Գևորգ Համբարձումյան | (Չ)ընտրություններ

դեղին մամուլն
առաջ ընկավ
դեղին տերևներից
ու ողողում է առօրյան մրրիկի պես

քաոսը կարգավորում է կյանքը
քաոսը որոշում է կարգը

փողոցներում
տարագույն
վահանակներ
կանչում են քեզ ընտրության
արի
ճիշտը համար 7-ն է
իսկ մնացածը Գ7 են

ընտրիր

դու հեղափոխական ես
թե՞ հակա
հա՞
կա՞

չկա

դուռը սեղմած
քեզ դռանը սեղմած
ավտոբուսում
մի քիչ շունչ քաշիր
կամ ավելի ճիշտ
40-անց ծյոծի
դուխու հոտը
և դիմացիր
(ասել են՝ կփոխվի
դու ընտրիր համար 7-ին.
ասել են,
հավատում եմ)

բռունցքներ
բռունցքներ
բռունցքներ
պահել եմ
ձեռքումս ինչ-որ բան թաքցնելու պես
(հույս
հավատ
սեր
համերաշխություն
թե ինչ՞)
բռունցքդ բացում ես
ափդ նորից դատարկ է

ավա՞զ էր։

դիմացի ծառին ժպտում է
(Րաֆֆին չի)
նա է
ինքն ասաց՝ չմեռնես
ու մեռավ
չէի ուզում՝ մեռներ
բայց մեռավ
ինչ անե՞մ
«փողոցներում ծառերին կախված
օրորվում են բանաստեղծները»
ու ես օրորում եմ
ուրիշ ոչինչ անել չեմ կարող

շատ են
շատ են
ծառերը
(ավելի կանաչ Երևան)
ու ծառերից
մեկին
այդ ծառերից
մեկին
(ասես
ես
եմ
կախված)

ուզում եմ գրել
բայց ժամանակ չկա
ես դեռ պիտի ընտրեմ
համար 7-ին
չկասկածեք
ես հեղափոխական եմ
ոչ թե հակա
հեղափոխական եմ
ոչ թե հակա
-տղերք, ծխելու կա՞
հա՞
կա՞

«դեղին ժպիտ կա դեմքերին նրանց
ձեռքերին հանգած ծխախոտ…»

չկա
չեմ գտնում

բանաստեղծին

Սեպտեմբեր, 2018

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *