Դանիել Խաչատուր | Հետընթաց

Ավազ

Պառկած եմ ափին՝ ավազի պես,
Որի վրա ալիքներ են թափվում,
Որ գալիս են
Տարբեր ծայրերից,
Տարբեր ժամանակներից,
Տարբեր քամիների հետ,
Եվ տանում են ավազի հատիկներ
Ու բերում նորը,
Թողնելով իրենց թացությունը՝
Ինձ։
Բայց գիտեմ, որ,
Եթե գտնեմ մի քիչ ուժ,
Էլ չեմ լինի ավազ ափին,
Կլինեմ հենց ալիքը,
Թե ուզեմ,
Կլինեմ քամին,
Ալիքներ ստեղծողը,
Կլինեմ ծովափն ամբողջ,
Ջինջ ու խաղաղ,
Երանության ցողով,
Մորս նկարագրած մեղմաղի բույրով։
Հորիզոնը կլինեմ
Ու ներսումս արևներ կպահեմ։
Եթե գտնեմ մի քիչ ուժ…

 

Հետընթացք

Թող չարթնանա գիշերը։
Ես երգում եմ գիշերվա կեսին՝
Բակի ճոճանակին նստած,
Ճռռոցի ու զանազան բլոճների ձայնակցությամբ։
Զգույշ.
Թող չլուսանա։
Վազում եմ

Մութ անտառի արահետով,
Մոտակայքում շնագայլերի ոռնոց է լսվում,
Լուսինի լույսը թույլ ուրվագծեր է թողնում
Ու ստվերներ գցում վրաս։
Ես զգում եմ,
Որ սրտիցս
մի ծանր քար է պոկվում,
Եվ մազերիս ծայրերից
սարսուռներ են դուրս գալիս:
Թող չարթնանա գիշերը…
Լույսը կբացվի,
Եվ իմ սրտից նոր քարեր կկախվեն,
Կհիշեմ,
որ ազատ չեմ,
Կվերադառնամ
Մի տեղ,
Որն ամեն անգամ պատրաստվում եմ լքել…
Ես դա կարող եմ։
Մի օր (երևի)։
Ես ուզում եմ մնալ անտառներում,
Վազել այս դաշտերով,
Ուր չկան պատեր,
Որ կկանչեն իրենց գիրկը ծեփվելու։
Թողնել,
Որ տարածությունն ինձ փոքրացնի,
Զգալ,
Որ իմ քարերը թեթևանում են,
Ես շնչում եմ,
Ու չվախենալ
շնագայլերի կեր դառնալուց։
Չեմ ուզում,
Որ լուսանա։
Ես երջանիկ եմ,
Ես լքել եմ,
Ես հեռացել եմ։
Շնագայլերի ոռնոցն ընդհատվում է,
Եվ երկինքը մանուշակագույն է դառնում։
Չեմ ուզում։

 

Օգոստոս

Երկինքը
պարուրում է լեռնագագաթները,
Ամպերը
հպվում են շենքի տանիքին,
Հովը խառնում է իրար
դաշտի խոտերը,
Եվ ես ծակծկոց եմ զգում ոտքերիս,
Ներքևում
այծեր են արածում։
Երկինքը
փարվում է լեռնագագաթներին,
Ես զգում եմ՝
ինչպես եմ սիրահարվում։
Արևը կարմիր հետքեր է թողնում
վրաս,
Ես չեմ ջերմանում,
Սիրելիս,
Ես այրվում եմ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *