Հենրիկ Էդոյան | Էլեգիկ մտորումներ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Մի կողմ դիր զրահներդ

Ինչը դու կորցրել ես՝ քոնը չէ ամենևին, քոնն է այն, ինչը նորից վերագտնում ես: Կորուստը
քեզ չի թողնում, դու նրա ցանցում ես:
Մեղքն ինչպես մեդուզա
փաթաթվել է քեզ: Խայթոցը համբույր չէ, ոչ էլ
գազազած լուսինն է
քո սերը: Ազատվիր նշաններից:
Նման եղիր նրան,
ով զրահներ չունի: Քոնն է այն, ինչ գտնում ես
քո նոր երազի մեջ, և նա քեզ կգտնի
վերջնականապես:

Մի կողմ դիր զրահներդ:

 

Պատահար

Կյանքը ինչպես մի կին պառկած էր կողքիդ, գլուխը
ձեռքիդ վրա:
Դու սիրել ես նրան, բայց նա
քոնը չեղավ: Մի անգամ, միասին, պառկած
կողք կողքի, առանձին, առանձին:
Նրա սառն աչքերը նայում էին մարմարափայլ
գայթակղությամբ:
Բայց նա քոնը չեղավ Երբեք
քոնը չեղավ:

 

Էլեգիկ մտորումներ

Մի ձայն ասում է – Քո տունը կարգի բեր:
Մի նկար` «Տղան մոր հետ», ստիպում է արտասվել:
Կապն աշխարհի հետ գնալով ընդհատվում է:
Կույրը մատներով
հաշվում է բացվածքները, շոշափում ոսկորները
և գլուխն է շարժում: Պոետների սիրտը
կրծքավանդակից ուրիշ տեղ է անցել, մարմնի մի այլ
մասում: Աշնան օրը կիսամերկ դողում է ցրտից,
իսկ դերձակները անցած ժամանակի
հագուստն են ձևում: Միայն կույրն է անցնում –
տեղից չշարժվելով: Քանի՞ ռումբ է պայթել հրապարակներում,
քանի՞ արևներ են բռնկվել
երկնքում, բայց երազը նույնն է, քունը՝ մշտական:
Շնորհից առաջ Աստված կուրացնում է և հետո միայն
դարձնում պայծառատես: Մի նկար – «Տղան մոր հետ» –
ստիպում է արտասվել: Այսքան ռեստորաններ
և ոչ մի եկեղեցի – (ասում էր
բանաստեղծը): Այսքան կուրություն
և ոչ մի պայծառացում: «Քո տունը կարգի բեր» –
ասում է մի ձայն: Բայց որտե՜ղ է տունը, որ նա
չի գտնում: Ո՞վ է ժամանակից
հանել ապագան: Այնտեղից՝ ոչ մի ձայն, անցյալից՝
ոչ մի շշուկ: Հուզմունքը
տեղ չունի, սոսկ փորձն է դիմադրում:
«Ես տուն եմ շտապում,- ասում էր անցորդը,- քո հարցին
հաջորդ անգամ կպատասխանեմ»: Փողոցը
ավարտվում է: Ոչ մի փոփոխություն,
թեև ամեն ինչ փոխվում է շուրջդ: Շունը դեռևս
տաք տեղ է ընտրում (ըստ բանաստեղծի):
Կյանքը ապակի է, որ կոտրվում է
թեթև հարվածից: Բայց ուր էլ լինես՝ լուսինը
զ հետ է, դու երբեք մենակ չես:
Լուսինն էլ մենակ չէ: Դու կյանքդ
մոռացել ես, բայց երազներդ լուսնի հետ
միշտ քեզ հետ են: Ձեռք մի’ տուր տիեզերքի
ծառերին փշատերև: Բոլոր պտուղները
քեզ համար արգելված են, բացի մի պտուղից,
բայց գուցե դրանից դու պիտի
կործանվես, չարգելված պտուղից:
Վերևում ամեն ինչ այնպես չի դասավորված,
ինչպես թվում է: Տասներկու հրեշտակներ
աստղերի սխալն են փորձում սրբագրել: Աստղեր
սխալը մեզ մահ է պարտադրել:
Այսքան հավերժություն –
և ո՛չ մի կեսօր: Այսքան անվերջություն – և ո՛չ մի
ոտնատեղ: Այսքան գեղեցկություն –
և ո՛չ մի մերկ հոգի:
Մի՛ մոտեցիր ինձ: Ես դեռ պատրաստ չեմ:
Փաթված թիկնոցիս մեջ
գնում եմ ընդառաջ չոր քամուն, չոր աստղերին:

 

Կոնտրապունկտ

Անցյալը մարդունն է, ապագան՝ Աստծունը,
ներկան այն վայրն է, ուր երկու աշխարհները
շփվում են իրար, կայծեր արձակում:
Պատկերը չքանում է նրա լույսի մեջ,
որն ընկնում է շփոթված մի դեմքի վրա:
Աստված՝ անցյալի մեջ, մարդը՝ ապագայի:
Բարձրացրո՛ւ գլուխդ –
աստղեր և տանիքներ,
նոր ծնվող մի արև, ինչպես մի երիտասարդ,
որ գնում է առաջին
ժամադրության: Ինչպես կեսօրին
մոտեցող առավոտ: Առաջին բառի պես,
երբ վերջին բառերը դեռևս չգիտես:

 

Երրորդություն

Հրաշքն ինքը մենակ հավատ չի ստեղծում
պետք է խոսքեր լինեն նրան համարժեք,
խոսքերն իրենք էլ
կենդանանում են միայն խոսողի մեջ,
խոսողը՝ խոսքերի, խոսքերը՝ գործերի,
իրար հետ, միասին, Սուրբ
Երրորդություն,
կարուսել երկնային
Աստծու Որդի, նվիրյալ՝ խոսքին ու գործերին,
վերևից ներքև, ներքևից՝
վերև, բոլորովին ուրիշ
համաստեղություն
քարտեզի վրա
երկնքի:

 

Քեզ ո՞վ է ձեռք տալու

Նոր ձայներ՝ քաղաքում, նոր դեմքեր՝ փողոցներում,
իշխանություններն իրար են հաջորդում
ինչպես բառերը, որոնց փոփոխումից
նախադասության իմաստը չի փոխվում:
Ամեն ինչ նույնն է: Հինավուրց երկիր,
ճահճի մեջ բռնված մի թռչունի պես, քեզ ո՞վ է ձեռք տալու,
քեզ ո՞վ դուրս կհանի
դարերի նկուղից, ուր հանգչում է ամեն
մտահղացում,
գայլերի ոհմակից: Ի՞նչ ձայներ են հասնում քո ականջներին:
Դժոխքի պարունակներ, ճշմարտության վիրավորված
դարաշրջաններ, եղծված
մարգարեներ, ի՞նչ ստվերներ են թափառում
քո շուրջը, արհեստական լույսի գիպսե
ուրվականներ, ե՞րբ ղու պիտի ապրես քո Տաճարի
անձեռակերտ
կամարների տակ, ուր չկա հանգստություն:

 

Նույն պահին, նույն վայրում

Արմատներին՝ հողը, ճյուղերին՝ օդը.
իսկ ծառի համար որն է գլխավորը,
վերևից, ներքևից, թևերը տարածած, ո՞վ է
կանչում նրան
դեպի վեր, դեպի լույս, մինչդեռ արմատները
դեպի հողն են ձգտում, դեպի մթություն: Որտե՞ղ փնտրել
կենտրոնը նրա կեցության:
Ո՞ր կետին մատդ դնես, որպեսզի
նա խոսի, դեպի օդը՝ վերև, դեպի հողը՝ ներքև:
Նրա ճյուղերի մեջ քամին իր համար
մարմին է հյուսում, հետո՝ կոտրվում,
բաժանվում, անհետանում,
միաժամանակ վերև ու ներքև, երկու հակադիր
ուղղություններով, նույն պահին, նույն վայրում,
մահվան ու հարության մեջ:

 

***
Որպեսզի սերն ապրի՝ նրանք բաժանվեցին
Սերը մնաց, բայց նրանք
ժամանակի մեջ անցան, ավարտվեցին:
Եվ սերը երազ դարձավ:
Նրանք վերադարձան մի երազի մեջ,
սերը գտան, բայց իրար
չճանաչեցին: Հետո գտան իրար, բայց սերը
կորցրին: Եվ հողը ծածկեց նրանց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *