Գի Դը Մոպասան | Պիեռո

Տիկին Լեֆեվրը գյուղում ապրող այրի էր, այն կիսագեղջուկ կանանցից, որոնք կրում են ժապավեններ և անճաշակ գլխարկներ, այն կանանցից, որոնք սեթևեթում են խոսելիս, հասարակության մեջ երևում են հոյակապ կեցվածքով՝ թաքցնելով իրենց անմշակ ու հավակնոտ հոգին ծիծաղելի և գունագեղ արտաքինի տակ, ինչպես թաքցնում են իրենց կարմիր կոպիտ ձեռքերը կոշտ մետաքսե ձեռնոցներով: Նրա աղախինը՝ Ռոզը, ազնիվ պարզ գեղջկուհի էր: Երկուսով ապրում էին կանաչ պատուհաններով փոքրիկ տանը՝ Նորմանդիայում՝ Կո երկրամասի կենտրոնում:
Տան առջևում ունեին փոքրիկ այգի, որտեղ մի քանի բանջարեղեն էին մշակում: Մի գիշեր Տիկին Լեֆեվրի տանը գողություն եղավ. տասներկու սոխ էին գողացել: Հենց որ Ռոզը նկատեց գողությունը, վազքով գնաց զգուշացնելու տանտիրուհուն, որը բրդյա կիսաշրջազգեստով վար իջավ:
Իրական սարսափ էր. գողություն էր եղել Տիկին Լեֆեվրի տանը, կնշանակի՝ երկրում գողություն էին անում, և կարող էին վերադառնալ: Երկուսով զննում էին ոտնահետքերը, զրուցում, ինչ-ինչ ենթադրություններ անում. «Այստեղով են անցել. պատի վրայով թռել են մարգի վրա»:
Սարսափում էին եկող օրերի համար: Այլևս հանգիստ չէին քնի: Գողության լուրը տարածվեց քաղաքով մեկ: Հարևանները եկան, ամեն մարդ իր հերթին կարծիք տվեց, իսկ կանայք ամեն նոր եկողի հետ կիսվում էին իրենց մտքերով: Մոտ ապրող մի ագարակատեր խորհուրդ տվեց.
«Շուն պահեք»: Աստված վկա, իսկապես պիտի շուն պահեին, որը կհաչար հենց միայն արթնացնելու համար: Ոչ շատ մեծ շուն, թե չէ լրիվ կվերացներ իրենց հասանելիք սնունդը: Փոքրիկ շուն, որոնց Նորմանդիայում quin են ասում, որը միայն հաչել գիտի: Հենց բոլորը գնացին, Տիկին Լեֆեվրը երկար մտածեց շուն պահելու մասին: Նա հազար ու մի առարկություն էր բերում՝ սարսափած շան համար նախատեսված ամանից, որը մեջ միշտ կերակուր պիտի լիներ. նա պատկանում էր գեղջուկ կանանց կծծի դասին, ովքեր գրպանում միշտ ցենտեր են պահում՝ ցուցադրաբար ողորմություն տալու համար փողոցում հանդիպող աղքատներին կամ մասնակցելու եկեղեցու կիրակնօրյա դրամահավաքին:
Ռոզը, որ այդքան սիրում էր կենդանիներին, իր փաստարկները հմտորեն ներկայացրեց: Որոշվեց, որ շուն էին պահելու, մի փոքրիկ շուն: Սկսեցին փնտրել, բայց միայն մեծ շներ էին հանդիպում, այնպիսիները, որոնք կուլ կտային ապուրը մի շնչով: Ռոլեվիլի նպարավաճառն ուներ մի շուն, բայց պահանջում էր, որ վճարեն երկու ֆրանկ՝ շանը պահելու ծախսերը հոգալու համար: Տիկին Լեֆեվրը հայտարարեց, որ պատրաստ էր կերակրել փոքրիկ շնիկի, բայց հաստատ չէր գնի:
Հացավաճառը, որ տեղյակ էր անցուդարձից, իր իսկ մեքենայով մի առավոտ բերեց փոքր դեղին շուն, գրեթե առանց թաթերի՝ կոկորդիլոսի մարմնով, աղվեսի գլխով, պոչն էլ՝ իսկական փետրափունջ՝ իր ողջ մարմնի մեծությամբ: Մի հաճախորդ ուզել էր ազատվել կենդանուց: Տիկին Լեֆեվրին դուր եկավ այս զազրելի շնիկը, որը գրեթե արժեք չուներ: Ռոզը համբուրեց կենդանուն, հետո հարցրեց անունը. Պիեռո: Պիեռոյին տեղավորեցին օճառի հին արկղի մեջ, այնուհետև ջուր տվին խմելու: Խմեց: Մի կտոր հաց էլ տվին. կերավ: Տիկին Լեֆեվրը, որ արդեն անհանգստանում էր, գլխով մի միտք անցկացրեց. երբ արդեն վարժվի տանը, նրան ազատ թողնենք. ուտելու բան կճարի քաղաքում թափառելով: Նրան իրապես ազատ թողեցին, ինչը չխանգարեց սոված մնալուն:
Պիեռոն հաչում էր միմիայն օրվա կերակուրը պահանջելիս, այն էլ՝ ինչ ուժգին էր հաչում: Բոլորի մուտքն այգի թույլատրված էր, իսկ շունն ամեն նոր եկողին մոտենում էր, որ իրեն շոյեն և բացարձակ լուռ մնում:
Տիկին Լեֆեվրը սովորել էր կենդանուն, նույնիսկ սկսել էր սիրել նրան՝ իր ֆրիկո ճաշի սոուսի մեջ թաթախված հացից բաժին հանելով շանը: Նա վայրկյան անգամ չէր մտածել, թե որքան հարկ պիտի վճարի, և երբ հայտնեցին ութ ֆրանկի մասին, քիչ մնաց՝ ուշաթափվեր. ՈՒԹ ֆրանկ այս քոսոտ շան համար, որն առանձապես հաչել էր չգիտեր:
Անմիջապես որոշվեց, որ Պիեռոյից ազատվելու էին, սակայն մոտակայքում ապրողները հրաժարվեցին նրան պահել: Մնում էր միայն նետել կրակավով լեցուն հանքահորը:
Այդ էր ճակատագիրը այն բոլոր շների, որոնցից ցանկանում էին ազատվել:
Մի մեծ դաշտի մեջտեղում երևում է քողտիկի նման մի բան, դե ծղոտե ցածր տանիք: Մուտքն է մի մեծ հորի, որ իջնում է քսան մետր խորությամբ հողի տակ՝ հասնելու համար հանքերի երկար շարքերի:
Տարեկան մեկ անգամ իջնում են այս փոսը, երբ հողը պիտի կրակավով պարարտացնեն:
Մնացած ժամանակ այս հորը ծառայում է որպես դատապարտված շների գերեզման: Հաճախ երբ անցնում ենք հորի կողքով, տենչագին ոռնոցներ, կատաղած ու հուսահատ հաչոցներ, աղեկտուր ձայներ են հասնում ականջիդ: Որսորդների և հովիվների շները սարսափահար փախուստ են տալիս հառաչներով լի այս փոսից: Իսկ թե կռանաս, ահավոր նեխած հոտ կառնես:
Սարսափելի դրամաներ են ավարտվում այդտեղ՝ ստվերում: Երբ մի անասուն հոգեվարքի մեջ է լինում տաս-տասներկու օր շարունակ այդ փոսի մեջ, սնվելով իրենից առաջ եկած շների կեղտոտ կերակուրի մնացորդներով, մի նոր կենդանի՝ ավելի մեծ և դիմացկուն, անմիջապես հաջորդում է: Բոլոր անասուններն այդտեղ միայնակ են՝ սովամահ ու կայծկլտուն աչքերով: Իրար հետևում են անհանգստացած, իսկ երբ սովը նրանց խեղդում է, երկարատև կատաղի պայքարից հետո ամենաուժեղը հում-հում ուտում է ամենաթույլին:
Երբ որոշվեց Պիեռոյի հետ նույն կերպ վարվել, սկսեցին կատարածու փնտրել: Մեկը, ով քաղհանում էր հողը, ծառայության համար տաս սու պահանջեց: Տիկին Լեֆեվրի համար այդ գինն անպատկերացնելի էր: Հարևանի հովիվը համաձայնում էր ի կատար ածել գործն ընդամենը հինգ սուով: Բայց Տիկին Լեֆեվրի համար այդ գումարն էլ էր շատ: Ռոզը նկատեց, որ ավելի լավ կլիներ, որ իրենք իրենց ձեռքով տանեին Պիեռոյին. այդպես ճանապարհին իր հետ կոպիտ չէին վարվի, և շունն էլ գլխի չէր լինի իր ճակատագրի մասին. Տիկին Լեֆեվրը և Ռոզը որոշեցին գիշերով ճամփա ընկնել: Այդ երեկո կենդանուն տվեցին համեղ ապուր՝ մի մատ կարագով: Մինչև վերջ կերավ, և քանի պոչն էր շարժում, Ռոզը նրան առավ իր գոգնոցի մեջ: Նրանք գնում էին մարգագետնի միջով արագ քայլերով, ավազակների նման: Շուտով նկատեցին հորանը և մոտեցան: Տիկին Լեֆեվրը կռացավ՝ լսելու արդյոք որևէ գազան չէր հառաչում: Քար լռություն. Պիեռոն միայնակ կլիներ: Այնուհետև Ռոզը լաց լինելով գրկեց Պիեռոյին և նետեց փոսը: Երկուսով ականջ դրին. լսվեց խուլ դրմփոց, վիրավորված անասունի աղեկտուր հառաչանք՝ լի ցավագին ճիչերով. շունն անհույս աղերսում էր՝ գլուխը վեր հանած: Խղճահարությունը, սարսափը, անբացատրելի վախը պատեցին Տիկին Լեֆեվրին և Ռոզին, ովքեր տեղնուտեղը փախան: Քանի որ Ռոզն ավելի արագ էր վազում, տանտիրուհին ետևից գոռում էր. «Սպասեք, Ռոզ, սպասեք»: Գիշերը լի էր սարսափելի մղձավանջներով. Տիկին Լեֆեվրը երազում տեսնում էր, ինչպես է սեղանի շուրջ նստում և ապուրի ամանը բացելով՝ տեսնում Պիեռոյին, ով ցատկում և կծում է նրան: Տիկին Լեֆեվրը քնից վեր թռավ և կարծես նորից լսեց շան հաչոցը, ականջ դրեց. ոչ, սխալվել էր: Վերստին քուն մտնելով՝ այս անգամ երազում տեսավ անծայր ճանապարհ, որով գնալիս հենց ճամփի մեջտեղում գտնում էր ագարակատիրոջ լքված զամբյուղ: Այդ զամբյուղը նրան վախեցնում էր: Վերջիվերջո բացում էր զամբյուղը, Պիեռոն բռնում էր ձեռքից և այլևս բաց չէր թողնում: Իր հետ տանում էր ձեռքից կախված շանը՝ պոչը սեղմված: Լույսը բացվելուն պես Տիկին Լեֆեվրը խենթի պես վեր թռավ և գնաց հանքափորի մոտ: Պիեռոն հաչում էր. նա հաչացել էր ողջ գիշեր: Տիկին Լեֆեվրը սկսեց հեկեկալ և հազար ու մի քնքուշ բառերով կանչել անասունին: Պիեռոն արձագանքեց՝ շան ձայնին հատուկ քաղցր ելևէջներով: Այդ պահին Տիկին Լեֆեվրը ուզեց նրան տեսնել՝ ինքն իրեն խոսք տալով մինչ կյանքի վերջ երջանիկ դարձնել շանը, վազեց հանքափորի մոտ, որ կրակավ էր ջարդում և պատմեց իր դեպքը: Մարդը լուռ լսելով ասաց հետևյալը. չորս ֆրանկի դիմաց կստանաք ձեր կենդանուն: Տիկին Լեֆեվրը տեղից վեր թռավ, իր մեջի ցավն էլ հոդս ցնդեց: Չորս ֆրանկ, գժվել եք, ինչ է: Մարդն էլ պատասխանեց.
– Տիկին, բա ինչ էիք ուզում, պարաններս, բռնակներս պիտի բերեմ, տղայիս հետ իջնեմ հանք, դեռ որ մի հատ էլ Ձեր շունն ինձ կծի, ուրեմն չնետեիք: Տիկին Լեֆեվրը զայրացած ետ դարձավ. չորս ֆրանկ: Տուն դառնալուն պես Ռոզին պատմեց հանքափորի հավակնությունների մասին: Վերջինս պատասխանեց. «Տիկին, չորս ֆրանկ, դա մեծ գումար է», իսկ հետո ավելացրեց. «Իսկ եթե խեղճ անասունին ուտելու բան գցեինք, այդպես գոնե չի սատկի»: Տանտիրուհուն շատ ուրախացրեց Ռոզի ասածը, և նա ուրախությամբ համաձայնեց: Ահա նրանք մեկնում են մի մեծ կտոր կարագ հացով: Կտրեցին մասերի, որոնք մեկը մյուսի ետևից նետում էին փոսը՝ խոսելով Պիեռոյի հետ: Հենց որ մի կտորն ավարտում էր, հաչում էր, որպեսզի մեկ այլ կտոր ստանար: Նրանք վերադարձան երեկոյան, հաջորդ օրը նույնպես գնացին. նույնը կրկնվեց օրեր շարունակ: Ճամփորդության էր վերածվել այս արարողակարգը: Օրեկան գնում էին մեկ անգամ: Բայց մի առավոտ, հացի առաջին կտորը նետելու պահին, ուժգին հաչոց լսեցին հորի միջից: Այսինքն՝ մեկ այլ շուն էլ կար այնտեղ, ավելի մեծը: Ռոզը ճչաց. «Պիեռո՛», իսկ շունն ի պատասխան հաչաց: Սկսեցին կերակուր նետել, բայց ամեն անգամ նրանց ականջին էր հասնում սարսափելի պայքարի բռնված Պիեռոյի աղերսագին ձայները, ում կծում էր մյուս շունն ու ուտում ամենը՝ լինելով ավելի ուժեղ: Զուր էին կանայք գոռում. «Պիեռո՛, սա քեզ համար է»: Պիեռոյին բնականաբար ոչինչ չէր հասնում: Երկու կանայք շփոթված միմյանց էին նայում, իսկ Տիկին Լեֆեվրը դառնգագին ավելացրեց. «Ես չեմ կարող կերակրել բոլոր շներին, որոնց այստեղ են նետում: Պետք է ետ կանգնենք»: Եվ սարսափելով այն մտքից, որ բոլոր ողջ շներն իր հաշվին էին ապրում՝ Տիկին Լեֆեվրը հեռացավ՝ իր հետ տանելով այն մի կտոր հացը, որը սկսեց ճանապարհին ուտել: Ռոզը հետևեց տանտիրուհուն՝ կապույտ գոգնոցի ծայրով մաքրելով աչքից հոսող արցունքները:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *