Հովհաննես Հովակիմյան | Էստեղ, էսօր, էս ժամին

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Ու ես հիմա չգիտեմ՝ ինչ եմ անում էստեղ, էսօր, էս ժամին։
Առավոտյան օրը անշտկելի թեքվեց դեպի իրիկուն։ Սիգարետն ու խմիչքը շեղեցին ու տարան, ու հիմա ես չեմ հասկանում՝ ինչ եմ անում էստեղ, էսօր, էս ժամին։
Փախած մայթերով ու ջարդված քայլերով դեպի փաբ, հետո խմիչք, խմիչք, խմիչք։
Էս ուր ենք հասել, ինչի ենք հասել։
Խմենք, ընկեր, խմենք։
Հետո միտքս եկավ էս, թե՝ ժամանկից շուտ մեծացանք, ժամանակն արհամարհեցինք, հեգնանքի քողը դեմքներիս առանք ու անցանք առաջ։ Կյանքը սկսեցինք լուրջ ընդունել, քայլներիս սկսեցինք կարևորություն տալ, սկսեցինք փորձել արագ ապրել, որ հասցնենք։
Հասկացանք, որ մեծացել ենք էն ժամանակ, երբ սկսեցինք առօրեական երգերի փոխարեն լսել Հախվերդյան Ռուբոյին՝ իր երգերի մեջ մանկության հուշը թաղած։ Սկսեցինք լսել Մեսչյան ու լցվել վճռականությամբ ու վրեժով։ Սկսեցինք ընդունել, որ ինչքան էլ լավն է արտասահմանյան գրականությունը, մեկ է, մեր սրտին կպչում են մերոնք։ Սկսեցինք գնահատել Հրանտին, իր նկարը առանք հեռախոսներիս էկրաններին ու հասկացանք՝ մեծացել ենք։ Սկսեցինք անգիր հիշել տարբեր վեպերից ու պատմվածքներից հատվածներ, որ անգիր էին արվել ինքնաբերաբար, որ անգիր էին արվել երևի էն պատճառով, որ մեջները խորը իմաստ կար։
Սկսեցինք փողոցներով քայլել ոչ թե ինչ-որ տեղ գնալու համար, այլ ինքներս մեզ հետ մենակ մնալու։ հասկացանք որ մեծացել ենք, երբ սկսեցինք կարդալ Վանո, ու էնտեղ մեզ գտանք ամեն կերպարի մեջ՝ մի ճամպրուկ փող փնտրելիս։ Մեր գրած պատմվածքները սկսեցինք չհավանել, ու սկսեցինք այլևս չձգտել հայտնության, սկսեցինք չձգտել կարդացված լինելուն։ Փոքր երեխաներ տեսնելիս սկսեցինք ոչ թե բարկանալ ու նեռվայինանալ նրանց չար վարքի պատճառով, այլ՝ ժպտալ։ Էս ժպիտը բայց հեգնական չէր, անկեղծ էր ու արժեր…
Կյանքը մեզ ստիպեց շուտ թաղվել էս ճահճում։ Սկսեցինք ցույցերին գնալ ոչ թե մարդու երես տեսնելու ձգտումից կամ հետաքրքրության մղումով, այլ գնալ-սել-հասկանալու հիմնավորումը գրպաններումս։
Սկսեցինք գրպաններիս փողը անտեղի չծախսել, ծախսել միայն ամենակարևոր բաների վրա, ասենք՝ գյուղ գնալիս։
Գյուղի տանն էլ հասկացանք, որ մեծացել ենք, որովհետև տանը սկսեցինք նայել կարոտով, ինքներս մեզ խղճալով ու ինքներս մեզնից խույս տվող հայացքով. էս ուր հասանք. հայրական տանը տեղներս չենք գտնում, գերադասում ենք սառը սենյակի անկողինը տաք հյուրասենյակում գցված փափուկ անկողնուց։
Սկսեցինք չկարողանալ նստել էն լսարաններում, որտեղից մենք մերն առել ու գնացել ենք արդեն։
Հասկացանք՝ մեծացել ենք, երբ դասախոսը ընկեր դարձավ, ընկերն էլ արդեն դասախոս է։
Հասկացանք՝ մեծացել ենք։
Հասկացանք՝ հինը չենք։
Հասկացանք՝ ամեն բան փոխվել է, երբ կյանքը առաջին անգամ մեզ ցույց տվեց իր քամահրանքը, ու էդ պահից մենք արդեն մեծ ենք…
Էս ուր ենք հասել, ինչի ենք հասել։
Հետո էլի խմիչք, էլի հայացքներ, էլի երաժշտություն՝ խառը, շատ խառը երանգներով։ Հայցքով ծանոթ գտանք, հայացքով հետն առանձնացանք, հայացքով համբուրվեցինք ու դուրս եկանք փաբից, կյանքից, տեղներիցս։
– Ես հոգնել եմ օրերի անսեթևեթ շրջապտույտից։
Ու ես հիմա չգիտեմ՝ ինչ եմ անում էստեղ, էսօր, էս ժամին։
Ես հիմա ծխում եմ, նայում առաստաղին, թափթփված ննջասենյակի հատակին, հետո նայում եմ կարմիր վառվող ջեռուցչին, հետո նորից ծխում։ Կարմրած ծուխը վերև է բարձրանում։ Կողքիս խլրտուք եմ զգում, պտտվում եմ. մերկացած մարմինը ինձ այլևս չի գրավում։ Սենյակը ցուրտ է, նրա մարմինը՝ փշաքաղված։ Ես զզվում եմ նրա փշաքաղված մարմնից, նրա կեղտոտ բնակարանից, անհարմար բազմոցից, որ դրել է ննջասենյակում ու կարծում է, թե դա հարմար անկողին է մեզ։ Ես չգիտեմ նա ով է, ինչի է իմ կողքին քնած։ Ու անգամ չգիտեմ՝ ինչ եմ անում էստեղ, էսօր, էս ժամին…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *