաշրջազգեստ էր ու սպիտակ վերնաշապիկ, որի երկար թեզանիքները արձակ կախված էին դաստակների վրա:
-Հիմա կգամ,-բղավեց նա մեր ուղղությամբ:
Վարդանը գինի լցրեց, իսկ Հովեսը ափսեները՝ համեղ բաներով: Երբ բոլորը նստած էին, Վարդանը վերցրեց իր բաժակը, տոնական բարձրացրեց ու սկսեց լուռ լաց լինել: Ես հարցական նայեցի Ծովինարին, նա ձեռքը թափ տվեց, ասես արդեն գիտեր, թե ինչի մասին էր խոսքը:
-Դե վերջ,-կանչեց Հովեսը,-վերջ տուր ողբալուդ, վերջապես ասա, ինչ է պատահել, մենք քաղցած ենք:
Վարդանը չորացրեց արցունքներն ու ինչ-որ բան ասաց հայերեն:
-Ի՞նչ է ասում,-շշնջացի ես Ծովինարին:
-Վարդան, անգլերեն խոսի՛ր:
Վարդանը կոկորդը մաքրեց, ինձ գլխով արեց՝ ներողություն խնդրելով ու սկսեց խռպոտ ձայնով խոսել.
-Նախ կցանկանայի խմել Անոյի կենացը, որ մեզ բոլորիս միշտ ու միշտ ընդունում է այստեղ:
Բոլորը բարձրացրին բաժակները.
-Անոյի՛ կենացը:
Անոն նստած էր իմ դիմաց ու կում-կում խմում էր իր գինին:
-Ուզում եմ կարճ կապեմ,-շարունակեց Վարդանը,-որ կարողանանք տոնել: Դիմել էի Շվեդիայի անցագրի համար, թույլտվությունը ստացել եմ, ինքս էլ անակնկալի եմ եկել: Լքելու եմ Հայաստանը, սկզբում Ստոկհոլմ՝ հորեղբորորդուս մոտ եմ գնալու: Հետո կտեսնենք: Դե արդեն ստացվեց այնպես, որ հեռանում եմ երկրից, որին ամենից շատ էի սիրում, որը սակայն չի փոխադարձում իմ սերը, անկատար սեր է,-Հովեսին դառնալով շարունակեց,-և դու կգաս իմ հետևից:
Հովեսը գլխով արեց, հայացքը հառեց իր ափսեին, ասես չէր հավատում դրան: Վարդանը դատարկեց բաժակը մի ումպով ու նստեց.
-Կերե՛ք, խմե՛ք: Պարուհիներին ներս թողե՛ք:
Ծովինարը գինի ավելացրեց բաժակիս մեջ, ու ես հարցրի.
-Գիտեի՞ր սրա մասին:
-Կռահում էի: Արդեն դպրոցում Վարդանը երազում էր Եվրոպա մեկնելու մասին: Այստեղ նրա համար միշտ շատ նեղ էր: Նա հաստատ իրավացի է: Այդ ի՞նչ էիր հետդ բերել:
-Շտրուդել:
-Դա ի՞նչ է:
-Կարկանդակի տեսակ:
Խմեցինք Վարդանի արևշատության համար, և Հովեսը երաժշտությունն ավելի բարձրացրեց, ֆրանսիական հիփ-հոփ էր: Անոն հազիվ լսելի նվագակցում էր կիթառով, Ծովինարն ու Հայկը համբուրվում էին, մյուսները պարում:
-Քեզ լավ ես զգո՞ւմ,-Վարդանը նստեց կողքիս: Ձեռքի երեսով մի քանի փշրանք սրբեց սեղանից:
-Էվելինան գիտի՞ արդեն, որ գնում ես:
– Վաղը կասեմ նրան: Նույնիսկ ծնողներս դեռ չգիտեն: Նրանք ինձ կատեն:
-Ոչ ոք քեզ չի ատի:
-Դու պատկերացում չունես, թե այստեղ ինչպես է: Թե այստեղ ինչ է նշանակում ընտանիքը: Նրանց ասելու եմ, որ Ստոկհոլմում աշխատանք եմ գտել: Մնացած ամեն բան կկոտրի նրանց սիրտը:
-Ի՞նչ ես անելու Ստոկհոլմում:
-Շվեդերեն կսովորեմ, դաջվածքի ստուդիա կբացեմ կամ հին գրքեր կվերանորոգեմ, երեխաներ կխնամեմ, քեզ կայցելեմ: Չէ որ Շվեդիան քեզ շատ մոտ է, հենց անկյունում, թե՞: Եվ դու ստիպված կլինես ինձ կերակրել:
-Իսկ եթե ես մնամ այստե՞ղ:
-Հայաստանո՞ւմ: Մատենադարանի մորքուրնե՞րի մոտ: Լուրջ չես ասում, չէ՞:
-Իսկ եթե այնուամենայնիվ լո՞ւրջ եմ:
-Այդ դեպքում քեզ Շվեդիայից գումար կուղարկեմ: Իսկ հիմա ուզում եմ տոնել:
Գնացի խոհանոց ու սկսեցի ամանեղենը լվալ: Անոն միացավ ինձ.
-Այդ ի՞նչ ես անում, Հելեն, գնա զվարճացիր:
Նա ափսեն վերցրեց ձեռքիցս ու չորացրեց: Մենք աշխատեցինք կողք-կողքի, խոհանոցի դուռը նորից տեղը կախեցինք, տեղ բացեցինք տանգոյի համար, դատարկ շշերը բակ տարանք ու սառը ուտեստների մնացորդը տեղավորեցինք սառնարանում: Վարդանն ու Հովեսը զուգերգ երգեցին:
-Ինչ գեղեցիկ տոն է,-ասաց Անոն,-ինձ դադար է պետք, զբոսնե՞նք:

Փողոցային լապտերները միայն ձևականորեն էին վառվում, Անոն կախվեց թևիցս, նա սաստիկ ուրախ էր, որ թաքուն լքել էր իր սեփական երեկույթը:
-Ես Վարդանին լավ եմ հասկանում, նկատի ունեմ, որ գնում է: Քեզ դուր է գալի՞ս Հայաստանում,-հարցրեց նա:
-Ես հրավիրված եմ, և ինձ շատ ցանկալի հյուր եմ զգում:
-Աչքիդ չի զարնե՞լ:
-Ի՞նչը:
-Որ կողմ նայում ես, հայեր են: Բոլորն իրար նման:
-Ինձ համար ամեն ինչ նոր է, ինձ համար ամեն ինչ էկզոտիկ է:
Անոն ծիծաղեց.
-Ի՞նձ էլ ես էկզոտիկ համարում:
-Ուրիշ բառ միտքս չեկավ: Երբեմն ինձ հրաշքի նման է թվում, որ այստեղ եմ, որ Երևանում գիշերը շատ բնական քայլում եմ: Ես Հայաստանի մասին պատկերացում չունեի:
-Ես էլ Հայաստանի մասին պատկերացում չունեի: Սիրիայում մեզ ասել են, որ Հայաստանի հայերը իսկական հայեր չեն, որովհետև նրանք ստիպված չեն եղել փախչել հալածանքներից ու սպանդից: Նրանք ձևացրել են, թե կիսել են մեր միասնական ճակատագիրը, բայց իրականում դրա մասին պատկերացում չեն ունեցել, ու չնայած դրան՝ քամահրանքով են վերաբերվել սփյուռքի հայերին: Ու հիմա ես այստեղ եմ, ինձ ընդունում են, և այո, մի քիչ արհամարհում: Որտեղ էլ հայերի հանդիպես, այստեղ թե սփյուռքում ինչ-որ տեղ, բոլորն իրար փոխադարձաբար հանդիմանում են, թե իսկական հայ չեն: Այդ ամենը հիմարություն է: Տխուր եմ, որ Վարդանը գնում է: Նա իմ սակավաթիվ ազնիվ ընկերներից մեկն է: Հասկանում եմ նրան ու միաժամանակ մտածում, նա փախչում է: Բայց պարտավոր էր մնալ:
Անոն բարձրացրեց վերարկուի օձիքը, կողքից տեսա նրա դեմքի վճռական արտահայտությունը:
-Դու իսկակա՞ն հայուհի ես,-հարցրի ես:
-Ասում եմ, չէ, հիմարություն է: Իսկ դու իսկակա՞ն գերմանուհի ես:
-Պատկերացում չունեմ, թե ինչ եմ:
-Նույնպես վատ չէ:
-Կւզե՞ս, գնանք էլի մի բան խմելու:
-Ինչու ոչ:
-Երաժշտությո՞ւն:
-Բարի:
-Այդ դեպքում պետք է այստեղից ձախ գնանք, այնտեղ ջազ-բար կա: Երբեմն այնտեղ մի ընկեր է նվագում:
-Ընկե՞ր:
-Ինձ դիմավորել է օդանավակայանում: Իմ տնօրենի որդին է, ձեռագրերի նորոգման արհեստանոցի ղեկավարի: Մի քանի անգամ հանդիպել ենք: Հայաստանի զինված ուժերի սպա է:
-Հասկանում եմ:
-Դուստր ունի:
-Ի՞նչ է դստեր անունը:
-Յուլյա:
Անոն բռնեց ձեռքս, նրա ձեռքը սառն էր:
-Մրսո՞ւմ ես,-հարցրի ես:
-Ոչ, դե, ո՞ւր է քո բարը:
-Արդեն հասնում ենք: Մի քանի րոպեից: Չգիտեմ, այսօր նվագո՞ւմ է:
-Զինված ուժերի սպա՞ն:
-Այո, Լևոնը:
-Կարծո՞ւմ ես, Վարդանն ու մյուսները դեռ իմ բնակարանում են:
-Հաստատ:
-Ի՞նչ են անում:
-Պարում են, համբուրվում, երգում, քնում:
-Դա ինձ դուր է գալիս:
-Բայց ինչո՞ւ Վարդանը չպետք է հեռանա:
-Որովհետև դրանով զրկվում է ինչ-որ բան փոխելու հնարավորությունից:
-Նա իրեն ապահով չի զգում:
-Դա զգացմունքների հետ կապ չունի: Դա դիրքորոշման հարց է:

Չէի սպասում, որ Լևոնին կհանդիպեմ: Նա կանգնած էր իր կոնտրաբասով փոքր բեմի վրա, երկու-երեք բարձր սխալ հնչյուններ նվագեց ու ժպտաց ինձ:
-Ո՞րն է նա:
-Կոնտրաբասովը:
-Այդպես էլ մտածեցի:
Գարեջուր պատվիրեցինք ու տեղ որոնեցինք: Մեր կողքին կանաչ լուսամփոփով լամպ էր, որ շողը գցեց Անոյի դեմքին, բայց նույնիսկ դեմքին այդ կանաչ շողով նա ամենագեղեցիկ աղջիկն էր, որին երբևէ տեսել էի:
-Ի՞նչ է կատարվում, Հելեն:
-Հուզված եմ:
-Սիրահարվա՞ծ ես նրան:
-Սիրահարվա՞ծ: Նա այստեղ է ապրում: Նրա դուստրը ինը տարեկան է: Նա բանակում է ծառայում: Իմ կյանքը բոլորովին ուրիշ է:
-Ինչպիսի՞ն է քո կյանքը:
-Իմ կյա՞նքը:
-Մի կրկնիր անընդհատ իմ ասածները: Քո կյանքը Գերմանիայում: Ինչպիսի՞ն է:
-Լավ է: Իմ կյանքը լավ է: Իսկ քո կյանքն ինչպե՞ս է:
-Ինձ դուր է գալիս երաժշտությունը:
Լևոնը մոտեցավ մեր սեղանին:
-Դու չես նվագելո՞ւ,-հարցրի ես:
-Հաճելի է քեզ տեսնելը,-ասաց նա:
-Կոնտրաբասով ավելի լավ է հնչում,-ասաց Անոն:
Լևոնը ժպտաց:
-Անոն է, Սիրիայից,-ներկայացրի ես:
-Սիրիայի՞ց,-հարցրեց Լևոնը:
-Այստեղից հազիվ չորս հարյուր կիլոմետր հարավ-արևմուտք, դեռ երբեք չեք լսե՞լ,-պատասխանեց Անոն:
Ես ստիպված էի ծիծաղել: Ամեն ինչ պտտվում էր: Լևոնը խմեց իր գարեջուրը մինչև վերջ ու վերադարձավ բեմ:
-Սա ի՞նչ բան էր,-հարցրեց Անոն ջղայնացած:
-Ի՞նչը:
-Անոն է Սիրիայից: Միայն Անոն կբավեր:
-Ներիր: Ինձ համար դա ինչ-որ առանձնահատուկ բան է:
-Հենց դա նկատի ունեմ: Իրականում ի՞նչ է այդ առանձնահատուկը: Որ տեսել եմ, թե ինչպե՞ս են մեռնում մարդիկ:
-Ինձ էլ ներկայացնում են որպես վերականգնողուհի Գերմանիայից:
-Նա լավ տեսք ունի զինված ուժերի սպայի համար:
Անոն ոտքի կանգնեց, կիսով չափ ծխած սիգարետը դրեց մոխրամանի մեջ ու գնաց զուգարանի ուղղությամբ: Փորձեցի չափել նրա և իմ միջև հեռավորությունը: Պատկերացրի Դանիլի ու իմ միջև եղած հեռավորությունը, Լևոնի և իմ, Ազգային պատկերասրահի կտավի ու իմ, երկրորդ հարկի, առաջին սրահի, աջ պատի մեջտեղի նկարի: Մոտենում եմ նկարչի ազգանունը ու նկարի վերնագիրը իմանալու համար: Դժվար է վերծանել, հաստատ Սարյան է: Կանաչ երանգներ, une jeune fille: Դուրս գալիս այցելուների գրքում ինձ գրանցում եմ սխալ անունով ու հասցեով:
Անոյի սիգարետի ծուխն ուղիղ գծով բարձրանում է վեր, ես փչում եմ, որ կորանա: Երբ Անոն վերադարձավ, ասացի.
-Նորից ձյուն կգա:
-Հավանաբար:
-Մարդիկ կան, որոնք ցրտից չեն նեղվում:
-Ես նեղվում եմ: Ուշ է: Պետք է վաղ վեր կենամ: Էլի կմնա՞ս:
-Դեռ կմնամ:

Դեռ երբեք մարդու չէի խփել: Այդ գիշեր խփեցի Լևոնի դեմքին: Մենք քնել էինք իրար հետ, հետո նա նստած էր անկողնում, շոյում էր մեջքս ու հանկարծ ասաց.
-Այդ սիրիացի աղջիկը, ո՞վ է նա առհասարակ: Քաղաքում վխտում են սիրիացիները,-ասաց շատ ի միջի այլոց, ասես թերթից բառեր էր կարդում: Հետո,-ուրախ եմ, որ հետս եկար: Քեզ կարոտել էի:
Ուղիղ նստեցի ու բռունքով հարվածեցի նրա ուսին:
-Ի՞նչ ես անում,-ծիծաղեց նա:
Ես նորեն բռունցքով հարվածեցի, այս անգամ կրծքին, այս անգամ ավելի ամուր: Նա ինձ հետ հրեց.
-Խելագարվե՞լ ես:
-Ի՞նչ ասացիր հենց նոր,-պնդեցի ես:
-Ի՞նչ խնդիր ունես:
-Նա քեզ խանգարո՞ւմ է:
-Ինձ ոչ ոք չի խանգարում: Միայն թե այդ հայերը Սիրայից գալիս են մեզ մոտ, այստեղ փաստաթղթեր են ստանում, աշխատանք, բնակարան, իսկ հետո գնում են Եվրոպա: Մենք նրանց համար բավական լավը չենք: Դա ինձ խանգարում է:
Նորից խփեցի բռունքով:
-Արդեն դեմքիս պետք է խփես,-ասաց նա:
Ու ես խփեցի նրա դեմքին:
-Եթե ուզում ես ինձ ցավեցնել պետք է ոչ թե բաց ձեռքով, այլ բռունցքով խփես, դա է ուզածդ, չէ՞: Լսիր, քեզ ի՞նչ պատահեց: Մի՞թե այդ սիրիացի աղջկա համար: Թե՞ մադամ Մազավյանը մի քիչ շվարել է: Ամեն բան չափից շատ է Գերմանիայից վերականգողուհու համար: Երկու տղամարդն ու վատ եղանակը սաստիկ շատ են խորհրդային Հայաստանի արհեստանոցի ղեկավարության օրինակելի աշակերտուհու համար:
Նորից խփեցի: Ճչացի: Նա փակեց բերանս:
-Հանգիստ մնա, Յուլյան կողքը քնած է:
-Աղջիկդ այստե՞ղ է: Ինչո՞ւ ոչինչ չես ասել,-դուրս ցատկեցի անկողնուց, որոնեցի ներքնաշորերս, նա բռնեց թևս, հետ քաշեց, գրկեց, մենք սկսեցինք իրար քաշքշել, մինչև ուժերս սպառվեցին:
-Պետք է ինձ ասեիր, որ Յուլյան այստեղ է:
-Չէի կարող իմանալ, չէ՞, որ բռնության պոռթկումների հակում ունես:
-Չգիտեմ, թե ինչ պատահեց:
-Պատահում է:
-Իրականում՝ ոչ: Դու ինձ վախեցրիր:
-Դա էլ է պատահում:
-Դու ռասի՞ստ ես:
-Երբեմն:
-Լուրջ ես ասո՞ւմ:
-Այո, և ի՞նչ, դու ռասիստի հետ չես քնում:
-Սովորաբար՝ չէ:
-Իսկ հիմա բացառություն կանե՞ս:
-Պետք է գնամ:
-Իսկ հետո՞:
-Դու ինձ վախեցնում ես:
-Դու ասել ես, որ երբեք չես վախենում:
-Ստել եմ, միշտ եմ վախենում:
-Մինչև հիմա չէի նկատել նման բան:
-Կարողանում եմ թաքցնել:
-Քեզ հաջողվում է:
-Ի՞նչ ես ցանկանում կյանքում, Լևոն:
-Փող և միայնություն:
-Ա՜խ այդպես:
-Մի՛ հեռացիր:
-Չեմ հեռանում:
-Քո կյանքը Գերմանիայում է:
-Այո, հիշում եմ:
-Վստահաբար քո պատի այն տղամարդը ռասիստ չէ:
-Նրա մասին չխոսես:
Լևոնը վեր կացավ ու սիգարետ որոնեց:
-Քո կյանքը ընդամենը սիգարետի որոնում է,-ասացի ես:
Նա մերկ այս ու այն կողմ էր քայլում սենյակում ու քրքրում իր գրպանները: Ցածր հայհոյեց հայերեն: Նայեցի նրան ու մտածեցի․ նա ինձ ավելի քան օտար է ու ես հավանաբար սիրում եմ նրան:
-Ինչո՞ւ ես բանակ գնացել:
-Նորի՞ց դրա մասին:
-Դեռ պատասխան չեմ ստացել:
-Ու չես էլ ստանալու: Որովհետև պատճառ չկա:
-Հայրենասիրությունի՞ց:
-Այդքան պարզ չի դա: Գուցե ինքնահաստատո՞ւմ: Որպես հիմնավորում դա քեզ բավարարո՞ւմ է:
-Ինձ մոտ արի:
Նրա դեմքը մոտիկ էր: Բռնեց ձեռքս:
-Իսկ դո՞ւ: Ինչո՞ւ ես զբաղվում հին փոշոտ գրքերով:
-Ի՞նչ կա գրքերից ավելի գեղեցիկ ու կարևոր:
-Մաքուր սրբած զենքը:

Թարգմանությունը գերմաներենից՝ Գայանե Գինոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *