Լուսինե Ավետյան | Ես գնում եմ Սարի թաղ

Ուզում էի տաքսի կանչել, երբ նկատեցի, որ Սարի թաղ գնացող ավտոբուսը հայտնվեց։ Վազեցի ու տեղավորվեցի, քանի դեռ ազատ տեղեր կային։ Տրանսպորտի մեջ նետվելու ընթացքում զգացի, որ ավտոբուսի մի կողմը թեքված է, բայց չհասցրեցի գնահատել՝ սովորական, հալ ու մաշ եղած է, թէ՝ պայթյունավտանգ կրիտիկական։ Երբ տեղից պոկվեց, վախեցա։ Նստած էի ավտոբուսի ներքևի՝ կախ ընկած հատվածում, եթե շուռ գա, մյուս թևն ընկնելու է մեզ վրա։ Նայեցի ուղևորներին, բայց նրանց հայացքներում տագնապ չտեսա։ Ուրեմն սարսափելի բան չկա, շուռ գալու դեպքում ողջ ենք մնալու, առավելագույնը՝ կոտրվածքներ են լինելու։
Հանկարծ ծուխ լցվեց ավտոբուսի մեջ։ Սարսափած ուզում էի ոտքի կանգնել և դուրս թռչել, երբ նկատեցի, որ կողքի մեքենայից է։ Խցանման մեջ խեղդվում ենք ծխից ու ասֆալտի հրից։ Ընդամենը տաս տարի առաջ Երևանում մեքենաներն այսքան շատ չէին, քաղաքի մի ծայրից մյուսն էինք հասնում տասնհինգ րոպեում։ Օդն էլ ուշաթափության էր հասցնում, բայց դեռ չէր սպանում։
Սարալանջի մոտ ավտոբուսն սկսեց ձայներ հանել, դմբդմբալ, հևալ ու կանգնեց։ Ոչ միայն ես եմ տագնապած, նաև բոլոր ուղևորները։
Վարորդը մի շիշ ջուր վերցրեց, բացեց մեքենայի կափարիչն ու լցրեց ծխի վրա։ Հա՛մ բզբզում է մեքենայի վրա, հա՛մ անհանգիստ մեր կողմը նայում, որ ավտոբուսից դուրս չգանք և այլ տրանսպորտ նստենք։
-Երկու րոպեից շարժվում ենք,-ասաց ու շիշը դրեց մեքենայի մեջ։
Ես պատրաստ էի երկու հազար դրամի փոխարեն հարյուր դրամ վճարելով անհարմար, մեկ ոտքի վրա տեղաշարժվել, բայց մեռնել՝ երբեք։ Կյանքն անչափ թանկ է, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես եմ ինձ հաշտեցնելու հարյուր տարեկանում մահանալու մտքին։
-Դուք չեք կարող խաղալ մեր կյանքի հետ,-հուզված ասացի վարորդին։
Հավանաբար բոլորն էին մտածել մահվան մասին, և իմ խոսքը շատերին ոտքի կանգնեցրեց։
Վարորդը բարկացավ․
-Ովքեր գալիս են, նստեք, -ասաց ու թռավ իր նստարանին։ Ուղևորների մի մասը նորից նստեց, իսկ մի քանի մարդ ինձ պես վճռական են տրամադրված։
-Անհապաղ ավտոբուսը տարեք նորոգման։ Իրավունք չունեք վթարային մեքենայով մարդկանց տեղափոխել։ Պետք է ճնշում գործադրել,-մտածեցի ու կողքիս կանգնած կնոջը հարցրի՝ ձեզ ինչպե՞ս դիմեմ։
-Լուլու։
-Հարգելի Լուլու, պետք է ստիպենք, որ մեքենան տանի նորոգման։
-Բայց ինչու՞ մենք, մեզնից առաջ նստողները չե՞ն տեսել, որ փչացած է։
-Գուցե տեսել են, գուցե չեն տեսել, համենայնդեպս մեր աչքի առաջ վթարվեց։
Հանկարծ ճչոց լսվեց։ Մի կին ծղրտաց՝ Տիեզե՜րք։ Սարսափած հետ նայեցի։ Կարծեցի՝ ավտոբուսն է գմփացել։ Բայց ավտոբուսն ամբողջական տեսքով իր տեղում էր։
-Ի՞նչ է պատահել, տիկին։
-Միայն երկնքին եմ ապավինում, այնտեղի դատաստանն ահեղ է լինում։ Ոչ մի մարդկային ատյան չի կարող սրանց հետ հաշվեհարդար տեսնել։
-Մեր նպատակը հաշվեհարդար տեսնելը չէ, մեր նպատակն է, որ վարորդը անվտանգության կանոնները պահպանի։
Վարորդը գաղտագողի ուղևորներին նստեցրեց և ուզում էր շարժվել, երբ արագ մոտեցա ու ասացի․
-Եթե հիմա շարժվեք, ոստիկանություն կկանչեմ։
Ուղևորները սկսեցին փնթփնթալ ու դժգոհել ինձնից․
-Էս աղջիկը լուսնի՞ց է իջել։ Երեսուն տարի է՝ ջարդված տրանսպորտ ենք նստում, հիմա էս մե՞կն էր աչքդ հանել, թող շուտ տեղ հասնենք էլի։
Նորից լսվեց նույն կնոջ վախեցնող ծղրտոցը՝ Դատաստա՜ն․․․
Ես վախենում եմ բարձր, անսպասելի, ահաբեկող ձայներից, և եթե այս տիկինը մեկ անգամ էլ ականջիս տակ գոռա, հաստատ սիրտս կպայթի։
-Ներեցեք, ձեր անունը կասե՞ք,-մի կերպ կատաղությունս զսպելով ասացի։
-Մագդալենա։
-Հարգելի Մագդալենա, ինչու՞ եք ճչում։ Չեմ հասկանում՝ ո՞ւմ եք դիմում անընդհատ վերև նայելով։ Հստակ գիտենք չէ՝ ինչ է կատարվել, և ում պետք է դիմենք այս խնդիրը վերացնելու համար։ Եկեք զանգենք ոստիկանություն կամ ստիպենք՝ ավտոբուսը տանի նորոգման։
-Ի՞նչ պետք է անի ոստիկանությունը։ Չեմ վստահում ոչ մեկին։ Միայն հավատում եմ երկնային պատժին։ Այս ավտոբուսի հարցը լուծենք, բա մյուսները՞։
-Եթե էսպես հատ-հատ լուծենք, կստացվի, որ էլ անսարք ավտոբուս չկա։
-Ես էլ Ստյոպան եմ,-ասաց մի տղամարդ և խորամանկ ժպտալով մոտեցավ մեզ։ Համամիտ եմ Լուլուի հետ։ Ինչու՞ հենց մենք պետք է դիմենք, ժամանակ ծախսենք, մեզնից առաջ նստողները չե՞ն տեսել։
Եվս մեկն ավելացավ,-հուսահատ շշնջացի։ Այս ավտոբուսում մի՞թե չի լինելու գեթ մեկ կողմնակից, որ կարողանանք վարորդին ստիպել՝ մեքենան տանի նորոգման։
-Մեզնից առաջ հարյուրավոր նստողներ են եղել, և մենք պատասխանատվություն չենք կրում։ Ի վերջո կան պաշտոնյաներ, թող նրանք էլ զբաղվեն այս հարցով։ Իսկ մենք կարող ենք հավաքվել կողմնակիցներով և ստեղծենք մեր կուսակցությունը կամ շարժումը և այս երևույթի մասին դատապարտող ելույթներ ունենանք,-ասաց Ստյոպան և գլուխը հպարտությամբ վեր տնկեց։
-Ձեր կարծիքով այսպիսի ամեն դեպքի համար պետք է կուսակցություն կամ միավորում բացե՞լ։
-Ինչու չէ,-Լուլուին ու Մագդալենային նայելով պատասխանեց Ստյոպան։ Նրանց խանդավառ հայացքներն ինձ հունից հանեցին․
-Շատ ավելի արդյունավետ է, որ հիմա այս ավտոբուսը տեղափոխվի նորոգման, քան դատապարտող ելույթներ ունենանք։
Վարորդը նորից թռավ նստարանին և սեղմեց ոտնակին։ Մենք նետվեցինք դեպի ավտոբուսն ու ցատկեցինք մեջը։ Հենվել եմ Ստյոպայի մեջքին ու բռնվել Մագդալենայի թևից։ Ավտոբուսը բացված դռներով սլանում է Սարալանջի պողոտայով։ Ավտոբուսի տարբեր մասերից լսվող չխկչխկոցը, ուղևորների՝ ինձ ամոթանք տալը, Ստյոպայի՝ նոր կուսակցություն բացելու առաջարկները միախառնվել են և քաոս ստեղծել։
Իսկ ինչ հրաշալի կիրակի էր։ Առավոտյան սրճեցի Արաբկիրի չքնաղ այգում։ Եվ անհամբեր սպասում էի՝ երբ եմ գնալու Սարի թաղ՝ ընկերուհուս տուն՝ սինդրիկի թթու ուտելու։ Երեկոյան էլ պիտի գնանք մեր հավաքականին երկրպագենք։ Բայց ստացվեց ինչպես միշտ՝ հաճելի օր ապրելու փոխարեն ականատես դարձա տրանսպորտային հերթական միջադեպին և նոր բացվող կուսակցության «շնորհանդեսին»։
Սարալանջի զառիթափն իջնելիս ավտոբուսն ավելի թեքվեց, և ամեն վայրկյան սպասում էի, որ կամ պայթելու է, կամ՝ մասերի բաժանվի։
Ամբողջ մարմնով դողում եմ վախից։ Անգիտակցաբար թռա ավտոբուսի մեջ, հուսալով, որ կարող ենք կանգնեցնել։ Քաջ չեմ։ Նետվել վտանգավոր տեղեր ու փրկել մարդկանց, իմ ուժերից վեր է։ Եվ հիմա վախից կուչ եկած մտածում եմ միայն ողջ մնալու մասին։ Թևերումս ուժ չի մնացել։ Ավտոբուսի մեջ ցատկելուց ոտքերս բռնվել են։ Երբեք սպորտով չեմ զբաղվել, իսկ մի քանի փորձերս մարզասրահ այցելելու ավարտվել են ոտքերիս ու թևերիս ուժգին ցավերով։ Բայց հիմա խոստանում եմ՝ ողջ մնալու դեպքում պարտադիր մարզվել։ Սա խոստանում եմ ինձ ամեն անգամ հանրային տրանսպորտից օգտվելիս։ Երբ չեմ հասցնում վազել և առաջինը նետվել ավտոբուսի մեջ, երբ բոլորն ինձ հրում են, առաջ անցնում, և միշտ մնում եմ դռան մոտ կուչ եկած վերջին ուղևորը։ Եվ ամեն իջնողի հետ դուրս եմ գալիս ու նորից բարձրանում։
Ստյոպան ու Լուլուն ոգեշունչ քննարկում են նոր բացվող կուսակցության կարգախոսները և մոռացել են, որ ավտոբուսն անսարք է։ Իմ հորդորներին՝ կանգնեցնել ավտոբուսը, նրանք դժկամությամբ արձագանքում են՝ թող նախկին ուղևորները ձայն հանեին։ Հայացքս չեմ հեռացնում Մագդալենայից, որ հենց գոռա՝ Դատաստա՜ն, հանկարծակիի չգամ ու ուշաթափվեմ։
Վարորդն այնքան հանգիստ ու զվարթ է, կարծես Սամի Նասերին է, ավտոբուսն էլ՝ նրա տաքսին։ «Տաքսի» ֆիլմի մասին մտքերը մի փոքր ցրեցին ինձ պատած սարսափը։ Նույնիսկ ժպտացի։ Ավտոբուսներում միշտ իմ սիրած ֆիլմերի մասին եմ մտածում։ Սրամիտ կադրեր ու երկխոսություններ եմ հիշում, մինչև հասնեմ իմ կանգառին։ Եթե այդպես չանեմ և մնամ իրականության մեջ, պիտի հարվածեմ ինձ վրա հենվածներին, խնդրեմ, որ չշնչեն ականջիս մեջ, պայուսակը չդնեն ուսիս, և չարացած ու կատաղած իջնեմ ավտոբուսից։ Իսկ ես չեմ ուզում ամեն օրվա մի քանի ժամը այդ հոգևիճակում լինել։
Բարձր երգից վերադարձա իրականություն։ Անսարք մեքենայով թափահարելով մեզ տեղափոխելուց զատ վարորդը որոշել էր մեր պատիժը լիարժեք դարձնելու համար կլկլոց միացնել։ Կլկլոց, որն ուղեկցվում է դխկլը-ցխկլը ահարկու աղմուկով։ Այս երգերն ամենուր են՝ տրանսպորտում, սրճարաններում, հարևանների բնակարաններում։ Ինչքան էլ խաղաղ լինես կամ բարձր տրամադրություն ունենաս, այս վայրենի ձայներից սկսում ես նյարդային շարժումներ անել։ Իսկ անսարք ավտոբուսի մեջ բացված դռներով դխկդխկալով ընթանալիս սրան դիմանալն անհնար է։ Ձայնն անջատելու իմ հորդոր-աղաղակները չէին լսվում, կամ անտեսում էին։
Հանկարծ նկատեցի ճամփեզրի ոստիկաններին։ Որոշեցի գոռալ, որ նրանք հասնեն մեզ օգնության։ Ցածր ձայն ունեմ, արդյո՞ք կլսեն, որ գոռամ։ Ավելի լավ է՝ հեռախոսով հարվածեմ ոստիկաններին, և նրանք կգան մեր հետևից։ Բայց հեռախոսս ափսոս է։ Հանեցի կոսմետիկայի պայուսակն ու նետեցի ոստիկանների ուղղությամբ՝ ընթացքում տրորեցի Մագդալենայի ոտքը։ Մագդալենան սկսեց ճչալ։ Նրա ձայնից վախեցած՝ ես էլ ճչացի։ Մեր ձայներն այնքան սարսափեցնող էին, որ ոստիկանական մեքենան ընկավ մեր հետևից։ Մեր ավտոբուսը թխկթխկալով սլանում է, ազդանշանը միացրած մեր հետևից ընթանում են նաև ոստիկանները։ Աբովյան պուրակում ոստիկանները մեզ կանգնեցրին։ Հետաքրքրասերների մեծ խումբ է կուտակվել մեր շուրջը։ Երևանում հազվադեպ կարող ես այսպիսի բան տեսնել՝ հալ ու մաշ եղած ավտոբուսին հետապնդող, ազդանշանները միացրած ոստիկանական մեքենա։ Երբ ոստիկանը մոտեցավ, արագ ասացի՝
-Ավտոբուսը ճանապարհին փչացավ, բայց վարորդը չլսեց մեզ ու շարունակում է քշել։
Ուղևորներն ատելությամբ ինձ են նայում ու փնթփնթում․
– Կես ժամվա ճանապարհը քո պատճառով երկու ժամում ենք հասնելու։
Վարորդն այնպիսի հայացքով է նայում՝ զգում եմ, որ ուզում է ինձ ոչնչացնել։ Իմ խոսքից հետո լռություն տիրեց։ Սփրթնած նայում եմ ոստիկանին, միայն թէ չասի՝ ի՞նչ անենք, որ անսարք է։ Ի՞նչ պատմություն ես սարքել, իսկ սարքին, հարմարավետ ավտոբուս մի՞թե տեսել ես մեր քաղաքում։
-Ինչու՞ եք անսարք մեքենայով դուրս գալիս երթևեկության, իջեք մեքենայից,- ոստիկանը հրամայական տոնով ասաց վարորդին։ Վարորդը շփոթվեց ու խեղճացավ։ Ստյոպան ու Լուլուն հանկարծ մոռացան նախկին ուղևորներին ու սկսեցին մեղադրել վարորդին։
Կանգնած եմ կանգառում։ Հերթով անցնում են երթուղայիններն ու ավտոբուսները՝ դխկդխկալով, ծուխ արձակելով։ Ուղևորները սեղմված ու ընկճված նայում են դուրս՝ փողոցում ազատ քայլող մարդկանց։ Րոպեները հաշվելով՝ ե՞րբ են հասնելու իրենց կանգառին։ Մեկ ավտոբուս արդեն նորոգվում է,-մտածում եմ, տաքսի նստում ու գնում Սարի թաղ, հուսալով, որ գոնե այսօր տրանսպորտային նոր միջադեպերի մեջ այլևս չեմ հայտնվի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *