Գայանե Ավդալյան | Ես երգում եմ, որ չհոգնեմ սպասելուց

ես ամեն գիշեր երգում եմ,
որ դու չմրսես
ու
լուսինը նույն է մնում
քո, իմ,
բոլորի պատուհաններում։
Երգում եմ, որ մարմնիցդ պլոկվող ածխացած կարոտներս չցավեն դառնությունից քո մաշկի՝
օր ու մարդիկ շնչած մաշկի,
որ իմ կեղտոտ ու անլվա լուսամուտից դուրս թռչի
ինչ-որ տխուր սիրերգ, բալլադ,
վազի փողոցներում,
թռվռա անձրևից գոյացած ցեխաջրերի մեջ,
հասնի քո կոպերին,
կախվի թարթիչներիցդ,
առանց ոտքերը մաքրելու, ցեխաշաղախ մտնի
ու երազ դառնա։
Վերջին անգամ խոստացա հարևաններիս՝
լուսնի մասին էլ ոչ մի երգ չոռնալ գիշերվա կեսին։
Հիմա պատուհանս կիսով չափ մրով եմ ներկել, որ լուսին չտեսնեմ,
մատներս չհենեմ աչքերիս,
չափեմ-չափագրեմ,
սեղմեմ ափերիս մեջ,
հետը խաղամ ապուշի նման,
վերջում էլ երգ չնվիրեմ.
հարևանները մեղք են.
հարևանները քնել են ուզում։
հա՜,պատմում էի,որ երգում եմ ամեն գիշեր,
բայց հարևանները…
Ես երգում եմ,որ որբ չմնան քո ականջները
իմ ցավերից։
ինչ-որ ժամ եմ մտածել,
տարվա մեջ միշտ նույն օրը,
երբ կարելի է լուսամուտի էն չմրոտած կիսահատվածից
կիսադեմով,
կեսկատակ,
թթու կիսելը ձեռքիս
հայհոյել ու ջարդուփշրել լուսինը։
Ես երգում եմ,որ դու չթողնես։
Ես երգում եմ,որ էլ ոչ մի կես
հեռուների մեջ մեկ չդառնա։
Լուսինը կամաց-կամաց սկսեց նվաղել.
ուր որ է՝ լուսաբացը վիժելու է։
ես գնամ քնեմ.
ես գնամ՝ արթուն մնամ,
որ դու քնես։

Ես երգում եմ,որ …
պատին թը՜կ,թը՜կ…
փաստորեն, վաղուց է՝ ինչ
ես ոռնում եմ…
լուսնի մասին…
հարևանները մեղք են…
հարևանները քնել են ուզում…
իմ, քո, բոլորի պատուհաններից երևացող լուսինն
ու իմ երգերը
իմ անլվա պատուհանի պես
անհամացան էս տողերի տակ…

#me #mine

քո անունն առան բոլոր աստվածներն,
ում ես հանդգնում էի պաշտել
ու ինչ-որ մամռակալած խաչքարի մրոտ երեսին գրեցին՝
ծնված ու թաղված նույն այն օրը,
երբ էլ ոչ մի ձմեռ ծաղիկների հետ
պահմտոցի չի խաղա,
նույն այն ժամին, երբ վայնասունով գերեզմանները կհոշոտեն կտրած ականջներով սոված շները,
նույն այն ամսում, երբ տարվա
բոլոր օրերը կխտանային, կսկսվեին ու կվերջանային մի գիշերվա մեջ,
նույն այն եղանակին, երբ ձյունը կհալվի ու գարնան փոխարեն պոետների մեռելաժամ ամառը կգա,
նույն այն վայրում, որտեղ էլ ոչ մի ծաղկավաճառ իր կարճլիկ հերբերաները չի վաճառի հիսուն դրամով
ու նույն այն մարդկանց աչքի առաջ, ովքեր պնդեցին, որ
իմ ու քո վառած պատրույգները
երբեք անտառներ չեն այրելու։
Բայց ամեն, ամեն կապույտ երկնքից ու սառը խաչքարերից այն կողմ,
քո անունը առած,
իմ պաշտելիք աստվածների
ու իմ մեջ
ավելի խորն ու ատելի հեռավորություն կա։
Իմ ոտքերը բոբիկ են.
իմ մտքերը բոբիկ են.
իմ ձեռքին ներկեր կան.
աստվածներն ինձ չեն լսում.
փոշոտված ու անհասկանալի
օրեր եմ կուլ տալիս.
խաչքարի վրա մեկը կանգնել է,
լկտիաբար կում է անում
քո անունն առած աստվածների
պատվին
իմ շինած աղբյուրներից,
հետո թքում եղածը բերանից։
իմ ոտքերը բոբիկ են.
ես գնում եմ.
քո անունն առած աստվածները հանդգնել են ինձ պաշտել։

 

***
մենք տուփ ենք հիշողությունների։
մեզնից ամեն վերնիսաժում չես գտնի։
մենք ռեալ ենք ու էդքան էլ չէ,
բայց կարևորը՝
մեր մեջ ուրախություններն են
դեֆիցիտ օրերի,
քաղցրությունները՝ հրապարակի կենտրոնում
էդպես էլ երբեք չկերած
վարդագույն պաղպաղակների,
հեռուները՝ միասին անցած ճանապարհների,
բարի ու սիրուն խոսքերը՝ ինչ-որ ֆիլմերի՝ իրար հետ դիտած։
մենք տուփ ենք հիշողությունների,
որոնց վրա չկան բացատրություններ՝
ումի՞ց, ու՞մ, ե՞րբ ու ինչու՞։
Մենք ունենք էն անսովոր հոտը մեր քառակուսու մեջ՝ կարոտների, կռիվների, «գնա»-ների,
իմ սիրած թեյերի, երիցուկների, քո մարմնի, իմ «երևի»-ների,
մեր գրքերի,
մեր տարօրինակ ու անդաստիարակ մտքերի։
Մենք ունենք վարդագույն մեծ ժապավեն՝ մեզ փաթաթված
ու չունենք հարցնող՝
ե՞րբ ու ո՞վ պիտի մի օր
մեզ լույս աշխարհ դուրս պրծացնի։
Մենք տուփ ենք հիշողությունների։
կրկնում եմ, որ հիշեմ՝ ինչ ունենք «թաքցրած».
ուրեմն մենք տուփ ենք դժվար մտաբերվող հիշողությունների։
Տուփ ենք մենք չեղած մտայնությունների,
իրար երբեք չպատահած երկու մտերիմ շուրթերի,
տանելի դարձած անտանելի ընկերների,
գիշերների ու ժամերի,
որ սպասում են ծխում
իմ անհավասար ատամնաշարի տակ,
անձրևը տեսած, ծիածան մարսած պատուհանների,
մռայլ ու տհաճ ասֆալտը
դրախտ երևակայող ոտքերի,
թափառումների՝ անհասցե, անտեր,
կիսատ մնացած դիալոգների,
հիվանդ ու թշվառ, անպետք ու թևատ
պատկերացումների։
Մենք մեզ տուփ ենք երևակայել,
որ սեղմենք չորս պատ
հիշողությունների
ու մեզ թուլատրենք՝ գաղտնի մնալու,
թաքուն սիրելու,
թաքուն ապրելու,
թաքուն մեռնելու
բոլորին անհայտ ճոխությունները։
Մենք երևակայել ենք անխիղճ ու անսանձ,
առանց աշխարհի ու առանց մարդկանց,
առանց ավելորդ նախազգուշացման,
կարևոր զանգ, պատահարի,
երևակայել ենք
ու
ճահճացել ենք.
տուփը՝ փակ.
աշխարհը կմեռնի,
կապրի, կերգի,
կզգա,կսպանի,
կատի, կցավա,
իսկ մենք երևակայել ենք,
որ տուփում էս մեծ
մենք ենք մենակ մեր գլխին տեր…
մենք տուփ ենք պահված հիշողությունների՝
աշխարհ չգալու,
իրարը մնալու,
տաքուն ապրելու
տխուր մակագրությամբ…

 

***
ես քեզ կպատահեմ մի ուշ երեկո
Բոհեմի ամենախուլ անկյուններից մեկում
աշխատանքային ժամից հետո խաղաղությունը գրկած
երկու պստիկ գինետների արանքում։
Ժամը կլինի ուղիղ 02։40։
Մեր հասցեն մոռացած կլինեն
պարտականությունները։
Ես կմոտենամ փողոցին
ու կշնչեմ քո լոկացիան..
անգամ աշնան էդ սառցակալած օդի մեջ
ես կգիտակցեմ իմ ու քո պատահաբար պատահումների տաքության գինը։
Մեր հասցեն չեն հիշի անգամ արդարացումները պատահականությունների։
Դու կսպասես ինձ ուղիղ 02։30-ից։
Կզլանաս հանել հագիդ պիջակը, նետել գետնին,
հենվել գինետան մամշահոտ պատերին,
որ պատահական ժամադրումների սպասումները
երկար չթվան։
Մեր հասցեն կմոռանան ակնկալիքները…
Կգամ, կհասնեմ քեզ, ձեռքիդ երկու մատ կդնես կզակիդ տակ, թե՝
խաբում ես։
Կժպտամ։
Չե՞ս գրկելու։
02։43 կլինի։
Երկուսս էլ անգիրել ենք ամեն օրվա կախարդանքի ավարտը։
Ու մնաց 17 րոպե …
Մեր հասցեն մոռացած կլինեն հասարակությունները,
անգամ Բոհեմի,
անգամ աշխատանքային ժամի ավարտին խաղաղություն գրկած գինետների։
Կգրկես…
– Սու՜ս,ձեռքդ դիր այ էստեղ։
Մութ կլինի ուսդ գտնելու համար։
02։44։
Ագռավները կթափահարվեն Բոհեմի ողջ երկայնքով։
Ջութակների խեղդված ծղրտոց չգիտեմ՝ որ պատուհանից։
Ձեռքդ կիջնի, իմին կօգնի բարձանալ,
Ուսդ կծանրանա։
Կհենես ականջս այտիդ ու
արգենտինական ինչ-որ մեղեդի կշվշվացնես։
02։45։
Կմոռանան մեր հասցեն քո ու իմ եղած-չեղած սերերը։
Խելագար ինչ-որ ձեռքեր գիշերվա սառցի մեջ կբարձրանան օդ,
պտույտից կսկսեն աղմկել շրջազգեստիս փեշերը
ու կզրնգան քամու հետ անհաշտ մազերս։
02։46։
Վնգստոցի կհասնի մեր ծիծաղը,
բայց թաքուն,
որ չխառնենք Բոհեմի և ոչ մի բնակչի գիշերային շնչարգելումներին։
Կշրխկան գետնին երկու խելագար
մարմիններ,
կբացեն Հեսսեին, Ստայնբեքին ու կքերեն նրանցից գիշերվա իրենց չափաբաժին սնունդը։
Գլուխս կլինի ուսիդ։
Կցավես
ու ոչ մի բառ չես ասի։
02։48
Շվվոցով լուսատիտիկներ կանցնեն։
Բոհեմի լուսատիտիկները,
որ գիտեն այստեղ հնչող ցերեկային բոլոր վալսերի ու
գիշերային մինոր-ցավերի սոլո պարտիաները։
Նրանցից մեկը կնստի Հեսսեի թերթերին։
Սիրուն կնայվեն։
Կժպտանք։
02։49
Ինչ-որ տարօրինակ սառնություն կիջնի ձեռքերիս։
Անհավատալիության դառը սառնությունը։
Կշփվեն քոնոնց հետ։
Կսիրեն երկրի տակ ամենաարհեստական տաքության բնականությունը։
02։51
Կծնվեն առավոտվա համար պլանավորվելիք հազար ու մի հիմար մտքեր՝
գրապահարանս եմ դասավորելու,
կմեկնեմ Բոհեմից մի հեռու տեղ՝ նոր սիմֆոնիա գրելու,
կլվանամ ու կփայլեցնեմ հեծանիվիս մաշված ու ժանգոտված երկաթեղենը,
մրգեր կգնեմ, Ջոյսին կվերցնեմ ու կգնանք մարգագետին
կամ նման մի բան։
02։53
սուս կմնանք։
Քամին կգա-կգնա,
մենք դեռ մնացել ենք։
Աշխարհի տակ ոչ մի Կոլոմբոս մեզ չի հայտնաբերի քարտեզի վրա
մեծ կարմիր կետով նշված Բոհեմի անկյուններում անգամ։
Մենք կմնանք գիշերագաղտնիք։
Դուր կգա քեզ էդ միտքը։
Կծիծաղես։
02։54
կախարդանքից վեց րոպե է պակաս։
Դու կհիշես մատներդ խրել մազերիս մեջ ու իրենք կմոռանան դուրս գալու ճանապարհը։
Էս միտքն էլ ինձ դուր եկավ։
Չեմ ծիծաղի։
Առհասարակ ես մենակ ժպտում եմ։
Ու առհասարակ ինձ մենակ լուրջ հիմարություններն են դուր գալիս։
02։56
Բոհեմը կքնի։
Բոհեմը վաստակել է քունը, ոնց ոչ մի ուրիշ քաղաք, փողոց, երկիր։
Բոհեմը ստեղծում է, հետո քնում։
Ու հիմար կլինեն երկու րոպե առաջ Բոհեմից մեկնելու քո բոլոր պլանները։
Կընդունես։
Կժպտանք։
02։57
Շրթհարմոնը սառույց կկտրի ձեռքերիս մեջ։
Բոհեմում ինչ-որ թաքուն մեղեդի կհնչի գիշերվա կեսին։
Շրթունքներս կսահեն երկաթի վրայով։
Դու մատներդ ոտքերիդ վրա թկթկացնելով ինձ կնվագակցես։
Երաժշտությունը Բոհեմի գիշերը կշոյի։
02։59
Դու ինձ կսիրես։
Ես կփոշմանեմ էս պատահականության համար։
Ես միայն լուրջ հիմարություններ եմ սիրում։
Մեր հասցեն կհիշեն ակնկալիքները, արդարացումները, հասարակությունները՝
անգամ Բոհեմի ու աշխատանքային ժամից հետո խաղաղություն գրկած գինետների…
Դու կխոստանաս ամեն ինչ վաղվա մասին…
Իսկ կախարդանքից մեկ է պակաս…

03։00
Բոհեմը կդառնա ինչ-որ աղքատիկ փողոց՝
լիքը հասարակությամբ,
ամեն օր այնտեղով անցնող
ու նույնիսկ պատահաբար իրար չհանդիպող ինձնով ու քեզնով…

ու կցավա ինչ-որ խելագար մարմինների երևակայություն
ինչ-որ Բոհեմի,
աշխատանքային ժամերից հետո խաղաղություն գրկած գինետների,
ակնկալիքների,արդարացումների,
խեղդված ձայնով ջութակների,հասարակությունների,շրթհարմոնի,օդում պարող երկուսառող ձեռքերի մասին գրելիս…

 

***
Քնանալ չի լինում էս գիշեր, սեր իմ։
Աստղերը գծել են հարդագողի
բոլոր ճանապարհներն
ու մենք էլի
չունենք ընտրություն
նոր համաստեղություններ հորինելու
կամ հների հետ հաշտվելու …
Քնանալ չի լինում, սեր իմ։
Ու հենց էսօր է, որ պիտի հարցնեմ վերևից՝
Ինչ օրեր են ընկնում լիալուսնի՝
մահիկից
լիալուսին դառնալու արանքում,
որ հաշվեմ իմ ու քո հանդիպումները…
Կոպերս հոգնել են, սեր իմ…
Իմ բառերի հետ էլ չեն հաշտվում մտքերս։
Պատուհանիս վրա չորացել են
Աշնան հետ սազող շնչահատիկներս,
որ բաշխել եմ ապակուն անցած գիշեր՝
անունդ պատուհանիցս
աշխարհին խնամքով նվիրելով։
Չի լինում, չէ, քնանալ չի լինում…
Դու էլ չկաս իմ տողերի արանքում,
որ վաճառվել են ինչ-որ գրքերի մեջ
կենտրոնական փողոցի մարդաշատ գրախանութում
ցերեկվա ժամի։
Ես քեզ պահել եմ իմ նոթատետրի մեջ՝ գիշերվա բաժին։
Ու հենց քեզնով է, որ քնանալ չի լինում։
Աշխարհն ինձ միշտ շռայլեց բոլորով,
բայց ես ինձ այնքան եմ ուզում զսպել քեզնով,
ու որովհետև իմ զսպության մեջ
մի քիչ էլ թաքուն հպարտություն կա՝ քեզ ունենալու,
ես էլ երբեք ոչ մեկի քիթը երկնքից չեմ պոկի՝ թե զսպվեն
կամ հպարտանան՝ մեկին ունենալով։
Քնանալ չի լինում, սեր, էլի ու էլի…
Երանի իմ ու քո երազները մի օր
խաչաձևեինք
ու
խաղաղվեին մեր սցենարներն անիրական դարձած ֆիլմերի։
Երանի էլ ոչ մի օր
քեզ չխեղդեմ
փողոցում պատահաբար տեսած
անցորդ-ծանոթների
հոսքի տակ
իմ մեջ
կոպերիս տակ…
Իմ սիրտն ինձ պետք եկած
ամեն բան
արդեն հուշել էր՝
քանի դու քնել էիր։
Ես գիշերն ամբողջ
բռնել էի թելը մտքերիս
ու հետները թրևում էի
քաղաքի մի ծայրից մյուսը։
Իսկ դու քնել էիր, սեր…
Իսկ դու սիրուն ես քնում, սեր…

Քնանալ չի լինում, էլի ու էլի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *