Միկկո Հարվի | Դանդաղիր դռան մոտ

Դանդաղիր դռան մոտ

մ․-ի համար

 

Չեմ ուզում
նյարդային
լինես։ Գուցե
ծովափղի մասին
մտածելը կօգնի։
Տեսե՞լ ես
պինգվինների
վիդեոները,
որ պատահաբար
տրորում են
ինչ-որ
քնած ծովափղի՝
կարծելով՝
մեծ քար է։
Ծովափիղն
արթնանում է
«է՞ս ինչ էր» տեսքով
իսկ պինգվինը
տոտիկ-տոտիկ փախչում է
«կորած եմ» տեսքով։
Երբեմն զվարճալի է
անակնկալի պատահելը
դիտելը, և
ոչ միայն
զվարճալի, այլև
մի տեսակ
հրաշալի — այսինքն
երբեք
չգիտես իրականում
ինչն ինչոց է
երբ այն
աշխարհ է
գալիս։
Հետո էլ,
երբ դու ես
զարմացողը, ամենը
տարբեր է։ հատկապես
քնքուշ հոգիների համար
ինչպիսին
մենք
ենք։
Ի՞նչ
պետք է
անենք։ Վատ է
մեր սրտերի համար,
ինքդ էլ գիտես։
Հուսամ՝
ինձ նման
հաբերի կարիք
չես
ունենա։
Կարծում եմ ես
այդքան վախենում եմ
որովհետև
ագահ եմ —
ուզում եմ
պահել ամեն
ինչը մինչ աշխարհը
ցանկանում է
տանել
հեռու։ Գրողի՛
տարած։ Միասին
ունեցած ժամերի թիվը
իրականում
այնքան էլ
շատ չեն։
Խնդրո՛ւմ եմ
անհարմարությամբ
դանդաղիր դռան
մոտ
պարզապես
հեռանալու փոխարեն։
Խնդրո՛ւմ եմ
մոռացիր
շարֆդ
իմ կյանքում
և հետո վերադարձիր
հետևից։

 

Հայելու մեջ թռչող ճանճ

ոչ մի նավակայան, ոչ մի
փափուկ ծայր, էլ ոչ մի
սառցե խորհանարդ, ոչ մի շանս՝
նորմալ լինելու, լանդշաֆտում
լուսանկարելի ոչինչ չի մնացել,
ոչ մի երևակայական ընկեր՝
նստած հյուրասենյակի սեղանի մոտ
և վստահաբար ոչ մի սուպ այնտեղ,
ոչ մի ձուկ գետում,
ոչ մի հրաշք՝ ժամանող
հեռախոսազանգի տեսքով,
ոչ մի ազդանշան՝ երեխաներին
բաց պատուհանից ընկնելու վտանգների
մասին զգուշացնող,
ոչ մի ամրակազմ նավաստի,
որ պատահաբար անցնում են այնտեղով,
որ բռնեն ընկնող երեխաներին,
ոչ մի նավաստի առհասարակ,
ոչ մի լաստանավ կամ ջուր,
ծամոնի փաթաթան չի մնացել՝
ավելի փոքր ու
հաստ ծալվածքի վերածելու,
ոչ մի գունազրկված բրոնզե տախտակ՝
պատմության դասերով ծածկված,
ոչ մի պատմություն, ոչ մի հնար
գովազդները լռեցնելու։
Տեսնես կա՞ն ինչ-որ տեղեր,
ուր սերը չի աճում այնքան արագ
որքան արագ անկում է։ Տեղեր ասելով
նկատի ունեմ մարդկանց։ Եվ երբ
դու քնում ես,
հենց այդ ժամանակ է, որ ամենից
հուսահատորեն եմ զգում կարիքդ, քանզի
առանց քո աչքերը իր վրա զգալու
ողջ քաղաքն անհետանում է։

 

Իմունիտետ

Չորրոդ դասարանում
քթիդ վրա՝ հենց ամենածայրին,
մի անգամ մեկ րոպեով նստած զատիկը
լավ է։ Ջղաձգումը որ երբեմն
անում ես քթանցքներովդ
(երբ լայնացնում ես նրանց բարկացած ժամանակ)
նորմալ է։ Փաստը, որ բաց ես թողել երեկույթը,
խաբել ես ընկերներից և թեյ խմել՝
բաժակը բաժակի հետևից՝ մահճակալիդ վրա
միայնակ նստած
նորմալ է։ Բան չկա,
որ երբեք չպատասխանեցիր Գրեգորիի մեյլին։
Դու Գրեգորիի մտքի և ոչ մի անկյունում չկաս։
Քո դեմ եղած վկայությունները
մեղադրական չեն։ Նույնիսկ փոքրիկ սպիտակ
հաբերը կարող են ներվել — քանզի չգիտեին՝
ինչ էին անում։
Բայց դու․ դու գիտես։
Դո՛ւ ես տեսել՝ ինչպես են ձեռքերդ ընտրում։
Զատիկը շնորհակալ է քեզ, որ չճզմեցիր իրեն,
եղանակը, որով այս աշխարհը շնորհակալ է լինում
թռչելն է հեռու, ծառի մեջ
սաղարթախիտ, դուրս տեսադաշտից,
որտեղ այն մեռնում ու ծնվում է ու մեռնում ու ծնվում
շարունակական շրջագծով —
ի՞նչ էր այն երգի անունը։
ի՞նչ էր ամսվա անունը,
երբ դադարեցիր սիրել քեզ։
Ժամանակավորապե՞ս։
Ժամը քանի՞սն է։ Նավակը գնացե՞լ է։
Այո,
Նավակը գնացել է։
Նավակը երկար, դանդաղ
կլողա գետն ի վեր։
Հետո կվերադառնա։

 

Քամուց առաջացած ծածանք ցորենի դաշտում

Սիրում եմ մեր բնակարանի ձևը
երբ ներս եմ մտնում ու համարյա ամբողջական մթության մեջ է։ Սիրում եմ դանդաղորեն քայլելը այդ
խավարում՝ ձեռքերս առաջ պարզած՝ փորձելով չբախվել
կահույքին։ Քանի՞ բնակարանում եմ
արդեն արել սա։ Սիրել եմ
բոլորը։ Կամ էլ հավանաբար պարզապես սիրել եմ
ինչպես են կրել մթությունը, փողոցի լույսերի արծաթը՝
թափանցող ամրոցի մեջ, որ ուժեղացնում ու անհատականություն էին
հաղորդում տիրապետող խավարին։ Որտեղ որ դու ես՝
երկիր է։ Մեղմորեն հպվիր դրան,
որ կանգ առնի։ Մազերդ ամեն անգամ
բերանումս են հայտնվում՝ ասես դու լինես
ինչ-որ բանի համար կանչող – նման ծառի, որ փորձում է
խոսել քարի հետ՝
վրան կոն գցելով։ Իմ նպատակը լսելն է
բայց ձեռքերս շարունակում են քրքջալ ու հիշենցել ինձ, որ
չեմ կարող մարդ լինել երկար ժամանակ․ սա ասես հումորի վերջը լիներ,
որի առաջին կեսը բաց էի թողել։ Շատ ուշ եկա։
Սովորաբար ուշանում եմ մոտավորապես երեք տարի։
Երանի կարողանայի նստել
այդ սպիտակ, բուրմունավետ խոհանոցում ու նայել դեմքիդ,
բայց պատրաստ չէի։ Դեռ ճանապարհին էի։
Դանդաղեցի սարդի տեսարանում, որին նկատեցի
շրիշակով սողալիս։ Ձու էիր
Տապակել։ Հնարավո՞ր է փոխել
ինքներս մեզ։ Շնորհակալ եմ ինձ կիտրոնով թեյեր հյուրասիրելու համար։
Որում մեղր էիր ավելացնում։ Թեև մտածում էի, որ նման ահռելի քանակությամբ հեղուկը
անկասկած կխորտակեր միջատին, որ ինքս ինձ էի պատկերացնում․
այնուամենայնիվ բարի քայլ էր քո կողմից։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *