Լուսինե Շահնազարյան | Հայ-Սայ-Ֆայ 2: Ֆուտուրիզմն ու հեղափոխված ապագան առանց պաստայի

«Մեր գրական ճահիճը ավելի քան անշարժ էր.

ճահիճը հարկավոր էր շարժել։ Ես շարժեցի։»

Ե. Չարենց[1]

Եվ այսպես, պարոնա՛յք և պարոնա՛յք, պատերազմը, բռնությունը և կնոջ մարմնի նկատմամբ դեմոնիզացիան նախորդ դարասկզբին հայտնվում են արդյունաբերական առաջընթացի, պողպատե մարդակերպերի[2], աուտոգենեզիսի, անմահության կողքին։ Ահա՛ ձեզ գրական Ֆուտուրիզմ՝ արվական իտալացի  Ֆիլիպո Տոմազո Մարինետիի բաղադրատոմսով։

Վերցնում ենք միջին յուղայնության ապագայապաշտետ, շոգեխաշում երեք ճ. գ. բռնության ու չորս հարյուր գր. հարած կնատյացության հետ, խառնում երկաթ-պողպատի շարժիչ ու  ստանում տեխնիկական հեղափոխության վրա շեղված բոզբաշ։ Իսկ ի՞նչ կապ ունի Ֆուտուրիզմը գիտական ֆանտաստիկայի այս շարքի  հետ։ Գիտական ֆանտաստիկան բեղմնավորվել է գեղարվեստական գրականության ստեղծման հետ զուգահեռ, ասենք օրինակ Շումերա-Բեբելոնյան «Գիլգամեշի Էպոս»-ն ի վեր, մինչդեռ Ֆուտուրիզմը ծնվեց ու մեռավ ընդհամենը նախորդ դարասկզբին։ Ու քանի Ֆուտուրիզմն առաջին համաշխարհայինին նախորդող «Զանգ-Թումբ-Թումբ»[3]-ներով սնում է մեծահավակն ազգերի միլիտարիզմը, նույն շրջանի գիտական ֆանտաստիկան Չինաստանում ծնում է սահմանադրական միապետություն[4], իսկ Մեծ Բրիտանիայում կանխորոշում ապագա հեղափոխությունների անխուսափելի  հուսախաբությունն ու անկումը[5]։

Այնուամենայնիվ, առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը՝ Ֆրանսիական «Ուղևորություն դեպի լուսին»-ը[6], նաև համարվում է առաջին ֆուտուրիստական կինոն։ Եվ ճիշտ ինչպես գիտաֆանտաստիկ ժանրի առանցքում, այնպես էլ ֆուտուրիզմի հիմքում  ժամանակի գիտատեխնիկական առաջընթացն ու հայացքը դեպի ապագան առաջնային են։ Երկուսն էլ հաճախ կիսում են սերնդափոխության պահանջը։

Անկախ անվանարկումից՝ ջահելներն ահելների նկատմամբ միշտ ունեցել են սնոբական ֆուտուրիզմի իրենց դիտանկյունը։ Հները հին են նորերի համար, դանդաղ, անտեղյակ, իրականությունից կտրված,  անցյալով ապրող։ Նրանց համար անցյալը երիտասարդությունն է ու կյանքը, ապագան՝ ծերությունն է ու մահը։ Իսկ նորերի մոտ՝ հակառակը. անցյալից հնության հոտ է գալիս, ապագան՝ շարժն է ու զարգացումը։

Ներկայի ու անցյալի տառացի իրարամերժումից պատրիցիդի՝ հայրասպանության գրասյուների վրա կերտվել է Կրատոսը, ով ուզում է Զևսի հախից գալ, Էդիպոսը՝ Լայոսի, Ֆաֆնիրը՝ Հրայդմարի, Կոմոդոսը՝ Մարկոս Աուրելիոսի, Սամվելը՝ Վահան Մամիկոնյանի, Լորդ Վոլդեմորտը` Թոմ Րիդլիի, Թիրիոն Լանիսթերը՝ Թայվին Լանիսթերի, Մերեդիթ Վիքերսը՝ Փիթեր Վեյլանդի[7]։ Ծնողների նկատմամբ ցասումն անպատասխան չի մնում հայրերի որդեսպանության մոտիվներում. Տարաս Բուլբայից Դարթ Վեյդեր։

Անցյալն ու ապագան մշտապես ներկա գոյամարտում են, բայց 1909 թ. մոդեռնիզմի խմորումներում հարկ եղավ հատուկ նշել այս գոյամարտի դրույթները Ֆրանսիական «Լե Ֆիգարո» ամսագրում, որտեղ Ֆիլիպո Մարինետին վերջապես հատեց իր էքսցենտրիկ բնավորության ու միջին փառքի դոզայի միջև անդունդը «Ֆուտուրիզմի Մանիֆեստ»-ում[8]։

«Մենք ուզում ենք երգել վտանգի նկատմամբ սերը, էներգիայի սովորությունն ու արագությունը», – գրում է նա։ «Առ այսօր գրականությունը կարևորել է մտամփոփ անշարժությունը, էքստազն ու նիրհը։ Մենք ուզում ենք մեծարել ագրեսիայի, տենդագին անքնության, կրկնակի երթի, վտանգավոր ցատկի, ապտակի ու բռունցքով հարվածի շարժումը»։

Մանիֆեստի առաջին մի քանի կետերը կգտնեն իրենց արձագանքը հետագա Սովետական ֆուտուրիզմում՝ Մայակովսկու մոտ, ինչպես նաև Մայակովսկուց ներշնչված Չարենցի ֆուտուրիստական «Երեքի Դեկլարացիա»-ում։

«Մեզ համար անապատները դարձել են բազմաժխոր քաղաքներ», – կգրի Չարենցը, հետո կհայտարարի, որ պետք է «արտահայտել այն, ինչ այժմեական է` շարժում, դասակարգային պայքար, երկաթ, կարմիր… Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։ «Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազը»։

Այդուհանդերձ, ապագայապաշտության հանգանակի նշված կետերն ու Չարենցի այս մի քանի կոչերն անմեղ նպատակներ էին՝ Մարինետիի հաջորդ դրույթների կողքին. «Մենք ուզում ենք փառաբանել պատերազմը՝ աշխարհի միակ բուժումը՝ միլիտարիզմը, պատրիոտիզմը, անարխիստների ավերիչ շարժումը, սպանող գեղեցիկ մտքերը և կնոջ նկատմամբ արհամարհանքը»։ Ինչպես նաև. «Երգում ենք ծխացող օձերին խժռող ամենակուլ երկաթգծի կայարանների մասին», «Մեծ կրծքերով լոկոմոտիվների», «ինքնաթիռների շարժիչների»… Մի խոսքով, երեսուներեքամյա Մարինետին հասունացել և իր վառվռուն մանիֆեստների ցայտաղբյուրը շաղ էր տալիս աջ ու ձախ՝ ոգևորելով իտալացի ջիգիթներին, որոնցից հատկապես մեկը[9] շատ սիրեց «Ֆուտուրիզմի Մանիֆեստը»։  Եվ այդ երիտասարդի անունն էր Բենիտո Մուսոլինի։

Մարինետի-Մուսոլինի գրաքաղաքական «ամուսնությունն» անդառնալիորեն մղում է ի սկզբանե չեզոքություն որդեգրած Իտալիային առաջին աշխարհամարտի մեջ։ Հետագայում այս դուետը կգրի Ֆաշիզմի դոկտրինան, Ֆուտուրիստական քաղաքական կուսակցությունը կձուլվի Ֆաշիստականին, և ահա այստեղից էլ Մուսոլինին աստիճանաբար «կտշի»  Մարինետիին էլ, բոլոր մնացած արվեստագետներին էլ, ովքեր փորձում են Ֆուտուրիզմը դարձնել Իտալական արվեստի դեմքը։

Այսինքն, սկզբում Մուսոլինին իր ֆաշիստական սերֆով մանևրում է Ֆուտուրիզմի արվեստագետների ստեղծած հասարակական ալիքների վրա, իսկ երբ գալիս է իշխանության, հետզհետե վերացնում է ապագայապաշտ արվեստը, քանի որ այն միտված էր լինելու հենց իրեն՝ ներկա իշխանություն դարձած Մուսոլինիին մերժելուն։ Մարինետիին ամբողջությամբ չեն հեռացնում քաղաքական դաշտից՝ 1928 թվականին նրան նշանակելով «Ֆաշիստական գրողների միության» նախագահի պաշտոնում։

Ու մինչ իր ընկեր Մուսոլինին անիծում էր աշխարհի հայրը, Մարինետին Իտալիայի հիմնական խնդիրների լուծումը տեսնում է մի շատ կարևոր և անտեսված իրողության մեջ։

Մակարոնեղեն։ Ռավիոլլի։ Իտալացիները սիրում են պաստա։

Նրանք պատրաստում են աշխարհի ամենահամեղ ածխաջրալի կալորիաները, բայց արի ու տես, որ դրանց պատճառով ազգը ծուլանում է, արտադրողականությունը նվազում։ Եվ ուրեմն, Մարինետին սկսում է հրատարակել խոհարարական գրքեր, որոնք պիտի փրկեին Իտալիան։

Քանի որ Մարինետիի գործունեության վերջին շրջանը կարևորվում է հենց էֆեկտիվության վրա տարվածությամբ, այս ընթացքում թատրոն է ներխուժում պիեսիկը[10]։ Մեկ րոպե տևողությամբ «Օթելլոն» բեմից հնչում է մոտավորապես այսպես. «Ամուսնություն, խանդ, դավաճանությու՞ն, թաշկինակ, խեղդամահ, օօօ՜ ոչ»։ Ահա ձեզ արդյունավետ թատրոն։

Բայց ահա աճող ֆաշիզմի տոտալիտար սահմաններում ֆուտուրիզմը  սկսում է գործել միայն որպես մարգինալ ուղղություն, իսկ դրանից ինը տարի անց Հիտլերի ու Մուսոլինիի նացիստական գաղափարախոսության մեջ ինչպես ամեն տեսակ մոդեռնիզմ, Ֆուտուրիզմը համարվում է դեգեներատ արվեստի ուղղություն և մահանում Մարինետիի հետ՝ 1944-ին։

Հարց.

Ինչու՞ է կարևոր հայ-սայ-ֆայի մասին խոսելիս չանտեսել Ֆուտուրիզմը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Մարինետիի ֆուտուրիստական տեսլականն ինքնին ուներ տեսողական լուրջ խնդիրներ, տառապում էր ամբլիոպիայով՝ շեղաչքությամբ[11]։ Մի աչքով նայում էր ապագային՝ որպես արագության, տեխնիկական հագեցվածության, առաջընթացի հանգրվան։ Մյուսն ապագան տեսնում էր կնոջը ստորադասելու, թանգարան, պատմություն ջարդուփշուր անելու ֆունդամենտալ հետադիմական գաղափարներում։ Իսկ սա՝ իրարամերժ գաղափարախոսությունների անհնարինությունը, գրեթե բոլոր հեղափոխությունների ողբերգությունն է և գիտաֆանտաստիկ գրականության հատկապես պատմաքաղաքական և սպեկուլատիվ ենթաժանրերում հաճախակի շոշափվող թեմա։

Պատասխան.

Որովհետև Հայաստանում ապագայակենտրոն գրականությունը կա՛մ արդեն մեկ դարից ավելի է, ինչ ենթարկվում է գրաքննական սաբոտաժի՝ Ստալինյան տեռորներից կամ նույնիսկ դրանից առաջ ցարական Ռուսաստանի «Կարմիր Թանաքի»-ց ի վեր, կա՛մ լուռ անտեսվում, կորում-գնում է՝ ի դեմս եղած եզակի հեղինակների[12]։

Ֆուտուրիզմը Հայաստանում Իտալական զեղումներից առաջադեմ էր, քանի որ Սովետական Ֆուտուրիզմը Մարինետիից վերցրեց միայն այն ինչ իրեն պետք էր. այսինքն ֆաշիզմից և կնոջ մարմնի նկատմամբ դեմոնիզացիայից բացի գրեթե ամեն ինչ։  Մերոնց Ֆուտուրիզմը դեմ էր պատերազմներին ու մարդկային վայրագությանը։ Եվ թեպետ մեզ մոտ այն ուներ կոմունիստական հիմք, բայցև ձևավորվեց առավել գրական ու փիլիսոփակայական գաղափարների վրա։ Մայակովսկին, սովետական գրական ֆուտուրիզմի ամենակարկառուն դեմքը, հնի նկատմամբ իր քամահրանքն արտահայտում է նույն կերպ, ինչ քիչ անց դա անում է Չարենցը։ Մեկը փորձում է Պուշկինին ու Դոստոյեվսկուն մոդեռնիզմի նավից դուրս շպրտել, Մարինետիի հետ միասին, որովհետև այլևս չկան սրբություններ, մյուսը՝ ներկա հայ թոքախտավոր բանաստեղծությունն ախտահանել, զտել շինծու բարեպաշտությունից ու պաթետիկ հայրենասիրությունից։

Այս ամենը բոլշևիկ կոմիսարների սրտով չէր, հետևաբար Ռուսական ֆուտուրիզմը 1910 – 1920-ը հազիվ գոյատևելուց հետո գնում է բոլշևիկների ձեռքով։ Հայաստանում նույնպես Ֆուտուրիզմն ունենում է կարճատև կայծկլտոց, որի ընթացքում հայ գրական գոլ տիրույթում Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովի ու Ազատ Վշտունու հետ միասին բացում է ժամանակավոր օդանցք դեպի դուրս։ Հայկական ժամանակից ու տարածքից դուրս։ Գերտեղայնացված, կենտրոնացած ներկա-անցյալից դեպի համամարդկային ապագա։

Ահա թե որն է Ֆուտուրիզմի ու գիտական ֆանտաստիկայի կապը. տարածաժամանակային գերտեղայնացումից ազատագրումը,  ավելի մեծ ոսպնյակով աշխարհին նայելու մոլուցքը։ Ապագան բոլորինն է,  ապագայի լեզուն՝ համամարդկային։ Եվ ոչ ոք ժամանակին դա այդքան լավ չէր հասկանում, որքան Չարենցը, որին, սպեկուլատիվ գրականության լավագույն ավանդույթներից ոգեշնչված, հաջորդ հոդվածում կտեղափոխենք 1930-ականների ԱՄՆ՝ տարածաժամանակային պորտալով ներկա, անցյալ ու ապագա գրաքննության զոհերի հետ ոդիսականի, որովհետև գիտական ֆանտաստիկայի շրջանակներում կարելի է ոչ միայն տեսնել ապագան, այլև վերաձևակերպել ու վերապրել այլընտրանքային անցյալը։

[1] Եղիշե Չարենցն իր ֆուտուրիստական «Երեքի դեկլրացիա»-ից հետո ստեղծված գրական թոհուբոհին անդրադառնալիս։

[2] Այսպես էին կոչում ռոբոտներին, քանի դեռ չեխ գրող Կարել Չապեկը «ռոբոտ» բառը չէր հորինել։

[3] Գնդացիրի հանած ձայնից ոգեշնչված Մարինետիի անոմատոպեիկ պոեզիան։ Zang-tumb-tumb` ամենայն հավանականությամբ թարգմանաբար՝ «Տը-Տը-Տը»։

[4] Չինացի բժիշկ-գրող Լու Շիի «Նոր Չինաստան» վեպում։

[5] Հ.Ջ. Ուելսի «Երբ քնածը արթնանա» վեպում։

[6] «Le Voyage dans la Lune», սև-սպիտակ համր ֆիլմ, 1902 թիվ։

[7] Համապատասխանաբար՝ Հունական դիցաբանություն, Նորդիկ դիցաբանություն, Հռոմի պատմություն, «Սամվել», «Հարրի Փոթեր», «Գահերի խաղը», «Պրոմեթևս»։

[8] https://arteref.com/movimentos/como-os-futuristas-usaram-a-arte-para-alimentar-o-fascismo/

[9] Այդ մեկն իր կյանքի քսանվեց տարվա ընթացքում արդեն հասցրել էր տարրական դպրոցում որպես ուսուցիչ աշխատել, իտալական բանակում ծառայությունից թռնել Շվեյցարիա, սոցիալիստական ամսագրերում կատաղի հեղափոխական կոչեր անել հեռվից, մի քանի անգամ բանտարկվել, դեպորտի ենթարկվել հետ՝ սեփական Իտալիա և վերջապես ստիպված ծառայել իտալական բանակում՝ դասալիք լինելու պատժից խուսափելու համար։

[10] playlette

[11] Արվեստի մյուս ճյուղերում, շնորհակալաբար, ֆուտուրիստական սուբյեկտիվ անարխիստական մոտիվները ստեղծել են դինամիկ շարժի, անկեղծության և արդի կյանքի նմուշներ. դարասկզբի կառուցողականությունը ճարտարապետության մեջ Արտ Դեկոյից, Արտ Մոդեռնից կվերաձևակերպվի Նեո-ֆուտուրիզմի՝ Բլոբ Ճարտարապետության և Բարձր Տեխնոլոգիաների  Ճարտարապետության՝ ունենալով ներկա գիտական առաջընթացը՝ ապագայի տեսլականով։ Այսքանով Ֆուտուրիստական շենքերը ժամանակի գիտաֆանտաստիկ գրականության ճարտարապետական նկարագրերին չէին զիջում։ Գեղարվեստում Նեո-իմպրեսիոնիզմի, Կուբբիզմի, Վորտիսիզմի մոդեռնիստական դրսևորումները մի կողմից կկազմաքանդեն անցյալի կարգերը, մյուսից՝ տարածաժամանակային նոր դրոշմով կդաջեն ներկան, որը անցյալանում էր հենց գործի ստեղծման պահից՝ ստեղծելով անընդմեջ ապագայապաշտ պրովոկացիոն աղմուկ։

[12] Օրինակ՝ Կ. Սիմոնյան, Ա. Շայբո

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *