Ջոյ Հարջոն (Joy Harjo) ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից է: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բնիկ ամերիկացի (Մասկոգի/Քրիք) դափնեկիր բանաստեղծն է (Poet Laureate): Զբաղեցնելով այդ պաշտոնը երեք ժամկետ անընդմեջ (2019–2022 թթ.)՝ Հարջոն նախաձեռնել է «Ապրող ժողովուրդներ, ապրող բառեր» նախագիծը՝ ստեղծելով բնիկ ամերիկացի հեղինակների թվային քարտեզն ու ձայնային արխիվը: Ստեղծագործական աշխարհի հիմքում բնիկ ժողովուրդների հավաքական հիշողությունն է և տիեզերական փոխկապակցվածությունը, պատմական անարդարությունը, ինքնության որոնումը, կանանց դիմադրողականությունն ու ժամանակակից քաղաքային կյանքի մարտահրավերները: Ունի բանաստեղծությունների տասնմեկ ժողովածու («Ամերիկյան արշալույս», «Հակամարտությունների հանգուցալուծում սուրբ էակների համար», «Գիժ սիրո և պատերազմի մեջ» և այլն), երեք մանկական գիրք և երկու հուշագրություն («Խենթ խիզախ», «Պոետ ռազմիկ»): Ամենաառանցքային ժողովածուներից են «Ամերիկյան արշալույս», «Հակամարտությունների հանգուցալուծում սուրբ էակների համար» գրքերը: Հարջոն նաև սաքսոֆոնահար և սրնգահար է և ունի երաժշտական ալբոմներ ու մրցանակներ: Ապրում է Օկլահոմայի Մասկոգի Ռեզերվացիայում:
Գաղտնիքներ աշխարհի կենտրոնից
(հատվածներ)
Այս հողը դեղնակավի ու թրծված ավազի մի պոեմ է, որ երբեք չէի կարող գրել, եթե թուղթը երկնքի նշխարը չլիներ, իսկ թանաքը՝ վայրի ձիերի ընդհատվող շարքը, որ երերում է հորիզոնում՝ մի քանի մղոն հեռու: Բայց նույնիսկ այդ դեպքում, մի՞թե որևէ գրվածք երբևէ նշանակություն ունի երկրի, քամու կամ երկնքի համար։
Եթե բոլոր իրադարձությունները փոխկապակցված են, ապա ի՞նչ պատմություն են կերտում Հավայան կղզիներում ժայթքող հրաբուխը, Գելափի [1] մոտ կնոջ երկրորդ որդու ծնունդն ու առասպելական հրեշի զայրույթից արարված այս հողե ուսոսկրը: Հարևանությամբ երկնաքար է ընկնում: Ինչ-որ մեկը հայտնագործում է աերոդինամիկան, թևեր շինում: Պատասխանը սլացող քամու պես է՝ պարզ հավատ։
Ամառային փոթորիկը բացահայտում է այն տեղը, ուր երազներ են տեսնում արջերը: Բայց դու չես կարող տեսնել ձկների ու հատապտուղների մասին նրանց փրչոտ երազները, ոչ էլ արջերի գոյության ապացույց հանդիսացող հողային նշաններ, ոչ էլ ընդհանրապես որևէ արջ: Ողողված պարարտ հողում, ճյուղավորված ջրերում և համբերատար քարերի հետ տարածքը կիսող ցանկապատի գծում բացահայտվում է հնարավորությունն այն ամենի, ինչը դու չես կարող տեսնել:
Խոսող ծառը
Մի գեղեցիկ երազ տեսա. պարում էի ծառի հետ։ — Սանդրա Սիսներոս
Այս երկրի վրա կան բաներ, որ անասելի են.
Կոտրվածների տոհմաբանությունը —
Նախճիրից հետո տերևներ թելող ամոթխած քամին,
Կամ սուրճի բույրը, երբ ոչ ոք չկա —
Մարդիկ ասում են` ծառերը զգայունակ չեն,
Բայց նրանք պոեզիա չեն հասկանում —
Ոչ էլ կարող են լսել ծառերի երգը, երբ նրանք սնվում են
Զեփյուռով կամ ջրի երաժշտությամբ —
Կամ լսել նրանց տառապանքի ճիչերը, երբ կոտրված են ու զուրկ —
Իսկ ես կին եմ, որ տենչում է ծառ դառնալ՝ տնկված խոնավ, մութ հողում
Արևածագի ու արևամուտի միջև —
Չեմ կարող քայլել բոլոր աշխարհներով —
Կրում եմ մի կարոտ, որ անկարող եմ միայնակ տանել խավարում —
Ի՞նչ անեմ սրտի այս ամբողջ ցավի հետ։
Ծառի խորարմատ երազանքն է քայլել
Թեկուզ մի փոքր ճամփա դռան շեմի մոտից —
Մինչև կյանքի գետի ափն ու ըմպել —
Ես լսել եմ ծառերի խոսակցությունը, արևի մայր մտնելուց շատ հետո.
Պատկերացրեք՝ ինչ կզգայինք իրար մոտ պարելիս
Ջրի ու գիտելիքի այս երկրում…
Խորն ըմպելով այն, ինչն անըմպելի է։
Զրույց արևի հետ
Ես հավատում եմ արևին։
Վախի, ագահության և մոռացության մարդկային ձախողումների
թնջուկում արևն ինձ հստակություն է տալիս։
Երբ հետազոտողներն առաջին անգամ հանդիպեցին իմ ժողովրդին,
նրանք մեզ անվանեցին հեթանոսներ, արևապաշտներ։
Նրանք չէին հասկանում, որ արևը մեր ազգականն է և
լուսավորում է մեր ուղին այս երկրի վրա։
Ողջ գիշեր շուրջպար բռնելուց հետո հասկանում ենք, որ մի մասն ենք
մեր գլխավերևում մեզ հետ պարող աստղերի ու մոլորակների ավելի մեծ իմաստի:
Երբ արևը ծագում է արարողության կիզակետին, մենք նորոգվում ենք։
Այս կապը չճանաչել հնարավոր չէ, թեև ճանապարհի մյուս կողմում երևի Walmart-ն է:
Մարդիկ խոցելի են և ապավինում են երկրի ու արևի բարությանը.
մենք գոյություն ունենք միասին՝ իմաստի սրբազան դաշտում։
Մեր երկիրը տեղաշարժվում է։ Բոլորս տեսնում ենք դա։
Իմ Ինուիտ և Յուպիկ [2] ազգականները հյուսիսից ասում են,
որ ամեն ինչ փոխվել է։ Այնքան շոգ է. ձմեռը բավարար չէ։
Կենդանիները շփոթված են։ Սառույցը հալվում է։
Քվանտային ֆիզիկոսները ճիշտ են. նրանք սկսում են մտածել հնդկացիների պես. ամեն ինչ դինամիկ կերպով մերձորեն փոխկապակցված է:
Երբ հիշում ես սա, երկրի ներկա վարանումն իմաստ է ստանում։
Էլ որքա՞ն նավթ կարելի է քամել
Առանց փոխարինման, առանց փոխադարձման։
Թայմս հրապարակի հարևանությամբ գտնվող հյուրանոցի սենյակից դուրս եկա արշալույսին՝ արևը գտնելու։ Իմ չորրորդ թոռնուհու ծննդյան չորրորդ առավոտն էր։ Սա այն առավոտն էր, երբ ես պետք է նրան ներկայացնեի արևին՝ որպես ազգականի, որպես մեզնից մեկը։ Դեռ մութ էր, ամպամած, երբ քայլում էի Թայմս հրապարակով: Ես կանգնած էի բազմազգային կորպորացիաների խորհրդանիշները կրող շողափայլից ու նեոնից շինված 21-րդ դարի մի տոտեմային սյունի տակ։
Արևը բարձրացավ քաղաքի վրա, բայց անձրևի միջից այն չէր երևում։
Թեև տանը չէի, որ բարուրեի երեխային ու գրկած դուրս տանեի, ես գրկած տանում էի այս նորածին աղջկան իմ սրտի օրորատախտակում։ Ես նրան բարձրացրեցի ու ներկայացրեցի արևին, որպեսզի նա ճանաչվի որպես ազգական,
Որպեսզի նա չմոռանա այս կապը, այս խոստումը,
Որպեսզի մենք բոլորս հիշենք կյանքի սրբազանությունը։
[1] Քաղաք Նյու Մեքսիկո նահանգում` հիմնականում բնիկ Ամերիկացի բնակչությամբ
[2] Էսկիմո-Ալեուտ լեզվախմբի լեզուներով խոսող հյուսիսային ցեղեր: Ինուիտներն ապրում են Կանադայում, Գրենլանդիայում և հյուսիսային Ալյասկայում, իսկ Յուպիկները Սիբիրում և հարավ-արևմտյան Ալյասկայում
Թարգմանությունը անգլերենից՝՝ Մերի Պողոսյանի



