2025-ի հունիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների ու աշխատարանների ծրագրի շրջանակում Աշոտ Ստեփանյանը Կողբում վարեց «Կայծակնային արձակ» աշխատարանը։ Ուսանողները խորացան արագ, խտացված ստեղծագրության առանձնահատկությունների մեջ՝ սովորելով դրամատիկ ու կայծակնային ավարտել իրենց սկսած աշխատանքը։
Դասընթացի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է մեկ շնչով կարդացվող պատմության մեջ ստեղծել ամբողջական աշխարհ, կերպար և տրամադրություն։
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները՝ անկեղծ, անմիջական և ստեղծագործական առաջին փորձերը, որոնք լավագույնս արտացոլում են երիտասարդ ուսանողների երևակայությունը։
Արթուր Ղարախանյան, 18 տ., գ. Կողբ
Ես Արթուր Ղարախանյանն եմ, 18 տարեկան։ Վաղուց եմ հետաքրքրված գրականությամբ, նկարչությամբ և ընդհանրապես արվեստով։ Ֆլեշ ֆիկշոնը բավականին հարմար գրելու տեսակ է․ առանց ավելորդ «ջրի» պատմությունը, երևի թե, ընթերցողի համար միաժամանակ և՛ ամենապարզն է, և՛ ամենաբարդը։
Երբ քաղաք էի գալիս, պապիս հետ դուրս էի գալիս, ման էի գալիս՝ ցերեկ, գիշեր, համարյա ամեն օր։ Գնում էր, ժամերով կարող էր քայլել։ Զբոսանքի հետ մեկտեղ սիգարետ կամ «Մարս» էր առնում։ Սիգարետի հետ թեյի բաժակով սուրճ էր խմում։ Թունդ նախաճաշ էր։ Օրվա ընթացքում «Մարսն» էր ուտում, սիրում էր էդ կոնֆետը։ Սիրում էր նաև սմետանա ուտել։ Հեշտ ծամվող էին, կուլ գնացող։ Չգիտեմ՝ որքանով մարսվող էր։
Փոքր ժամանակ ինձ թվում էր՝ ընտիր է․ համ կոնֆետ, համ քաղցր կոֆե։ Մենակ սմետանան էր, որ ինձ էդքան էլ դուր չէր գալիս։ Շատ անգամներ պապիս ասում էի․
– Ես էլ գամ հետդ էլի։
– Արի՛ դե, իրար հետ գնանք։
Մի անգամ ուշ էինք եկել տուն։ Տատս շատ ջղայնացավ մեր վրա, ավելի շատ՝ պապի վրա։
– Օլեգ, առանց ասելու խի՞ ես տարել էրեխեքին։
Ինչքան հիշում եմ, հավես էր անցնում։ Ամեն մի ծակուծուկը տեսնում էի պապի հետ։
– Սրանցից ո՞րն ես ուզում։
– «Կիտ Կատ»-ը։
Սիգարետի հետ էդ էլ էր ինձ առնում։ Երևի դրա համար էի սիրում քաղաք գնալ էն ժամանակ։
Էսօր էլ եկեղեցուց իջնում էի։ Մութ էր ահագին։ Մտածում էի՝ արժե բարձրանալ, նկարել։ Բայց էս անգամ ոչ մեկ չխոսեց վրաս։ Էս անգամ ավելի մութ էր։ Էս անգամ մենակ էի։
Նստած ես դատարկության մեջ։ Լսվում է միայն քո խռպոտ, խորխոտ, ծանր շունչը։ Բութ մատը բերանում՝ նայում ես դիմացդ դրված հայելուն։
Կներեք… ներեք… ներել…
Սպիտա՞կ է։ Մոխրագո՞ւյն է։ Ս՞ևևևևև։ Լռություն է։
Ինչքա՞ն եմ կրծել եղունգներս։ Քանի՞ անգամ։
Վառածի հոտ է գալիս։ Վառած փայտի։ Սուր հոտ։ Տհաճ հոտ։ Կպչուն հոտ։ Հոտ։
Ուզում էի, ուզում էի… Մենակ… մենակ երևի չլինեմ։ Երևի…
Դզմզում ես ճերմակ կարճաթևը՝ կեղտոտ, պատռված։ Ձեռքով քսում, ուղղում, փորձում մաքրել։
Ջուր կա՞… ջուր… ջուր տվեք…
Բերանում չորացած՝ լեզվով դիպչում ես նույնքան չորացած շրթունքներին։ Ասես փորձում ես չորությունը փոխարինել խոնավությամբ։
Մեկ, երկու, երեք… չէ, սխալ հաշվեցի… մեկ, երկու, երե…
Սկսեցիր խփել հայելուն։ Հերիք է։ Կոտրված է։ Հայելին էլ է կոտրված։ Մազերդ էլ։ Աչքերդ էլ։ Քիթդ էլ։ Ձեռքդ էլ։ Ոտքդ էլ։ Մատներդ էլ։ Ծնոտդ էլ։ Թոքերդ էլ։ Սիրտդ էլ։ Դու էլ։ Քեզ նայելուց ինձ էի հիշում։ Ե՞ս եմ…
Առաստաղ։ Առաջս առաստաղ է։ Արագ-արագ աչքերս թարթում եմ։ Չեմ ուզում մարմինս շարժեմ։ Թող այսպես էլ մնա։ Վերմակը տաք է։ Հարմարավետ։ Ջերմություն կա նրա մեջ։ Վեր կենամ՝ ջերմությունը կկորչի։ Կմրսեմ։
Հանգիստ-հանգիստ շնչում եմ, արտաշնչում՝ դանդաղ-դանդաղ։ Թարթում եմ աչքերս՝ կայծեր են առաջս։ Բոց։ Կրակ։ Ամեն մի կայծիկը գեղեցիկ է, մանր-մանր։ Ուզում եմ բռնել, զգամ։ Բայց չեմ ուզում։ Թող էսպես մնա։
Շունչն եմ լսում։ Ի՞մ։ Թե՞ չէ։ Բզզում է ականջիս։ Մոծա՞կ։ Շատ են էս սեզոնին։ Աչքերիս առաջ սևանում է։ Չէ, մի մասն է սև։ Ոնց-որ կանգնած լինի մեկը առաջս։ Մթնո՞ւմ է։ Բայց նոր է լույսը բացվել։
Մեկը մտավ սենյակ։ Մաման՞։ Էս ի՞նչ է եղել։ Ինչի՞ ես ինձ սենց նայում։ Մտահոգված ես շատ։ Ինչի՞ ես թափահարում։ Խնդրում եմ՝ մի արա։
Բա էդ սև սիլուետը ինչի՞ է առաջս։ Ինքն է ու մայրս։ Ես ու մայրս։ Մայրս։
Շունչս…
արագ եմ շնչում… արագ եմ թարթում… արագ…
