Գևորգ Թումանյան | Ձմեռ պապը

Էս պատմությունն ինձ մի քանի անգամ պատմել է ինձ ոչ շատ ծանոթ ծանոթներիցս մեկը: Պատմել է բացարձակապես մեռելտներում, ամռան շոգ օրերին, գյումրեցի մեր գրողների նախահուղարակավորության օրերին։ Մեր քիչ թե շատ նշանակալից գրողները որոշում են հիմնականում ամռանը մահանալ, ինքն էլ ձմեռները Ռուսաստանում է՝ ընտանիքի մոտ։ Ես նրան` ծանոթիս, մեռելտներից էլ հենց գիտեմ, ասում են` գրող է ու դրամատուրգ, նաև դերասան է ու ռեժիսոր, նաև թարգմանություններ է անում, կարծեմ` կատալոներենից: Երկարշարժից առաջ Գյումրիում լիքը էժան ու մատչելի սրճարաններ, գարեջրատներ ու ռեստորաններ կային, ու գրողները, նկարիչները, դերասանները և իրենց արվեստագետ համարողները ոչ միայն մեռելտներում էին հանդիպում իրար, այլ հենց այդ վերոնշայլ բոհեմիկ կյանքը ապահովող վայրերում:
Ոչ մի պիես նրանից չեմ կարդացել, խաղը չեմ տեսել, բեմադրած ներկայացումներից գաղափար չունեմ և չեմ կարող ասել` շնորհք ունեցող գրո՞ղ է, դերասա՞ն է, թե՞ ռեժիսոր է: Բայց զգում եմ, որ, հաստատապես, երեքից ոչ մեկն էլ չէ, մի տեսակ գրողի ու արտիստի դեմք ու դիմագիծ, նույնիսկ կազմվածք չունի, ակնոցավոր այդ դեմքը ոչ մի հույզ ու միտք չի արթնացնում այն ուսումնասիրողի, մանավանդ` ինձ պես զննողի մոտ, գրողին սազական ո’չ խորիմաստ տառապանք է դրոշմված այնտեղ, ո’չ էլ դերասանին վայել ողբերգական հմայք: Մի խոսքով, նա գյումրեցի Վուդի Ալենը չի կարող լինել:
Ամեն անգամ նոր ու հին ունկնդիրներին պատմելիս` ինձ էլ մտերմավարի դիմում է՝ Գև ջան, լսե, թե 2000-ականներին, Երևանում, նոր տարվա շեմին, ինչղ ընձի տրաքցրին, բայց ես էլ իմս էրեցի: Գիտեմ, որ փակբերան ես և ստեղ-ընդեղ չես պատմի: Ամեն անգամ ես գլխով տմտմբացնելով հավաստիացնում եմ, որ չեմ պատմի, ու պատմության վերջում էլ միշտ խորհուրդ եմ տալիս, որ պատմածը հետաքրքիր պատմվածք կլինի, ինքն էլ ամեն անգամ առարկում է, իբր թե` շատ ընտիր կարճամետրաժ ֆիլմ կէղնի:
Ես նաև զգում եմ, որ ծանոթս, որի անունը պայմանականորեն դնենք Օնիկ, իր պատմածը ոչ կդարձնի պատմվածք, ոչ էլ` ֆիլմ: Ու հիմա, նրա փոխարեն ես եմ գրում էս անեկդոտ-պատմվածքը` ոչ գեղարվեստական հայհոյանքները բաց թողնելով, տեղ-տեղ նոր դետալներ ավելացնելով, տեղ-տեղ ասելիքը մի քիչ մեղմացնելով, ու նաև վստահ եմ, որ էս պատմությունը կարդացողներն ինձ պես փակբերան են ու այստեղ-այնտեղ չեն տարածի 50 տոկոսով հորինովի էս եղելությունը և Օնիկին շատ չեն վնասի:
2001 թիվն էր. կինս չէր աշխատի, էրեխեքս փոքր էին, վարձով կմնայինք, ծերը ծերին չէի հասցնե: Դեկտեմբերի վերջերն էին, նոր տարվա համար հեչ բան չէի առել: Հույս էլ չունեի՝ թե ինչ-որ տեղից փող կճարեմ: Թատրոնից ստանալիք չնչին աշխատավարձս էլ անձեռնմխելի էր` բդի վճարեի կոմունալների ու վարձով տան փողը: Մի քանի օր էլ մե գործըմ կմտմտայի, բայց ռիսկ չէի էնե իրագործե: 31-ի առավոտը ուսանողական ընկերս զանգեց, թե կուզե՞ս փող աշխատիս, մեր տղերքից մեկը ոտքն է ջարդել ու գիշերը թոթոլ մի ընտանիքից պատվեր ունի, 20 հազար դրամ քեզ փող կտան, 15 հազարը` քեզ, 5-ը կտաս ոտքը ջարդածին: Ես ուրախությունից վեր-վեր թռնելով համաձայնվեցի, հասցեն գրեցի ու չմոռացա նաև ընկերոջս հետ ռիսկային գործիս մասին մի երկու բան խոսելը: Ըսավ` հետդ վերցրու, մի բան կմտածեմ:
Թատրոնից վերցրի ձմեռ պապու շորերը, բամբակից մազ-մորուքը, գլխարկը, գլխարկի մեջ դրեցի ռիսկային առարկան, ու էդ ամեն ինչը զգուշորեն մաշված ուսանողական սումկիս մեջ դնելով` գնացի ավտոկայարան: Պատվերից հետո բդի հանդիպեի ընկերոջս, մոտինս իրեն տայի ու իրա ավտոյով բդի հետ գայի Լենինական:
Հասցեն Նորքի երրորդ մասիվում էր` հիվանդանոցի մոտերը: Ճամփին հագա ու կպցրեցի Ձմեռ պապու էղած-չէղածը, մոտինս վախվխելով դրեցի սումկես, ապահով տեղ պահեցի ու մեկ անգամ էլ կրկնելով խոսքերս` գնացի շենքի ուղղությամբ:
12-ին քիչ էր մնացել, ու էրեխեքը արդեն սկսել էին շուրջբոլորը տրաքցնելը ու պայթեցնելը: Հանկարծ գոռացին` Ձմեռ պապը, ու մե 10-15 էրեխա հետևիցս վազելով էկան ու սկսեցին գմփուցիկները վրես ու ոտներիս տակ գցելը: Լեղապատառ, վառվելով, խանձվելով, մխալով, իրեք անգամ ցեխոտ փոսերի մեջ ընկնել-ելնելով ու թունդ քիֆուրս կապելով` մտա շենք: Յանի ընձի կարգի բերի, ակնոցիս շուշեքը սրբի ու դռան զանգը տվի: Զարմանքից քար կտրած տանտերը լսելով գլխիս էկածը` սկսեցին ընձնով զբաղվել: Ցեխակոլոլ գլխարկս ու կարմիր քուրքս մի քանի տեղից վառվել ու սևցել էին` մաքրեցին, կարկատեցին. բեղ-մորուքը դեմքիս չէր նստի, բամբակները անդուր խանձահոտ ունեին` փոխեցին. այլայլված դեմքիս կրեմ քսեցին: Իրեք բաժակ օղի էլ սրտիս քաշելով ու շնորհակալությունս հայտնելով` կես ժամ անընդմեջ սկսեցի շնորհավորանքներս ու տան էրեխանցը հանելուկներ ու ոտանավորներ ըսելը: Տան տղամարդը, էրածս գործից գոհ, պռոշներս պաչեց ու բուռս խոթեց մի 5 և երկու 10 հազարանոցներ: Ես նորից շնորհակալություն հայտնելով` ուրախ-զվարթ, չարաբաստիկ պայթեցվելս համարյա մոռանալով` շենքից դուրս էկա:
Նորքի կինոթատրոնի մոտից սումկես վերցի ու որպես ձմեռ պապ սկսեցի տաքսի բռնել` մտածելով որ էդ ձև ավելի հեշտ ու շուտ կէղնի: Հինգ րոպե էլ դեռ չէր անցել, երբ կողքս մի ջիպ կանգնավ: Ապակին իջավ և մինչև վերջին խազը լակած շոֆերը իր 6-7 տարեկան տղուն, որ մոր գիրկն էր նստել` ընձի ցույց տալով երկու անգամ գռմռաց (այստեղ հայհոյանքներն ու սեռական բնույթի առաջարկներն արձակագիր ընկերոջս խորհուրդով բաց եմ թողնում. նա ասաց, որ գեղարվեստորեն չի մարսվի). «Տես, չնթռլո Ձմեռ պապ է, կշռե՞ս էս ախմախի վրա։ Հը, արա, համաձա՞յն ես, 5 հազար դրամ կտամ»: Վերջին հարց-առաջարկությունն ընձի էր ուղղված: Էրեխեն իր հերթին ինչ-որ բան գռմռաց, ես կմկմալով ըսեցի` հա, համաձայն եմ, հմի. ձեռս մտցրի սումկես, հանեցի ամբողջ ճամփին ռիսկային փայփայածս, կալցոն վրայից պոկեցի ու գցի ուղիղ ավտոյի մեջ… ու փախա, ու թռա փողոցի բետոնից սարքած սալերի հետևը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *