
Ոչ ոք այնքան մեծամիտ չէ կանանց նկատմամբ,
այնքան ագրեսիվ ու հեգնական, որքան այն տղամարդը,
ով մտահոգված է սեփական տղամարդկայնության մասին:
Սիմոն դը Բովուար
Չիմամանդա Ընգոզի Ադիչին նիգերիացի գրող է, հրապարակախոս, հասարակագետ ու հոգեբան, ով բացահայտում է ֆեմինիստական գաղափարախոսությունը և ներկայացնում այն միանգամայն նոր լույսի ներքո: 21-րդ դարում գոյություն ունի թյուրըմբռնում. եթե դու ֆեմինիստ ես, ապա ատում ես տղամարդկանց կամ էլ ուզում ես իշխել նրանց՝ միևնույն ժամանակ լինելով ծայրահեղական մտածողության տեր, անխնամ, դժբախտ ու միայնակ կին: Երբ ասում ես, որ ֆեմինիստ ես, մարդիկ երբեմն կարծում են, թե «ահաբեկչությունների կողմնակից» ես:
Լինել ֆեմինիստ նշանակում է հավատալ երկու սեռերի հասարակական,քաղաքական և տնտեսական հավասարությանը:
Իր «Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» էսսեում Ադիչին դիպուկ բնորոշում է ներկայիս հասարակությունը: Հասարակություն, որտեղ, ի հեճուկս կանանց դարավոր ջանքերի, տղամարդածին կարծրատիպերը դեռևս չեն նահանջում: Մենք շարունակ միայն տղամարդկանց ենք տեսնում կազմակերպությունների ղեկավարների պաշտոններում, և մեզ միանգամայն «բնական» է թվում այն, որ միայն և միայն տղամարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները:
Ադիչին մանրամասն նկարագրում է այն խտրականությունները, որոնց բախվում են կանայք Նիգերիայում՝ միաժամանակ անդրադառնալով սեռական անհավասարության խնդրին ողջ աշխարհում:
Կանանց ձայները մնում են չլսված… Երբեմն մենք ինքներս չենք նկատում, թե որքան են արմատացած այդ թյուր նախապաշարմունքներն ու արհեստածին կարծրատիպերը մեր գիտակցության մեջ:
Կանանց ձայները մնում են չլսված…
Եվ մենք կարծում ենք, թե աշխարհը պատկանում է տղամարդկանց: Գուցե այդպես էր ժամանակին, սակայն հիմա մենք ապրում ենք միանգամայն այլ աշխարհում, որտեղ առաջնորդ է դառնում ոչ թե ֆիզիկապես ուժեղը, այլ բանիմացն ու ստեղծարարը, արագ կողմնորոշվողն ու խնդրին անմիջապես լուծում տվողը: Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ կարող են լինել այդպիսին: Ուրեմն եկեք վերջապես ընդունե՛նք այն իրողությունը, որ մենք էվոլյուցիոն զարգացում ենք ապրել, և փոխե՛նք մեր վերաբերմունքը սեռերի հանդեպ:
Եկեք այնպես դաստիարակենք մեր աղջիկներին ու տղաներին, որ նրանցից որևէ մեկը մյուսի հանդեպ ստորադաս դիրքում չհայտնվի` պարտավոր լինելով զոհաբերել սեփական կյանքը հանուն անհիմն կարծրատիպերի, որոնք խեղդում են…
Եվ վերջապես՝ եկեք չգցե՛նք տղամարդկանց «տղամարդկություն» կոչվող նեղլիկ վանդակի մեջ, որտեղ նրանց վերածում ենք սրտում մի կաթիլ մարդկություն չունեցող մեծամիտ հրեշների, որոնք, բացի իրենց խոցելի «ես»-ից, ուրիշ որևէ մեկի հաջողությունը չեն ուզում ընդունել:
Եվ, այո՛, Ադիչին բոլորիս կոչ է անում լինել ֆեմինիստ ու կիրառել հենց ֆեմինիստ բառը, քանի որ դարեր շարունակ հենց կանայք են ենթարկվել ամենտեսակի ճնշումների հակառակ սեռի կողմից:
Պետք է հաճախ կիրառել այս բառը և հասկանալ վերջինիս իրական իմաստը:
***
Օկոլոման իմ մանկության լավագույն ընկերներից մեկն էր: Մենք նույն փողոցում էինք ապրում, և նա մեծ եղբոր պես իմ մասին հոգ էր տանում: Եթե ես մի տղայի էի հավանում, հարցնում էի Օկոլոմայի կարծիքը: Օկոլոման զվարճալի ու խելացի տղա էր, ով սուր ծայրով երկարաճիտ կոշիկներ էր հագնում:
2005 թ. դեկտեմբերին Հարավային Նիգերիայում ինքնաթիռի վթարից Օկոլոման մահացավ: Անգամ հիմա ես դժվարանում եմ բառերով արտահայտել ապրածս: Օկոլոման այն մարդն էր, ում հետ ես կարող էի բանավիճել, ծիծաղել և անկեղծորեն խոսել: Նա նաև առաջինն էր, ով ինձ անվանեց ֆեմինիստ:
Ես մոտ տասնչորս տարեկան էի: Մենք Օկոլոմայի տանն էինք, բանավիճում էինք՝ լի կիսամարսված գիտելիքներով մեր կարդացած գրքերից: Չեմ հիշում, թե որն էր բանավեճի թեման, բայց հիշում եմ, երբ ես անընդմեջ վիճում էի, Օկոլոման նայեց ինձ և ասաց. «Գիտես, չէ՞ , դու ֆեմինիստ ես»:
Դա հաճոյախոսություն չէր: Ես կարող էի դա եզրակացնել իր ձայնից: Նույն տոնով մարդ կարող է ասել. «Դու ահաբեկչությունների կողմնակից ես»:
Ես չգիտեի, թե ինչ էր նշանակում ֆեմինիստ բառը: Եվ ես չէի ցանկանում, որ Օկոլոման դա բացահայտեր, այսպիսով ես ուշադրություն չդարձրի նրա խոսքերին և շարունակեցի վիճաբանել: Տուն հասնելուն պես շտապեցի բառարանում փնտրել այդ բառը:
Մի քանի տարի անց՝ 2003 թ., ես գրեցի «Մանուշակագույն բաղջրուկ» վեպը մի մարդու մասին, ով, այլ բաների հետ մեկտեղ, ծեծում է իր կնոջը, և ում կյանքն այնքան էլ լավ ավարտ չի ունենում: Մինչ ես զբաղված էի վեպիս գովազդով, մի լրագրող՝ լավագույն մտադրություններով մի հաճելի տղամարդ, ինձ ասաց, որ կուզենար խորհուրդ տալ (հավանաբար գիտեք, նիգերիացիները անհարկի խորհուրդներ տալու մեծ վարպետներ են):
Նա ինձ ակնարկեց, որ մարդիկ ասում են, թե իմ վեպը ֆեմինիստական է, և խորհուրդ տվեց (խոսելիս գլուխը տխուր թափահարելով), որ ես ինքս ինձ երբեք ֆեմինիստ չանվանեմ, որովհետև ֆեմինիստները կանայք են, ովքեր դժբախտ են այն պատճառով, որ ամուսին չեն գտել: Այսպիսով, ես որոշեցի ինձ անվանել երջանիկ ֆեմինիստ:
Այնուհետև մի նիգերիացի կին գիտնական ինձ ասաց, որ ֆեմինիզմը մեր մշակույթին բնորոշ չէ, ֆեմինիզմը հակաաֆրիկյան երևույթ է, և որ ես ինքս ինձ ֆեմինիստ էի կոչում արևմտյան գրքերի ազդեցությունը կրելու պատճառով (դա ապշեցրեց ինձ, քանի որ վաղ տարիքում կարդացածս գրքերն ընդհանրապես ֆեմինիստական չէին: Մինչև տասնվեց տարեկան դառնալս ես պետք է որ կարդացած լինեի Mills and Boon հրատարակչության յուրաքանչյուր վեպ: Եվ ամեն անգամ, երբ ես փորձում եմ կարդալ այդ՝ այսպես կոչված դասական ֆեմինիստական գրքերը, ես ձանձրանում եմ և տառապում եմ, մինչև ավարտում եմ այն):
Համենայն դեպս, քանի որ ֆեմինիզմը հակաաֆրիկյան էր, ես որոշեցի ինձ կոչել երջանիկ աֆրիկացի ֆեմինիստ: Հետո մտերիմ ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ ինքս ինձ ֆեմինիստ անվանելը նշանակում է, որ ես ատում եմ տղամարդկանց: Այսպիսով, ես որոշեցի կոչել ինքս ինձ երջանիկ աֆրիկացի ֆեմինիստ, ով չի ատում տղամարդկանց, և ով սիրում է բարձրակրունկ կոշիկներ հագնել սեփական հաճույքի համար և ոչ տղամարդկանց:
Իհարկե, այս պատմությունը մեծամասամբ կատակ էր, սակայն այն ցույց է տալիս, թե որքան ծանր է այս ֆեմինիզմ ասվածը, որքան ծանր ու բացասական:
Ահա մի փոքրիկ պատմություն իմ մանկությունից:
Երբ ես տարրական դասարանի աշակերտուհի էի Նսուկկայում (համալսարանական քաղաք Նիգերիայի հարավ-արևելքում), կիսամյակի սկզբում ուսուցչուհին ասաց, որ մենք պետք է ստուգողական աշխատանք գրենք, և նա, ով ամենաբարձր գնահատականը կստանա, կդառնա դասարանի ավագ: Դասարանի ավագ լինելը լուրջ պաշտոն էր: Եթե դու դասարանի ավագն էիր, ամեն օր պետք է գրանցեիր դասարանի աղմկող աշակերտների անունները, ինչն արդեն իսկ շեշտակի առավելություն էր: Բացի այդ, ուսուցչուհին քեզ փայտե մի ձող կտար, որը ձեռքումդ բռնած կշրջեիր դասարանում և կհսկեիր աղմկողներին:
Իհարկե, այդ ձողից օգտվել չէր թույլատրվում: Բայց այս ամենը մի հուզումնալից հեռանկար էր վեց տարեկան աղջկա համար: Ես շատ էի ցանկանում լինել դասարանի ավագ: Եվ ես ստուգողական աշխատանքից ամենաբարձր գնահատականն էի ստացել: Սակայն, ի զարմանս ինձ, ուսուցչուհին ասաց, որ ավագը պետք է տղա լինի: Նա մոռացել էր ավելի վաղ այդ մասին զգուշացնել ենթադրելով, որ դա ակնհայտ է: Երկրորդ ամենաբարձր գնահատական ստացողը տղա էր, և նա էր դառնալու դասարանի ավագ:
Առավել հետաքրքիր էր այն փաստը, որ այդ տղան շատ բարեսիրտ ու բարեհոգի էր, և փայտե ձողով դասարանը հսկելը նրան բացարձակ չէր հետաքրքրում: Մինչդեռ ես այնքա՜ն էի ձգտում այդ ամենին:
Բայց ես աղջիկ էի, իսկ նա՝ տղա, և նա էլ դարձավ դասարանի ավագ:
Ես երբեք չմոռացա այս դեպքը:
Եթե մենք շարունակ կրկնենք որևէ բան, այն կդառնա սովորական: Եթե մենք շարունակ տեսնենք նույն պատկերը, այն կդառնա սովորական: Եթե միայն տղաներն են դառնում դասարանի ավագ, ապա գալիս է մի պահ, երբ բոլորս սկսում ենք մտածել, նույնիսկ անգիտակցաբար, որ դասարանի ավագը պետք է միայն տղա լինի: Եթե մենք շարունակ միայն տղամարդկանց տեսնենք կազմակերպությունների ղեկավար պաշտոններում, ապա մեզ կսկսի «բնական» թվալ այն փաստը, որ միայն տղամարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները:
Ես հաճախ եմ սխալվում՝ մտածելով, որ եթե ինչ-որ բան ակնհայտ է ինձ համար, ուրեմն ակնհայտ է բոլորի համար. օրինակ՝ իմ ընկեր Լուիի հետ խոսելիս, ով հոյակապ ու առաջադեմ տղամարդ է: Մենք հաճախ էինք զրուցում, և նա ինձ ասում էր. «Ես չեմ տեսնում այն, ինչ դու նկատի ունես, երբ ասում ես, որ կանանց դեպքում իրավիճակն այլ է և ավելի բարդ: Գուցե այդպես է եղել նախկինում, բայց ոչ այսօր: Հիմա ամեն ինչ կարգին է կանանց հարցում»: Ես չէի հասկանում՝ ինչպես Լուին չէր կարողանում տեսնել այն, ինչ թվում էր այդքան ակնհայտ:
Ես սիրում եմ վերադառնալ տուն՝ Նիգերիա, և ժամանակիս մեծ մասն անցկացնել Լագոսում՝ Նիգերիայի ամենամեծ քաղաքում և առևտրական կենտրոնում: Երբեմն երեկոյան, երբ շոգը մեղմանում է, և քաղաքն ավելի հանգիստ է դառնում, ես ընկերներիս ու ընտանիքիս հետ գնում եմ ռեստորան կամ սրճարան: Այդպիսի մի երեկո ես ու Լուին դրսում էինք:
Լագոսում մի հոյակապ համակարգ է գործում. մի խումբ եռանդուն երիտասարդ տղամարդիկ շրջում են որոշ հաստատությունների մոտակայքում և դրամատիզմով լի «օգնում» ձեզ կայանել մեքենան:
Լագոսը մոտ քսան միլիոն բնակչությամբ հսկա քաղաք է, ավելի եռանդուն, քան Լոնդոնը, և ձեռնարկատիրական ավելի ուժեղ ոգով, քան Նյու Յորքը, ու մարդիկ ամեն կերպ փորձում են ապրուստի գումար վաստակել: Ինչպես մեծ քաղաքներից շատերում, Լագոսում նույնպես երեկոյան կայանատեղի գտնելը չափազանց դժվար է: Այդ երիտասարդների գործն էլ կայանատեղի գտնելն է, իսկ երբ ազատ տեղեր են լինում, նրանց գործն է առաջնորդել ձեզ դեպի կայանատեղին ձեռքի շարժումներով և խոստանալ «հոգ տանել» ձեր մեքենայի մասին, մինչ դուք կվերադառնաք:
Ես տպավորված էի այդ երիտասարդներից մեկի յուրահատուկ բեմական շարժուձևով, ով այդ երեկո մեզ համար կայանատեղի գտավ: Երբ մենք հեռանում էինք, որոշեցի նրան թեյավճար տալ: Բացեցի պայուսակս, գումար հանեցի և տվեցի այդ երիտասարդին: Վերջինս, երջանիկ ու երախտապարտ, վերցրեց ինձնից գումարը և նայելով Լուիին՝ ասաց. «Շնորհակալ եմ, պարո՛ն»:
Լուին ապշահար ինձ նայեց ու հարցրեց. «Ինչո՞ւ նա ի՛նձ շնորհակալություն հայտնեց: Ես չեմ նրան վճարել»: Այնուհետև Լուիի դեմքի արտահայտությունից զգացի, որ նա գլխի ընկավ… Այդ երիտասարդը կարծում էր, թե ինչ գումար էլ որ ես ունենայի, անկասկած, վաստակում էր Լուին:
Տղամարդիկ ու կանայք տարբեր են: Տարբեր են մեր հորմոնները, սեռական օրգանները և կենսաբանական կարողությունները: Կանայք կարող են երեխաներ ունենալ, տղամադիկ՝ ոչ: Տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի քանակությունն ավելի բարձր է, և, ընդհանուր հաշվով, տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են: Տղամարդկանց թիվն աշխարհում մի փոքր զիջում է կանանց թվին (աշխարհի բնակչության 52%-ը կանայք են), սակայն ամենաբարձր ու ազդեցիկ դիրքերը շարունակում են զբաղեցնել տղամարդիկ:
Խաղաղության Նոբեյյան մրցանակի դափնեկիր՝ լուսահոգի Վանգարի Մաաթային շատ ճիշտ է նկատել. «Որքան ավելի ես բարձրանում, այնքան սակավ են դառնում կանանց շարքերը»:
ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ մենք շարունակ լսում էինք Լիլի Լեդբեթերի օրենքի մասին. վերջինիս էությունն այն է, որ ԱՄՆ-ում տղամարդիկ և կանայք նույն պաշտոնն են զբաղեցնում, սակայն տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում միայն այն պատճառով, որ տղամարդ են:
Այսպիսով, այս աշխարհը բառացիորեն պատկանում է տղամարդկանց: Այո , հազար տարի առաջ այդպես էր, քանի որ մարդիկ ապրում էին այն աշխարհում, որտեղ ֆիզիկական ուժը գոյատևման կարևորագույն պայման էր: Նա, ով ֆիզիկապես ուժեղ էր, հավանական է, որ կդառնար առաջնորդ: Իսկ տղամարդիկ, ընդհանուր հաշվով, ֆիզիկապես ավելի ուժեղ են (կան, իհարկե, շատ բացառություններ): Այսօր մենք ապրում ենք միանգամայն այլ աշխարհում: Այսօր գոյատևում է առավել խելացին, առավել բանիմացը, առավել ստեղծարարն ու նորարարը: Եվ վերոնշյալ հատկանիշները որևէ կապ չունեն հորմոնների հետ:
Տղամարդիկ և կանայք նույն հաջողությամբ կարող են լինել խելացի, նորարար ու ստեղծարար: Մենք էվոլյուցիոն զարգացում ենք ապրել, սակայն սեռերի նկատմամբ մեր վերաբերմունքը մնացել է անփոփոխ:
Վերջերս ես մտա Նիգերիայի լավագույն հյուրանոցներից մեկի նախասրահ. մուտքի մոտ պահակն ինձ կանգնեցրեց՝ տալով մի քանի նյարդայնացնող հարց. «Ի՞նչ է այն մարդու անունը, ում այցելում եք… Ո՞րն է այդ մարդու սենյակի համարը… Արդյո՞ք Դուք ճանաչում եք այդ մարդուն… Կար՞ ղ եք ապացուցել, որ հյուր եք՝ ցույց տարւվ համարի բանալին…»: Նա մեխանիկորեն ենթադրել էր, որ նիգերիացի կինը, ով մտնում է հյուրանոց մենակ, մարմնավաճառ է: Բայց երբ միևնույն հյուրանոց որևէ տղամարդ է մտնում, նրան հարցախեղդ չեն անում՝ վստահ լինելով, որ վերջինս այնտեղ է օրինական նպատակներով (ի դեպ, ինչո՞ւ են հյուրանոցներն այդքան ուշադրություն դարձնում մարմնավաճառներին՝ վերջիններիս պատվիրողների վրա կենտրոնանալու փոխարեն):
Լագոսում մենակ չեմ կարող գնալ հայտնի շատ ակումբներ ու բարեր: Այնտեղ պարզապես ներս չեն թողնի, եթե դու կին ես ու եկել ես մենակ: Քեզ միշտ պետք է ուղեկցի որևէ տղամարդ: Ես շատ տղամարդ ընկերներ ունեմ, ովքեր գալիս են ակումբ և թևանցուկ ներս մտնում միանգամայն անծանոթ կանանց հետ, քանի որ այդ կանայք այլ ելք չունեն, բացի ակումբ մտնելու համար «օգնություն» խնդրելուց:
Ամեն անգամ, երբ ես տղամարդու հետ գնում եմ որևէ նիգերիական ռեստորան, մատուցողը ողջունում է տղամարդուն, իսկ ինձ չի էլ նկատում: Մատուցողները հասարակության այն ներկայացուցիչներն են, ում սովորեցրել են, որ տղամարդիկ ավելի մեծ կարևորություն ունեն, քան կանայք: Ես գիտեմ, որ նրանք վիրավորելու որևէ մտադրություն չունեն, սակայն հարցին գիտակցաբար մոտենալը մի բան է, իսկ զգացմունքներով առաջնորդվելը՝ մեկ այլ:
Ամեն անգամ, երբ մատուցողն ինձ արհամարհում է, ես ինձ անտեսանելի եմ զգում: Ես ընկճվում եմ: Ուզում եմ բարձրաձայնել, որ ես տղամարդկանց հավասար եմ և արժանի եմ հավասար ընդունելության: Սրանք մանրուքներ են, սակայն երբեմն հենց այս մանրուքներն են ամենից շատ ցավ պատճառում:
Վերջերս ես գրեցի երիտասարդ կանանց կյանքի մասին Լագոսում: Տպարանում ինձ ասացին, որ հոդվածն անսահման զայրույթ էր պարունակում, և որ ես չպետք է այդքան բարկանայի: Սակայն ես չէի զղջում գրածիս համար: Իհարկե, ես բարկացած էի: Սեռական խտրականությունն այսօր ծաղկունք է ապրում: Ես զայրացած եմ: Եվ բոլորս պիտի զայրանանք: Փորձը ցույց է տալիս, որ զայրույթը դրական փոփոխություններ է բերում:
Սակայն բարկությանս հետ մեկտեղ ես չեմ հուսահատվում, քանի որ խորապես հավատում եմ մարդկանց՝ լավին ձգտելու հատկությանը:
Բայց վերադառնանք զայրույթին:
Տպարանի աշխատակցի ձայնում ես զգուշություն զգացի: Դիտողությունը ոչ այնքան հոդվածին էր ուղղված, որքան իմ անձին: Այդ «զգույշ» ձայնն ինձ ասում էր. «Հատկապես կնոջը զայրույթը հարիր չէ»: Եթե դու կին ես, ապա ենթադրվում է, որ չպետք է զայրույթդ արտահայտես, քանի որ դա հնչում է իբրև սպառնալիք:
Ընկերուհիներիցս մեկն ամերիկուհի է, ով ստանձնել է մենեջերի պաշտոնը տղամարդ մենեջերից հետո: Վերջինս հայտնի է եղել իր խստությամբ, եռանդով ու գործնական բնավորությամբ: Նա շատ կոպիտ ու պահանջկոտ էր և հատկապես բծախնդիր փաստաթղթերի ստորագրման հարցում: Երբ ընկերուհիս ստանձնեց մենեջերի պաշտոնը, նա իրեն պատկերացնում էր նույնչափ խիստ, սակայն փոքր-ինչ բարի, քան նախկին մենեջերը (վերջինս երբեմն չէր գիտակցում, որ մարդիկ ընտանիք ունեն, ինչը չէիր ասի ընկերուհուս մասին): Ընդամենը մի քանի շաբաթ էր անցել, ինչ նա ստանձնել էր այդ պաշտոնը, երբ մի անգամ նկատողություն էր արել աշխատակիցներից մեկին հաշվառման թերթիկում սխալ թույլ տալու համար (մի բան, որ նախկին մենեջերը սովոր էր անել):
Այնուհետև այդ աշխատակիցը ղեկավարությանը բողոքել էր կին մենեջերի աշխատանքային ոճից: Նա նշել էր, որ մենեջերն ագրեսիվ է, և նրա հետ դժվար է աշխատել:
Մյուս աշխատակիցները համամիտ էին վերջինիս հետ: Նրանցից մեկը նույնիսկ նշել էր, որ կին մենեջերից ակնկալում էր «կանացի նրբանկատություն», սակայն վերջինս չէր արդարացրել իրենց սպասելիքները:
Աշխատակիցներից ոչ մեկի մտքով չէր անցել, որ կին մենեջերը նույն աշխատանքն էր կատարում, որի համար տղամարդ մենեջերն արժանանում էր գովասանքի:
Մյուս ընկերուհիս, նույնպես ամերիկուհի, ունի բարձր վարձատրվող աշխատանք գովազդային ընկերությունում: Նա անձնակազմի երկու կանանցից մեկն է: Մի օր՝ ժողովի ժամանակ, նա ուզում էր արտահայտվել իր հանդեպ տնօրենի արհամարհական վերաբերմունքի մասին, որ վերջինս պատշաճ ուշադրություն չէր դարձնում իր առաջարկություններին, մինչդեռ երբ նույն մտքերն արտահայտում էր տղամարդ աշխատակիցը, պատկերն այլ էր: Նա ուզում էր բողոքել, տնօրենի դեմ դուրս գալ, բայց չարեց: Փոխարենը ժողովից հետո մի անկյուն գտավ ու լաց եղավ, հետո ինձ զանգեց՝ հետս կիսվելու: Նա չէր բարձրաձայնել այդ խնդիրը, քանի որ չէր ցանկանում ագրեսիվ երևալ: Նա կուլ տվեց իր վրդովմունքը:
Եվ ես հանկարծ հասկացա, որ իմ ամերիկուհի ընկերուհիները և շատ ու շատ այլ կանայք ջանք են թափում «հավանության» արժանանալու համար: Նրանց դաստիարակել են հենց «հաճելի լինելու» գաղափարով, և որ «հաճելի լինելը» բնավորության յուրահատուկ գիծ է, որն իր մեջ չի ներառում անհամաձայնություն կամ էլ զայրույթ:
Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ սովորեցնելով աղջիկներին մեծ կարևորություն տալ նրան, թե ինչ են տղաները մտածում նրանց մասին: Բայց նույն կերպ չենք վարվում տղաների հետ: Մենք չենք սովորեցնում տղաներին հոգ տանել «հաճելի լինելու» մասին:
Մենք չափազանց շատ ժամանակ ենք անցկացնում՝ սովորեցնելով աղջիկներին, որ չի կարելի բարկանալ կամ էլ ագրեսիվ լինել, և սա արդեն իսկ սխալ է: Այնուհետև մենք շրջվում ենք և հենց վերոնշյալ հատկանիշներն ենք գնահատում տղամարդկանց մեջ ու անվերջ արդարացնում նրանց: Ողջ աշխարհում այնքան շատ գրքեր ու ամսագրեր կան, որոնք թելադրում են կանանց, թե ինչ պահվածք պետք է նրանք ունենան, ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ: Եվ այս ամենը ծառայում է միայն մեկ նպատակի. գրավիչ և հաճելի լինել տղամարդկանց համար: Սակայն շատ քիչ ուղեցույցներ կան, որ սովորեցնում են տղամարդկանց, թե ինչպես պետք է հաճոյանալ կնոջը:
Ես գրավոր խոսքի դասեր եմ անցկացնում Լագոսում, և ուսանողներիցս մեկը՝ մի երիտասարդ կին, ինձ ասաց, որ իր ընկերներից մեկը խորհուրդ էր տվել իմ ֆեմինիստական քարոզներին ականջ չդնել, այլապես կկլաներ գաղափարներ, որոնք կկործանեին իր ամուսնական կյանքը: Վերջինիս կործանումը, երբևէ ընտանիք չկազմելու վախը այն սպառնալիքներն են, որոնց մեր հասարակությունում բախվում են առավելապես կանայք, քան տղամարդիկ:
Աշխարհի ցանկացած անկյունում սեռին մեծ կարևորություն են տալիս: Ես կուզենայի, որ այսօր մենք պատկերացնենք, ծրագրավորենք մեկ այլ աշխարհ: Աշխարհ, որտեղ ապրում են երջանիկ տղամարդիկ ու կանայք, ովքեր իրենք իրենց ավելի հավատարիմ են: Բայց ինչպե ս կերտել այդ աշխարհը:
Մենք պետք է այլ կերպ դաստիարակենք մեր աղջիկներին ու տղաներին:
Մեր դաստիարակության ոճը մեծ վնաս է պատճառում տղաներին: Մենք խեղդում ենք մարդկությունը նրանց մեջ: Մենք շատ սահմանափակ ենք ընկալում «տղամարդկություն» ասվածը: Այն մի կոպիտ, փոքր վանդակ է, որի մեջ մենք նետում են տղաներին:
Մենք սովորեցնում ենք տղաներին խուսափել վախից ու վախենալ թույլ և խոեցլի լինելուց:
Մենք սովորեցնում ենք տղաներին քողարկել իրենց ինքնությունը, քանի որ, ինչպես ասում են նիգերերենում, նրանք պետք է «տղամարդ տղա» լինեն:
Միջնակարգ դպրոցում տղան ու աղջիկը, երկուսն էլ դեռահաս, գրպանում էլ նույն չափի գումարով, գնում են հանդիպման: Սակայն ակնկալվում է, որ տղան պետք է վճարի կամ էլ փակի հաշիվը, քանի որ դրանով է ապացուցվում նրա տղամարդկությունը (և մենք դեռ զարմանում ենք, թե ինչու են շատ տղաներ գումար գողանում ծնողներից):
Իսկ ի նչ կլիներ, եթե մենք տղաներին ու աղջիկներին այնպեսդաստիարակեինք, որ վերջիններս տղամարդկությունը գումարի հետ չկապեին: Ի նչ կլիներ, եթե «տղան պետք է վճարի» համոզմունքը փոխարինվեր «թող վճարի նա, ով գումար ունի» համոզմունքով:
Իհարկե, պատմականորեն տղամարդկանց առավելություն տալու պատճառով այսօր հենց տղամարդիկ ֆինանսապես ավելի կայուն են: Բայց եթե մենք մեր երեխաներին այլ կերպ դաստիարակենք, ապա առաջիկա հիսուն, հարյուր տարվա ընթացքում տղաներն այլևս ստիպված չեն լինի իրենց տղամարդկությունը ապացուցել նյութական միջոցներով:
Այնուամենայնիվ, ամենամեծ վնասը, որ մենք հասցնում ենք տղամարդկանց, ստիպելով, որ վերջիններս լինեն «տղամարդկային», նրանց սեփական խոցելի ներաշխարհի հետ դեմ առ դեմ թողելն է: Որքան մեծ է «տղամարդկային լինելու» ճնշումը, այնքան ավելի խոցելի է տղամարդու «ես»-ը:
Մյուս կողմից՝ մենք ավելի մեծ վնաս ենք պատճառում աղջիկներին՝ սովորեցնելով նրանց հաճոյանալ տղամարդկանց խոցելի ներաշխարհին:
Մենք աղջիկներին սովորեցնում ենք իրենց «չափը ճանաչել»: Մենք նրանց ասում ենք. «Եղիր նպատակասլաց, բայց չա փդ ճանաչիր… Եղիր հաջողակ, բայց սահմանը չհատե ս, քանի որ քո հաջողությունները սպառնալիք են տղամարդկանց համար… Եթե տանը դու ես ամենաշատ գումար վաստակողը, երբեք տղամարդուն զգացնել մի տուր դա, հատկապես որևէ շրջապատում կամ հասարակական վայրում, հակառակ դեպքում դա նրան կզրկեսիր տղամարդկայնությունից…»:
Թույլ տվեք հարցին հարցով պատասխանել. ինչո՞ւ կնոջ հաջողությունը պետք է սպառնա տղամարդուն: Իսկ եթե մենք պարզապես հրաժարվե նք այդ «տղամարդկայնությունից զրկել» հասկացությունից (մի արտահայտություն, որը ես այդքան ատում եմ):
Նիգերիացի ծանոթներիցս մեկը մի օր ինձ հարցրեց՝ ես չեմ անհանգստանում արդյոք, որ տղամարդիկ իրենց ճնշված կզգան իմ կողքին:
Ես բոլորովին չէի անհանգստանում, մտքովս անգամ չէր անցել անհանգստանալ, քանի որ այն տղամարդը, ով իրեն ճնշված կզգար իմ կողքին, ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի:
Թերևս այս ամենն ինձ ապշեցնում է: Միայն այն պատճառով, որ կին եմ, ես պետք է ձգտեմ ամուսնության: Ես պետք է որոշումներս կայացնելիս միշտ հիշեմ, որ ամուսնությունն ամենից առաջնայինն է: Իհարկե, ամուսնությունը կարող է լինել սիրո, երջանկության և փոխադարձ հարգանքի աղբյուր, սակայն ինչո՞ւ ենք մենք աղջիկներին սովորեցնում ձգտել ամուսնության, իսկ տղաներին՝ ոչ:
Ես ճանաչում եմ մի նիգերիացի կնոջ, ով վաճառել էր իր տունը, քանի որ չէր ցանկանում «ճնշում գործադրել» այն տղամարդու վրա, ով գուցե կամուսնանար իր հետ:
Ես ճանաչում եմ մի չամուսնացած նիգերիացի կնոջ, ով ժողովների գնալիս ամուսնական մատանի է կրում, որպեսզի իր գործընկերները, համաձայն իր համոզմունքի, իրեն «հարգեն»:
Եվ դժբախտությունն այն է, որ ամուսնական մատանի կրելու դեպքում նրան իսկապես ավելի «հարգարժան» կհամարեին, մինչդեռ վերջինիս բացակայության դեպքում նրան կվերաբերվեին արհամարհանքով (և այս ամենը՝ ժամանակակից աշխատավայրում):
Ես ճանաչում եմ երիտասարդ կանանց, ովքեր ամուսնության հարցով մեծ ճնշման են ենթարկվում թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում և թե՛ անգամ աշխատավայրում՝ հրահրելով այդ աղջիկներին սարսափելի սխալներ գործելու:
Մեր հասարակությունը սովորեցնում է կանանց, ովքեր չեն ամուսնացել, դիտարկել դա իբրև լուրջ անձնական ձախողում: Մինչդեռ ճիշտ նույն իրավիճակում գտնվող տղամարդու մասին ասում են. «Նա դեռ ընտրություն չի կատարել»:
Հեշտ է ասել. «Բայց կանայք կարող են հրաժարվել այս ամենից»: Իրականում ամեն ինչ ավելի բարդ է: Մենք բոլորս հասարակության մի մասն ենք կազմում: Հասարակական միջավայրը ներգործում է մեր գաղափարների կազմավորման վրա:
Անգամ լեզուն, որով մենք խոսում ենք, արտացոլում է այս ամենը: Ամուսնության լեզուն հաճախ հիմնված է «տեր» և «հնազանդ» հասկացությունների վրա, և ո՛չ երկու ընկերների միջև համագործակցության:
Մենք օգտագործում ենք «հարգանք» բառը, երբ խոսում ենք կնոջ՝ «տղամարդու հանդեպ հարգանք ունենալու» մասին, սակայն նույն կերպ չենք խոսում տղամարդու՝ կնոջ հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին:
Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ ասում են. «Ես դա արեցի ընտանիքիս խաղաղության համար»:
Երբ տղամարդն է այդպես ասում, նա նկատի ունի մի բան, որ ինքն ամեն դեպքում չպետք է աներ: Նա ասում է դա ընկերներին ծայրահեղ վրդովված տոնով. դա, վերջ ի վերջո, ցուցադրում է նրա «տղամարդկությունը». «Գիտե ք, կինս ինձ ասաց, որ ես չպետք է ամեն օր գնամ ակումբ… Եվ ես, ընտանիքիս խաղաղության համար, ակումբ եմ գնում միայն շաբաթվա վերջին օրերին»:
Երբ կինն է ասում՝ «Ես դա արեցի ընտանիքիս խաղաղության համար», սովորաբար դա նշանակում է, որ նա թողել է աշխատանքը՝ զոհաբերելով կարիերան, նպատակներն ու երազանքները:
Մենք սովորեցնում ենք կանանց, որ հարաբերություններում նրանք են փոխզիջման գնացողները:
Մենք աղջիկներին այնպես ենք դաստիարակում, որ նրանք մրցակցեն միմյանց հետ տղամարդկանց ուշադրության համար, և ոչ աշխատանքի կամ ձեռքբերումների (ինչը, կարծում եմ, շատ լավ կլիներ):
Մենք աղջիկներին սովորեցնում ենք, որ նրանք չեն կարող սեռական կյանք վարել այնպես, ինչպես տղաները:
Եթե մենք ունենք որդի, ապա մեզ քիչ է հետաքրքրում վերջինիս ընկերուհի ունենալու փաստը: Բայց եթե դուստրն ընկեր ունի. Աստված մի արասցե: (Մյուս կողմից, մենք ակնկալում ենք, որ երբ ժամանակը գա, մեր դուստրը որպես փեսացու կընտրի ամենահամապատասխան տղային):
Մենք հսկում ենք մեր աղջիկներին: Մենք մեծ արժեք ենք տալիս նրանց կուսությանը, սակայն նույն կերպ չենք վարվում տղաների հետ (և հետաքրքիր է, թե ինչպես պետք է այս ամենը գործի, քանի որ կուսությունը կորցնելու գործընթացին երկու սեռն էլ մասնակցում են):
Վերջերս Նիգերիայի համալսարանում խմբակային բռնաբարության էին ենթարկել մի աղջկա, և շատ երիտասարդ նիգերիացիներ՝ կին ու տղամարդ, ի պատասխան կատարվածի ասել էին. «Միանշանակ, այն, ինչ տեղի է ունեցել, մեծ չարիք է, բայց ի նչ գործ ուներ աղջիկը սենյակում չորս տղայի հետ»:
Եկեք մի պահ փորձենք մոռանալ, թե որքան անմարդկային էր այս պատասխանը: Այդ նիգերիացիներին այդպես են դաստիարակել. նրանք մտածում են, որ կանայք ի ծնե մեղավոր են, և այնքան քիչ բան են ակնկալում տղամարդկանցից, որ վերջիններիս՝ բնազդներով ղեկավարվող վայրագ էությունը «հալած յուղի պես» է ընդունվում:
Մենք սովորեցնում ենք աղջիկներին «ամոթ ունենալ». «Զգեստդ շա՛տ կարճ է… Պարկե՛շտ հագնվիր…»:
Այնպես ենք անում, որ, լինելով կին, նրանք ծնված օրվանից իրենց մեղավոր զգան:
Այսպիսով, աղջիկները կին դառնալուն պես չեն կարող բարձրաձայնել իրենց ցանկությունների մասին: Նրանց թույլ չենք տալիս ասել այն, ինչ մտածում են: Եվ արդյունքում կանայք դառնում են ձևականության վարպետներ:
Ես ճանաչում եմ մի կնոջ, ով ատում է տնային գործերը, բայց հակառակն է ձևացնում, քանի որ մանկուց նրան սովորեցրել են լինել «տուն տանելու աղջիկ», ինչպես նիգերերենում են ասում՝ «տան աղջիկ»: Հետո նա ամուսնացավ, ու որոշ ժամանակ անց ամուսնու ընտանիքը սկսեց բողոքել, որ նա փոխվել է:
Իրականում նա չէր փոխվել, պարզապես հոգնել էր ձևացնել:
Սեռերի հետ կապված խնդիրն այն է, որ մեզ թելադրում են, թե ինչպիսին մենք «պետք է լինենք», փոխարակ մեզ ընդունելու այնպիսին, ինչպիսին մենք կանք իրականում:
Պատկերացնո՞ւմ եք, թե որքան երջանիկ կլինեինք մենք՝ ազատորեն ցուցադրելով մեր իրական էությունը, եթե չլիներ բեռն ա յն ամենի, ինչ մեզնից «ակնկալում են»:
Կանայք ու տղամարդիկ, անշուշտ, տարբեր են կենսաբանորեն, սակայն հասարակությունը չափազանցնում է այդ տարբերությունները և սկսում վերջիններիս արդարացնել: Օրինակ՝ պատրաստելու հարցում: Այսօր հիմնականում կանայք են անում տան գործերը՝ եփում ու թափում: Բայց ինչո՞ւ: Որովհետև կանայք ծնվում են պատրաստելու գենով, թե՞ տարիներ շարունակ նրանց ներշնչել են, որ պատրաստելը նրանց հիմնական գործառույթն է: Ճիշտն ասած՝ ուզում էի ասել, որ կանայք ծնվում են պատրաստելու գենով, բայց հիշեցի, որ աշխարհահռչակ խոհարարների մեծ մասը տղամարդիկ են, որոնց տվել են նորաձև «շեֆ խոհարար» կոչումը:
Իմ առջև միշտ իմ տատիկն էր, ով փայլուն կին էր, և հաճախ մտածում եմ՝ ո՞վ կլիներ նա հիմա, եթե երիտասարդ ժամանակ ունենար նույն հնարավորությունները, ինչ տղամարդիկ: Այսօր կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն, քան այն ժամանակ, երբ ապրել է իմ տատիկը: Այդ ամենը տեղի է ունեցել քաղաքականության և օրենքների փոփոխության շնորհիվ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր մտածելակերպը, տեսակետն ավելի կարևոր են: Ի՞նչ կլիներ, եթե երեխաներին դաստիարակելէս մեր ուշադրությունը կենտրոնացնեինք նրանց ունակությունների, հետաքրքրությունների և ոչ սեռի վրա:
Մի ընտանիքում կան որդի և դուստր. նրանց միջև կա մեկ տարվա տարբերություն, երկուսն էլ գերազանց էին սովորում: Եվ ահա, երբ որդին քաղցած է, ծնողներն ասում են դստերը. «Գնա՛ Ինդոմի պատրաստիր եղբորդ համար»: Դուստրը չի սիրում «Ինդոմի» պատրաստել, բայց նա աղջիկ է, ուրեմն ստիպված է: Ի՞նչ կլիներ, եթե ծնողները մանկուց երկու երեխաներին էլ «Ինդոմի» պատրաստել սովորեցնեին: Ի դեպ, պատրաստելը շատ օգտակար հմտություն է տղայի համար (ես միշտ կարծել եմ, որ կյանքի համար այդքան անհրաժեշտ հմտությունն ինչ-որ մեկին վստահելն անմտություն է):
Ծանոթ կանանցից մեկը միևնույն կրթությունն ու աշխատանքն ունի, ինչ իր ամուսինը: Երբ նրանք աշխատանքից վերադառնում են, կինն է անում բոլոր տնային գործերը, և սա տարածված երևույթ է շատ ընտանիքներում: Սակայն ինձ ապշեցնում է այն, որ ամեն անգամ, երբ ամուսինը փոխում է երեխայի տակդիրը, կինն ասում է ամուսնուն՝ շնորհակալ եմ:
Ի՞նչ կլիներ, եթե կինն այդ ամենը դիտեր որպես սովորական երևույթ, քանի որ ամուսինը պիտի՛ հոգ տանի իր իսկ երեխայի մասին:
Ես փորձում եմ մոռանալ սեռերի մասին սահմանված բոլոր կարծրատիպերը, որոնք իմ մեջ դաստիարակել են մանկուց: Սակայն նույնիսկ հիմա ես երբեմն ընկնում եմ այդ կարծրատիպերի ազդեցության տակ:
Ես շատ անհանգիստ էի, երբ առաջին անգամ պետք է գրավոր խոսք դասավանդեի մագիստրատուրայի ուսանողներին: Ես չէի մտածում դասավանդվող նյութի մասին, քանի որ լավ պատրաստված էի և դասավանդում էի այն, ինչ սիրում եմ: Փոխարենը ինձ անհանգստացնում էր հագուստի ընտրության հարցը: Ես ուզում էի լուրջ տպավորություն թողնել ուսանողներիս վրա:
Գիտեի, որ միայն այն պատճառով, որ ես կին եմ, ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ այս դիրքին: Եթե ես շատ կանացի տեսք ունենայի, ինձ լուրջ չէին վերաբերվի: Ես ցանկանում էի հագնել մի գեղեցիկ շրջազգեստ և այն համադրել իմ սիրելի շրթներկի հետ. Բայց ես որոշեցի դա չանել:
Ես հագա տղամարդու կոստյում՝ տգեղ ու լուրջ: Դժբախտությունն այն է, որ երբ հարցը վերաբերում է արտաքինին, մեզ համար չափանիշ են տղամարդիկ: Մեզնից շատերը կարծում են, որ որքան ավելի քողարկեն կանացիությունը, այնքան ավելի լուրջ վերաբերմունքի կարժանանան:
Այսօր ես զղջում եմ, որ այն օրը ընտրեցի այդ տգեղ կոստյումը: Եթե այն ժամանակ ես այնքան ինքնավստահություն ունենայի, որքան այսօր, իմ ուսանողներն անգամ ավելի շատ օգուտ կքաղեին իմ դասերից, քանի որ ես ավելի հանգիստ կզգայի և չէի թաքցնի իմ էությունը:
Ես վճռե՛լ եմ այլևս ներողություն չհայցել իմ կանացիության համար: Ես ցանկանում եմ, որ ինձ ընդունեն ու հարգեն այնպիսին, ինչպիսին ես կամ: Որովհետև ես կին եմ և արժանի եմ: Ինձ հետաքրքրում են քաղաքականությունն ու պատմությունը, և անչափ դուր է գալիս բանավիճել:
Ես կանացի եմ և սիրում եմ ինձ այդպիսին: Ես սիրում եմ բարձրակրունկ կոշիկներ և շրթներկ: Ինձ դուր է գալիս, երբ ինձ հաճոյախոսում են թե կանայք և թե տղամարդիկ (չնայած, եթե անկեղծ լինեմ, ինձ համար ամենից շատ հաճելի է լսել հաճոյախոսություններ ոճային կանանցից):
Ես հաճախ հագնվում եմ այնպես, որ տղամարդկանց դուր չի գալիս կամ նրանք «չեն հասկանում»: Ես այդպես եմ հագնվում, քանի որ ինձ լավ եմ զգում հենց այդպես հագնված: Ինձ համար էական չէ, թե ինչպես են ինձ վրա «նայում» տղամարդիկ:
Հեշտ չէ խոսել սեռերի մասին: Մարդիկ անհարմար են զգում, երբեմն էլ դառնում դյուրագրգիռ: Թե կանայք, թե տղամարդիկ սուր են ընկալում այս հարցը կամ էլ արժանի ուշադրություն չեն հատկացնում այս խնդրին, քանի որ փոխել ներկայումս տիրող իրավիճակը դժվար է:
Ոմանք հարցնում են. «Ինչո՞ւ ենք հենց ֆեմինիստ բառը կիրառում. ինչո՞ւ պարզապես չես ասում, որ հավատում ես մարդկանց հավասար իրավունքներին…»: Դա կլիներ անարդար: Ֆեմինիզմը, իհարկե, մարդկային իրավունքների հավասարությանն է վերաբերում, սակայն նախընտրությունը տալ անորոշ՝ մարդկային իրավունքներ արտահայտությանը, կնշանակի հերքել հենց սեռերին վերաբերող խնդիրը: Դա կժխտեր այն փաստը, որ կանայք են դարեր շարունակ զոհ գնացել խտրականության: Դա կժխտեր այն, որ սեռերի խնդրիրների թիրախը հենց կանայք են: Հարցը չի վերաբերում մարդկային իրավունքների հավասարությանն ընդհանրապես, այլ հենց կանա նց իրավունքների հավասարությանը:
Դարեր շարունակ աշխարհը կիսված է եղել երկու մարդկային խմբի միջև, այնուհետև շարունակաբար ճնշումների ու խտրականության է ենթարկել խմբերից մեկին: Հարցին լուծում կտրվի միայն այն դեպքում, երբ մենք կիրառենք հենց ֆեմինիզմ բառը:
Որոշ տղամարդիկ ֆեմինիզմն ընկալում են որպես սպառնալիք: Կարծում եմ՝ պատճառը բարդույթներն են, որոնք ծագել են տղաների դաստիարակության ընթացքում, և այն, որ նրանց ինքնագնահատականը նվազում է, երբ նրանք չեն իրենց հատուկ «գլխավոր դերում»:
Որոշ տղամարդիկ էլ կպատասխանեն. «Լավ, այս ամենը շատ հետաքրքիր է, բայց իմ մտածելակերպն այլ է… Ես չեմ էլ մտածում սեռերի մասին»:
Գուցե իսկապես չեն մտածում:
Եվ դա էլ խնդրի մի մասն է կազմում: Որոշ տղամարդիկ լրջորեն «չեն մտածում» սեռերի մասին և չեն նկատում սեռը: Այդպիսի տղամարդիկ, և դրանցից մեկն էլ իմ ընկեր Լուին է, ասում են, որ նման խտրականություն գուցե կար տարիներ առաջ, սակայն այսօր իրավիճակն այլ է: Եվ շատ տղամարդիկ ոչինչ չեն անում որևէ բան փոխելու համար: Եթե Դուք տղամարդ եք, և մատուցողը միայն Ձեզ է ողջունում, մի՞թե Ձեր մտքով չի անցնում հարցնել մատուցողին՝ ինչու վերջինս չողջունեց Ձեզ հետ եկած կնոջը:
Տղամարդիկ պետք է բարձրաձայնեն այս հարցը անգամ այնպիսի իրավիճակներում, որոնք որևէ կարևորություն չունեցող մանրուք են թվում:
Քանի որ սեռի հարցի շուրջ խոսելը կարող է անհարմար թվալ, ուստի մենք նախընտրում ենք փակել այս թեման:
Ոմանք որպես օրինակ կբերեն կենսաբանական զարգացումը և կապիկներին. թե ինչպես են էգ կապիկները խոնարհվում որձ կապիկների առջև, և այլն: Բայց մենք կապիկներ չենք: Կապիկները նաև ծառերի վրա են ապրում ու սնվում անձրևորդերով, իսկ մենք՝ ոչ:
Ոմանք կասեն, որ աղքատ մարդկանց կյանքն էլ շատ ծանր է, և դա իսկապես այդպես է: Սակայն խոսքը հիմա դրա մասին չէ: Սեռն ու սոցիալական դիրքը նույնը չեն: Աղքատ տղամարդիկ, միևնույն է, ունեն տղամարդ լինելու առավելությունը, անգամ եթե զրկված են հարուստ լինելու առավելությունից:
Ես ծանոթ եմ այդ «ճնշման քաղաքականությանը», երբ մի հարցով փորձում են լռեցնել մյուսը: Ես բախվել եմ այս երևույթին հիմնականում սևամորթ տղամարդկանց հետ խոսելիս: Մի օր ես մի սևամորթ տղամարդու հետ զրուցում էի սեռերի անհավասարության հարցի շուրջ, և նա ինձ հարցրեց. «Ինչո՞ւ եք հարցին մոտենում կնոջ տեսանկյունից և ոչ մարդու»: Նմանատիպ հարցերը հիմքից շրջում են առաջնային խնդիրը, որն այս դեպքում վերաբերում էր կանանց: Իհարկե, ես առաջին հերթին մարդ եմ, սակայն գոյություն ունեն որոշ երևույթներ, որոնք պատահում են ինձ հետ միայն այն պատճառով, որ ես կին եմ:
Նույն տղամարդը, ի դեպ, հաճախ կխոսեր իր սևամորթ լինելու հետ կապված խնդիրների մասին (որին ես հավանաբար պետք է պատասխանեի՝ «Իսկ ինչո՞ւ եք հարցին մոտենում սևամորթ տղամարդու տեսանկյունից և ոչ պարզապես տղամարդու կամ էլ մարդու»:
Այսպիսով, խոսքը սեռերի մասին է: Ոմանք կասեն. «Բայց, վերջին հաշվով, իրական ուժը պատկանում է կանանց…»:
«Բարեմասնությունների ուժը» (սա նիգերերեն արտահայտություն է այն կնոջ մասին, ով օգտագործում է իր արտաքին տվյալները տղամարդկանցից շահ քաղելու նպատակով): Իրականում այս «բարեմասնությունների ուժը» որևէ զորություն չունի, քանի որ կինը, ով օգտագործում է իր «բարեմասնությունները» որևէ նպատակի հասնելու համար, բնավ որևէ ուժ չունի: Իրականում սա նշանակում է, որ կինն օգտագործում է տղամարդուն իր շահերին հասնելու համար:
Իսկ ի՞նչ կասեք այն դեպքում, երբ տղամարդը տրամադրություն չունի կամ հիվանդ է կամ էլ ժամանակավորապես իմպոտենտ:
Ոմանք կասեն, որ կինը «հնազանդ» է տղամարդուն, որովհետև մեր մշակույթն է այդպիսին: Սակայն մշակույթը մշտապես փոփոխվում է:
Իմ քույրն ունի երկվորյակ հրաշք աղջիկներ, որոնք 15 տարեկան են: Եթե նրանք ծնված լինեին հարյուր տարի առաջ, նրանց կսպանեին, որովհետև հարյուր տարի առաջ Իգբո մշակույթում երկվորյակ երեխաների ծնունդը համարվել է չարիք: Այսօր նման երևույթն անընդունելի է Իգբո մշակույթում:
Ի՞նչ է մշակույթ ասվածը: Վերջին հաշվով, մշակույթի հիմնական գործառույթն է մարդկային արժեքների պահպանումն ու շարունակականության ապահովումը: Իմ ընտանիքում ամենից շատ ես եմ հետաքրքրված մեր նախնիների պատմությամբ, ավանդույթներով: Իմ եղբայրներին դա այնքան էլ չի հետաքրքրում: Սակայն ես չեմ կարող մասնակցել ընտանեկան ժողովներին, որտեղ կարևոր որոշումներ են կայացվում, քանի որ Իգբո մշակույթում միայն տղամարդկանց է տրված այդ արտոնությունը: Եվ չնայած որ ես եմ հետաքրքրված այդ ամենով, ինձ չի թույլատրվում մասնակցել այդ ժողովներին: Ես ձայնի իրավունք չունեմ, քանի որ կին եմ:
Մշակույթը չի ձևավորում մարդկանց, այլ մարդիկ՝ մշակույթը:
Եթե մեր մշակույթում կինը լիարժեք իրավունքներ չունի, ապա մենք պետք է փոխենք այդ մշակույթը:
Ես հաճախ եմ մտածում Օկոլոմայի մասին: Թող հոգին լուսավորվի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Սոսոլիսոյի վթարի ժամանակ: Օկոլոման հավերժ կմնա մեր սրտերում: Եվ նա ճիշտ էր, երբ շատ տարիներ առաջ ինձ անվանեց ֆեմինիստ: Ես իսկապես ֆեմինիստ եմ:
Երբ տարիներ անց ես բառարանում փնտրեցի այդ բառի բացատրությունը, այնտեղ գրված էր. «Ֆեմինիստ. մարդ, ով հավատում է սեռերի հասարակական, քաղաքական և տնտեսական հավասարությանը»:
Իմ մեծ տատիկը, որքան լսել եմ, ֆեմինիստ էր: Նա փախել է այն տղամարդու տնից, ում կինը չէր ուզում դառնալ, և ամուսնացել նրա հետ, ում սիրել է: Նա մերժել է, դեմ է դուրս եկել, երբ զգացել է, որ իրեն զրկում են իր բաժին հողից կամ որևէ հնարավորությունից միայն այն պատճառով, որ նա կին էր: Նա չգիտեր ֆեմինիստ բառը, սակայն դա չի նշանակում, որ նա ֆեմինիստ չէր:
Մենք պետք է հաճախ կիրառենք այս բառը:
Ամենաիսկական ֆեմինիստը իմ եղբայր Կենեն է: Նա գթասիրտ, բարետես ու շատ առնական տղամարդ է: Ինձ համար ֆեմինիստը նա է, ով, կին, թե տղամարդ, ասում է. «Այո՛, այսօր կա սեռերի խնդիր, և մենք պետք է լուծենք այն: Մենք պետք է բարելավենք ներկայիս իրավիճակը: Բոլորս’ կին, թե տղամարդ, պետք է հասնենք ավելիին»:
Թարգմանությունը՝ Դիանա Սիսակյանի
