Հայկ Համբարձումյան | Կինո՝ փրկության անհնարինության ու երջանկության խութերի մասին

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ`
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…
Եղիշե Չարենց. «Նավզիկե»

Հոմերոսի «Ոդիսականից» ու մեզ նաև Եղիշե Չարենցի չքնաղ պոեմից հայտնի` երջանիկ, ապա աստվածների կողմից իրենց մարդասիրության համար պատժվող փեակների ու նրանց արքայադուստր Նավզիկեի առասպելն իր խորհրդավոր հմայքով ինչպես հեռավոր էպիկական ժամանակներում, այնպես էլ այսօր շարունակում է հուզել ու հարցեր առաջադրել. ինչո՞ւ են երանելի և աստվածային համարվող փեակները պատժվում նավաբեկյալներին օգնելու համար, ինչո՞ւ աստվածները չեն հանդուրժում մարդկանց երջանկությունը, ո՞րն է ընդհանրապես երջանկության գինը:
Թեմատիկ առումով` վեպ արտագաղթի, գուցե գործազրկության, հանրային ընդվզումների, կամ բարոյահոգեբանական արատավոր մթնոլորտի, հանցագործության, նաև հայրենիքից հեռու ինքնության պահպանության խնդիրների մասին: Թվարկյալ բոլոր արդիական ու կարևոր թեմաներն էլ կարելի է թերևս գտնել Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտությունը» վեպում, սակայն դրանք լոկ գոյության հավերժական պատումի ժամանակային ու ժամանակավոր հանգրվաններ են: Իսկ խորքում կյանքի ու գրականության վերժամանակային ու անփոփոխ հարցեր են:
Վեպում ժամանակակից իրականությունը ներկայացնող դիպաշարը նրբորեն միահյուսվում է հոմերոսյան էպիկական պատումի մոտիվներին` երջանկության փնտրում, փախուստ կարծեցյալ դժոխքից թվացյալ դրախտ, մեղք` ծնված երջանիկ լինելու ցանկությունից և հատուցում` երջանկության ճանապարհին խարխափող մարդկանց օգնելու համար: Հայաստանի ու Շվեդիայի, հին ու նոր իրականությունների միջև երկատված հերոսներ և նրանց հոգեբանական երկվությանը համապատասխան գեղարվեստական արտահայտչամիջոցներ. փոքր կադր-գլուխների հերթագայումներ, ընդհատվող դիպաշար, իր ընտանիքի պատմության աստիճանական բացահայտման միջոցով ինքնությունը փնտրող հերոսուհի, հուշերի, երազների, զառանցանքների ու իրականության բարդ համադրություններ:
Որպես նախատեսվող ֆիլմի սցենար՝ 20-ամյա աղջկա անունից շարադրվող պատումն ընդմիջվում է նրա մոր օրագրային գրառումներով, որտեղ Սկալդինա-Նարեն անցյալի վերականգնմամբ փորձում է գտնել ներկա դժբախտության արմատները և խելագարվում սեփական մեղքի գիտակցումից, մտքից, որ զգում էր, բայց չկանխեց կործանումը. «Ա՜յ թե մի քիչ շուտ իմանայի, որ փրկելով ոչ միայն չեն փրկում, այլև կրակն են ընկնում: Ոնց որ էն փեակների երջանիկ ցեղը: Ցեղ էին էլի, երջանի՜կ-երջանիկ ապրում էին էս արևի տակ ու «մարդկանց անվտանգ ուղեկցում ամենուրեք», հին հունական ջրերով ողողված իրենց կղզում վայելում էին երկնքի ու երկրի սերը, ու՞մ էին խանգարում, թող մի ցեղ էլ երջանիկ ապրեր էս աշխարհում՝ մարդկանց փրկության ճամփա ցույց տալով, դրանից ի՞նչ կպակասեր Հադեսում»:
Դրվագ առ դրվագ, կադր առ կադր սկսելով մեղքից, ապա անցնելով սիրո ու երջանկության տեսարաններով` պատումը հանգում եղբայրասպան ոճրի` հիշեցնելով նախապես ծրագրավորված հանցագործության ժամանակագրություն: Հանցագործությունը հանցագործություն է ծնում, փախուստը միայն ժամանակավոր լուծում է, եթե էությամբ հանցագործ չես ու խիղճ ունես. «Ուր էլ գնաս, վերադառնում ես քեզ, ուր էլ թաքնվես, գտնում ես քեզ ու մի լավ քոթակում փափուկ տեղերդ, քանի որ քեզնից բացի էլ ո՞վ գիտի, թե ինչ շանտղություն ես արել, ում ես խաբել, ումից ես թռցրել, ում ես թալանել ու անմեղսունակ կանգնել կողքին` վիշտը փարատելով»: Գիտե՞ս` ինչ է «ինքնախարազանման պահանջը», որն անընդհատ «խուտուտ է տալիս ներսդ», ինչպես սահմանում է Նարեի ամուսին Արը: Ամեն ինչ իր գինն ունի. և′ երջանկության, և′ հանցագործության համար վաղ թե ուշ պետք է հատուցես:
Զարկերակի պես տրոփող, բացվող ու փակվող պատկերները` գունեղ, երբեմն սև ու սպիտակ, աստիճանաբար բացահայտում են թվացյալ ամբողջական ու լուսավոր պատկերի մութ անկյունները, ներքին խութերը, որոնց բախվելով հերոսները կործանվում են, քանի որ կա դրա պատճառը. «Ոնց ուզում եք` գցե´ք-բռնեք, ոնց ուզում եք` արդարացե´ք, Հովանի որոշումը կա, որովհետև լինելու պատճառ ունի: Մնում է իմանալ, թե էդ որոշումն ի կատար ածելիս սպանվողն ով է լինելու, որտեղից է գալու, որ սպանվի, երբ է հիշելու, որ մի տեղ մի բան է մոռացել ու հետ է գալու, որ տանի: Մնում է իմանալ, թե սպանվողն ինչու չի կարող չսպանվել»: Եվ ամբողջ պատումը կարծես վերածվում է պատճառների փնտրման, հոգեմաշ մեղաների, խոստովանությունների ու արդարացումների մի մեծ ու ուշացած շարանի:
Վարպետորեն կառուցվում է մի ընտանիքի պատմություն, որը շատ գաղտնիքներ ունի. հիմնվել է ուրիշի դժբախտության ու կեղծիքի վրա, սակայն երջանկության հնարավորություն է ստացել, բայց ամենակործան կիրքը կամ գործած մեղքերի համար ինքնաոչնչացմամբ հատուցելու ենթագիտակցական ձգտումը հերոսներին մղում է վերադառնալու տուն կամ անցյալ, փնտրելու ամուր հող՝ իրական երջանկություն կառուցելու համար. «Մեղքի ու մեղքաքավության արանքում մեր կյանքն է: Երանի՜ նրանց, որ մի ափից մյուսն են հասնում մահվան երեսը տեսնելուց առաջ», – խորհրդածում է հերոսը:
Յուրաքանչյուրը հայրենիքից հեռանալու իր պատճառն ունի, սակայն ընդհանուր է երջանիկ լինելու ձգտումն ու տուն կամ ինքդ քեզ վերադառնալու սրտմաշուք ցանկությունը: Եվ անցյալի ու ներկայի, նոր ու հին աշխարհների միջև երկատվող հերոսների ներաշխարհը վերականգնելու միակ ճանապարհը դառնում է ընտանիքի պատմության հյուսումը` գեղարվեստական պատումի լեզվով: Եվ աղջկա նոր ու հստակ գիրը հակադրվում է մոր խառնաշփոթ ու մահատեսիլ ձեռագրին. «Ես ամեն օր հյուսում եմ այս պատմությունը. երկար ու հաստ մազի նման բռնում ու հյուսում եմ: Մի խուրձ աջից եմ հավաքում բռանս մեջ, մի խուրձ` ձախից, իրար վրայով ու իրար տակով այնպես եմ անցկացնում, որ խրձերը մտնեն իրար մեջ, խառնվեն իրար ու պնդանան, որ նայողին թվա, թե հուլունք-հուլունք եմ գործել, ու հենց ուզի հյուսքն արձակել, մի խրձի ծայրից բռնի, թափ տա, մեր կյանքի երևացողն ու աներևույթը մազերի նման հատ-հատ բացվեն, արձակվեն ու տարածվեն անարգել», – գրում է Մանեն:
Ընտրված ոճը, վարսերի պես հյուսվող կամ հուլունքների պես շարվող մանվածապատ, երբեմն դետալիզացված պատումը, հատվածայնությունը բացառում են խոշոր ու կենտրոնական բախման հնարավորությունը, սակայն վեպի ազդեցության ուժը դրա հետևանքով չի պակասում, այլ ընդհակառակը` կաթ-կաթ, ինչպես ջուրն է տարիների ընթացքում քանդում իր ճանապարհին ամեն ինչ, երեխայի նաիվ պատմության ու վախերի նկարագրությամբ պատկերվում է ընտանեկան երջանկության դանդաղ ու աննկատ խորտակումն ու գլխավոր հերոսուհու հոգեկան աշխարհի խախտումը: Ապա շարունակության մեջ փոթորիկը հանդարտվում է, ջրերը պարզվում են, քանդվածը վերականգնվում է, և աշխարհը կառուցվում է կրկին` պատմող-հերոսուհու ներաշխարհի կայունացմանը զուգահեռ:
Կինոպատումի ընտրված ձևը կարծես կանխորոշում է վեպի ավարտը, որը, եթե «Happy end» չէ, գոնե բերում է սփոփանք, որ կինո է, կանցնի, որ դժբախտությունն էլ իր տևողությունն ունի, որ մարդը, չնայած ամեն ինչին, ձգտում է երջանկության, և կյանքը շարունակվում է: Եվ նավաբեկյալները տուն կհասնեն, քանի որ նավզիկեներ միշտ կգտնվեն և կփրկեն նրանց, չնայած ամեն ինչին, քանի որ բոլորն էլ սիրելու, երջանիկ լինելու կարիք ունեն, և սերն է արդարացումն ամենի. «Բայց եթե մի քիչ էլ շուտ իմանայի, որ փրկելով ոչ միայն չեն փրկում, այլև կրակն են ընկնում, մեկ է, էլի Արի դուռը կթակեի, քանի որ շուրթերս մեռնում էին նրա շուրթերին հասնելու ցանկությունից: Էն կրակն ի՞նչ է էս կրակի համեմատ: Մենակ էս կրակն ընկածն ինձ կհասկանա: Մի օր դու էլ կհասկանաս, Մանե´ս: Երանի՜ էդ օրը»:

Share Button

3 Կարծիք

  • Արմեն Սարգսյան says:

    Շատ լավ առաջաբան է, Հայկ ջան, կեցցես։ Առաջաբանն ինձ գրավեց և ուղղորդեց գիրքը կարդալ։ Իսկ վեպն էլ շատ սիրուն է գրված, դեռ չեմ ավարտել, բայց ոսկերչական հայերեն է. պարզ, թեթև ոճով ու լեզվով։ Դիանա Համբարձումյանին ևս շնորհավորում եմ լավ վեպի ծննդյան առիթով։

  • Դիանա Համբարձումյան says:

    Շնորհակալ եմ, Արմեն ջան:

  • Տեր Եղիշե Նուրիջանյան says:

    Հայկ ջան, մի շնչով կարդացվող նախաբան ես գրել։ Վստահ եմ, վեպն էլ նույնքան գրավիչ է լինելու։ Այնքան հաճելի է գեղեցիկ, մաքուր, գրագետ, խորունկ հայերեն խոսքի առնչվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *