Տրիստան Ցարա | Դադիստական բանաստեղծություն պատրաստելու համար

Տրիստան Ցարա և Ժան Կոկտո Լուսանկարը՝ Ման Ռեյ-ի 1924թ.

Tristan Tzara / 1896-1963

Ծննդյան անունն է՝ Սամուել Ռոզենշտոկ, (ծնվել է Ռումինիայում, մահացել Փարիզում), համարվում է ռումինացի ծագումով ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ: Առավել հայտնի է որպես Դադաիստական շարժման համահիմնադիր, արվեստի նիհիլիստական հեղափոխական մի շարժում, որի նպատակը ժամանակակից քաղաքակրթության արժեքների կազմաքանդումն էր: Շարժումը ծագել է Ցյուրիխում՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, նկարիչներ Ժան Արփի, Ֆրենսիս Պիկաբիայի և Մարսել Դյուշանի ջանքերով: Ցարան գրել է Dada-ի առաջին տեքստերը՝ «Պարոն Անտիպիրինի առաջին երկնային արկածախնդրությունը» (1916) և «Քսանևհինգ» (1918) պոեմները և «Դադայի Յոթ Մանիֆեստները» (1924): Փարիզում նա բուռն գործունեություն էր ծավալում Անդրե Բրետոնի, Ֆիլիպ Սուպոյի և Լուի Արագոնի հետ՝ հասարակությանը ցնցելու և լեզվական կառուցվածքները կազմաքանդելուն ուղղված: 1930-ին, հոգնած նիհիլիզմից և քանդարարչությունից, նա միանում է իր ընկերներին՝ մասնակցելու սյուրռեալիզմի ավելի կառուցողական գործընթացներին: Ցարան շատ ժամանակ է նվիրել սյուրռեալիզմի և մարքսիզմի հաշտեցմանը և 1936-ին անդամակցում է կոմունիստական կուսակցությանը և Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ֆրանսիական դիմադրության շարժմանը: Քաղաքական պարտավորությունները նրան ավելի են մոտեցնում իր գաղափարակից ընկերներին, և նա աստիճանաբար հասունանում է իբրև քնարական բանաստեղծ: Բանաստեղծություններում արտահայտվում է նրա հոգու տառապանքը, որը տարուբերվում էր ըմբոստության և շլացումիի միջև՝ մարդկային կեցության ամենօրյա ողբերգությանն ընթերակա: Նրա հասուն շրջանի գործերն են՝ «Մոտավոր մարդը» (1931»), «Խոսել մենակ» (1950) և «Ներքին դեմքը» (1953): Դրանցում Դադայի անարխիստական խոսքերը փոխարինված են թեև ավելի բազմաբարդ, բայց մարդկայնացված լեզվով:

Իմ մթնդածության մեծաողբը

որտեղ մենք ենք ապրում՝ ժամացույցի ծաղիկները բռնկվում են կրակի պես, և փետուրներն են շուրջառում պայծառությունը հեռավոր ծծմբաբույր առավոտի,
կովերն աղի շուշաններն են լափլիզում
Որդիս
Որդիս
եկ մշտապես վերախառնենք գունապնակն աշխարհի
որն ավելի կապույտ է, քան աստղագիտությունն ու մետրոն
մենք չափազանց բարալիկ ենք
մենք բերան չունենք
մեր ոտքերը պինդ են և իրար են խփվում
մեր դեմքերն աստղերի պես անձև են
բյուրեղյա կետեր անամրապինդ՝ խանձված ռեհանի հենքին
խելացնորմունք. զիգզագաճեղքեր
հեռախոս
կռծոտել նավաթոկերը մգլած, ջրածուծ
աղեղնակամար
վեր մագլցել
աստրալ
հիշողություն
դեպի հյուսիս՝ նրա կրկնակ պտուղների միջով
ինչպես հում միս
սով կրակ արյուն

 

Դադիստական բանաստեղծություն
պատրաստելու համար

Վերցնում եք լրագիրը:
Վերցնում եք որևէ մկրատ:
Ընտրում եք այդ լրագրից մի հոդված այն չափի, ինչ ծավալի որ ձեր բանաստեղծությունն եք պատրաստել ցանկանում:
Կտրում եք հոդվածը:
Ապա խնամքով կտրատեք այս հոդվածը կազմող բառերից յուրաքանչյուրը և դրանք բոլորը դրեք մի պայուսակի մեջ:
Զգուշորեն թափահարեք:
Այնուհետև վերցրեք յուրաքանչյուր կտորտանքը մեկը մյուսի հետևից:
Բարեխղճորեն դասդասեք այն կարգով, որով նրանք դուրս են բերվել պայուսակից:
Բանաստեղծությունը նման կլինի քեզ:
Եվ ահա դուք – հմայիչ զգայունության անսահման ինքնատիպ հեղինակ եք, թեև չգնահատված գռեհիկ նախիրի կողմից:

Բուսական ծիծեռնակ

երկու ժպիտ հանդիպեցին դեմ-դիմաց
բաղձանքների անիվը իմ մանկական
արնոտ բեռը էակների սրդողած
կյանքերի մեջ մարմնավորվեց նյութական

ամպի մեջ են վարգում վիթերը ճարպիկ
և անձրևն է մկրատի տակ կտրատվում
վարսավիրը սև–ջղաձիգ լողալիս
արպեջոյի խութերին է բախ-բախվում

մեքենայի սերմնահյութում մածուցիկ
խոտն է աճում սուր ու կտրող աչքերով
մեր քնքշանքի բաժնեմասը խաբուսիկ
մահացել է՝ ծովալիքին բախվելով

ժամանակի դատաստանին սպասող
մազափնջի միջնագծով տրոհված
կտցահարված մեր ձեռքերը վեհերոտ
հաճույքների համեմունք են ծվատված

Աբստրակտ սրտի շարժանկարային օրացույց

մանրաթելերն աստեղային քո ջերմությանն են զիջում
մի լամպ կոչվում է կանաչ և տեսնում է նա
զգուշորեն ոտք դրած սեզոնը տենդի
քամին վանեց կախարդանքը գետերի
և ես նյարդը հորատեցի
սառցակալած լճի մոտ վճիտ
ես սուսերը կոտրեցի
բայց շուրջպարը պատշգամբի սեղանների
փակվում է դողից մարմարի ցնցված
նորասթափ

Հանրահռչակում՝ անհավակնոտ

Արվեստը պատրաստվում է քնել, որպեսզի նոր աշխարհ ծնվի
«ART» – թութակաբառ – DADA-յով փոխարինված,
ՊԼԵԶԻՈԶԱՎՐ, կամ թաշկինակ

Տաղանդը ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ դարձնում է
բանաստեղծին թմրանյութաբան ԱՅՍՕՐ քննադատությունը
կշռույթների նույնանմանության այլևս պահանջ չի դնում

Հիպերտրոֆիկ նկարիչների հիպերէս-
թետացված և թմրաքնեցված երեսպաշտախաղ մունետիկանման հակինթների կողմից հրահրված

ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲԵՐՔԸ EX-
ACT ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ

Անմահ երաշխիքների ձիարշավարան. չկա
այնպիսի մի բան որ կարևոր լինի, չկա թափանցիկություն
կամ արտաերևութացում-դրսևորում

ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՋԱՐԴՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
ԿՈՒՅՐ ՄԱՐԴԻԿ բարձրանում են բեմ

ՍՐՍԿԻՉԸ միայն իմ հասկանալու համար է: Ես գրում եմ, քանի որ դա է
բնական ճիշտ ճանապարհը, ինչպես որ ես միզում եմ ինչպես հիվանդանում եմ

ԱՐՎԵՍՏԻՆ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Արվեստը ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ է որը ջերմացվում է
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՄԲ միզուղիների ավազանում, հիստերիան ծնվել է
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ

Մենք փնտրում ենք
մի ուժ, որն ուղղակիորեն մաքուր սթափ է
ԵԶԱԿԻ մենք փնտրում ենք ՈՉԻՆՉ
մենք հաստատում ենք ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ յուրաքանչյուր ՎԱՅՐ-
ԿԵԱՆԻ

ինքնաբուխ ակրոբատիիզմի հակափիլիսոփայությունը

Այս պահին ես ատում եմ այն մարդուն, ով շշնջում է
ընդմիջումից առաջ – eau de Cologne –
թթվաշ թատրոն: ՈՒՐԱԽ ՔԱՄԻ

Եթե յուրաքանչյուր մարդ հակառակն է ասում, նրանից է, որ նա
իրավացի է

Պատրաստվեք մեր արյան ցայտաջերմուկի գործողությանը
– ստորջրյա կազմավորմանը վերժամանակային օդա-
սավառնակների, բջջային մետաղներ՝ համարակալված ըստ
պատկերների թռիչքի

վեր կանոններից
և դրանց վերահսկողությունից

ԳԵՂԵՑԻԿ

Այն նախատեսված չէ գաճաճ չարքերի համար
ովքեր դեռ իրենց պորտն են պաշտում

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *