Երվանդ Վարդանյան | Դոկտոր Դետուշը կրակում է

Երվանդ վարդանյանՓոքրիկ հրեշտակներ էին պտտվում կիսաբաց աչքերիս առաջ, երբ ինձ տուն բերեցին ու քարշ տալով մտցրին սենյակ։ Հետո դրանք կանգնում էին մորս ջրոտ այտերի վրա ու սուլում էին , ճչում… Քշեցի նրանց՝ ավելի ուժգին գոռալով։ Նրանք անհետացան, հավաքվեցին կնոջ փարթամ մազերի մեջ՝ ոսկեգույն երանգ տալով դրանց ու չքվեցին: Մնացի սենյակում մենակ, պառկեցի: Հանկարծ ինչ-որ մեկը փորիս իջեցրեց կապարե ձեռքը իսկ մեկ ուրիշը փակեց բերանս։ Խփողը չեչոտ քիթը մոտեցրեց բերանիս, օդ ներշնչեց, ապա հանգստությամբ դատարկեց այն, գլխով արեց մյուսին, որը դեմքիցս հեռացրեց կոշտ-կոպիտ ձեռքերը։ «Պատրա՛ստ է»,- ձայնեց չեչոտը,- էլ չի գոռա»,- ես ակամա հասկացա, թե ինչ է կատարվում։ Տեսա անկողնուս կողքին դրված աթոռները, որոնց մեջտեղում՝ թզուկ սեղանի վրա, ալիքվում էր Վիսկին`5 լիտրանոց շշի մեջ: Ես ձեզ ճանաչում եմ, ավելի ճիշտ՝ ձեզանից մեկին եմ ես ճանաչում, իսկ մյուսին սիրում։
-Հա՜, ես էլ` քեզ պես,- ձայնեց չեչոտը,- ինքս ինձ ճանաչում եմ, բայց իրեն եմ սիրում,-ու սկսեց հռհռալ:
Այն մեկը, ում սիրում էինք ես ու չեչոտը, հանկարծ զսպանակի պես պոկվեց տեղից ու սկսեց պտտվել սենյակով մեկ, ծանր հոգոց հանեց։ Մատնածայրերը ջղային տատնվում էին, աջուձախ խփվում, ասես անտեսանելի նվագախումբ էին ղեկավարում թմրող կիսամութի մեջ։
-Ի՞նձ, իսկ գիտեի՞ք, որ ինձնից ավելի շատ նողկում են, քան սիրում։ Վերջերս դանիական բանտում մի սպա ինձ ապտակեց, թքեց վրաս, հետո էլ ասաց՝ «Գնա գրողի ծոցը, Հիտլերի՛ քած»։ Փարիզում, գիտե՞ք, սյուրռյալիստների հայրիկը ի՛նչ ասաց ինձ։ Ասաց, որ ես չունեմ տաղանդ, որ միքանի տող կարդալուց հետո նողկանք ապրեց ։ Իսկ այն մեկը, այն, որ Նոբելյան պետք է ստանար, բոլորի մոտ պահանջում էր, որ հանգիստ թողնեմ իրենց, որ ես իբր հակահրեա առնետի մեկն եմ… Ու այդպես , ամեն օր փոշոտ Փարիզը ցեխ էր շպրտում վրաս։ ես սկսեցի սիրել բոլորին ու ատել ինձ, իսկ Դո՞ւք, ես չեմ հավատում ձեզ, ես միայն իմ շներին եմ հավատում, իմ շներին, միայն նրանց…
Ես ոտքի կանգնեցի, մոտեցա նրան ու խնդրեցի, որ թույլ տա համբուրել ձեռքը։ Նա ծիծաղեց, ապա առաջ մեկնեց ձեռքը, հավելելով ` քո մեղքերը ներված են։ Անսպասելիորեն չեչոտը վերցրեց սեղանին դրված շիշը, խռչակը յոթ անգամ բարձրացավ- իջավ։ Հետո նա չխկոցով փակեց դուռը ու դուրս գնաց՝ քթի տակ ինչ-որ բան մրթմռթալով։ «Քեզ սիրո~ւմ են, իսկական տղերքը քեզ սիրո~ւմ են, շա’ն քած»,- գոռաց միջանցքից, որին հետևեց մի չրխկոց։ Հավանաբար մուտքի դուռը փակվեց։ Մնացի մենակ նրա հետ։
-Մսյո ՛ Դետուշ, է~յ, մսյո՛ Դետուշ, կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք այստեղ։ Չէ՞ որ Դուք ոչ ոքի հետ չէիք շփվում, ոչ ոքի չէիք ուզում տեսնել։ Ո՞նց ստացվեց, որ եկաք այստեղ։
Նա կարծես ոչինչ չէր լսում, միայն ձեռքերն էր այսուայն կողմ շպրտում ու լեզուն նավաղեկի պես պտտեցնում ճաքճքած շուրթերի վրայով:
-Ե՞ս եկա այստեղ, ե՞ս եկա։ Ո՛չ, ինձ բերեց այն չեչոտ դեմքով տգեղ կենդանին, քարշ տվեց ինձ այստեղ։ Սկզբից ասում էր, որ իմ մասին վեպ է գրել և ուզում է քննարկել։ Մի քանի թերթ կարդաց, թափելու բան էր։ Մեկ էլ ուրախացավ, հրճվեց, թե դա պետք է նշվի… Ինքն անասելի ուրախ էր աղբ ստեղծելու համար։ Բացեց սառնարանը՝ ոչինչ չկար։ «Գիտեմ, թե որտեղից կճարենք», -հայտարարեց ու բերեց այստեղ…
Բայց չէ՞որ սա չի կարող իրականություն լինել, Լուի՛։ Դուք մահացել եք, արդեն վաղուց չկաք, ես ձեզ ռուսերենով չեմ էլ ճարել։ Ձեր մասին բոլորը լռում են, Դուք երազ եք:
Դետուշը երկու ձեռքով խառնեց մազերս, ապա ափերը իրարից հեռացնելով՝ ձախուաջից ուժգին ապտակ հասցրեց դեմքիս։ Կարծես չէր էլ նկատել, որ արանքում միս կա։ Հրեցի նրան, ընկավ մահճակալի վրա ու սկսեց խոսել, բա՜րձր, բա՜րձր , զրնգան ձայնով.
-Պատմությունը գրում են հաղթողները։ Հաղթողները գրում են նաև պարտվողների մասին, իսկ պարտվողները լռում են, լռում մինչև մահ։ Ձայն հանողին վառում են, մոխիր սարքում… Իմ ողջ կյանքը տանուլ է տրված։ Ես միշտ պարտվողների հետ եմ եղել, ամեն օր ծնվել եմ ու հարազատ փողոցի վրա հերթով շարված բոլոր կրպակների կործանումն եմ տեսել… մեռնող զինվորների լացը… Ինքդ էլ գիտես՝ ի՞նչ է մեռնող զինվորի լացը… Դրա ձայնը մի անգամ լսողը հավերժ պարտված է։ Բժի՛շկ… Ինչի՞ համար: Սիֆիլիսով հիվանդ16 տարեկան երեխա, կրծքագեղձի ուռուցքով հղի կին: Չդիմացա, կոտրվեցի, փախա… Հասա մինչև մթության ծայրը, այնտեղ, ուր խավարը հանդիպում է լույսին։ Կանգնեցի բաժանարար գծին ու մահս վարկով տվեցի Աստծուն։ Նա վերցրեց, չեմուչում չարեց, վերցրեց ու ասաց, որ պետք է գնամ քաղաքից քաղաք, Ամրոցից ամրոց, աշխատեմ զօրուգիշեր, քրտինքս պետք է խառնեմ ջրի հետ, մարմինս՝ հողի, որպեսզի կարողնամ հետ գնել մահս… Ու ես գնացի։ Ճանպարհին տեսա ամեն ինչ։ Տեսա, թե ինչպես են դասախոսները պատմում սուտը, ինչպես են բանտերում ու օղու բաժակների մեջ խեղդվում անմեղները, ոնց են բոլորն իրար հետևից չքանում, կարծես չեն էլ եղել։ Անհետանում են քաղաքները որտեղով ես անցնում էի, ժանտախտ էի դառնում բոլորի համար։ Հուսահատվել էի, չէի ուզում տեղիցս շարժվել։ «Թքած, թո՛ղ պահի իր մոտ, եթե այդքան ուզում է»,-մտածում էի,- մեկ էլ նա իր կապույտ տարածության միջից փչում էր, ու ես փետուրի պես թռչում էի Հյուսիս։ Այնտեղ, ուր սառույցը երբեք ջուր չի դառնում, այնտեղ, ուր արձագանքները բառերից շատ են։ Մենակ չէի ես, ինձ հետ երեքն էլ կային՝ երկու մարդ, մի կատու։ Քայլում էինք անապատով, կարիճների ու օձերի վրայով։ Նրանք վախենում էին կատվից, դրա համար էլ չկծեցին մեզ։ Հասանք մի տեղ, ուր լսվում էր ծանոթ երաժշտություն, այնքան ուժգին, որ անկախ քեզնից մարմինդ սկսում էր շարժվել… Տրվեցինք հոսանքին, այլևս ոչինչ չկար անելու։ Անդունդի եզրին էինք, ու մեզ միայն դա էր մնում՝ պարե՜լ, ինքնամոռա՜ց պարել ու ցա՛ծ նետվել։ Զգում էի, որ վաստակել եմ մահս, որ արդեն կարող եմ կյանքս վարկով տալ ցանկացողին։
Ռեդիգոն , անունը Ռեդիգոն էր, մեզ հետ խառնված մարդիկ այդպես ասեցին։ Նրանք շատ էին, շա՜տ- շա՜տ… Այնուհետև երաժշտությունը լռեց։ Տեսա, թե ինչպես քունքիս քսվելով փամփուշտը՝ պայթեցրեց թռվռացող երիտասարդի գանգը՝ դը՜մփ, դը՜մփ… Երեք կողմից՝ անընդհատ։ Ոչինչ չեղավ ինձ, ես տեղիցս չշարժվեցի, իսկ մյուսները՝ անհաշի՜վ, անչա՜փ, ամե՜ն տարիքի՝ մեկից մինչև հարյուրը… փախա՜ն, լցվեցի՜ն… Կրակոցները դադարեցին, հայացքս թեքեցի ու շարժվեցի առաջ, անդունդը լցվել էր դիակներով, հեշտությամբ անցա, ձեռքիցս ընկավ գրիչը, այո՛, այո՛, հենց այն մեկը, որով ստորագրել էի վարկի տակ…
Նա լռեց, բերանից փրփուր էր կաթում, ակնագնդերի վրա գետերի ցանցը վարարել էր. մի քանիսը դուրս էին եկել ափերից՝ լճանալով կոպերի տակ… Բիբերի միջով կայծակներ անցան, շնչառությունը կտրվեց… 20- րդ դարի Ֆրանսիական գրականության ամենատաղանդավոր ու հակասական գրողը մեռավ 67 տարեկան հասակում, գրիչը ձեռքին , «Ռեդիգոնի» վերջին տողը արդեն գրած։ «le mond»-ն ու «figaro»-ն գրեցին դրա մասին։ Ոմանք նրան դրեցին Արթուր Ռեմբոյի կողքին, ոմանք մտցրեցին գերեզման… Մեկը գրեց, որ պետք չէ համեմատել նրան Կաֆկայի ու Ջոյսի հետ, որ նրա մեծ հաշվով ոչ մի նորություն չի բերել։ Մեկ ուրիշը գրեց, որ Լուի Ֆերդինանդ Սելիլինն իր ստեղծածով ապացուցեց, որ գրականությունն անմահ է, որ այն կա թե՛ պատրազմից առաջ և թե՛ հետո, ոչ մի ատոմային ռումբ ու համաճարակ չի կարող կանխել նրա ընթացքը… Մի խոսքով, շատ բան գրվեց ու քննարկվեց դոկտոր Դետուշի մասին, նրան նորից մի լավ հիշեցին:
Դիահերձարանում սպիտակ խալաթավորը , նշտարը վարժ սահեցրեց փորի վրայով , ձեռքը մցրեց ճեղքի մեջ դուս հանեց կծկված երիկամները, ուշադիր նայեց`մի ձեռքից մյուսը գցելով, թղթի վրա ինչոր բան գրեց, ապա հանեց մյուս օրգաները խնամքով դասավորեց տոպրակի մեջ, հոտո դիակը մտցրին սառնարան… Խիրուրգը, որը ծանոթ էր Ֆերդինանդի գործերին, ուշադիր նայում էր իրար գլխի լցված փորոտիքի կապտականաչ գունավորմանը ու մտածում, որ այս մարդը գրականության մեջ արեց այն ինչ, որ ինքը նրա օրգաների հետ, ճղեց պատռեց արտաքին փառը, դուրս հանելով ներքինը, իսկականը, մեղվաբջջիջը, սթափություն, վերին աստիճանի սթափություն է պետք այդ գործի համար…
Հետո սենյակը, որտեղ շունչը փչեց գրողը, հանկարծ լցվեց մարդկանցով, որոնց դեմքերը ճանաչում էի։
Ահա մոտենում է իռլանդացու մեկենասը և համբուրում նրա ճակատը, ապա Հենրին է սառած ձեռքերի մեջ խցկում հերթական նամակը, որի պատասխանը նույն է լինելու ինչ մյուսներինը` ոչի՛նչ, հետո առաջ են գալիս Բիտնիկներն ու խոնարվում նրա առաջ… Ամենավերջում, երբ մարդկանց հոսքը վերջացավ, դիակին մոտեցավ Չեչոտը, վերցրեց սեղանի վրայի շիշը, մոտեցրեց դողդղացող շուրթերին, լսվեց կրակոց, ապակին փշրվեց, օդում պտտվելով՝ պարունակությունը թափվեց գետնին:
Կրակողը դոկտոր Դետուշն էր։

Share Button

1 Կարծիք

  • ՆԱՆԵ says:

    Ինտելկտուալ առումով հագեցած էր,էսթետիկական հաճուք ստացա …
    Կփորձեմ Սելին գտնել, կամ ատրճանակ 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *