Բոբ Դիլըն | Ես խղճում եմ գաղթականին

ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԳԱՂԹԱԿԱՆԻՆ

Ես խղճում եմ գաղթականին, որն իր տունն է կարոտում,
Որն ուզում է չարիք գործել, բայց իրեն է պոկոտում.
Նա խաբում է իր մատերով, խորամանկում է ահից,
Կրքոտությամբ իր կյանքն ատում ու վախենում իր մահից:
Ես խղճում եմ գաղթականին, որն ինքն իրեն է լափում,
Նրա դրախտը հարամ է, նա արցունք է միշտ թափում.
Ուտում է, բայց չի կշտանում, լսում է, բայց աչք չունի,
Նա սիրում է հարստություն ու դիզում է գողունի:
Ես խղճում եմ գաղթականին, որ ցեխի մեջ է ապրում,
Ծիծաղում է նա ու իր իսկ արյունով է միշտ հարբում.
Նրա իղձը փշրվում է ինչպես փխրուն ապակի.
Ես խղճում եմ գաղթականին, որ տխուր է կրկնակի:

 

Ե՞ՐԲ ԹՈՂԻՐ ԴՐԱԽՏԸ

Էդ ե՞րբ թողիր դրախտը
Քեզ ո՞նց ազատ թողին
Դրախտում ապրելը ո՞նց էր
Երնեկ ապրողի՞ն:
Ինչի՞ փոխիր դրախտը
Երկրի հետ էս ավեր
Որտե՞ղ ես թաքցրել դու
Լուսապսակ, թևեր
Քեզ դեռ հետ չե՞ն կանչում
Կապրե՞ս նորից էնտեղ
Եթե պաչեմ քո թուշը
Կհամարվի՞ դա մեղք:
Ես պարզ մի երկրավոր եմ
Իսկ դու` աստվածային
Էդ ե՞րբ թողիր դրախտը
Հրեշտակդ իմ:

Թարգմանությունը անգլերենից` Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *