Լևոն Սարգսյան | Բանավեճի հրավեր

Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի գնահատության շուրջ
(բանավեճի հրավեր գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանին)

«Խոսքի տարածություն» ժողովածուի՝ Հովհաննես Գրիգորյանի պոեզիային նվիրված հոդվածում Դուք ուշագրավ մի դատողություն եք արել վերջինիս պոեզիայի առաքելության մասին. «Ստեղծաբանական շարունակությունը, հասունության հետ մեկտեղ, դրսևորվեց իբրև ընդդիմություն բանաստեղծման այս (սևակյան՝ Լ. Ս.) տեսակին, և դա Գրիգորյանի պոեզիայի մեծագույն առաքելությունն էր, որը թույլ չտվեց հայ բանաստեղծության լճացման, ինչը սպառնում էր Պարույր Սևակի մահից հետո ձևավորված կարծրատիպերի պարագային»: Շատ պատասխանատու բան եք գրել, շատ վիճահարույց բան եք գրել, բայց ես դեռ չեմ պնդի, որ շատ հիմնազուրկ բան եք գրել՝ հուսալով, որ հիմնավորումները, զուտ հայտարարության մակարդակից բարձրանալով, Դուք դեռ կանեք: Այլ կերպ ասած՝ ես Ձեզ բանավեճի եմ հրավիրում:
Եթե Սևակի մահից հետո հայ պոեզիան Հովհ. Գրիգորյանի շնորհիվ լճացման սպառնալիքից «փրկվածն» է, ուրեմն պիտի փաստենք նաև, որ փրկարարի ենթադրական չգոյության «պարագային» հայ պոեզիան «Սևակա լիճ» էր դառնալու. չէին ծնվելու Սևակից հետո կայացած բանաստեղծներից (զորօրինակ) Ռազմիկ Դավոյանը, Խաչիկ Մանուկյանը, Վիոլետ Գրիգորյանը…. ուրիշները: Իսկապե՞ս այդպես է: Իսկ հիմա գլխավոր հարցադրումը. ինչու՞ եք Դուք այդ առաքելությունը վերցնում մի ամբողջ պոետական սերնդից (Արևշատ, Ավագյան, Ղուկաս Սիրունյան, Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Արմեն Մարտիրոսյան, Արտեմ Հարությունյան….) և հատկացնում միմիայն Հովհաննես Գրիգորյանին: Ինչո՞վ էր առանձնահատուկ վերջինիս պոեզիան, ինչո՞վ էր «առաքելական», և դեռ՝ «մեծագույն»: Չէ՞ որ Հովհ. Գրիգորյանի որդեգրած ոճը (այո, դա նրա որդեգրածն էր, ոչ թե «որդին») ամերիկյան (Ուիթմենով սկսված) ու եվրոպական պոեզիաներում ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող մի գրական ոճ էր, որը Գրիգորյանի գրչի տակ ընդամենը շնորհալիորեն հայկականացվել էր:
Հ.Գ. 1. Կարող է զարմանալի թվալ, թե ինչու եմ այս հարցը հրապարակ բերում: Մի պատճառով. ինձ համար ակնհայտ է (սակայն միևնույն չէ), թե ինչպես է Հովհ. Գրիգորյանի ստեղծագործության մի քանի սիրահար-նվիրյալների ջանքերով նրա պոեզիան կարծես հռչակվում արդի հայ բանաստեղծության զարգացման ուղենիշ և չափանիշ, նրանով ճաշակ ու գեղագիտություն է «մշակվում»: Ակնհայտորեն փորձ է արվում նաև նրանով պոետական սերունդ կրթել, պոեզիայի ընթացքի հուն նախանշել, ի վերջո՝ ապագա մատնանշել: Ինչպե՞ս: Հենց այսպես՝ չեղած տեղը առաքյալ սարքելով:
Հ.Գ. 2. Ձեր հոդվածը փակագծերում ենթավերնագիր էլ ունի՝ «Նոթագրումներ մենագրության համար»: Անկեղծ ասեմ տպավորությունս. նույնիսկ հոդվածային կարճ «տարածության» մեջ Դուք ստիպված եք եղել մեղանչել եթե ոչ ճշմարտության, ապա գոնե անկեղծության դեմ (Հովհ. Գրիգորյանին սիրերգակ, հայրերգակ համարելը միայն բավական է): Դարձյալ անկեղծ ասեմ. ես վստահ չեմ, թե Դուք այդ խոստացյալ մենագրությունը կգրեք, որովհետև հազիվ գրվել է հոդվածը. Գրիգորյանի պոեզիան այդ «տարածությունն» էլ չի ապահովել: Եվ Դուք դա հրաշալի հասկանում եք: Եվ այդքանից հետո նրան հռչակում եք առաքյալ…
Հ.Գ. 3. Հովհ. Գրիգորյանը շնորհալի բանաստեղծ է, ունի մի քանի արժեքավոր գործեր, որոնք ես նույնպես սիրում ու գնահատում եմ, բայց՝ միայն այդքանը:

Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի մասին Արքմենիկ Նիկողոսյանի վիճահարույց հոդվածը կարող եք ընթերցել՝ անցնելով հետևյալ հղումով։

«Գրանիշը» պատրաստ է սիրով հրապարակել այս խնդրին վերաբերող ցանկացած կարծիք և տեսակետ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *