ժակ Պրևեր | Գիշերվա դռների մոտ

համբուրվում են աղջիկն ու տղան
իսկ հավերժ շտապող անցորդները
մատնացույց են անում նրանց ու ծիծաղում
բայց սիրահար երեխաները
հեռու են ողջ տիեզերքից
միայն թույլ ստվերն է նրանց
գիշերում դողում
առաջացնելով անցորդների զայրույթը
նրանց զայրույթը և արհամարանքը
ծիծաղը և նախանձը
բայց սիրահար երեխաները
հեռու են ողջ տիեզերքից
նրանք հեռու են
հեռու գիշերվա սահմաններից
ավելի բարձր քան օրը
կուրացուցիչ լույսերի մեջ
իրենց առաջին սիրո:

 

***

Զգեստի կայծակ-շղթան մեջքդ մերկացրեց
եվ ամպրոպը սիրահար մարմնի
կեսգիշերային ստվերներում
շողարձակեց հանկարծակի
եվ զգեստը քո նուրբ ուսերից
հատակը սահեց
այդպես անաղմուկ
կեղևն է բացվում սուր շեղբից
իսկ ճարմանդները
մեր ոտքերի տակ
շրշում էին հանց սերմնահատիկներ:
վառվռուն
նարինջներ
կրակը քո կրծքերի
կրկին այրել է
իմ ձեռնափերում գիծը ճակատագրի
վառվռուն
նարինջներ
արև գիշերային:

 

***

Դևեր և հրաշքներ
քամինրեր տեղատվություններ

ծովը արդեն հեռու է նահանջել
իսկ դու
ավազե անկողնում
ինչպես ջրիմուռը քամու շոյանքներում
երազների մեջ ես սուզվել

դևեր և հրաշքներ
քամիներ տեղատվություններ

ծովը երկներանգ հեռու է նահանջել
բայց մնացել են քո կիսաբաց աչքերում
երկու ալիքներ

դևեր և հրաշքներ
քամիներ տեղատվություններ

մնացել են քո աչքերում
երկու ալիքներ
ուր ներսուզվել եմ ես:

 

***

Լքված Աստծուց և սատանայից
առանց մեղանչելու
դու գեղեցիկ ես գեղեցկությամբ երկրային
դու գեղեցիկ ես ինչպես ծովը
ինչպես երկիրը մինչ արարումը մարդու
բայց և այնպես կին ես
դու գեղեցիկ ես ինչպես անտեսանելի քամին
գեղեցիկ ինչպես առավոտը և երեկոն
թեև դու չես միայն աշխարհում
քեզ հետ ոչ ոք չի համեմատվի
անհանտնելի գեղեցկուհիների մեջ
դու չես փայլում
բայց դու միակն ես
իմը
թեպետև ինձ չես պատկանում
դու միակ անմարդ կղզին ես
ուր ներկայությունդ եմ երազում։

 

***
Եվ Աստված վտարեց Ադամին փշրելով գավազանը եղեգնյա ու հեղելով երկրի վրա ռոմը առաջին եվ Ադամն ու Եվան որբության մեջ երերում էին այգիներում տերունական
սուրբ երրորդությունը քայլում էր հետքերով իսկ նրանք համառորեն ամոթը կորցրած
կրկնում էին ինչպես երեխաներն են
այբուբենը կրկնում
երկուսին երկուս – Աստված
երկուսին երկուս – Աստված
իսկ սուրբ երրորդությունը հեկեկում էր
որ փշրված է սուրբ եռանկյունը
եվ նետելով իր ստվերը
փայլում է
հավասարակող
երկանկյունը:

 

***

Եվ դատարկ էին բաժակները
իսկ շիշը ջարդված
եվ փակ էին դռները
իսկ անկողինը բաց
եվ անթվելի աստղեր բյուրեղյա
երջանկության ու գեղեցկության
հրավառվում էին փոշու մեջ
սենյակում կիսաթափթփված
ես արբած էի մահացու
երջանկությունից խելագար
եվ դու ամբողջովին մերկացած
ապրում էիր իմ գրկում:

 

***
Սիրո քնքուշ ու վտանգավոր հայացքը
հայտնվել է ինձ
երկար մթնշաղից հետո

կամ նետերով իր Ամուրի
կամ երգերով իր Տրուբադուրի
չգիտեմ ինչպես
երբ
ինչու «ես»
բայց քո սերը խոցել է քնքշորեն
կամ նետերով իր Ամուրի
կամ երգերով իր Տրուբադուրի

Ես միայն գիտեմ որ այն հարաժամ
բնակվել է իմ սրտում
եվ որ սիրո վերքերը քնքշալի
երբեք չեն սպիանում:

 

***

Հսկայական
եվ կարմիր
արևը ձմռան
Գրան-Պալեի վրա բարձրանալով
անհետանում է կրկին
իմ սիրտն էլ այդպես կանհետանա
եվ իմ ողջ արյունը կհեռանա
քեզ փնտրելու
իմ սիրելի
իմ գեղեցիկ
եվ այնտեղ ուր լինես
կգտնի քեզ:

 

***
Այդ ես չեմ երգում
այլ ծաղիկներն իմ աչքերի
այդ ես չեմ ծիծաղում
այլ գինին իմ շուրթերի
եվ ես չեմ արտասվում
… սերն է հեռվում:

 

Ով է քո քույրը

գեղեցկությունը
պատասխանում է կարոտը
բերկրանքը
պատասխանում է ցավը
դաժանությունը
պատասխանում է քնքշանքը
անտարբերությունը
պատասխանում է հուսահատությունը
մահը
պատասխանում է արհավիրքը
իսկ իմ քույրը
պատասխանում է երջանկությունը
սերն է
հավերժ սերը։

Թարգմանությունը` Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *