Անուշ Մարգարյան | Վերարկուն գտնում է իր տիրոջը

Նվիրվում է վերարկուի անհայտ տիրոջը

Փախուստ պահարանից

Սպիտակ մորթե վերարկուն տխուր նստել էր պահարանում ու չգիտեր՝ ինչ անել: Բանալու կլոր անցքից լսել էր, որ հարուստ տիրուհին ուզում է իրեն մի աղքատ հացթուխի նվիրել, ով մի ալրոտ գոգնոցից բացի ոչինչ չուներ իրեն ծածկող: Բայց ինչու՞ է տիրուհին ուզում իրեն նվիրել: Մի՞թե ինքն այլևս նախկին գեղեցկությամբ չի փայլում, միթե՞ այլևս ոչ ոք իրեն փափուկ խոզանակով չի խնամելու և չի օծելու անուշահոտ բույրերով: Մտածեց վերարկուն ու ավելի տխրեց: Հետո ինքն իրեն մխիթարելու համար հայելում նայեց իր արտացոլանքին ու համոզվեց, որ առաջվա պես փափուկ ու գեղեցիկ է: Ուրեմն ի՞նչ կարող է պատահած լինել: Ու քանի որ հարցի պատասխանը չգիտեր ու ոչ էլ ժամանակ ուներ պարզելու, որոշեց թաքուն փախչել իր տիրուհուց: Ընդմիշտ: Նա զգուշորեն բացեց պահարանի դուռը և ծանր փեշերն ուղղեց բացված պատուհանի կողմը՝ վախենալով, որ ամեն պահ տիրուհին կարող է ներս մտնել: Եվ, իսկապես, դժվար է քաջ լինել, երբ փեշերդ այդքան ծանր են: «Այ եթե մի քիչ ուրախ լինեի,-մտածեց վերարկուն,- այսքա՜ն ծանր չէր լինի»: Ահա՜ թե ինչ, պարզվում է վերարկուները տխրությունից են ծանրանում: Դրա համար էլ նրան միշտ ուրախ ժամանակ պետք է կրել: Եվ նախքան հեռանալը, վերարկուն որոշեց մեկ անգամ էլ ստուգել պահարանը, միգուցե այնտեղ ուրախությու՞ն կա թաքցրած: Բայց իզուր: Պահարանում ոչինչ էլ չգտավ: Վերջին անգամ փորփրեց գրպանները, բայց այնտեղ էլ ոչ մի քաղցր ուրախություն չգտավ: «Դժվար է ուրախություն գտնելը, հատկապես, երբ ժամանակ չունես»,- մտածեց վերարկուն և որքան շատ մտածեց, այնքան ավելի շատ տխրեց: Բայց երբ հարևան սենյակից լսեց տիրուհու ոտնաձայնները, հիշեց, որ գնալու ժամանակն է: Տիրուհին չհասցրեց ներս մտնել, երբ վերարկուն ծանր ցատկով թռավ պահարանից՝ ուրախություն ու նոր տեր գտնելու:

Անպոչ կատուների երկիրը

Քամին նրան քշեց անպոչ կատուների երկիր: Զարմանալի է, բայց պոչավորներից նրանք առանձնապես ոչնչով չեն տարբերվում: Միայն վախենում են բարձր տեղերից ցատկել, իսկ ընդհանրապես՝ նույն ալարկոտն են: Առավոտից երեկո պարկած՝ ոչինչ չեն անում: Նախաճաշին խմում են ձկան յուղ, ճաշին՝ ուտում թարմ բանջարեղեն, իսկ ընթրիքին՝ կաթ, բայց միևնույնն է, չեն կշտանում: Ինչպես արդեն կռահեցիք՝ նրանց ճաշացանկում մուկ չկա, իսկ թե ինչու՝ հավանաբար արդեն կռահեցիք: Պարզապես նրանք չեն սիրում աշխատել, մուկ բռնել, և դա բոլորովին էլ զարմանալի չէ: Անպոչ կատուների երկրում աշխատելը ամենաձանձրալի զբաղմունքն է, և սա ոսկե տառերով գրված է երկրի ամենամեծ ցուցանակին: Դրա համար էլ պոչերից վաղուց ազատավել են, որ ավելորդ չխնամեն, կարողանան ճամփորդել ու ոչ մի տեղ չմոռանան իրենց պոչերը: Վերարկուի կոճակներն ուրախությունից փայլեցին, որովհետև նա միշտ երազել է անբան դառնալ ու դրա դիմաց ստանալ ոսկե մեդալ, ինչպես այս երկրում է ընդունված: Այ օրինակ կատուներից ամենաալարկոտը գնդապետն է, ով ունի 3 ոսկե մեդալ, ամենաանկուշտ ալարկոտը՝ չաղ գեներալը, ով ունի 2 մեծ ոսկե մեդալ: Իսկ նա, ով մի օր մլավելու փոխարեն հաչել էր, միանգամից ստացել էր 4 ոսկե մեդալ և նշանակվել դատավոր: Դե իսկ ամենաքնկոտ ու բաձր խռմփացնողը երկրի թագավորն էր, ով ուներ ամենաշատ ոսկե մեդալները: Նրա մասին շշուկով ասում էին, որ ծնվել է առյուծի փռշտոցից: Որքան էլ տարօրինակ է՝ վերարկուին դուր եկավ անպոչ կատուների երկիրը: Մտքում շարունակ կրկնելով նրանց շարժումները՝ վերարկուն որոշեց անպոչ կատու ձևանալ և սկսկեց կատվային ծամածռություններ անել, միայն թե շուտով մի հարուստ տեր գտնվեր: Կատուները հենց որ նրան նկատեցին, միանգամից խմբվեցին շուրջը:
– Ինչ ծիծաղելի կատու է, տեսեք՝ փորին գրպաններ ունի,-հանկարծ նկատեց նրանցից ամենաալարկոտը՝ վերարկուին անպոչ կատվի տեղ դնելով, ու բոլորը հանկարծ սկսկեցին ծիծաղել:
Վերարկուն փոքր ինչ շփոթված նայեց իր վրա ծիծաղող կատուներին: Հավանաբար չէր սպասում այդպիսի անշնորհք պահվածք իր հանդեպ: Միգուցե ինքն այնքան էլ ճիշտ կատվային շարժումներ չի անում, բայց կատվի պես սպիտակ, փափուկ մորթի ունի, կարգին ալակոտ է և նրանց պես քնկոտ:
– Լսի՛ր, իսկ դու համոզվա՞ծ ես, որ անպոչ կատու ես,- հանկարծ հարցրեց մի ուրիշ կատու ու դժգոհ մռռաց:
– Եթե կատու չես, ապա որտեղի՞ց քեզ այս հոյակապ մորթին,- հարցրեց մեկը ուրիշը:
Վերարկուն ոչ մի կերպ չկարողացավ արդարանալ և ամոթից փախավ այդ երկրից հեռու-հեռու: Որիշ ի՞նչ կարող էր անել: Նա իսկապես համոզվեց, որ անպոչ կատու իրենից դուրս չի գա և գնաց նոր տեր գտնելու:

Թռչող վիշապները

Վերարկուն թռավ Կարմիր քաղաքի վրայով ու տեսավ մի հարուստ վաճառականի, ով եգիպտացորենի անծայրածիր դաշտեր ուներ ու իր առատ բերքն էր վաճառում: Բայց այստեղ էլ պարզվեց, որ եգիպտացորենի դաշտերի տերը մի հարուստ պարոն է, իսկ վաճառականը՝ մի աղքատ գյուղացի: Վերարկուն չհուսալքվեց: Իր նոր տիրոջը նա ամեն տեղ փնտրեց՝ գնացքի վագոններում, քաղաքի ամենաբարձր տոնածառի տակ, շքեղ դղյակներում և նույնիսկ ամենաթանկ ռեստորաններում, որտեղ սովորաբար ընթրում են մեծահարուստները: Բայց, ափսոս, չկար նա, ում ամենից շատն էր սպասում: Իր փնտրումից հոգնած՝ նա դանդաղ իջավ ցած, որ մի քիչ հանգստանա: Օրեր շարունակ քաղաքի վրայով թռչելով՝ այդպես էլ չգտավ իրեն արժանի մի հարուստ տեր և այդ տխուր մտքից զգաց, որ ավելի է ծանրանում: Այս մտքերի մեջ էր, մեկ էլ հանկարծ մի լուսավոր բան երկնքից ցած ընկավ ուղիղ իր առջև: Ճիշտ ու ճիշտ ընկնող աստղի նման: Սկզբում մեկը, հետո մյուսը… Երբ վերջապես ընկնող կրակը շատացավ, վերարկուն մութ երկնքում հազիվ նկատեց թռչող վիշապների, ովքեր եկել էին պատերազմելու Կարմիր քաղաքի խաղաղ բնակիչների դեմ: Հասկանալով, որ քարին նստած չի կարող իր համար հանգիստ տխրել, վերարկուն շրջվեց ու վազեց ամենաապահով թաքստոցը՝ մոտակա տան նկուղը՝ հուսալով, որ շուտով ամեն բան կավարտվի: Բայց, ափսոս, պատարեզամը շուտ չավարտվեց: Չէ՞ որ վիշապների գլխում միայն կրակ է, նշանակում է՝ նրանք չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև ողջ կրակը չդատարկեն:

Կարմիր քաղաքը

Մի օր ամեն ինչ վերջացավ, ու վերակուն դուրս եկավ նկուղից: Կարմիր քաղաքից ոչինչ չէր մնացել, միայն ամենաբարձր տոնածառն էր իր տեղում քաջաբար կանգնած: Տեսավ տան ավերակներ, մարդկանց մրոտված աչքեր, հուսալքված փոքրիկների տեսավ, որ առաջ երբեք չէր տեսել: Ինքնահավան, փափուկ վերարկուն շիվարած կանգնել էր մոխրացած քաղաքի կենտրոնում ու մտածում էր կարևոր բաների մասին, որ առաջ երբեք չէր մտածել: Նա տխուր նայում էր հուսալքված մարդկանց ու կյանքում առաջին անգամ հասկանում, որ երբ փախչում էր նրանցից, կորցնում էր այն թանկ ժամանակը, որ կարող էր նրանց սիրել ու ջերմացնել: Ու նաև հասկացավ, որ ուրախությունը ոչ թե իր մորթին խնամելու մեջ է, այլ մարդկանց սիրտը ջերմացնելու: Իսկ հետո կատարվեց ամենաանսպասելին. բազմության միջից վերարկուն նկատեց մի կնոջ, ով կորցրել էր ամեն ինչ՝ տուն, ընտանիք, հարստություն, ուրախություն և այժմ աշխարհի ամենաաղքատ կինն էր: Եվ այստեղ մի անբացատրելի համոզմունքով զգաց, որ հենց նրան է այսքան ժամանակ փնտրել, այդ կարիքավոր, ցրտի ու տխրության դեմ պայքարող կնոջը: Եվ պատկերացրեք, թե որքան զարմացավ վերարկուն, երբ շնչակտուր վազելով՝ հավասարվեց նրան և հագին տեսավ այն ալրոտ գոգնոցը, որից փախել է այսքան ժամանակ: Վերջապես, երբ նրան գրկեց, երկուսի տխրությունն էլ անցավ: Եվ միայն այդ ժամանակ վերարկուն զգաց, թե ինչպես է ուրախությունից թեթևանում, և հենց այդ երջանիկ մտքից աչքերը նորից վառվեցին, ինչպես առաջ, ինչպես երկու փայլփլուն կոճակներ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *