Գառնիկ Գալստյան | Ժամադրություն

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ես ամեն օր ժամադրություն ունեմ ինքս ինձ հետ…

Երբ առօրյա աղմուկը քնում է լուսնի օրորի տակ,
Ես մտնում եմ իմ հոգին՝
Թանգարան մտնողի երկյուղածությամբ
Եվ հուշերիս ու երազանքներիս դռներն եմ բացում:

Ես իմ ծնված օրվա զուլալ առավոտն եմ գտնում
Ու լվացվում նրանով,
Ես իմ խաղընկեր առվակների հետ վազվզում եմ
Եվ իմ մանկության փշրված ծիծաղն եմ հավաքում:

Ես շտկում եմ իմ երիտասարդության ծալված թևերը:

Հոգուս ծալքերում, ինչպես հնօրյա ալբոմի մեջ՝
Չորացած ժպիտի թերթեր եմ հայտնաբերում
Ու նրանց զմռսված բույրից
Վերստեղծում այն մեղավոր գարունների կենսագրությունը…

Հետո ես փակ աչքերով սուզվում եմ իմ մեջ
Ու լսում ա՛յն երկրի բաբախյունը,
Որն իմ սրտի ձևն ունի:
Ես ականջներիս մեջ ուզում եմ պահել
Նրա կատարների տիեզերանվագ լռությունը,
Բայց նրա համբերատար ժայռերի ճիչն է պայթում իմ մեջ,
Եվ ես արցունքներովս ասեղնագործում եմ
Նրա նրբահյուս վերջալույսները:
Ես գլխահակ կանգնում եմ իմ մեջ բացված շիրիմների առջև,
Ու այդ երկրի համար ընկածների վրա
Հասակիս հուշարձանն է խոնահվում,
Եվ արյունս դառնում հիշատակի մորմոքուն կրակ:

Ես անհետանալու վտանգի տակ գտնվող ազգերին
Արձանագրում եմ սրտիս կարմիր գրքի մեջ,
Որովհետև պետությունների կարմիր մատյանները
Վաղուց ծայրեիծայր լցված են
Միայն հազվագյուտ սողունների ու միջատների անուններով…

Ես փորձում եմ հոգուս մեջ մի ապահով անկյուն գտնել
Պաշտպանելու մարդուն՝
Ժպիտով ծպտված քաղաղագետներից
Ու ժողովրդավարություն բեմադրող արքաներից:

Ես մանկան պես լողացնում եմ մարդուն,
Նրան մաքրում ներքուստ՝
Ֆանատիզմի թույնից,
Նախապաշարումների մշուշից
Եվ դասագրքերի, լրագրերի, հեռուստացույցի միջոցով
Նրա մեջ ծրագրված կարծիքներից ու համոզումներից,

Ես մի պահ զրույցի եմ նստում այն բոլոր լավ մարդկանց հետ
Որոնց հանդիպել եմ թեկուզ մի վայրկյան
Ռուսական տափաստաններից մինչև Խաղաղականի ափերը,
Նրանց հետ, ովքեր չգիտեն, որ իրենց շնորհիվ է աշխարհը դեռ կանգուն:

Ես… բայց ո՜ր մեկն ասեմ:

Ու երբ կանչում են ինձ այդ պահերին կամ հեռաձայնում,
Ես պատասխանում եմ.
«Մի՛ խանգարեք, ես հիմա ժամադրվա՛ծ եմ աշխարհի հետ»:

 

ԻՄ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն օր սովորություն ունեմ նստելու
Իմ գահի վրա՝ կոճղին,
Դիտելու իմ տերությունը՝ իմ պարտեզը
Եվ ինքս ինձ զգալու խաղաղության արքա:

Որքա՜ն հեշտ է չափել տերությանս սահմանները,
(Հազիվ երեսուն քայլ՝ երջանիկ մարդու մեծ քայլերով)
Ուր սահմանապահ են կարգված մանուշակները,
Իսկ վարդենիների կայազորը հսկում է մուտքը,
Որ ոչ ոք ներս չմտնի առանց թաթախվելու իրենց բույրով…

Օդուժս՝ թիթեռնիկնե՛ր,
Որոնք հյուլէական… երազանք ու քնքշանք են սփռում,
Եվ մեղուներս՝ ռազմական ուղղաթիռներ,
Որոնք նշան են բռնում միայն ծաղիկներին,
Եվ թռչուններ փոքրիկ, որոնք թփերում
Իրենց կարոտի գնդացիրն են լարել…
Եվ ծիծեռնակներ,
Որոնք հրճվանքի արկեր են տեղում տանիքներից:

Դրոշակս՝ փոքրիկ խնձորենիս,
Որի առջև ամեն առավոտ
Ետևի ոտքերին կանգնած՝ սկյուռներն են պատվի առնում:

Օրենսգիրքն այստեղ գրված է ծաղիկներով ու խոտերով՝
Սևահողի վրա,
Ու կնքված՝ արևի համբույրով:

Ես իմ գահին նստած՝ տուրք եմ հավաքում
Իմ կանաչ հպատակներից,
Հոգուս տարածի չափ՝ անդորր,
Սիրտս թրծելու չափ՝ ժպիտ,
Եվ երջանկության նավիս առագաստին՝
մաքուր ու խոր շնչառություն…

Իսկ այս պետության հի՞մնը… լռությու՛նն է՝
Աստծո ձայնը, որից բարձրը չկա՛:

Դուք իմ պետության չափերից մի՛ խաբվեք.
Ինչպես տեսնում եք,
Իմը մյուս պետություններից բոլորովին չի տարբերվում:

 

ԱՄՊԵՐ

Լուռ նայում եմ ես
Ամպերին նավող
Ու մտքով խաղում նրանց հետ ինչպես
Երեխան՝ կավով:

1.
Այս փոքրիկ ամպից
Ես աղավնի եմ քանդակում անբիծ,
Կտցին՝ ձիթենու բողբոջը լուսե,
Թռցնում նրան միամտաբար
Կայծակի արնոտ շեղբով զինավառ
Ուրուր ամպերի հորդայի մեջ սև…
Ես արդարության պահանջագիր եմ ջրդեղում հետո
Ամպից այդ խղճուկ,
Ստորագրում զայրալից շանթով
Ու երկնքի շիլ ա՛չքը մխրճում…

2.
Ես մորուքներ եմ ամպերից սարքում
Ու երկրների ղեկավարներին բաժանում ձրի…
Ասում են՝ ճերմակ մորուքն է տալիս մաքրություն՝
հոգուն
Եվ իմաստնություն՝ մարդկանց գործերին:

3.
Ժպտուն ամպերը առագաստներ եմ դարձնում լուսավոր
Ու լողում բախտիս հովերին հլու՝
Գտնելու անհայտ ափեր՝ իմ նավով,
Բայց ոչ թե դրանք շահագործելու և յուրացնելու,
Այլ երջանկության թարմաբույր մի հով լոկ ներածելու
Եվ հեռանալու՝ միմիայն սիրո ոսկով բեռնավոր…

4.
Ամպերից էջ եմ ձևում վիթխարի,
Որ ես ամենից անհրաժե՛շտ խոսքը,
Որ ես ամենից ճշմարի՛տ խոսքը
գրեմ աշխարհի,
Գրեմ այն, ինչ որ ոչ ոք չի գրի,
Որ կարդան մարդիկ ողջ մոլորակի՝
Հեռուստացույցի պատրանքին գերի,
Կամ որոճացող թերթ ու լրագիր…

5.
Ամպերն իրար եմ սեղմում ես հետո,
Եվ սարքած այսպես ջնջոց մի հսկա՝
Սահեցնում երկրի մակերևույթով,
Ջնջելով այն, ինչ եղե՛լ է ու կա՛…
Մաքրում եմ ես թուղթն այս մոլորակի՝
Նո՛ր ներշնչանքի
Եվ արարչության համար իսկական:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *