Զավեն Բեկյան | Բոլդինյան աշուն

Լուսանկարը՝ Անդին պարբերականի

ԺԵՐԱՐ ԴԸ ՆԵՐՎԱԼ

Չափազանց իրականի՝
պոետական աշխարհի
փողոցներում, ուշ ժամին,
Վեներայի գազալամպերի
աղոտ լույսի տակ,
հետապնդել Հրո
Դուստրերից մեկին – ապա
հոգեբուժարանի սառցե
ցնցուղի տակ հետ գալ
վերստին թվացյալ
աշխարհ, ուր աստղն է
մեղմ մաղում մահը քո՝
ինչպես մի օրվա կյանք
ունեցող թիթեռն է
իր թևերից սփռում
վայրկենափոշին՝ խոտերին․․․

 

* * *

Եվ ծիածանը՝ գույնի ծծմայր –
թող բիբդ խմի՜ ու նվաղի․․․
Ուրուներով են ճերմակ լցված
ձորերի մշուշ ու շամանդաղ․․․

Մարգագետիններում թավուտամերձ,
ուր արևմաղն է շող լճանում,
ասես հարեմում շահզադեի՝
կատաղի սունկեր են ուռճանում․․․

Եվ ի ննջմանե դշխոյական
ձնծաղիկները հենց արթնանան՝
մարտ ամսվա սրտից, ախ, գովական
բառ կգա շուրթիս, որ տա՜ղ դառնա․․․

 

ԷԼԵԳԻԱ

Ասում են
ամեն
Աստծո օր,
կավե կտուրների վրայով,
ուստա Մարգարի
«Սահարին» էր
քաղաքը հանում քնից։
Իսկ կեսօրին
ուստեն,
բոխչան ու դուդուկը
թևատակին,
իջնում էր
Զանգվի ձոր,
որ համուհոտ տա
Չարենցի ու Ակսելի
սուփրային․․․
Իսկ տեսնես որտե՞ղ է
սրնգահար
«Ասոն լացացրել
Մեին»՝
որ այնպե՜ս
հմայել էր
Տերյանին․․․

 

ԲՈԼԴԻՆՅԱՆ ԱՇՈՒՆ

Մի քանի վերստ հեռու
մեռելները թաղում են իրենց մեռելներին։
Ամեն ինչ լողում է դառը ծխում։
(«Սիրելիդ իմ Նատալյա, ներիր․․․»,- գրում է)։
Մեռելները թաղում են իրենց մեռելներին։-
Կարո՞ղ ես՝ փայտ ու խունկ հասցրու,
մեկ էլ՝ տեր հոր «Ի վերին Երուսաղեմը»․․․
Խոլերան պոկում- պլոկում է
վերջին տերևը կեչու
ու հանձնում հողմին վաչկատուն։
Իսկ սա՜, թաթախման անվերջ
տոների մե՜ջ է – հազիվ է
հասցնում գրիչ թաթախել
մելանի մեջ, բառերի հորձանքը
քշում-տանում է, անրջական փորձանքը ․․․
(«Սիրելիդ իմ Նատալյա, մի քիչ է՜լ
համբերիր, դե՜․․․»)։ Բայց ի՜նչ, ի՞նչ
միտք ունի – էն՝ ինչ պիտի գնաս, այնտեղ
հղանաս՝ երկու ձեռք, երկու ոտքով,
այստեղ՝ մի այլ թաթախմամբ, էն է՝ հղացվում է, էլի՜․․․ –
Էլի՛ ոտքեր ունի, էլի՛ թափահարում է
անտեր իր հանգերն ու եսիմ ինչը, թանկագին
ղժժոցով՝ գլխիդ մեջ, չի թողնում քնես․․․
(«Սիրելիդ իմ Նատալյա, ասեմ ՝ ես ամբողջովին․․․»)։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Քանի դեռ խոլերան խոլոր
չի նայել ներս՝ պատուհանից․․․

 

ՏՂԱՅԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

Նախքան մեղուների՝
ծաղկած ծառին շուլալվելը,
նախքան ծիծառների
ժիր, ծիծաղատիպ ճռվողյունը,
լորենու կեղևը մի տեսակ
փափկում-քնքշանում էր՝ ասես
ծոցվոր նորահարսի մաշկ։
Մեծերն ասում էին՝ լորենին ջուր է ընկել –
և իր ոստից սուլիչ
սարքելու ժամանակն էր գալիս․․․

Գարնան բույրը․․․
Սուսամբարի թփի վրա
բերանքսիվայր պառկած․․․

Այդպես՝ մարտից-մարտ,
քիչ-քիչ մարդ էինք դառնում։
Աղջիկներն արդեն խուսափում էին մեզանից
ու առանձին ձնծաղկի գնում․․․
Անուշ մի ցավով
պնդանում էին մեր կրծքերը՝
տեղորոշելով տեղերը
Ամուրի նետերի․․․

 

* * *

Վաղուց ենք պոետներս
աստղերին ձոներգում ՝
լինեն դրանք ցրոնք
բույլերով, թե միայնակ։-
Դեռևս եգիպտական
քրմերի տեսածից, ապա
Բեթղեհեմի աստղից՝
մինչև ․․․ Մայակովսկունը՝
պոետինը հեղափոխության։
Նա, որ ասում էր՝
եթե վառվում են աստղերը՝
ուրեմն մեկին դա պետք է։
Բայց հետո դավաճանեց
դրանց՝ Կրեմլի սուտակե
աստղերի հետ մտերմանալով․․․
Վաղուց ենք ձոներգում, հա։
Իսկ ի՞նչ անենք, եթե
ծարաված հայացքով
տնտղում ենք երկիրը, բայց
հոգու մեջ զընգացող
մի այլ բան չենք գտնում․․․

 

* * *

Հոտնկայս երա՜զ –
կյանքն ա՞յս չէ միթե։
Լույսի մեջ ենք դեռ,
և լույսն է մեր մեջ․․․

Դեռ խնձորներին
աչքով ենք անում,
նրանցից՝ նույնիսկ՝
մի արգելվածի․․․

Տենչա՜յր տենչանոք
Թագուհին, տենչայր․․․-
Ռունգերում իր վիհ
մի ու՜մպ ենք շնչված․․․

Հոտնկայս երա՜զ –
լույսի մեջ ենք մով։
(«Լուսեղեն ճամփան
անցնու՜մ ենք գինով․․․»)։

 

* * *

Պայծառ տխրություն, ծանրացիր նորից,
ծանրացիր որպես ամոքում, ինչպես
երգեհոնների արճիճը սրբված․․․

Երբ օրն է թեթև ճահճագազի պես
և շնչառության նման հտպիտի՝
դժնեբույր, պայծառ ամպդ թող թխպի՜․․․

Աստեղնափշե պսակո՜վ իջիր,
իջիր ․․․ հոգևոր հոգնածության պես
և ունայնության տաղտուկը շիջիր․․․

Պայծառ տխրություն, ծանրացիր նորից․․․
Երբ օրն է թեթև ճահճագազի պես․․․
Աստեղնափշե պսակով իջիր․․․

 

ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Առա ընթերցելու
մատյանը ալ Վարդի։
Թերթերն անուշաբույր
ես թերթեցի հերթով։

Հմայված զննեցի
Սիրո նախշազարդը –
երազու՞մ – չգիտեմ ՝
քնա՞ծ էի, արթու՞ն․․․

Վարդ-միջուկի՜ն հասա –
ու հղվեց ինձ նշան․
«Միացի՛ր ինձ,- ասաց,-
դարձիր ․․․ էջանշան»։

Ու հիմա Վարդի հետ
բուրում եմ աջ ու ձախ,
չափածո բուրմունքս
տարածելո՜վ արձակ ․․․

 

ՔԱՄԻՆ

Նորից հեռուներից իր վերամբարձ
եկավ, հայտնվեց իմ վերևում․
«Քեզ տարածողն եմ,- ասաց,-
ոնց որ թե՝ հրատարակիչդ, երևի․․․

Ի՞նչ ունես նոր ինձ համար՝
տանեմ տամ աշխարհի չորս կողմին։
Վերջին քո գրածներից գլուխս
պտտվում ՝ դառնում եմ ․․․ պտտահողմ ․․․-

Ինձանից լա՜վ ես փչում ․․․»։
«Է՛հ, գիտեմ,- ասացի,- դու շա՜տ ես
ուզում գալ իմ վերջին շնչին
ու մի ․․․ ռեքվիեմ կողոպտել ․․․»։

«Պա՛հ, ա՛յ քեզ նոր Ամադեուս,-
փնթփնթաց, սուլեց քթի տակ։-
Համենայնդեպս քամի չես՝
թփի տակ լինես շանսատակ ․․․»։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *