Աննի Էռնո | Նոբելյան բանախոսություն

Ինչի՞ց սկսել։ Այս հարցը բազմիցս տվել եմ ինքս ինձ՝ նայելով դատարկ էջին։ Թվում էր, թե այդ մի եզակի նախադասությունը գտնելու կարիքն ունեի, որն ինձ գիրք գրելու հնարավորություն էր ընձեռելու և մի ակնթարթում վերացնելու էր բոլոր կասկածները․ յուրատեսակ բանալի։ Այսօր, երբ սկզբնական թմբիրն արդեն  անցնել է (մի՞թե դա իսկապես ի՛նձ հետ է կատարվում), ես կրկին հասկանում եմ, որ իմ երևակայությունը վերադարձնում է այն նույն աճող կարիքի զգացողությունը. գտնել նախադասություն, որն ազատություն և տոկունություն կտա ինձ առանց դողալու խոսելու այս վայրում, ուր այսօր երեկոյան հրավիրել եք ինձ։

Այդ նախադասությունը ես հեռուն փնտրելու կարիք չունեմ: Այն միանգամից է հայտնվում։ Իր ողջ պարզությամբ և խստությամբ։ Կարճուկտրուկ։ Անժխտելի։ Վաթսուն տարի առաջ օրագրումս գրված․ «Ես կգրեմ, որպեսզի ցեղիս վրեժն առնեմ, j’écrirai pour venger ma race’»: Դա Արթյուր Ռեմբոյի[1] ճիչ-արձագանքն էր․ «Ընդմիշտ ամենացածր ռասսայի եմ պատկանում»։ Քսաներկու տարեկան էի, գրականություն էի ուսումնասիրում գավառական մասնաճյուղում՝ մեծամասամբ տեղական բուրժուազիայի դուստրերի և որդիների հետ։ Հպարտորեն և միամտորեն հավատում էի, ինչպես ամենավերջին հողազուրկ սևագործ բանվորները, գործարանային բանվորները և խանութպանները, մարդիկ, որոնց արհամարհում են նրանց վարքագծի, առոգանության, կրթության բացակայության համար, որ գրքեր գրելը, գրող դառնալը բավական էր, որպեսզի վերականգնվեր հասարակական արդարությունը, որը փոխկապակցված էր ծնվելիս ունեցած հասարակական դասի հետ։ Եվ որ անհատական հաղթանակը կարող էր ջնջել գերիշխանության և չքավորության հարյուրամյակները, պատրանք, որը դպրոցն ակադեմիական հաջողություններիս միջոցով արդեն արմատավորել էին իմ մեջ։ Ինչպե՞ս կարող էին իմ անձնական նվաճումները փրկագնել իմ կրած վիրավորանքներից ու ստորացումներից որևէ մեկը: Դա այն հարցը չէ, որ երբևիցե տվել եմ ինքս ինձ։ Մի քանի արդարացում ունեի։

Այն ժամանակից սկսած, երբ կարդալ սովորեցի, գրքերն իմ ընկերներն էին, իսկ ընթերցանությունը՝ դպրոցից դուրս միակ զբաղմունքս։ Այդ հակումը մայրս էր սերմանել, որն իր խանութում գնորդների ելումուտի միջակայքում ահռելի քանակությամբ վեպեր էր կարդացել, և նախընտրում էր, որ գրքեր կարդայի, այլ ոչ թե կարեի կամ գործեի։ Գրքերի բարձր գները, կասկածամտությունը, որով մոտենում էին դրանց իմ կրոնական դպրոցում, ավելի բաղձալի էին դարձնում դրանք։ «Դոն Կիխոտ», «Գուլիվերի ճանապարհորդությունները», «Ջեյն Էյր», Գրիմ եղբայրների և Անդերսենի հեքիաթները, «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Քամուց քշվածները», իսկ ավելի ուշ՝ «Թշվառները», «Ցասման ողկույզները», «Սրտխառնոցը», «Օտարը» այն ինչ կարդացելի էի, ավելի շատ բախտն էր կանխորոշել, քան դպրոցական հանձնարարությունները։

Գրականագիտությունն ընտրելով՝ որոշեցի մնալ գրականության ներսում. այն մեծագույն կարևորություն ունեցող առարկա էր դարձել ինձ համար, նույնիսկ ապրելաոճ, որը դրդեց ինձ թափանցելու Ֆլոբերի կամ Վիրջինիա Վուլֆի վեպերի մեջ և բառացիորեն ապրել դրանք։ Գրականությունը յուրատեսակ մայրցամաք էր, որն անգիտակցաբար հակադրում էի ինձ շրջապատող հասարակական աշխարհին։ Եվ գրելն ինձ համար ոչ այլ ինչ էր, քան իրականության փոխակերպման հնարավորություն։

Երկու կամ երեք հրատարակիչների՝ իմ առաջին վեպը տպագրելու մերժումը չէր (վեպ, որի միակ արժանիքը նոր ձև գտնելու փորձն էր), որ խեղդեց իմ ցանկությունն ու հպարտությունը։ Կենսական իրավիճակներն էին, որոնցում սուր կերպով զգացվում էին հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց մեջ եղած տարբերությունները, որտեղ դերերը որոշվում էին սեռով, որտեղ բեղմնականխումն արգելված էր, իսկ հղիության ընդհատումը հանցանք էր համարվում։ Ամուսնացած լինելով, երկու երեխա ունենալով, դասավանդելով և տնային գործերի համար պատասխանատվությունն ինձ վրա ամբողջությամբ կրելով՝ ամեն օր ավելի ու ավելի է հեռանում ստեղծագործական աշխատանքիցս և ազգիս վրեժն առնելու խոստումիցս։ Կաֆկայի «Դատավարություն» վեպից «Օրենքի առաջ» առակը չէի կարողանում կարդալ՝ առանց սեփական ճակատագրիս ուրվապատկերները տեսնելու․ մահանալ՝ այդպես էլ չկարողանալով անցնել դարպասները, որ հենց ի՛նձ համար էին նախատեսված, գիրքը, որ միայն ես կարող էի գրել։

Բայց այդ ամենը՝ առանց անձնական և պատմական հանգամանքները հաշվի առնելու։ Հորս մահը, որը հոգին ավանդեց արձակուրդներին տուն վերադառնալուցս երեք օր անց, դասավանդման աշխատանքս աշխատավոր դասի ուսանողների հետ, որոնց կյանքը նման էր իմ սեփականին, ամբողջ աշխարհով մեկ տարածվող բողոքական շարժումները դարձայն այն  գործոնները, որոնք անսպասելի և կողմնակի ճանապարհներով ինձ վերադարձրին իմ ծագման աշխարհ՝ իմ «մարդկանց» մոտ, գաղտնի և բացարձակ հրատապության հատկանիշով օժտեցին գրելու ցանկությունս։ Այլևս ակտուալ չէին իմ քսան տարեկանների պատրանքային «ոչնչի մասին խզբղոցները». այժմ անհրաժեշտ էր խորամուխ լինել անարտահայտելի ու ճնշված հիշողությանս մեջ՝ ժողովրդիս ապրելակերպի վրա լույս սփռելու: Գրել՝ հասկանալու այն արտաքին ու ներքին պատճառները, որոնք ստիպել էին հեռանալ իմ ակունքներից։

Գրի ոչ մի տեսակ ինքնին ակնհայտ չէ։ Բայց նրանք, ովքեր ներգաղթյալներ լինելով՝ այլևս իրենց ծնողների լեզվով չեն խոսում, և նրանք, ովքեր իրենց սոցիալական դասից հեռացած լինելով այլևս չեն տիրապետում նույն լեզվին, ուրիշ բառերով են մտածում և ինքնարտահայտվում, հավելյալ արգելքների են հանդիպում: Երկընտրանք։ Նրանք իսկապես դժվարություններ են ունենում, նույնիսկ անկարող են լինում գրելու ձեռքբերովի, գերիշխող լեզվով, որը յուրացրել են և որով հիանում են գեղարվեստական ստեղծագործություններում, այն ամենով, ինչ  նրանց ծագման աշխարհն է, այն նախնական աշխարհը՝ բաղկացած զգացմունքներից և բառերից, որոնք նկարագրում են ամենօրյա կյանքը, աշխատանքը, մարդու տեղը հասարակության մեջ։ Մի կողմից դա այն լեզուն է, որով նրանք սովորել են իրերն իրենց անուններով կոչել՝ իրենց կոպտությամբ ու  լռությամբ, ինչպես, օրինակ, մոր և որդու միջև եղած մտերմական հարաբերությունները Ալբեր Կամյուի՝ «Այոյի և ոչի միջև» շատ գեղեցիկ տեքստում։ Մյուս կողմից՝ դրանք հիացմունքի առարկա դարձած, յուրացված ստեղծագործությունների մոդելներն են, որոնք բացել են այդ նախնական աշխարհը, և որին պարտական են իրենց բարձրացման համար, որոնք երբեմն նույնիսկ իրենց իրական հայրենիքն են համարել։ Իմոնց թվում էին Ֆլոբերը, Պրուստը, Վիրջինիա Վուլֆը։ Նրանցից ոչ ոք ոչ մի կերպ չօգնեց ինձ, երբ վերադարձա ստեղծագործական աշխատանքիս։ Ստիպված էի վերջ տալ «լավ գրելուն» և գեղեցիկ նախադասություններին (հենց նրանց, որոնցով գրել էի սովորեցնում ուսանողներիս), որպեսզի դուրս բերեի, հասկանայի և արմատախիլ անեի ճեղքվածքը, որ կար ներսումս։ Այն, ինչ ինքնաբերաբար ծնվեց ներսումս, լեզվի աղմկալի բողոք էր, զայրույթ և ծաղրանք, նույնիսկ կոպտություն էր փոխանցում․ լիառատության ապստամբ լեզու, որը հաճախ գործածում են նվաստացվածներն ու խոցվածները՝ իբրև իրենց միակ պատասխան ուրիշների արհամարհանքի, ամոթի և ամոթի զգացման պատճառով ապրած ամոթի մասին հիշողություններին։

Նույն կերպ միանգամից ինքնին ակնհայտ թվաց (այն աստիճան, որ սկսելու ուրիշ եղանակ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել) հասարակական գոյությանս մեջ տեղի ունեցած ճեղքվածքս այն կարգավիճակի հետ կապելը, որի մեջ հայտնվել էի ուսանող ժամանակ, գարշելի կարգավիճակի, որին Ֆրանսիան դեռ շարունակում էր դատապարտել կանանց, խուլ նրբանցնքների աբորտ անողների ձեռքով հղիության գաղտնի ընդհատմումները փնտրելու անհրաժեշտության հետ։ Եվ ուզում էի նկարագրել, թե ինչ էր կատարվել դստերս մարմնի հետ, գրել հաճույքի բացահայտման, դաշտանային ցիկլի մասին։ Եվ այդպես այդ ժամանակ դեռ չգիտակցելով՝ այդ առաջին գիրքը՝ հրատարակված 1974 թվականին, որոշում է բնագավառը, որում ստեղծագործելու էի, միաժամանակ և՛ հասարակական, և՛ ֆեմինիստական բնագավառում։ Ժողովրդիս վրեժն առնելն ու սեռիս համար վրեժ լուծելն այդ պահից սկսած նույն բանն էր լինելու։

Ինչպե՞ս կարելի է խորհել կյանքի մասին՝ առանց գրելու մասին խորհելու։ Առանց ցանկանալու իմանալ` արդյոք գրելը ամրապնդումո՞ւմ, թե՞ քանդում է արարածների և առարկաների մասին ընդունված, ներաշխարհի մաս դարձած պատկերացումները։ Մի՞թե ապստամբ գիրն իր բռնությամբ և ծաղրանքով չէր արտացոլում գերիշխողի վերաբերմունքը: Երբ ընթերցողը մշակութային  արտոնյալ է,  նա պահպանում է նույն պարտադրող և նվաստացուցիչ հայացքը գրքի կերպարի նկատմամբ, ինչպես իրական կյանքում: Այդ պատճառով, ի սկզբանե, որպեսզի խուսափեի հորս (ում պատմությունը պատրաստվում էի պատմել) վրա սևեռված հայացքից, որն անտանելի և ըստ իս՝ դավաճանական կլիներ, չորրորդ գրքիցս սկսած ընտրեցի  չեզոք, օբյեկտիվ ստեղծագործական ոճ ՝ «միապաղաղ» այն առումով, որ այնտեղ չկային ո՛չ փոխաբերություններ, ո՛չ հույզերի նշաններ։ Բռնություն այլևս չէր ցուցադրվում. այն գալիս էր փաստերից, ոչ թե գրվածքից։ Անկախ թեմայի ընտրությունից՝ բառերի որոնումը, որոնք և՛ իրականություն, և՛ իրականության առաջացած զգայություն կփոխանցեին,  եղել և մինչ օրս մնում են գրելու իմ մշտական մտահոգությունը։

Ինձ անհրաժեշտ էր շարունակել ասել «ես»։ Գրական կենցաղում առաջին դեմքը (այն մեկը, որի շնորհիվ գոյություն ենք ունենում լեզուների մեծամասնության մեջ այն պահից սկսած, ինչ սովորում ենք խոսել, մինչև մահ) հաճախ նարցիսիստական է համարվում, երբ խոսքը հեղինակի մասին է գնում, այլ ոչ թե մտացածին «ես»-ի։ Հարկ է հիշել, որ «ես»-ը, որը մինչև հիմա հուշագրություններում մարտական սխրագործությունների մասին պատմող ազնվականների արտոնությունն է, Ֆրանսիայում տասնութերորդ դարի ժողովրդավարական նվաճումն էր, անհատների հավասարության և իրենց պատմության սուբյեկտը լիելու իրավունքի հաստատումը, ինչպես պնդում էր Ժան-Ժակ Ռուսոն իր «Խոստովանություն» աշխատության այդ առաջին նախաբանում․ «Եվ թող ոչ ոք չառարկի, որ ժողովրդի մարդ լինելով՝ այնպիսի ասելիք չունեմ, որ արժանի լինի ընթերցողների ուշադրությանը․․․ Ինչ անհայտության մեջ էլ որ ապրեի, եթե ավելի շատ և ավելի լավ մտածեի, քան Թագավորները, իմ հոգու պատմությունն ավելի հետաքրքիր կլիներ, քան նրանցը»։

Պլեբեյական հպարտությունը չէր մղում ինձ (թեև այդ ասելով․․․), այլ «ես»-ն օգտագործելու ցանկությունը՝ և՛ արական, և՛ իգական՝ իբրև հետազոտական գործիք, որը սահմանում է զգայությունները․ զգայություններ, որոնք հիշողությունը թաղել է,  որոնք շրջակա աշխարհը միշտ և ամենուրեք շարունակում է պարգևել։ Զգայության նախադրյալն ինձ համար հետազոտությանս վավերականության և՛ ուղեցույցը, և՛ երաշխիքն է դարձել։ Բայց ի՞նչ նպատակով։ Կյանքիս պատմությունը պատմելու կամ դրա գաղտնիքներից ազատվելու համար չէ, այլ ապրած իրավիճակը, իրադարձությունը, ռոմանտիկ հարաբերությունները վերծանելու համար և դրանով իսկ բացահայտելու համար այն, ինչ միայն ստեղծագործական աշխատանքը կարող է կյանքի կոչել և գուցե ուրիշների գիտակցությանն ու հիշողություններին փոխանցել։ Ո՞վ կարող է ասել, թե սերը, ցավը և վիշտը, ամոթի զգացումը համընդհանուր չեն։ Վիկտոր Հյուգոն գրում էր․ «Մեզնից ոչ ոք պատիվ չունի ապրելու կյանքով, որ միայն իրեն է պատկանում»։ Բայց քանի որ ամեն բան անհատական ռեժիմով է անողոքաբար ապրվում (դա ինձ հետ է կատարվում), դրանք այդ նույն կերպ կարելի է կարդալ, միայն եթե գրքի «ես»-ը որոշակի առումով թափանցիկ դառնա, իսկ ընթերցողի «ես»-ը գա այն գրավելու։ Այլ կերպ ասած՝ եթե այդ «ես»-ը դառնում է անդրանձնային։

Ահա թե ինչպես էի պատկերացնում գրելու իմ հանձնառությունը, որը  «ծառայում է» ոչ թե ընթերցողների համար գրելուն, այլ   «առաջնորդվում է» կնոջ և իմ ներքին ներգաղթյալի փորձից, իմ ապրած տարիների շարունակական հիշողություններից և ներկայից՝ ուրիշների խոսքերի և կերպարների անսպառ աղբյուրից։ Այս պարտավորությունը, որը ես ստանձնել եմ  գրավոր կերպով կատարելու,  հիմնված է համոզմունք դարձած այն հավատի վրա, որ գիրքը կարող է նպաստել անձնական կյանքի փոփոխությանը, օգնել խախտել ապրած և ճնշված  փորձառությունների մենությունը, և թույլ տալ մարդկանց վերաիմաստավորել իրենց։ Երբ անարտահայտելիի արտաբերվում է, այն դառնում է քաղաքական։

Այսօր մենք դա տեսնում ենք   կանանց ապստամբության մեջ, որոնք բառեր են գտել՝ ընդվզելու տղամարդկային իշխանության դեմ. ովքեր ոտքի են կանգնել, ինչպես Իրանում՝ ըմբոստանալով դրա ամենաարխայիկ ձևի դեմ։ Ժողովրդավարական պետությունում ստեղծագործելով՝ այնուամենայնիվ շարունակում եմ ինքս ինձ հարցնել, թե ի՞նչ տեղ են զբաղեցնում կանայք գրական ասպարեզում։ Նրանք դեռ լեգիտիմություն չեն ձեռք բերել որպես գրավոր աշխատություն ստեղծողներ: Աշխարհում կան տղամարդիկ, ներառյալ նաև արևմտյան ինտելեկտուալ բնագավառներում, որոնց համար կանանց գրած գրքերն ուղղակի գոյություն չունեն և  չեն մեջբերվում: Իմ աշխատանքի ճանաչումը Շվեդական ակադեմիայի կողմից հույսի նշան է բոլոր կին գրողների համար։

Սոցիալական անարտահայտելի, դասակարգի և/կամ ռասայի և նաև սեռի հետ կապված գերիշխանության լույսի ներքո, որոնք զգում են միայն այն մարդիկ, որոնց ուղղակիորեն ուղղված է այդ ալիքը, ոչ միայն անհատական, այլև կոլեկտիվ էմանսիպացիայի հնարավորություն ի հայտ գալիս: Վերծանել իրական աշխարհը՝ մերկացնելով այն տեսլականներից և արժեքներից, որ կրում է լեզուն, բոլոր լեզուները, նշանակում է խաթարել նրա կարգ, խախտել  հիերարխիաները։

Բայց ես չեմ շփոթում  գրական գրության այս քաղաքական գործողութունը, որը պետք է ընդունվի ընթերցողի կողմից, իմ այն  դիրքորոշումների  հետ, որ ստիպված եմ ընդունել իրադարձությունների, հակամարտությունների և գաղափարների առնչությամբ: Ես մեծացել եմ հետպատերազմյան սերնդում, որտեղ ակնհայտ էր, որ գրողները և մտավորականները դիրքավորվում են ֆրանսիական քաղաքականությանը հակընդեմ և ներգրավվում սոցիալական պայքարի մեջ: Այսօր արդեն դժվար է ասել, թե արդյոք ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր՝ առանց նրանց խոսքի և ստանձնած պարտավորությունների: Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվության աղբյուրների բազմազանությունը և  պատկերներն ուրիշով փոխարինելու արագությունը որոշակի ձևի հանդեպ անտարբերություն են ստեղծում, սեփական արվեստիդ վրա կենտրոնանալը գայթակղություն է։  Բայց միևնույն ժամանակ  Եվրոպայում վերելք է ապրում նահանջի ու փակման գաղափարախոսությունը, որը դեռևս քողարկված է Ռուսաստանի միապետի դեմ  իմպերիալիստական պատերազմի բռնությամբ, որը անշեղորեն տարածվում է և առաջադիմում է ժողովրդավարական երկներում: Օտարերկրացիների և ներգաղթյալների բացառման, տնտեսապես թույլերի մերժման, կանացի մարմնի հանդեպ հսկողության սահմանման վրա հիմնված այդ գաղափարախոսությունը ծայրահեղ զգոնություն է պահանջում ինձնից և բոլոր նրանցից, որոնց համար մարդկային գոյության արժեքավորությունը միշտ և ամենուրեք նույն է:  Ինչ վերաբերում է մոլորակի փրկության ծանրությանը, որը մեծապես վնասվել է տնտեսական տերությունների ախորժակից, ապա այն չի կարող ծանրանալ, ինչպես պետք է վախենալ, նրանց վրա, ովքեր արդեն իսկ ունեզրկված են։ Լռությունը, պատմության որոշակի պահերին, տեղին չէ։

Հնարավոր գրական մրցանակներից բարձրագույնն ինձ շնորհելով՝ պայծառ լույս եք սփռում այն աշխատանքի վրա, որ գրողական աշխատանք և անձնական հետազոտությունների հանրագումար է և որ ծնվել է միայնության և տարակուսանքի մեջ: Այդ լույսը չի կուրացրել ինձ։ Ինձ շնորհված Նոբելյան մրցանակը չեմ դիտարկում որպես անձնական հաղթանակ։ Ո՛չ հպարտությունից, ո՛չ էլ համեստությունից ելնելով չէ, որ այն որոշակի առումով որպես կոլեկտիվ հաղթանակ եմ դիտարկում։ Հպարտությունս կիսում եմ նրանց հետ, ովքեր այսպես թե այնպես ավելի մեծ ազատության, հավասարության և արժանապատվության հույս են տածում բոլոր մարդկանց համար՝ անկախ սեռից կամ գենդերից, մաշկի գույնից և մշակույթից, բոլոր նրանց, ովքեր մտածում են ապագա սերունդների մասին՝ պաշտպանելով Երկիրը, որը վնասվում է փոքրաթիվ մարդկանց շահույթ ստանալու ախորժակից և էլ ավելի քիչ ապրելի դառնում մնացած բնակչության համար: Եթե ​​ես հետ նայեմ իմ ցեղից վրեժ լուծելու քսան տարեկանում տված խոստմանը, չեմ կարող ասել՝ իրականացրել եմ այն:

Երբ հետ եմ նայում իմ ժողովրդին քսան տարի առաջ տրված վրիժառությանս խոստմանը, դժվարանում եմ ասել՝ պահել եմ այն, թե ոչ։ Հենց այդ խոստումից և իմ նախնիներից՝ տղամարդկանցից և կանանցից, որոնք ծանր կյանքով էին ապրել և որն էլ նրանց մահվան պատճառն էր դարձել, ես բավականաչափ ուժ և զայրույթ ստացա՝  ցանկություն և փառասիրություն ունենալու տեղ բացել նրանց համար գրականության այն բազմաձայնության մեջ, որն ուղեկցում էր ինձ վաղուց, և հնարավորություն էր  տվել ուրիշ աշխարհների և գոյությունների հետ հարաբերակից լինել, այդ թվում՝ դրա դեմ ապստամբելու և այն փոփոխելու ցանկության: Գրանցել ձայնս որպես կին և որպես սոցիալական հեռացող գոյություն այնտեղ, որը մշտապես ներկայանում է որպես ազատագրման վայր՝ գրականություն:

[1] Ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *