Էլլա Կանեգարիան | Դեղին աղջիկն ու կորած ժպիտը

Հեքիաթ չմեծացած մեծերի համար ու մոլորվածների, ովքեր այդպես էլ չեն գտել իրենց տեղը մեծ քաղաքում

Մեծ մետաղե օձը ֆշշացնելով անցավ Դեղինի ոտքերի մոտով:
Երկար ու փոշոտ օձ: Տարիների աշխատանքից հոգնած, բայց հանգստի չգնացող օձ:
Սեփական ընթացքի արագությունից ծերացած օձ:

Գնացքն էր. տնքտնքացնելով դանդաղեցրեց իր ընթացքն ու բարձր ֆշշացնելով՝ կանգ առավ կտրուկ ու ջղայն:

Ֆշշոցը հրավեր էր: Հոգնած ու քրտինքի մեջ կորած գնացքն ուժ չուներ ավելորդ քաղաքավարությունների ու խոսքերի՝ ավելի սիրուն ու մարդամոտ հրավերների համար: Նա կարող էր մենակ ֆշշացնելով ազդարարել սեփական ներկայությունն ու հրավիրել ներս նրանց, ովքեր տեղ ունեն գնալու, նրանց, ում ճանապարհը պարզ է, նրանց, ովքեր չգիտեն՝ ինչ են ուզում անել, բայց գոնե գիտի, թե ուր են ուզում գնալ:
Նրանք, ովքեր առհասարակ չգիտեն,թե ուր են ուզում գնալ, գնացքին չեն հետաքրքրում:
Նա հստակ ճանապարհ ու հստակ վերջնակետ ունի, բայց նրա նպատակը շարժումն է:

Դեղինը բարակ քայլելով մոտեցավ գնացքին ու հարցաքննող հայացքով նայեց նրա մետաղյա մեծությանը: Գնացքն էդ հայացքից լարվեց.

Ինչ ես չափչփում, տգեղ ա էդպես նայելը, հատկապես ես հիմա մի քիչ գիրացել եմ, լարվում եմ էդ հայացքներից:

Կներեք, ես զուտ, ուզում էի, ծանոթանալ, հա ուզում էի …

Լավ, կարևոր չի, նստի, հա բարև համ էլ…իսկ ո՞ւր ենք գնում:

Ահհ…մմմ, ամենավերջին կետը: Ես գնում եմ ձեր ամենավերջին կետը:

Իսկ ես գնում եմ Ծով, ես գնում եմ ծով…դա ա իմ ամենավերջին կետը:

Աաա, լավ, բայց Ես լողալ չգիտեմ:

Էդ քեզ չի խանգարի գնալ ծով, ինձ էլ չի խանգարի քեզ էնտեղ տանել:

Ծովում պարտադի՞ր է լողալը:

Պարտադիր բան չկա, բացի շնչելուց ,ազիզ. քայլի, նայի ծովին, ինչ խնդիր …խնդիր չեմ տեսնում:

Իսկ եթե ուզեմ ջուրը մտնել:

Դե…մի մտի, կամ լողալ սովորի, կամ հասկացի, որ ջուրը չես կառավարի, մարմինդ կարող ես մենակ ու սովորի մարմինդ կառավարել:

Ես վախենում եմ, որ էդքան ուժեղ չեմ, որ մարմինս կառավարեմ…կարողանայի չէի զարթնի առանց ժպիտ…անգամ դա չկարողացա պահել, կորցրեցի:

Ապուշություն, այսինքն կորցրեցիր…չի լինում նման բան:

Բայց իմ հետ եղավ, ես անժպիտ եմ, հիմա գնում եմ այն փնտրելու…կարող ա Ծովում գտնեմ ինչ որ կորցրել եմ:

Ասում եմ էլի՝ ապուշություն…չունես դու խնդիր, բան էլ չի կորել՝ տրամադրել ես քեզ, բայց էդ կարևոր չի, նստի արդեն գնում ենք: Ծով հասնենք, քեզ կիջացնեմ…հուսով եմ ճանապարհին կհասկանաս, որ ասածդ ապուշություն ա, ուղեղիդ շատ ես զոռ տվել, ժպիտ կորցնել չի լինի:

Ինչի, եթե դա իսկականից այդպե՞ս է: Ես իսկականից ժպիտս կորցրել եմ:

Կարող ա՝ հա, բայց կարող ա՝ չէ, ամեն ինչ գլխումդ է, ազիզ, բայց անգամ դա էլ խնդիր չի… եթե կարող ես ձևակերպել՝ ինչն ա քեզ անհանգստացնում, ուրեմն լուծել էլ կկարողանաս, բայց եթե չես ձևակերպում, ուրեմն փախնում ես,- ասաց գնացքն ու տեղից պոկվեց՝ տանելով Դեղինին հետը: Դեղինը դեռ չէր նկատել, որ նրանք արդեն շարժվել են, բայց հենց գնացքն ավելի ուժեղ սլացավ, զգաց, որ էլ քաղաքում չէ:

Ինչի՞ց եմ փախնում:

Ինքդ քեզնից, ուրիշ դառնալուց, Մեծանալուց, ես շատ գիդեմ, դու կիմանաս:

Ես էլ չգիտեմ:

Չէ, մենք ամեն ինչ ու միշտ գիտենք, ուղղակի մեկ մեկ դրսի աղմուկն էնքան շատ ա, որ չենք լսում թե ինչ գիտենք:

Բա դրսի աղմուկը ե՞րբ կպակասի:

Երբեք էլ չի պակասում, պարզապես պետք ա սովորես այն ներս չթողնել,- շարունակեց գնացքն ու էլ ավելի արագացրեց իր ընթացքը՝ փորձելով կտրել Դեղինի տխուր ձայնը:

Դեղինը նայում էր լուսամուտից դուրս՝ նայում էր՝ ոնց է քաղաքը գնալով ավելի ու ավելի լղոզվում, կորցնում իր սահմաններն ու ձուլվում լույսի հետ ու ձայների: Աղմուկը նաև ձև ունի ու էդ ձևը հիմա պատուհանից այն կողմ նայում էր Դեղինին, փորձում պահել նրան, կպնել նրան ու հետ բերել իր սահմանների մեջ, բայց Դեղինը պինդ փակում է պատուհանն ու հայացքով ցտեսություն ասում լղոզված քաղաքին, աղմուկին ու այն ամենին, ինչն այլևս երբեք չէր ուզում տեսնել:

Գնացքը արագացրեց իր ընթացքն ու Դեղինը քնեց, արագության մեջ նա գտավ իր հանգիստն ու մտովի պոկվելով քաղաքից՝ անջատեց ուղեղն ու վերջապես հանգավ:

Գնացքը շարունակում էր ընթանալ՝ պոկվելով այնտեղից, որտեղից եկել էր ու գնալով այնտեղ, որտեղ նրան միգուցե սպասում էին, բայց փաստացի գնացքն արդեն էլ ո՛չ առաջին տեղում էր, ո՛չ էլ դեռ երկրորդ, այն ուղղակի արանքում էր, որտեղ կար մենակ շարժում ու էն, ինչը իր կարծիքով շատ նման էր ազատությանը՝ անձևակերպ ու չպարտադրող ընթացք:

Գնացքն արագացրեց իր շարժն ու մոտեցավ այնտեղ, որտեղից իր ու իր ներսում նստածների անձևակերպ ազատությունը կմոտենար ավարտին և ուղևորները կվերածվեին քաղաքացիների՝ կանանց ու տղամարդկանց, որոնցից ամեն մեկն ունի պարտավորություններ, նպատակներ ու վախեր…սա իրենց վերջին րոպեներն էին…որպես ուղևոր, որի միակ նպատակ ընթանալն էր:

Գնացքը կանգնեց: Ցուցանակը ծռված դեպի ներքև ասում էր՝ ԾՈՎ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *