Այս և հաջորդող հոդվածներն այժմ հրապարակում եմ հանգուցյալ բարեկամիս թողած ժառանգությունից։ Այդ հոդվածներից առաջինը, ըստ իս, կօգնի նրան ընկերներ ձեռք բերել ֆրանսիացիների շրջանում՝ հօգուտ իր փարիզյան ձեռնարկման, մինչդեռ մյուսները, ընդհակառակը, բխում են փարիզցիների բնավորության և կյանքի հույժ տհաճ կողմերից։
Փառաբանենք ջանադրությունն այն նշանավոր արվեստագետների, որոնք ստանձնեցին մերազնյա կոմպոզիտորների գլուխգործոցների հանրահռչակման պատվական գործը։ Շնորհիվ նրանց գերմանական երաժշտության ամենից հանճարեղ ստեղծագործություններն այլևս անհայտ չեն փարիզյան հանրությանը, ստեղծագործություններ, որոնց վայելուչ կատարումը, ինչպես և սպասվում էր, ընդունվեց մեծագույն խանդավառությամբ։
Արդ, սկսում են վերանալ պատնեշները, որոնք, գուցե և կոչված են հավիտենաբար բաժանելու ազգերին, այդուամենայնիվ, չպետք է բաժանեն սրանց արվեստները։ Սակայն այն էլ ասենք, որ Ֆրանսիայում օտարամուտ ներկայացումները հանդիպում են պակաս ներողամիտ դատավորների և առավել անբարենպաստ նախապաշարմունքների, քան Գերմանիայում, որտեղ մարդ հիանում է արտասովոր համբավով կամ աշխատում է առավել հորդեռանդորեն, քան հարկ է՝ որոշակի ինքնուրույնություն պահպանելուն ի խնդիր։
Տարբերությունն այն է, որ գերմանացին, անկարող լինելով նորաձևություն առաջ բերել, անվարանորեն ընդունում է դրսեկը. այսու նա կուրորեն զոհաբերում է իր բնազդն ու ընդածին դատողականությունն օտար ազդեցությանը։ Սակայն այս նախատինքն ուղղված է միայն գերմանական հասարակության լայն զանգվածին, քանզի երբեմն պատահում է, որ այս ընդհանուր քամահրանքից զայրագունած մեր պրոֆեսիոնալ արվեստագետները դիրքորոշում են ընդունում, որը չափազանց ուղղակիորեն հակասում է հասարակաց կարծիքին, և դատապարտելի հայրենասիրության չափազանց մեծ զգացմամբ արժանի են օտարերկրացիների կողմից մեղադրվելու կողմնակալության և անարդարության մեջ։ Ֆրանսիայում ճիշտ հակառակն է։ Ֆրանսիական հասարակության լայն զանգվածը լիովին գոհ է իր ազգային արտադրանքից և ամենևին չի ցանկանում իր ճաշակն ընդլայնել։ Սակայն [երաժշտասերների] առավել բարձր դասն ավելի զգայուն է օտարի արժանիքները ճանաչելու հարցում․ նրանք սիրում են ոգևորությամբ հիանալ այն գեղեցիկով և անհայտով, որը նրանց է հասնում արտասահմանից։ Այս մասին հստակ վկայում է այն ոգևորյալ ընդունելությունը, որին այդքան արագ արժանացավ գերմանական գործիքային երաժշտությունը։ Սակայն արդյոք կարելի՞ է, այնուամենայնիվ, ասել, որ ֆրանսիացին կատարելապես հասկանում է գերմանական երաժշտությունը. սա այլ հարց է, որի պատասխանը պետք է կասկածելի լինի։ Թեև անհնար կլիներ պնդել, որ Կոնսերվատորիայի նվագախմբի կողմից Բեթհովենի սիմֆոնիայի վարպետորեն կատարմամբ առաջացած ոգևորությունը կեղծ է, բայց և այնպես, բավարար կլիներ լսել այս կամ այն խանդավառ ունդկնդրի պատկերացումները, ըմբռնումներն ու երևակայությունները, որոնք նրա մեջ առաջացել են հարդյունս այդօրինակ սիմֆոնիայի ունկնդրության, որպեսզի անմիջապես հասկանանք, որ գերմանական հանճարը դեռևս լիովին հասկանալի չէ։ Ուրեմն, առավել մանրախույզ հայացք նետենք Գերմանիային և նրա երաժշտության դրությանը, որպեսզի առավել հստակորեն ցուցանենք, թե ինչպես պետք է այն ըմբռնել։
Մի ժամանակ ասում էին, որ իտալացին երաժշտությունն օգտագործում է սիրո համար, ֆրանսիացին՝ հասարակաց [հավաքույթների] (Gesellschaft), իսկ գերմանացին այն կիրառում է որպես գիտություն։ Թերևս, ավելի լավ ձևակերպում կարող է լինել հետևյալը. իտալացին երգիչ է, ֆրանսիացին՝ վիրտուոզ, գերմանացին՝ երաժիշտ։ Հիրավի միայն գերմանացին իրավունք ունի երաժիշտ հորջորջվելու, զի անհերքելի է, որ նա սիրում է երաժշտությունն իր իսկ համար, ի պատճառս սրա աստվածային և սքանչելի էության։ Նա երկրպագում և կատարելապես անձնատուր է լինում երաժշտությանը։ Գերմանացին ընդունակ է երաժշտություն գրել միայն իր և իր ընկերների համար՝ բացարձակապես անտարբեր լինելով, թե արդյոք այն երբևէ պետք է կատարվի և լսվի հրապարակավ։ Սեփական արտադրանքով փայլելու ցանկությունը հազվադեպ է տիրում գերմանացիներին. շատոնք անգամ չգիտեն՝ որտեղից սկսել։ Ինչպիսի՞ լսարանի համար պետք է նա ելույթ ունենա։ Նրա հայրենիքը բաժանված է մի շարք թագավորությունների, կայսրընտիր շրջանների, դքսությունների և ազատ կայսերական քաղաքների։ Նա կարող է ապրել դքսության գավառական քաղաքում։ Նրա մտքով անգամ չի անցնում այս գավառական քաղաքում անուն և համբավ ձեռք բերելը, քանզի այնտեղ նույնիսկ լսարան չկա։ Եթե նա իսկապես հավակնություններ ունի կամ ստիպված է իր ապրուստը վաստակել իր երաժշտությամբ, ապա նա գնում է իր դքսի նստավայր։ Բայց այս փոքրիկ նստավայրում արդեն կան հոգնաթիվ փորձառու երաժիշտներ, այսու նրա համար դժվար է դառնում առաջ գնալը։ Վերջապես, նա կարողանում է հաջողության հասնել։ Նրա երաժշտությունը հաջող ընդունելություն է գտնում, բայց դրկից դքսությունում նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտե, ուստի ինչպե՞ս նա պետք է անուն ձեռք բերի Գերմանիայում։ Նա փորձում է, հընթացս որի ալևորվում և վախճանվում, նրան դամբանում են, և նրա բերանն այլևս չի հիշեցնում իր մասին։
Սա պատմությունն է հարյուրավոր մարդոց. ուրեմն ի՞նչ զարմանալի է, որ բյուրավորներն անգամ չեն մտածում երաժիշտ դառնալու մասին։ Նրանք նախընտրում են արհեստով զբաղվել՝ ապրուստ վաստակելու և իրենց պարապ ժամանակը երաժշտությանը նվիրելու, այն վայելելու, այն կատարելագործելու, այլ ոչ թե դրանով փայլելու համար։ Եվ մի՞թե կարծում եք, որ նրանք միայն արհեստավորական երաժշտություն են ստեղծում։ Ա՜խ, ո՛չ։ Մի ձմեռային երեկո գնացեք և լսեք նրանց իրենց փոքր սենյակում։ Այնտեղ հայրը նստած է իր երեք որդիների հետ կլոր սեղանի շուրջ։ Երկուսը ջութակ են նվագում, երրորդը՝ ալտ, հայրը՝ թավջութակ։ Այն, ինչ դուք լսում եք այդքան նրբագեղ և մտերմիկ կատարմամբ, քառյակ է, որը կազմված է այն կարճլիկ մարդու կողմից, որ նստած չափ է տալիս։ Նա հարևան գյուղակի դպրոցի ուսուցիչն է, և դուք չեք ժխտի, որ նրա աշխատանքները շնչում են արվեստի նրբին ըմբռնմամբ։ Դարձեք և լսեք այդ երաժշտությունն այդտեղ՝ այդ կոմպոզիտորի կատարմամբ, և դուք արտասվելու աստիճան կհուզվեք, իսկ երաժշտությունը կսողոսկի ձեր հոգու խորունկ խորուտքները․ դուք կիմանաք՝ ինչ ասել է գերմանական երաժշտություն, կզգաք, թե ինչ է գերմանական ոգին։ Այստեղ, խոսքը այս կամ այն վիրտուոզին այս կամ այն փայլուն հատվածով բարձր գնահատականի արժանանալու հնարավորություն ընձեռելու մասին չէր։ Ամեն ինչ մաքուր է և անմեղ, այդու՝ ազնիվ ու վեհ։ Բայց այս հիանալի երաժիշտներին կանգնեցրեք մեծ լսարանի առջև, փայլուն սրահում, նրանք այլևս նույնը չեն. նրանց ամաչկոտությունը կխանգարի աչքերը գետնից վեր հառել. նրանք կսկսեն անհանգստանալ և վախենալ, որ չեն կարողանա հագուրդ տալ ձեր պահանջներին։
շարունակելի․․․
Թարգմանությունը գերմաներենից՝ Սահակ Գալոյանի

