Արքմենիկ Նիկողոսյան | Ազատություն և հոգեվարք

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

 

(Հարցարանն իբրև ընթացիկ գրականության արժևորման փորձ)

1994 թվականին, արդեն թիկունքում թողած բազմաթիվ քննարկումներ ու հարցադրումներ, շատ հաճախ դրանց մասին մոռացած՝ «Գրական թերթը» կազմակերպեց հարցում, որի նպատակը թերևս վերջին 5՝ տևողությամբ կարճ, բայց բովանդակությամբ չափազանց կարևոր տարիների կատարվածը հանրագումարի բերելն էր: Նախևառաջ՝ գրականության ու գրական ընթացքի զարգացման տեսանկյունից, բնականաբար:

Հարցարանը բաղկացած էր երեք ընդարձակ հարցերից, սակայն մեր հոդվածի խնդրադրության տեսանկյունից առանձ­նացնենք հենց առաջինը. «Պետական հովանավորությունից զրկված և «շուկայական» տարերքի մեջ հայտնված գրականությունն այժմ ունի այն անսահմանափակ ազատությունը, որի մասին գրողներից շատերը երազում էին: Նրանք այժմ կարող են գրել ինչի մասին կամենան և ինչպես կամենան: Չկան գաղափարական և թեմատիկ պարտադրանքներ (բնագրում՝ արտադրանքներ. ըստ ամենայնի՝ վրիպակ է.– Ա. Ն.): Սակայն ասպարեզում չկան այն բարձրարժեք, մնայուն գեղարվեստական գործերը, որոնք պիտի տային մեր ժամանակի լիարժեք պատկերը: Հայ գրականությունն ապրում է ճգնաժամային վիճակ: Ինչո՞վ եք բացատրում դա: Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականության հետագա գոյատևումը և զարգացումը նոր պայմաններում»[1]:

Հարցարանին պատասխանել են՝ նախ՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը, արձակագիր Ալվարդ Պետրոսյանը, գրականագետ Ազատ Եղիազարյանը[2], ապա թերթի հաջորդ համարում՝ արձակագիր Զորայր Խալափյանը, գրականագետ Լևոն Մկրտչյանը, արձակագիր Կամարի Տոնոյանը, գրականագետ Լևոն Հախվերդյանը[3]:

Ու թեպետ նյութի տակ կրկին գրված է շարունակելի, սակայն հաջորդ համարներում այլևս այդ հարցարանի պատասխաններ չեղան: Դա կարելի է բացատրել «Գրական թերթի»՝ հատկապես այդ տարում չափազանց անկանոն պարբերականությամբ, ընդ որում՝ տպագրված համարների միջև այսպես ասած՝ միջակայքը երբեմն կարող էր ամիսներ տևել, ինչպես նաև ստացված պատասխանների շուրջ ուրիշ հրապարակումներում այլ անդրադարձներով:

Մասնավորապես՝ հարցարանում առկա «հայ գրականությունն ապրում է ճգնաժամային վիճակ», «հայ գրականության հետագա գոյատևումը» ձևակերպումները, ըստ ամենայնի, պայմանավորել են, գուցեև հարցարանից անկախ, գրականագետ Սեյրան Գրիգորյանի «Անկախ Հայաստանի գրական հոգեվարքը»[4] վերնագրված հոդվածի խոսույթն ու ասելիքը: Մեծ հաշվով՝ Գրիգորյանի այս հոդվածը հարցարանի պատասխան չէ, սակայն արձագանքում է հենց այդ տրամաբանությանը:

Սեյրան Գրիգորյանի հոդվածին դեռ կանդրադառնանք, մինչ այդ նշենք, որ հարցարանի պատասխանները բնավ էլ միտված չէին խնդիրների համակարգային ընկալման ու մեկնաբանման: Հերթապահ դատողություններն ու արդեն իսկ նկատվող կարոտախտը անցյալի նկատմամբ, պատասխանողներին երբեմն հնարավորություն չէին տալիս ռեալ տեսնել գրական իրականությունն ու ստեղծվող գրականության յուրահատկությունը: Չմոռանանք՝ 1994 թվականն էր, և արդեն իսկ լույս էին տեսել Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր», Աղասի Այվազյանի «Երկրի վրայի զբաղմունքը», Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք», Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» և մի շարք այլ գրքեր, որոնք նույնիսկ հետագա տասնամյակներում արժևորվեցին որպես 1990-ական թվականների դիմագիծը որոշարկող գրքեր: Բայց բուն ընթացքի մեջ, այդ և մի քանի այլ հրաշալի գրքերի գոյությամբ, շատերը տեսնում էին միայն ճգնաժամ ու հոգեվարք:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր պատասխանում նախ արձանագրում է ընթացիկ վիճակի այսպես ասած՝ շուկայականությունը, որի պայմաններում, անգամ տպագրական ճգնաժամի պայմաններում, ունևոր գրամոլներն ու միջակություններն են հիմնականում գիրք հրատարակում և փչացնում ընդհանուր տպավորությունը: Բայց նա հույս է հայտնում, որ գրվել են գեղարվեստական մնայուն գործեր, որոնց հենքով՝ նա հարցաթերթիկի «գոյատևում» բառը ապագայի տեսանկյունից փոխարկում է ծաղկումի: Այնուամենայնիվ, Դավիթ Գասպարյանի ընթացիկ գնահատումները մի փոքր վերացական են:

Իրավիճակը շուկայական է որակում նաև արձակագիր Ալվարդ Պետրոսյանը, այն տարբերությամբ, որ ավելի նախընտրում է «բազար» բնորոշումը: «Ես այն կարծիքին չեմ, թե ստեղծագործական ճգնաժամ է»[5],- նշում է նա՝ իրավացիորեն խնդիրը կապելով այն բանի հետ, որ դեռ երկրի, հասարակության կյանքում պետք է որոշակի հստակություն մտնի, որպեսզի ստեղծվող արժեքները առավել հստակ մատնանշվեն:

Գրականագետ Ազատ Եղիազարյանն ընթացիկ գրականությունը գնահատելու համար նախևառաջ կարևորում է խորհրդային շրջանում ստեղծված գրականության ու գրական կյանքի ճշմարիտ ու անկանխակալ վերարժևորումը: Մյուս կողմից՝ հայ գրականության զարգացումը Եղիազարյանը տեսնում է հասարակության պահանջմունքի մեջ. «Գրականության զարգացումը և գոյատևումը նոր պայմաններում հսկայական չափով կախված կլինի այն բանից, թե հասարակությունն իր մեջ ուժ կգտնի՞ պայքարելու հանուն հոգևոր արժեքների»[6]:

Արձակագիր Զորայր Խալափյանն համառոտ է այս հարցին պատասխանելիս, և ավելի գերադասում է մետաֆորիկ անդրադարձը: Նոր ժամանակներ են, նոր սերմեր են ցանվել և պետք է սպասել դրանց ծիլ տալուն. «Գրականությունը, բնականաբար, քիչ հետ է մնում պատմությունից,- արձանագրում է նա,- նախ պիտի կատարվեն տրոյական դեպքերը, նոր հետո լույս աշխարհ գան «Իլիականն» ու «Ոդիսականը»»[7]:

Լևոն Մկրտչյանի պատասխանում վատ քողարկված հեգնանք ու նույնիսկ չարախնդություն կա ընթացիկ իրականության ու հատկապես ստեղծվող գրականության ու գրողների վիճակի մասին: Ըստ ամենայնի՝ նրա խոսքում ամենից ակնհայտն է ի հայտ գալիս կարոտախտը նախկին հասարակարգի հանդեպ, որը հետագայում շատ ավելի պիտի սրվեր շատ-շատերի մոտ: «Մենք ռուսական մշակութային ոլորտի մեջ ենք,– ասում է նա,– Ինչո՞ւ մենք պիտի գրականության հարցերում նայենք, թե ինչ է կատարվում Ամերիկայում և նմանվենք Ամերիկային»[8]: Այս տրամաբանությամբ էլ նա ամրագրում է՝ «Երբ արգելված չէ գրել ինչ մասին կամենաս և ինչպես կամենաս, որքան էլ պարադոքսային թվա, վատ է գրվում[9]»՝ մեր տպավորությամբ՝ հետադեմ ու կարոտախտային բանաձևումը: Մյուս կողմից՝ բավական սթափ են Լևոն Մկրտչյանի՝ ընդհանրապես գրողական ազատությանը վերաբերող տեսակետները: Եվ այո, գրական հետագա զարգացումներն էլ եկան հաստատելու, որ «Գրաքննության բացակայությունը, ազատ գրելու և հրատարակվելու հնարավորությունը դեռևս ազատություն չէ»[10]:

Արձակագիր Կամարի Տոնոյանն անպատասխան է թողել հարցարանի առաջին ու մեզ հետաքրքրող հարցը, և դա ինքնին վերաբերմունք է: Մյուս կողմից՝ նրա մյուս պատասխաններում կարելի է որսալ նաև այդ պատասխանը: Ժխտողական կիրքը, որ իշխում է նրա խոսքում, ավելի շատ իմացությունների ի ցույց դնում է, քան բուն իրականության սթափ վերլուծություն:

«Հայ գրականության այսօրվա ճգնաժամային վիճակը բացատրվում է հայ իրականության ճգնաժամային վիճակով»,- արձանագրում է գրականագետ Լևոն Հախվերդյանը, ըստ էության՝ կրկնելով Ազատ Եղիազարյանի վերևում բերված տեսակետը, այն տարբերությամբ, որ Հախվերդյանը գնահատում է ներկան, իսկ ահա Ազատ Եղիազարյանը նույն հենքով փորձում է կանխագուշակել հայ գրականության ապագան: Լևոն Հախվերդյանն էլ, հարցարանի մյուս պատասխանողների պես, ի վերջո, չի կարողանում շրջանցել շուկայական հարաբերությունները, բայց բարձրացնելով մի շատ կարևոր հարց: Արձագանքնելով այն հարցին, որ ազատություն տալով գրողներին՝ պետությունը ըստ էության ձեռք է քաշել նրանցից, և արձագանքնելով շատերի դժգոհություններին, Հախվերդյանը գրում է. «Հապա ինչպե՞ս էին մեր հները, մեր լավերը գրականություն ստեղծում նախքան հեղափոխությունը»:

Գրական ընթացքը, այնինչ, անկախ տարբեր գնահատումներից շարունակվում էր՝ գրքեր էին հրատարակվում, գրախոսությունները էին գրվում, և, ամենակարևորը, ստեղծվող գրականության շուրջ երբեմն՝ երկար, երբեմն՝ կարճ տևողությամբ բանավեճեր էին կայանում, որոնցում փորձում էին բացապարզվել արդի հայ գրականության դիմագիծը որոշարկող հատկանիշները, կամ առանձնացվել անհեռանկար ու խոտելի երևույթները:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր անկախ Հայաստանի գրական կյանքը որակվում որպես հոգեվարք:

Սեյրան Գրիգորյանի «Անկախ Հայաստանի գրական հոգեվարքը» հոդվածը[11], թերևս, առավել ամբողջականորեն է փորձում պատասխանել այդ հարցին: Հեղինակի խոստովանությամբ՝ հոդվածի գրության դրդառիթը Լևոն Հախվերդյանի «Պատերազմը և գեղարվեստական մշակույթը» հոդվածն է[12], ավելի ստույգ՝ դրանում առկա «Կխնդրեի, որ օգնեք» հորդորը, որին անսալով է Գրիգորյանը որոշում «երիտասարդի, հայոց անկախության ժամանակների զավակի երկյուղածությամբ տալ «չունենք»-ի ու «չկա»-ի իմ բացատրությունները»[13]:

Սեյրան Գրիգորյանը, ի տարբերություն, օրինակ՝ «Գրական թերթի» հարցարանի պատասխանողների, գրականության հոգեվարքի խնդիրը կապում է ոչ թե անկախության փաստի, ազատությունների կամ շուկայական հարաբերությունների հետ, այլ փաստում է, որ դրա պատճառների «զգալի մասը թաքնված է նախընթաց տարիների մեջ»[14]: Այս տրամաբանությամբ՝ նա վերլուծում է հայ գրականության նախընթացը և հատկապես՝ իր բնորոշմամբ՝ «80-ականների գրական շարժումը»: Գրիգորյանի գնահատմամբ՝ 80-ականներին, ի տարբերություն, կրկին իր բնորոշմամբ՝ «հետպարույրսևակյան հայ գրականության», երբ «Գրական միտքը Պարույր Սևակի առաջնորդիչ բացակա ներկայությամբ դեռ շարունակում էր տքնաջան աշխատանքը»[15], «Արդի հայ գրականությունն ապրում էր գրական նյութի, գեղագիտական «թիկունքի» հզորացում»՝[16] Հայաստանում ստեղծված գրականությանը գումարվել էին նաև «վերադարձած» արժեքները՝ նախկինում մերժված գրողներ ու գրքեր: Սա նաև ինչ-որ առումով հակառակ ազդեցություն ունեցավ. «Գեղագիտական, նաև՝ բարոյական-քաղաքացիական բարձր չափանիշների և առկա վիճակի միջև գոյացավ վակուում, դատարկ տարածություն: Հայաստանյան գրականությունը իրեն հայտնաբերեց ճգնաժամի մեջ»[17]: Թվարկելով նաև «արտակարգ և արտառոց» որոշ հանգամանքներ, այնուամենայնիվ, Գրիգորյանն այդ ճգնաժամը պայմանավորող գործոնները համարում է «պատմական և առարկայական»: Իր բնորոշմամբ՝ «Պատմության մեծ վերադարձը», որն արտահայտվեց Ղարաբաղյան շարժմամբ, անկախացմամբ ու, ցավոք, ողբերգություններով՝ երկրաշարժ, պատերազմ, դարձան պատճառը մեր գրականության ջլատման:

Գրական հոգեվարքի մյուս պատճառը Սեյրան Գրիգորյանը համարում է այն, որ «Հայաստանի գրողներից շատերը համազգային ու անհատական փրկության ուղիները տեսնում են քաղաքական գործունեության մեջ»[18]: Նա թվարկում է մի շարք գրողների անուններ, որոնք ոչ վաղ անցյալում գլխավոր դեմքեր ու ստեղծագործական որևէ ուժ ներկայացնող կարևոր հեղինակներ էին, և այժմ զբաղված են քաղաքական, կուսակցական, պաշտոնական գործունեությամբ՝ Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովսեփյան, Աղվան Վարդանյան, Հակոբ Մովսես, Հրաչյա Թամրազյան, Վազգեն Սարգսյան: Հետաքրքիր է, որ այս երևույթը Սեյրան Գրիգորյանը բնորոշում է որպես դասալքություն, որը «որոշակիորեն ունի երկու ծանր հետևանք՝ գրականության ամլացումը և բարոյական ոգու անկումը»[19]: Ուստի, իբրև «մեր օրերի ամենամեծ գրական երազանք» Սեյրան Գրիգորյանը համարում է «հայ գրողների վերադարձը, որը կլինի առավել վսեմ ու իմաստալից, քան վերադարձը անառակ որդու կամ դասալիք զինվորի»[20]:

Ամեն դեպքում՝ հոդվածագիրը, ի տարբերություն մյուսների բացառապես հոռետեսական կանխատեսումների ու ընթացիկ գնահատականների, փորձում է տեսնել ու ձևակերպել նաև «ճիգեր՝ ի խույզ կորուսյալ գրականության»:

Իբրև լավատեսության ու հեռանկարի, կամ՝ իր խոսքով՝ «նորոգության» առաջնահերթ նշան՝ Սեյրան Գրիգորյանը դիտարկում է նախ՝ գրական մամուլի որոշակի աշխուժացումը, նոր թերթերի ստեղծումը՝ ի տարբերություն նախորդ տարիների գրական մամուլի գրեթե չգոյության: Հաջորդ ճիգը, ըստ Գրիգորյանի, «բանաստեղծական մաքառող փորձերն» են: Այդ ճիգերի ընդհանրացման և ելակետի գործում, բնականաբար, կարևորվում է գրաքննադատության դերը, որն ըստ Գրիգորյանի՝ «կաթվածահար վիճակում է». «Մինչդեռ մեծ գրականության ծնունդին նախորդող ներկա անո­րոշության մեջ պարզաբանմանը կարոտ բազմաթիվ հարցեր կան՝ սկսած տևականորեն արգելված գրանյութի և արդի մտածողության համաձուլումից մինչև օրվա գրական անցուդարձերի, առօրեական ընթացիկ հարցերի տեսական մշակումը»[21]:

Ավելորդ չէ նշել, որ հետագայում գրաքննադատությունը սակավ անուններով լծվեց այս կարևոր գործին, և այդ սակավ անուններից մեկն ու թերևս ամենաակտիվն ու նպատակասլացը հենց Սեյրան Գրիգորյանն էր՝ իր գրախոսություններով ու հրահրված բանավեճերով հենց այն թեմաների շուրջ, որոնք ինքն էր կարևորում հայ գրականության հոգեվարքի և ճիգի սահմանները քննաբանելիս[22]:

[1] «Գրականությունը նոր ժամանակներում», «Գրական թերթ», 1994, թիվ 5:

[2] Տե՛ս նույն տեղում:

[3] «Գրականությունը նոր ժամանակներում», «Գրական թերթ», 1994, թիվ 6:

[4] Տե՛ս «Գրական թերթ», 1993, թիվ 14, նույնը՝ Սեյրան Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ, Երևան, «Զանգակ-97», 2002, էջ 142-154:

[5] «Գրականությունը նոր ժամանակներում», «Գրական թերթ»,1994, թիվ 5:

[6] Նույն տեղում:

[7] «Գրականությունը նոր ժամանակներում», «Գրական թերթ»,1994, թիվ 6:

[8] Նույն տեղում:

[9] Նույն տեղում:

[10] Նույն տեղում:

[11] Տե՛ս «Գրական թերթ», 1993, թիվ 14, նույնը՝ Սեյրան Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ, Երևան, «Զանգակ-97», 2002, էջ 142-154:

[12] Տե՛ս «Գրական թերթ», 1993,

[13] «Գրական թերթ», 1993, թիվ 14, նույնը՝ Սեյրան Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ, Երևան, «Զանգակ-97», 2002, էջ 143:

[14] Նույն տեղում, էջ 144:

[15] Նույն տեղում:

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում, էջ 146:

[18] Նույն տեղում, էջ 148:

[19] Նույն տեղում, էջ 150:

[20] Նույն տեղում, էջ 151:

[21] Նույն տեղում, էջ 154:

[22] Մամուլում հրապարակված հոդվածների հղումները չտեղադրելու համար՝ պարզապես հղենք Սեյրան Գրիգորյանի «Բանասիրություն և բանավեճ» (Երևան, «Զանգակ-97», 2002) հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն, որն ամփոփում է գրականագետի այդ շրջանի գործունեությունն իր ամբողջ համատեքստերով: Այդ մասին տե՛ս նաև Արքմենիկ Նիկողոսյան, Սեյրան Գրիգորյանի բանասիրությունն ու բանավեճը, «Գրական թերթ», 2004, թիվ 40:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *