Կարեն Ղարսլյան | Չորս եղանակ պանօպտիկոնում

Սահմանի բերանին
Ձեռքերս վեր բարձրացրի

Ու շոշափեցի փշալարերը
Փշաքաղության
Պարանոցն ի վար
Մինչև ոտնաթաթերը

Սահմանը խախտեց ինձ

Ինչպե՞ս ասել
«Ես սիրում եմ քեզ»
Առանց որևէ մեկի մեջբերած լինելու

Ճիշտ բառերը
Մեր լեզվի ծայրին են
Մենք շտապեցինք որսալ դրանք
Մենք խախտեցինք միմյանց լեզուների սահմաններն
Ու լղոզվեցին բոլոր իմաստները

Մենք ուզեցինք լինել

Մենք ուզեցինք լինել
Բոլորովին մենակ

Ես ու նա
Երրորդը բառն է
Պանօպտիկոնի նվազագույն ազատ միավորը
Որն անհնարին է դարձնում կատարյալ առանձնությունը
Ու անտեսելով հավանականությունը որ
Ցանկացած օրիգինալ խոսք
Գեթ թյուրմեջբերման օրինակ է
Արհամարհելով ցանկացած հակացուցում
Մենք իրար հետ արեցինք այն
Ինչ աշունն է անում ծիրանենու հետ
Հանեցինք միմյանց շորերը
Չակերտների պես
Ու մեջբերեցինք իրար
Խախտելով ուրիշի խոսքի
Վկայակոչման կետադրական բոլոր կանոնները
Ու ես ամենաերջանիկ մարդն էի
Երբ նա հայտնաբերեց
Որ իր ազատությունը չի վերջանում
Այնտեղ որտեղ իմն է սկսվում
Ու իրար մեջ
Գտանք ապաստան ինքներս մեզնից
Ու ժամանակն էր սուրում
Նույնքան արագ
Որքան Վիվալդիի տարվա եղանակների տևողությունը
Տարվա եղանակների բնական տևողության համեմատ
Ու մենք արեցինք իրար հետ այն
Ինչ գարունն է անում ծիրանենու հետ
Ինչ ամառն է անում ծիրանենու հետ
Ինչ ձմեռն է անում ծիրանենու հետ
Ու գիշերը ներկվեց
Սպիտակ

Հետո ինչպես Ներոնը
Հավերժական քաղաքի հրդեհը դիտելիս
Վայելում էինք բոլոր մեր ցանկությունների
Կիզիչ վախճանները միմյանց ոճրագործ գրկում
Մեն մի ակնթարթ միտքս բերնեբերան լցված էր
Նպատակադրությունների ու տագնապների ու
Prunus armeniaca-ների ու ազատության ու
Բառերի ու
Այլ մարդկանց
Ներառյալ իմ
Երանավետ բացակայությամբ

Կարեն Ղարսլյան, «Լեզվի ծայրին», Գրանիշ, 2022, Երևան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *