ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ | Բանաստեղծություններ

Գոդֆրիդ Բեն

Բանաստեղծություն

Եվ ի՞նչ է, ի՞նչ է այս ողջ տաժանքը՝
կես-պատկեր, կես-բառ, կիսահաշվարկ,
որտեղի՞ց քո մեջ այսչափ կտղանքը,
արդյոք հույզերի՞ց համր ու խաղաղ:

Ողջը առ քեզ է հորդում չգոյից՝
խառնիփնթոր ու հատիկ-հատիկ,
դու մերթ կրակ ես փրցնում, մերթ մոխիր,
ու ցփնում, մարում մեկիկ-մեկիկ:

Գիտե՛ս, չե՛ս կարող ամբողջն ըմբռնել,
մեկ-մեկ սահմաններ դիր՝ կանաչ պարիսպ,
կմնաս հանգիստ ու խաղաղավետ,
բայց և նզովված՝ կասկածամիտ:

Այսպես զօր-գիշեր նույն գործին ես դու,
կիրակի օրն էլ չունես հանգիստ,
արծն ես շաղ տալիս ժխորի մեջ ձույլ
ու լքում ես այն՝ հանուն կյանքի:

 

Կյանք` մղձավանջ խելահեղ

Ի՞նչ ես սպասում դու, մի՞թե
սքանչացման անմեկին,
փոխատեղմա՞ն ժամերի
աշխարհի ու քո միջև:

Այր ու կի՞ն ես փնտրում դեռ,
մի՞թե տրված չէր կյանքում
քեզ հավատ ու սահանկում
և կործանում այնուհետ:

Հավատ և գործ` ձև է զուտ,
որոնց ձեռքն է դիպչում նախ,
ապա ձեռքից վրիպած`
կուռքերն են սերմն անթեղում:

 

Oրը ամռան վերջն է գուժում

Oրը ամռան վերջն է գուժում,
սիրտը նշան է հրձիգ.
որ պարպել է կրակ ու հուր,
կոհակախաղ ու ալիք:

Խունանում են պատկերները,
ժամանակն է ընկրկում,
դեռ փայլում են հին լճերը,
բայց ծանծաղ են ու հեռու:

Դու մի կռիվ վերապրեցիր,
որի հորձանքն ես դեռ կրում.
բանակները երազների
ու պարսերն են հեռանում:

Կրակահերթ ու վարդազարկ ՝
ա՛րդ, ցնդում են նետ ու բոց -,
սուզվում են խորքն անդարձության
երազ, նշան և դրոշ:

 

Ա՜խ, այդ Վեհանձնը

Ցուցանշվածն է միայն խոսելու,
խառնակվածները հարկ է, որ լռեն,
ո՛չ բոլորին է ուսմունքն այս հասու,
բայց և ո՛չ ոքի կշտամբելու չէ:

Ա՜խ այդ Վեհանձնը անխստաբարո.
ամենքի հետ հաշտ, բոլորից ծպտյալ,
ցածի հոգսերին գոց ու անհաղորդ,
զի ամպերից է ծլվլում հար:

Բոլորն իրեն են պարտական, սակայն
ինքը պարտական չէ և ո՛չ մեկին,
ով քրտնմխած բանում է՝ լոկ նա
կարող է քաշել լուծը Վերին:

Ով դա անում է, կոչված է նաև,
ով զգում է դա՝ ինքն է, որ կա.
այստեղ երազն է, սանդուղքն է այստեղ,
և աստվածությունն՝ ամենակալ:

 

Մի երկիր

Մի երկիր՝ մթնդած ծովախորշ,
ինքնաբավ, ինքնիշխան տերություն,
այնքան մեծ և սակայն ոչ մի լույս
չի խայտում տարածքում նրա գորշ:

Ու մի օր՝ դողդոջուն լուսաշեղբ,
կիսամեռ, մազապուրծ, վախվորած.
հին երկիր՝ աղետյալ ու խոցված.
անտեղյակ, անհաղորդ, հուսաբեկ:

Պատգարակ, գանձանակ ու պաստառ՝
պահ տրված պատկերներ անցյալի.
հնամաշ, լռակյաց, ցանկալի,
որ հանգիստ են բուրում անսպառ:

Լոկ նրանք, ում աչքերն արտասված
օրավուր փլուզումն են տեսնում,
որ ազատ են, պայծառ, զվարթուն,
լուռ հսկում, մերձենում են կամաց:

 

Տե՛ս աստղերը, Որսորդին

Տե՛ս աստղերը, Որսորդին,
ծով ու երկինք ու լույսեր,
օ~ հովվերգեր սնոտի,
որ դեպի մեզ են հոսել,
դու էլ` շրջանդ լրած`
ոգեկոչող ձայներից,
սանդուղքներով – իջիր ցած –
գիշերային բանբերի:

Հեռացի՛ր, երբ սպառած
լինես խոսք ու առասպել,
աստվածների նոր բանակ
դու չես տեսնի այսուհետ,
ո՛չ իսկ գահը Եփրատի,
ո՛չ էլ գիրը քարի մեջ –
Միրմիդոնե, արդ, հեղի՛ր
թանձր գինին հողի մեջ:

Ինչ էլ ժամերը կոչվեն`
կենաց ցավ կամ արտասուք,
ողջն հոսքի մեջ է ծաղկում
գիշերային այս գինու,
լուռ հոսում է Էոնեն,
հազիվ ափից հեռացած –
ե՛տ տուր թագը – բանբերին -,
աստվածներն ու անրջանք:

 

Նիկե

Հեղեց Նիկեն սկիհն ամբողջ` արյուն ու գինի –
դա՞ է գինը հաղթանակի, որ պիտ հատուցի,
երբ գիշերվա գինարբուքի ցնծության կեսին
նա վեր կացավ ու լուռ կանգնեց, որ զոհ մատուցի:

Ճակատն հպեց տաք սրվակին ատտիկյան յուղի,
մի կողմ նետեց նիզակ ու սուր, ու՞ր է նայում նա,
մ՞իթե արդեն տեսնում է նոր առասպելն հուռթի`
նետաձգի այն, որի անունն է սուրբ Սեբաստիան:

Նա Զևսի հետ տիտանների զորքը ջախջախեց
նետահարեց Քրոնոսին ճակատամարտում,
Ապոլոնն ու Քորեն սակայն մարտը լքեցին.
արդ ու՞մ է նա զոհաբերում – գիշերում այս մութ:

 

Ամեն բառի մեջ…

Ամեն բառի մեջ և ամենայն ժամ
արյուն է ծորում վերքն արարչության,
մեղր է կաթեցնում գոյերի սրտին,
փխրեցնում հողն ու տուն դառնում կրկին:
Եվ թև է տալիս Աստծո զարմերին`
սկյութներին պայտ, կճղակ հոներին,
պետք չէ՛ հարցեր տալ, պետք չէ՛ հասկանալ,
տա՛ր դեպի երկինք` գիրկն հավերժության
ժամն այս մենավոր, լույսն առասպելի,
ու նաև վերքը, չկա՛ ավելին:
Հերկե՛լ դաշտերը` հովվի կանչն է սա՛,
կապույտն ըմբոշխնիր, նշա՛նը, ահա՛,
սուզվիր դեմքի մեջ հեռաստանների.
սա՛ է հավատը, չկա՛ ավելին,
սակա՛վն ընդունիր, ուր ամեն ինչ կա,
անսա՛ նշանին, որ կա ու չկա,
փոխարկում, շուրջպար, լույս առասպելի,
լուռքի արբեցում, չկա՛ ավելին:

 

Արարչություն

Սաղարթախռիվ տղմուտազեռուն Վեցօրեայքից
– ո՛չ դեպքի վայրը, ո՛չ ժամն է հայտնի -,
համորեն խժռող հոշոտչախաղի անլուր սոսկանքից
ծնված նախկին բառն ու եսն առաջին:

Մի բառ ու մի ես, մի նրբափետուր, կրակ, աղվամազ,
ջահակապտավուն աստղահեղց երիզ,
որտեղի՞ց և ու՞ր – առաջին բառն ու եսը շուրջառած՝
անհունից դեպի երախն ամեհի:

 

Ի՞նչն է վատ

Չիմանալով անգլերեն`
լսել անգլիական ընտիր դետեկտիվի մասին,
որի թարգմանությունն ավա՜ղ չկա:
Ամռան տապին աչքդ գարեջրին հառել,
երբ վճարելու միջոց չկա:
Գլխումդ նոր միտք որոճաս`
անկարող այն զետեղելու հյոլդեռլինյան բանատողի մեջ,
ինչպես վարպետներն են անում:
Գիշերով ականջ դնել ճողփյունին ծովալիքների
և համոզել քեզ, որ դա սովորական զբաղմունքն է նրանց:

Շատ ավելի վատ է` հյուր գնալու հրավերքն ընդունել,
երբ գիտես, որ տանն ավելի խաղաղ է,
սուրճն ավելի բուրումնավետ
և խոսելու ցանկություն չկա:
Իսկ ամենավատը`
չմեռնելն է ամառ ժամանակ,
երբ շուրջդ ամեն ինչ լույսով է ողողված
և հողը թեթև է`բահն ընդունելու:

 

Հրաժեշտ

Ես լիքն եմ քեզնով, ինչպես որ վերքը արյունարբու,
արտաթորվում ես` թաղկացյալ ավշին ընդելուզված,
ընդարձակվելով`որպես թե ժամին գիշերաբուն`
լույսն հովիտների ստվերների մեջ հարընկլուզած,
դու ծաղկում ես հանց պարտեզի վարդը հույժ ծանրացյալ,
դու՛ մենակություն, դու՛ ծերունազարդ կորստյան դուռ,
դու՛ գերհագեցում, երբ անուրջներն են մեռնում անձայն,
տառապյալդ հույժ, դու՛ ամենիմաց և իմաստուն:
Խորթացած ես դու խենթ ցնորքներից կենսաթրթիռ,
և հրաժարված քեզ տրված կյանքից ամենօգուտ,
այլևս հոգնած բյուր կապանքներից մանրախնդիր,
անկարող` նույնիսկ բավարարելու իղձը հոգուդ,
ա՛րդ, նույն այդ խորքից, առանց պեղելու մանրակրկիտ,
դու նայում ես քեզ, ուր խորտակված են նշան ու բառ,
հա՛րկ է որ լռես և քո հայացքը շրջես կրկին
դեպի գիշերը, վարդերը թախծոտ և ուշահայտ:
Խորհում ես մեկ-մեկ անցածիդ մասին խինդով լիաթոք.
մի՞թե այդ դու էիր… ա~խ ինչպես էիր մոռացել նրան,
քո պատկե՞րն էր դա, մշտապես հուզող հարցը չէ՞ր արդյոք,
քո խոսքն ու նաև լույսը երկնառաք, որ քոնն էր միայն:
Իմ խոսքն ու նաև լույսը երկնառաք, որ իմն էր առաջ,
իմ խոսքն ու նաև լույսը երկնառաք` խորտակված ընդմիշտ…
Ով վերապրել է այդ ամենը, նա հա՛րկ է մոռանա
ու էլ չհիշի իր անցած կյանքը, դառնություն ու վիշտ:
Եվ օրը վերջին. երկնային հրդեհ, հեռավոր ափեր,
ջուրը քեզ դեպի երկինք է տանում ծերպ ու քերծերով:
Լույսը ծառերի մեջ է թափանցում ծեր ու բարձրաբերձ`
ինքզինքը կրկին ստվերների մեջ վերստեղծելով,
ո՛չ կեղևն հասկի, ո՛չ մրգերն հուռթի չեն հուզում բնավ
և հունձքի մասին հարցուփորձելու ո՛չ մի ասպարեզ,
լուսաշող խաղն է նախազգում միայն ու լույսն անկենդան,
հիշողություն չի՛ք. սույնով ամեն ինչ ասված է կարծես:

Թարգմանությունը գերմաներենից Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *