Ճան Այլին | Շրջափակում

Տրոլեյբուսի վարորդը իր տրոլեյբուսն էր վարում։ Վառ արևի տակ տրամվայի գծերը երկու պսպղուն, ջրից դուրս պրծած անձրևային ճիճուների էին նման, որ ձգվում, երկարում էին, հետո կարճանում, ձգվում, երկարում էին, հետո կարճանում։ Այդպես առաջ էին շարժվում․ փափուկ ու լպրծուն, երկար-երկար ճիճուներ, անվերջ, անվերջ․․․ Վարորդը նայում էր այդ երկու սողացող գծերին, սակայն խելքը չէր թռցնում։
Եթե տրամվայը շրջափակման չհանդիպի, երբեք կանգ չի առնի։ Շրջափակում էր։ Զանգը հնչել էր։ Զընգ-զընգ-զընգ-զընգ-զընգ։ Ամեն մի զնգոցը սառը, փոքր կետ էր։ Կետերը իրար հետևից գիծ էին կազմել՝ կտրելով տարածությունն ու ժամանակը։
Տրամվայը կանգ առավ, բայց փողոցի մարդիկ սկսեցին վազել։ Ձախ կողմի մարդիկ աջ վազեցին, աջ կողմի մարդիկ՝ ձախ։ Խանութների երկաթյա դարպասները դղրդոցով փակվեցին։ Աղջիկներն ու կանայք խելագարի պես քաշում էին երկաթե ճաղերից, գոռում էին՝ «Թո՛ւյլ տվեք մի պահ ներս մտնենք։ Ես էնտեղ երեխա ունեմ, ծեր մարդ ունեմ»։ Բայց դարպասները պինդ փակած էին։ Դարպասի ներսում ու դրսում գտնվող մարդիկ իրար էին նայում՝ զգուշանալով իրարից։
Տրամվայի ժողովուրդը բավականին զուսպ էր։ Նրանք նստելու տեղ ունեին։ Թեև սարքավորումները մի քիչ պարզունակ էին, բայց ուղևորներից շատերի տան պայմաններից ավելի լավ էին։ Փողոցը կամաց լռեց։ Բացարձակ լռություն չէր, բայց ձայները աստիճանաբար հանգան, ինչպես երազում լսվող եղեգնի բարձի խշշոցը։ Այս հսկայական քաղաքը նիրհում էր արևի տակ, ծանր գլուխը դրել էր մարդկանց ուսերին, թուքը դանդաղ հոսում էր նրանց շորերի վրայով, աներևակայելի հսկա ծանրությունը ճնշում էր բոլորին։ Շանհայում օրը ցերեկով կարծես երբեք այսքան հանգիստ չէր եղել։ Մի մուրացկան, օգտվելով այս բացարձակ լռությունից, բարձրացրեց ձայնն ու սկսեց երգել․ «Վարպե՛տ, տիկի՛ն, պարո՛ն, օրիո՛րդ, լավություն չե՞ք անի, փրկե՛ք խեղճիս։ Վարպետ, տիկին․․․» Բայց շատ չանցած նա դադարեց երգել՝ սարսափած անտանելի լռությունից։
Մի ավելի համարձակ մուրացկան՝ Շանտոն նահանգից, կտրուկ խախտեց այս լռությունը։ Նրա ձայնը սահուն ու հնչեղ էր․ «Խեղճ եմ, ողորմելի։ Մենակ եմ, փող չունեմ»։ Հինավուրց երգ, որ երգում էին դարերով։ Երաժշտության նմանվող ռիթմը վարակեց տրամվայի վարորդին։ Տրամվայի վարորդն էլ էր Շանտոնից։ Նա երկար հոգոց հանեց, ձեռքերը խաչեց, հենվեց տրամվայի դռանն ու սկսեց երգել «Խեղճ եմ, ողորմելի։ Մենակ եմ, փող չունեմ»։
Տրամվայից մի քանի ուղևոր իջավ։ Իջածների մեջ ցրված զրույց ծավալվեց։ Ծառայողական օֆիսից վերադարձած ուղևորները դռան մոտ շարունակեցին քննարկումները։ Մեկը խշշոցով բացեց հովհարը, ասաց․
-Ասում եմ, էլի, դա մարդ չի դառնա, լավ գիտի, թե ոնց ղեկավարներին քծնի։
Մի միջին տարիքի եղբոր ու քրոջ նմանվող զույգ ձեռք ձեռքի կանգնած էին տրամվայի կենտրոնում՝ կաշվե ժապավեններից բռնված։ Կինը հանկարծ ասաց․
-Զգո՛ւյշ, տաբատդ չկեղտոտես։
Տղամարդը զարմացավ, բարձրացրեց ձեռքը, որի մեջ ապխտած ձկան փաթեթ էր։ Նա հատուկ զգուշությամբ յուղոտ թղթե տոպրակը իր տաբատից երկու ցուն հեռու պահեց։ Կինը դեռ շատախոսում էր․
-Հիմա քիմմաքրումը գիտե՞ս ինչ արժի։ Մի տաբատ կարելը գիտե՞ս ինչ արժի։
Անկյունում նստած Լյու Ծոնճընը՝ Հուամաո բանկի հաշվապահը, տեսավ այդ ապխտած ձուկը, հիշեց կնոջ՝ իրեն պատվիրած սպանախի պաոծըները , որ գնել էր բանկի մոտակայքի մթերքի կրպակից։ Կանայք այդպիսի՛նն են։ Նրանց համար ոլոր-մոլոր, հազիվ գտնվող փոքր նրբանցքից գնած պաոծըները անպայման էժան ու լավն են լինում։ Կինը բացարձակ չէր մտածում, թե ինչ անհեթեթ տեսք ունի կոկիկ կոստյումով, կրիայի պատյանից ակնոցով, ճամպրուկով մարդը, որ թերթի մեջ փաթաթած տաք պաոծըները բռնած վազում է ամբողջ փողոցով։ Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, անգամ եթե այդ շրջափակումը երկարաձգվեր, հետաձգեր իր ընթրիքը, գոնե այդ պաոծըները օգտակար կլինեին։ Նա նայեց ձեռքի ժամացույցին, դեռ չորսն անց կես էր։ Պիտի որ հոգեբանական ազդեցություն լիներ, նա արդեն սոված էր։ Կամաց բացեց թերթի մի անկյունը, ներս նայեց։ Ձյունաճերմակ, քունջութի յուղի թեթև բույր։ Թերթի մի մասը կպել էր պաոծըին։ Նա զգուշորեն պոկեց թերթը, պաոծըի վրա տպագիր հիերոգլիֆներ էին կպել, բոլորը թարս, ինչպես հայելու մեջ կերևային։ Այնուամենայնիվ նա համբերատար էր, գլուխը իջեցրած հատ-հատ կարդում էր․ «Մահվան ծանուցում․․․ դիմում․․․ Չինաստանի ֆոնդային շուկայի դինամիկան․․․ հանդիսավոր դեբյուտը Ձեզ է սպասում», բոլորը պետքական հիերոգլիֆներ էին, բայց չգիտես ինչու պաոծըի վրա այս հիերոգլիֆները ծիծաղելի էին թվում։ Երևի որովհետև «ուտելը» շատ լուրջ գործ է ու դրա համեմատ մնացած ամեն ինչ հումորի է վերածվում։ Լյու Ծոնճընի համար էլ էր դա տարօրինակ, բայց նա չէր ժպտում, նա շիտակ մարդ էր։ Նա պաոծըի վրայի թերթից հոդված էր կարդում։ Հին թերթի կես էջը կարդաց, ավարտեց։ Եթե թերթը շրջեր, պաոծըն կընկներ, պետք է դադարեր կարդալ։ Նրա թերթ կարդալուց տրամվայի բոլոր մարդիկ օրինակ վերցրին։ Թերթ ունեցողները թերթ էին կարդում, չունեցողները անդորրագրերն էին կարդում, կանոնադրությունն էին կարդում, այցեքարտ էին կարդում։ Որևէ տպագրություն չունեցողները կարդում էին փողոցի խանութի ցուցանակները։ Նրանք չէին կարող չլցնել այս սարսափելի դատարկությունը, հակառակ դեպքում նրանց ուղեղը կսկսեր աշխատել։ Մտածելը շատ ցավոտ էր։
Միայն Լյու Ծոնճընի դիմաց նստած մի ծերուկ կար, որ ձեռքի մեջ պտտում, մաքրում էր երկու փայլուն ու հարթ ընկույզ։ Մտածելու փոխարեն ձեռքերն էր հմտորեն օգտագործում։ Գլուխը սափրած էր, մաշկը դեղնակարմիր, ամբողջ դեմքը յուղոտ, ունքերը կիտած, գլուխը ընկույզի տեսք ուներ։ Նրա ուղեղն էլ ընկույզի նման էր, որ քաղցր էր, խոնավ, բայցևայնպես շատ սովորական։
Ծերունու աջ կողմում Վու Ցուեյյուենն էր, որ կրոնասեր, երիտասարդ կին էր երևում, բայց դեռ ամուսնացած չէր։ Նա սպիտակ չթե ցիփաո էր հագել, նեղ եզրագծերը բաց կապույտ, մուգ կապույտ ու սպիտակ էին, ինչպես մահվան ծանուցագրի եզրերը։ Ձեռքին սպիտակ ու կապույտ վանդակավոր հովանոց էր։ Մազերը սովորական տեսք ունեին, որ չգրավեին մարդկանց ուշադրությունը։ Այնուամենայնիվ, նա աչքի ընկնելու մեծ վտանգի տակ չէր։ Տգեղ չէր, բայց անհասկանալի գեղեցկություն ուներ, ասես վախենում էր վիրավորել որևէ մեկի գեղեցկությունը։ Դեմքը ամբողջովին գունատ էր, թույլ, ուրվագծված չէր։ Նույնիսկ սեփական մայրը չէր կարող ասել՝ երկար դեմք ունի, թե կլոր։
Տանը նա լավ դուստր էր, դպրոցում լավ աշակերտ էր։ Համալսարանն ավարտելուց հետո Ցուեյյուենը մայր բուհում մնաց որպես անգլերենի դասավանդող-օգնական։ Նա հիմա պլանավորում էր շրջափակման ժամանակն օգտագործել քննաթերթիկները ստուգելու համար։ Բացեց առաջինը, մի տղա ուսանողի գրած էր։ Նա բացեիբաց քննադատում էր քաղաքի հանցագործությունները, գրածը լի էր արդարացի զայրույթով։ Ոչ սահուն, քերականական սխալներով նախադասություններ էին, հայհոյանքներ էին «Կարմիր շրթներկով մարմնավաճառները․․․ մեծ աշխարհում․․․ ցածրակարգ պարահրապարակներ ու գինետներ»։ Ցուեյյուենը մի պահ երկմտեց, հանեց կարմիր գրիչն ու «A» գնահատեց։ Եթե խաղաղ ժամանակներում լիներ, չէր երկմտի։ Գնահատեց, գնահատեց, կանցներ առաջ։ Բայց այսօր նա քննության համար երկար ժամանակ ուներ ու չէր կարող ինքն իրեն չհարցնել, թե ինչու այս տղային բարձր գնահատեց։ Եթե չհարցներ ինքն իրեն, էլի կանցներ առաջ, բայց հանկարծ դեմքը կարմրեց։ Նա հանկարծ հասկացավ․ այս ուսանողը միակ տղան էր, որ իր հետ առանց վարանելու խոսում էր այսպիսի բաներից։
Այս ուսանողը իրեն մեծ կենսափորձ ունեցողի պես էր վերաբերվում, տղամարդու պես էր վերաբերվում, մտերիմ մարդու։ Ցուեյյուենը դպրոցում միշտ զգում էր, որ բոլորը իրեն թերագնահատում են՝ սկսած տնօրենից․ դասախոսները, ուսանողները, դպրոցի պահակը․․․ Ուսանողները հատկապես շատ էին վրդովվում «Շ. համալսարանի վիճակը գնալով վատանում է։ Օրեցօր ավելի վատ է։ Չինացին անգլերեն է դասավանդում։ Էդպես չպիտի լիներ, էն էլ՝ չինացի, որ երբեք երկրից դուրս չի եղել»։ Ցուեյյուենը դպրոցում անընդհատ թիրախի տակ էր, տանն էլ թիրախի տակ էր։ Վուերի ընտանիքը ժամանակակից, կրոնական ծագում ունեցող ու սովորական ընտանիք էր։ Նրանք ամեն բան արել էին, որ խրախուսեն աղջկան քրտնաջան սովորել, քայլ առ քայլ վեր բարձրանալ։ Քսանամյա աղջիկը հասել էր գագաթնակետին, դասավանդում էր համալսարանում։ Կանանց մասնագիտական նոր ռեկորդ էր սահմանել։ Այնուամենայնիվ, ընտանիքը կամաց-կամաց նրա հանդեպ հետաքրքրությունը կորցրեց։ Ավելի լավ էր սովորելու հարցում մի քիչ անփույթ լիներ, այդ ժամանակը տրամադրեր հարուստ փեսա գտնելուն։
Նա լավ աղջիկ էր, լավ ուսանող։ Ընտանիքում բոլորը լավ մարդիկ էին, ամեն օր լողանում էին, թերթ կարդում, ռադիոյով երբեք Շանհայի օպերա, կատակերգություն, Պեկինի օպերա կամ նմանատիպ բաներ չէին լսում, փոխարենը լսում էին Բեթհովենի, Վագների սիմֆոնիաները։ Չէին հասկանում, բայց մեկ է, լսում էին։ Աշխարհում ավելի շատ լավ մարդիկ կան, քան իրական մարդիկ․․․ Ցուեյյուենը երջանիկ չէր։
Կյանքը աստվածաշնչի նման էր, եբրայերենից հունարեն, հունարենից լատիներեն, լատիներենից անգլերեն, անգլերենից մանդարին չինարեն։ Ցուեյյուենը կարդալիս գլխի մեջ մանդարին չինարենից շանհայերեն էր թարգմանում։ Այդպես էլի որոշ բաների իմաստներ փոխվում էին։
Ցուեյյուենը մի կողմ դրեց քննաթերթիկը, ափերի մեջ առավ դեմքը։ Տաք արևը խփում էր նրա մեջքին։
Կողքին մի կերակրող մայր էր նստած՝ երեխան գրկում, երեխայի ոտքերի ներբանները սեղմվում էին Ցուեյյուենի ոտքին։ Վագրի գլխով կոշիկը պարուրել էր փափուկ, բայց պինդ ոտքերը․․․սա գոնե իրական էր։
Մեքենայի մեջ մի բժշկականի ուսանող նոթատետր բացեց ու սկսեց ջանասիրաբար ուղղել մարդու կմախքի պարզեցրած սխեման։ Մնացած ուղևորները մտածում էին, թե նա իր դիմած ննջող մարդու էսքիզն է անում։ Բոլորը պարապ նստած էին։ Հերթով վեր կացան, փոքր խմբերով հավաքվեցին, իրար մեջքի հենված, ձեռքերը մեջքին դրած՝ շրջապատեցին նրան, նայում էին էսքիզը։ Ապխտած ձուկ բռնած ամուսինը կնոջն ասաց․
Տանել չեմ կարողանում էս ժամանակակից կուբիզմը, էքսպրեսիոնիզմը։
Կինը շշնջաց․
Տաբա՛տդ։
Այդ ուսանողը մանրակրկտորեն լրացնում էր ամեն ոսկորի, նյարդի ու ջլի անունը։ Ծառայողական օֆիսից վերադարձած մի մարդ ծալովի հովանոցով ծածկեց դեմքի կեսը, կամացուկ ասաց գործընկերոջը․
Չինական գեղանկարչության ազդեցությունն է։ Հիմա արևմտյան գեղանկարչության մեջ էլ տարածված է նկարի վրա գրություն ավելացնելը։ Իրոք որ, «արևելյան քամին արևմուտք է փչում»։
Լյու Ծոճընը չմիացավ մնացածին, մենակ նստած էր իր հին տեղում։ Որոշեց, որ սովածացել է։ Բոլորը ցրվեցին։ Նա հանգիստ ուտում էր իր սպանախի պաոծըները։ Հենց գլուխը բարձրացրեց, երրորդ կարգի վագոնում տեսավ իր բարեկամին՝ կնոջ զարմուհու որդուն։ Նա ամբողջ սրտով ատում էր այս Տոն Փեյճըին։ Փեյճըն մեծ հավակնություններ ունեցող աղքատ ծագումով մարդ էր։ Շատ էր ուզում ամուսնանալ մի քիչ փող ունեցող մարդու հետ, որ հաջողությունների հասներ։ Լյու Ծոնճընի մեծ դուստրն այս տարի նոր տասներեք տարեկան էր դառնում, բայց Փեյճըն արդեն աչք էր դրել նրա վրա։ Նա հոգու խորքում գույնզգույն երազանքներ ուներ, քիչ-քիչ ավելի համառորեն էր գործում։ Լյու Ծոնճընը հենց հեռվից տեսավ այս երիտասարդին, ցածրաձայն քթի տակ մրթմրթաց։ Միայն վախենում էր, որ Փեյճըն տեսնի իրեն, առիթից կօգտվի ու հարձակման կանցնի։ Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, երբ շրջափակման ընթացքում Փեյճըի հետ նույն տեղում հայտնվես։ Նա հապճեպ հավաքեց ճամպրուկը, քամու արագությամբ վազեց դեպի դիմացի նստարանը ու արագ նստեց։ Իր կողքին նստած Վու Ցուեյյուենը ծածկում էր նրան, զարմիկը չէր կարող տեսնել։ Ցուեյյուենը գլուխը թեքեց, մի պահ նրան նայեց։ Թո՜ւհ։ Այս կինը կարծեց, թե նա վատ մտադրություններ ունի, որ առանց պատճառի փոխել է տեղը։ Նրան ծանոթ էր բռնության ենթարկվող կնոջ դեմքը․ հայացքն անշարժ, աչքերում ժպիտ չկար, բերանի անկյուններում էլ ժպիտ չկար, անգամ քթի տակ ժպիտ չկար։ Այնուամենայնիվ չգիտեր, թե որտեղից մի թեթև դողացող ժպիտ էր նշմարվում, որ կարող էր ամեն պահի տարածվել։ Ինքն իրեն գեղեցիկ համարող կինը չի կարող թաքցնել ժպիտը։
Անիծյալ Տոն Փեյճըն ի վերջո նկատեց նրան, և սկսեց քայլել դեպի առաջին կարգի վագոնը, համեստորեն, հեռվից մարմինը խոնարհած, կարմրավուն այտերով, վանականի ոճով մոխրագույն կտորից զգեստով, քրտնաջան աշխատող, իրեն անարատ պահող երիտասարդ, երազանքների փեսա։ Ծոնճըն անմիջապես որոշեց թշնամու պլանը իր օգտին գործածել, իրավիճակը իր օգտին շրջել, ձեռքը պարզեց ու դրեց Ցուեյյուենի մեջքի հետևի պատուհանագոգին, անձայն հայտարարեց իր սիրախաղի ծրագրի մասին։ Նա գիտեր, որ այդպես չի կարող վախեցնել Տոն Փեյճըին, քանի որ Փեյճըի աչքերում նա արդեն կեղտոտ ծերուկ էր։ Ըստ Փեյճըի, երեսունն անց մարդիկ բոլորը ծերունի են։ Ծերունիները բոլորը մինչ ուղնուծուծը փչացած են։ Փեյճըն այսօր սեփական աչքերով տեսավ այդ ստորին։ Ծոնճընը ինքը ստիպված կլիներ այդ ամենը կնոջը մանրամասն պատմել․․․ինչ անենք, որ կբարկանար։ Ո՞վ էր նրան ասում իրեն այդպիսի զարմիկ տար։ Թող բարկանա՛, ջհանդա՜մը թե չի բարկանա։
Նա այնքան էլ չէր հավանում այդ կնոջը։ Ձեռքերը ճեփ-ճերմակ էին, սեղմած ատամի մածուկի նման։ Նա ամբողջովին նման էր սեղմած ատամի մածուկի, լավ ճաշակ չուներ։
Նա ժպտաց աղջկան ու ասաց․
-Էս շրջափակումը ե՞րբ կավարտվի։ Անտանելի է։
Ցուեյյուենը զարմացավ, գլուխը շրջեց ու տեսավ մեջքի հետևում դրված ձեռքը, տեղում սառավ։ Ծոնճընը միևնույն է, չէր կարող հեռացնել ձեռքը։ Զարմիկը նայում էր նրան փայլուն աչքերով, հասկացող ժպիտով։ Եթե զարմիկի աչքերին նայեր, գուցե նա երկչոտ գլուխը խոնարհեր ու հեռանար կույս աղջկա պես ամաչելով, գուցե և աչքով աներ իրեն․ ո՞վ գիտի։
Նա սեղմեց ատամները ու նորից հարձակվեց Ցուեյյուենի վրա։ Ասաց․
-Դուք էլ եք, չէ՞, ձանձրանում։ Եկեք մի երկու բառ խոսենք, լուրջ բան չկա։ Եկե՛ք․․․ եկե՛ք զրուցենք։
Նա ձայնի մեջ չկարողացավ զսպել աղերսական երանգը։ Ցուեյյուենը կրկին ապշեց, նորից գլուխը շրջեց ու նրան նայեց։ Հիմա Ծոնճընը հիշեց, որ տեսել էր նրան տրամվայ բարձրանալիս։ Դրամատիկ պահ էր, բայց այդ պահը պատահական էր, ոչ թե Ցուեյյուենն էր հատուկ ստեղծել։ Ծոնճընը ցածրաձայն ասաց․
-Գիտե՞ս։ Ես քեզ տրամվայ բարձրանալիս տեսա։ Մեքենայի դիմացի ապակու վրա գովազդ էր կպցրած ու գովազդի մի կտորը պոկված էր։ Էդ պոկված մասից քեզ կողքից տեսա, մենակ կզակիդ մի փոքր մասը։
Նայլուովեյ կաթի փոշու գովազդն էր։ Նկարում մի գեր երեխա էր, երեխայի ականջի տակ հանկարծ հայտնվել էր այդ կնոջ կզակը։ Հիմա որ մանրամասն հիշում էր, մի քիչ սարսափելի էր։
-Հետո դու գլուխդ իջեցրիր, որ կաշվե պայուսակից գումար հանես, ես տեսա քո աչքերը, հոնքերը, մազերը։
Մաս-մաս նայելիս նա իրոք հմայիչ էր։
Ցուեյյուենը ժպտաց։ Նրանից չէիր կռահի, որ կարող է շռայլ արտահայտություններ անե։ Կարելի էր մտածել, որ նա վստահելի բիզնեսմեն է։ Ցուեյյուենը կրկին նայեց նրան։ Վառ կարմիր արևը ընկել էր նրա քթի ծայրին։ Թերթի վրա դրված թևը թևքից դուրս էր եկել, դեղին էր, զգայուն․․․ իրական մարդ։ Ոչ այնքան անկեղծ, ոչ էլ շատ խելացի, բայց իրական մարդ։ Ցուեյյուենը հանկարծ շոգեց ու ուրախ զգաց։ Դեմքը շուռ տվեց, շշնջաց․
-Վերջացրե՛ք։
Ծոնճըն ասաց․
-Հը՞։
Նա վաղուց մոռացել էր, թե ինչ էր ասել։ Աչքերը հառել էր զարմիկի մեջքին։ Այդ նրբանկատ երիտասարդը զգացել էր, որ այդտեղ ավելորդ է, չէր ուզել վիրավորել քեռուն։ Հետո էլի կհանդիպեին։ Նրանք այնքան մտերիմ էին, որ սուր դանակն էլ չէր կարող կտրել այդ կապը։ Նա վերադարձավ երրորդ կարգի վագոն։ Տոն Փեյճըն հենց գնաց, Ծոնճընն անմիջապես իր թևը հետ քաշեց, լրջացավ։ Նայեց Ցուեյյուենի ծնկի վարժությունների տետրին․
-Շընգուանի համալսարան․․․Շընգուանի համալսարանո՞ւմ եք սովորում։
Նրան թվում էր, թե Ցուեյյուենն այդքան երիտասա՞րդ է։ Դեռ ուսանո՞ղ է։ Ցուեյյուենը ժպտաց, ձայն չհանեց։
Ծոնճընն ասաց․
-Ես Հուածինն եմ ավարտել։
Ցուեյյուենի վզին փոքր, շագանակագույն բնածին նշան կար, կարծես եղունգով փորած լինեին։ Ծոնճընն անգիտակցաբար աջ ձեռքով սեղմեց ձախի եղունգը, հազաց, հարցրեց․
-Ո՞ր բաժնում եք սովորում։
Ցուեյյուենը նկատեց, որ նա ձեռքը հետ է քաշել, մտածեց, որ իր խիստ անհատականության աննկատ ազդեցությունն էր, ուստի չէր կարող չպատասխանել, ասաց․
-Հումանիտար գիտություններ։ Դո՞ւք։
Ծոնճընն ասաց․
-Բիզնես։
Նա հանկարծ զգաց, որ զրույցը ծանրանում է, ասաց․
-Սկզբում, երբ դպրոցում էի սովորում, սպորտով էի զբաղվում։ Դպրոցից հետո զբաղված եմ հացի փող վաստակելով։ Գրքեր իրականում շատ չեմ կարդացել։
Ցուեյյուենն ասաց․
-Զբաղվա՞ծ եք լինում։
Ծոնճընն ասաց․
-Սարսափելի զբաղված եմ։ Առավոտյան տրամվայով գնում եմ աշխատանքի, կեսօրին վերադառնում տուն, չգիտեմ էլ, թե ինչի եմ գնում, ինչի եմ գալիս։ Գործս բացարձակ չի հետաքրքրում ինձ։ Հա, փող աշխատելու համար է։ Չգիտեմ էլ, թե ում համար եմ աշխատում։
Ցուեյյուենն ասաց․
-Բոլորն էլ ընտանեկան հոգսեր ունեն։
Ծոնճընն ասաց․
-Դու իմ ընտանիքը չգիտես, է՛հ, մի՛ խոսիր էդ մասին։
Ցուեյյուենը մտածեց․ «Սկսվե՜ց։ Կինը բացարձակ չի հասկանում իրեն։ Ասես աշխարհի բոլոր ամուսնացած տղամարդիկ այլ կնոջ կարեկցանքի խիստ կարիքն ունեն»։ Ծոնճընը վարանեց, հետո երկմտելով, մեծ դժվարությամբ ասաց․
-Կինս ինձ բացարձակ չի հասկանում։
Ցուեյյուենը հոնքերը կիտած նրան նայեց՝ ցույց տալով, որ լրիվ հասկանում է։ Ծոնճընն ասաց․
-Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու եմ ամեն օր տուն գնում։ Ո՞ւր եմ գնում։ Իրականում ես տուն չունեմ։
Նա հանեց ակնոցը, պահեց լույսին, թաշկինակով սրբեց ջրի հետքերը, հազալով ասաց․
-Ըհը-ըհը, պիտի շարունակեմ գոյությունս քարշ տալ, չեմ կարող մտածել․․․ չպիտի մտածեմ։
Ցուեյյուենը մի փոքր անհարմար էր համարում, երբ կարճատեսը հանրության առաջ հանում էր իր ակնոցը․ դա հանրության առաջ շորերը հանելու պես անպարկեշտ էր։ Ծոնճըն շարունակեց խոսել․
-Դու․․․ դու չգիտես նա ինչպիսի կին է։
Ցուեյյուենն ասաց․
-Ուրեմն, սկզբում․․․։
Ծոնճըն ասաց․
-Սկզբում ես էլ էի դեմ։ Նրան մայրս է ընտրել։ Իհարկե, ես կուզեի ինքս ընտրել, բայց․․․ նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր․․․ ես էլ երիտասարդ էի․․․ երիտասարդ մարդ, դե գիտես․․․
Ցուեյյուենը գլխով արեց։
Ծոնճընն ասաց․
-Հետո նա դարձավ էսպիսին․․․ անգամ մայրս նրա հետ վիճաբանեց ու ինձ մեղադրեց նրա հետ ամուսնանալու համար։ Նրա․․․ նրա բնավորությունը․․․ նա անգամ տարրական դպրոց չի ավարտել։
Ցուեյյուենը չկարողացավ զսպել ժպիտը, ասաց․
-Դու կարծես շատ ես կարևորում էդ դիպլոմը։ Իրականում, կնոջ կրթությունը էդքան էլ բան չի փոխում։
Չգիտեր, թե ինչու այդպես ասաց, ինքն իրեն վիրավորեց։ Ծոնճընն ասաց․
-Իհարկե, դու կարող ես կողքից հեգնել, դու բարձրագույն կրթություն ունես։ Դու չգիտես, թե նա ինչպիսի մարդ է։
Նա դադարեց խոսել, շունչը կտրվեց, նորից հանեց ակնոցը ու սրբեց ապակիները։ Ցուեյյուենն ասաց․
-Չափազանցնում ես։
Ծոնճընը ակնոցը սեղմեց ձեռքի մեջ, դժվարությամբ թափ տվեց ձեռքը, ասաց․
-Դու չգիտես, նա․․․
Ցուեյյուենն ընդհատեց․
-Գիտեմ-գիտեմ։
Գիտեր, որ համերաշխ չեն, բայց չէր կարող միայն կնոջը մեղադրել։ Ծոնճընն էլ էր սովորական մտածելակերպով մարդ։ Նա իրեն ներող, համբերատար կնոջ կարիք ուներ։
Փողոցում խառնաշփոթ էր, երկու զինվորներով լիքը բեռնատար մոտեցավ դղրդալով։ Ցուեյյուենն ու Ծոնճընը միաժամանակ գլուխները ձգեցին, որ նայեն, հանկարծ նրանց դեմքերը իրար մոտեցան։ Այդ կարճ տարածության մեջ բոլոր մարդկանց դեմքերը սովորականից տարբեր են, ինչպես էկրանին մոտիկից նայելիս։ Ծոնճընն ու Ցուեյյուենը հանկարծ զգացին, որ առաջին անգամ են տեսնում իրար։ Ծոնճընի աչքերում նրա դեմքը թույլ վրձնահարվածներով պիոնի նկարի էր նման, իսկ ճակատի՝ քամու քշած երկու-երեք մազերը քամու միջի բողբոջների։
Ծոնճընը նրան էր նայում։ Ցուեյյուենը կարմրեց ու թույլ տվեց, որ նա իրեն տեսնի այդպես։ Ծոնճըն անկհայտորեն ուրախ էր։ Ցուեյյուենի դեմքը ավելի կարմրեց։
Ծոնճընի մտքով չէր անցնում, որ նա կարող է ստիպել կնոջը կարմրել, ստիպել նրան ժպտալ, ստիպել նրան ծածկել դեմքը, ստիպել նրան թեքել գլուխը։ Այստեղ նա տղամարդ էր։ Սովորաբար նա հաշվապահ էր, նա երեխայի հայր էր, նա ընտանիքի ղեկավար էր, նա տրամվայի ուղևոր էր, նա խանութի հաճախորդ էր, նա քաղաքացի էր։ Բայց այս կնոջ համար, որը իր մասին քիչ բան գիտեր, նա ընդամենը սովորական տղամարդ էր։
Նրանք սիրահարվել էին։ Նա Ցուեյյուենին շատ բաներ ասաց․ իր բանկի մասին, ով է իր հանդեպ ամենալավը, ով է իր մոտ ընկեր ձևանում, տանը ինչպես են վիճում, իր գաղտնի վշտերը, իր սովորելու տարիների ցանկությունները։ Անդադար խոսում էր, բայց Ցուեյյուենին դա չէր ձանձրացնում։ Սիրահարված տղամարդը սիրում է անվերջ խոսել, սիրահարված կինը սիրում է անվերջ լսել։ Սիրահարված կինը, ինչքան էլ զարմանալի է, շատ չի սիրում խոսել, որովհետև նա ենթագիտակցորեն գիտի․ եթե տղամարդը լիովին հասկանա նրան, էլ չի սիրի։
Ծոնճընը մտածեց, որ Ցուեյյուենը գրավիչ կին է՝ սպիտակ, բարակիրան, ջերմ, ինչպես ձմռանը բերանիցդ դուրս եկող շունչը։ Եթե չես ուզում նրան, նա հանգիստ ցրվում է։ Նա քո մի մասնիկն է, նա ամեն բան հասկանում է, քեզ ամեն բան ներում է։ Երբ նրան ճշմարտությունն ես ասում, նա քեզ համար վշտանում է, երբ ստում ես, նա ժպտում է, կարծես ասի․
-Խոսքերի՛դ հետևիր։
Ծոնճընը մի պահ լռեց, հանկարծ ասաց․
-Ես պլանավորում եմ նորից ամուսնանալ։
Ցուեյյուենը խուճապի մատնվեց, ճչաց․
-Ուզում ես ամուսնալուծվե՞լ։ Բայց․․․վախենամ չես կարող։
Ծոնճընն ասաց․
-Չեմ կարող բաժանվել։ Պետք է հոգ տանեմ երեխաներիս երջանկության մասին։ Մեծ աղջիկս տասներեք տարեկան է դառնում, նոր է ընդունվել միջին դպրոց, առաջադիմությունը լավ է։
Ցուեյյուենը մտածեց․ «Էդ խնդրի հետ ի՞նչ կապ ունի»։
Նա սառնորեն ասաց․
-Օ՜, դու ուզում ես հա՞րճ պահել։
Ծոնճընն ասաց․
-Ես նրան կնոջս պես կվերաբերվեմ։ Նրա համար ամեն ինչ կանեմ։ Չեմ թողնի դժվարության հանդիպի։
Ցուեյյուենն ասաց․
-Բայց, եթե նա լավ ընտանիքի աղջիկ է, վախենամ չհամաձայնվի։ Իրավական խնդիրները․․․
Ծոնճընը հոգոց հանեց, ասաց․
-Հա, ճիշտ ես։ Ես դրա իրավունքը չունեմ։ Ես չպիտի բարձրաձայնեի էդ միտքը․․․ Շատ մեծ եմ։ Արդեն երեսունհինգ տարեկան եմ։
Ցուեյյուենը անշտապ ասաց․
-Իրականում, ժամանակակից աշխարհում դու ընդհանրապես մեծ չես համարվում։
Ծոնճընը լռեց, երկար ժամանակ անց ասաց․
-Դու․․․ քանի՞ տարեկան ես։
Ցուեյյուենը գլուխը կախեց ու ասաց․
-Քսանհինգ։
Նա էլի մի քիչ լռեց, հետո հարցրեց․
-Ամուսնացած չե՞ս։
Ցուեյյուենը չպատասխանեց։ Ծոնճընն ասաց․
-Ամուսնացած ես։ Անգամ եթե համաձայնես, ընտանիքդ չի համաձայնի, չէ՞։ Չէ՞․․․։
Ցուեյյուենը սեղմեց շուրթերը։ Նրա ընտանիքը․․․այդ մաքրամաքուր մարդիկ․․ ատում էր նրանց։ Հոգնեցրել էին իրեն։ Նրանք ուզում էին, որ հարուստ փեսա գտներ։ Ծոնճընը հարուստ չէր ու կին ուներ․․․թող բարկանա՛ն։ Բարկանում են, թող բարկանա՛ն, ջհանդա՜մը թե չեն բարկանա։
Տրամվայի մարդիկ շատանում էին, դրսում խոսակցություն կար, որ շրջափակումը շուտով բացվելու է, ուղևորները հատ-հատ բարձրանում էին, նստում։ Ծոնճընն ու Ցուեյյուենը իրար սեղմվելով նրանց նստելու տեղ տվեցին, իրար մոտեցան, էլի մոտեցան։
Տարօրինակ էր, թե Ծոնճընն ու Ցուեյյուենը ինչու էին այդքան շփոթված։ Ինքնաբերաբար ավելի մոտ էին նստել։ Ծոնճընը երջանիկ էր զգում, չէր կարող դրա դեմ չպայքարել։ Նա դառնացած ձայնով ասաց․
-Չի՛ կարելի, չի՛ կարելի։ Չեմ կարող քեզ թույլ տալ, որ զոհաբերես ապագադ։ Դու բարձր դասակարգի մարդ ես, էդքան լավ կրթություն ես ստացել․․․ես էդքան գումար չունեմ, չեմ կարող զոհել քո ամբողջ կյանքը։ Չէ՛, համ էլ գումարի խնդիր կա։
Խելամիտ խոսքեր էին։ Ցուեյյուենը մտածեց․ «Վե՛րջ»։ Հետո նա ամենայն հավանականությամբ կամուսնանա։ Բայց այդ մարդը չի կարող այս պատահական հանդիպածի պես սիրելի լինել, շրջափակման մեջ հանդիպած այս մարդու․․․ Այլևս երբեք չի կարող սրա պես բնական լինել։ Այլևս երբեք․․․օ՜, ա՜յ քեզ մարդ, ա՜յ քեզ հիմար։ Ա՜յ քեզ հիմար։ Նա ընդամենը Ծոնճընի կյանքի մի մասն էր ուզում, այն մասը, որ ոչ մեկը չէր ուզի։ Ծոնճընը անիմաստ վատնել էր իր երջանկությունը, ի՜նչ հիմարաբար էր վատնել։ Ցուեյյուենը լացում էր, բայց դա մեղմ, համեստ կանացի լաց չէր։ Նա բառացիորեն իր դեմքի արցունքները թքում էր Ծոնճըի դեմքին։ Նա լավ մարդ էր, աշխարհի լավ մարդկանց մեկն էլ ավելացավ։
Ի՞նչ իմաստ կար նրան բացատրելու, թե ինչ եղավ։ Եթե կինը պիտի բառերի վրա հույս դնի տղամարդուն հուզելու համար, նա ողորմելի է։
Ծոնճընն անհանգիստ էր, բայց չկարողացավ ոչինչ ասել։ Դանդաղ թափահարում էր Ցուեյյուենի ձեռքի հովանոցը։ Ցուեյյուենն անտեսում էր նրան։ Նա նորից ցնցեց Ցուեյյուենի ձեռքն ու ասաց․
-Ասում եմ․․․ ասում եմ․․․ էստեղ մարդ կա: Մի՛։ Էդպես մի՛ արա։ Մի քիչ սպասի՛ր, հեռախոսով մանրամասն կքննարկենք։ Ինձ քո հեռախոսահամարն ասա։
Ցուեյյուենը չպատասխանեց։ Նա համառեց․
-Կապ չունի ինչպես, ինձ պետք է տաս քո հեռախոսահամարը։
Ցուեյյուենը արագ-արագ ասաց․
-Յոթ հինգ երեք վեց ինը։
Ծոնճընն ասաց․
-Յոթ հինգ երեք վեց ինը՞։
Ցուեյյուենն էլի ձայն չհանեց։ Ծոնճընը մրթմրթալով կրկնում էր․
-Յոթ հինգ երեք վեց ինը, – ձեռքը մտցրեց գրպանները ինքնահոս հանելու համար, ինչքան էլ շտապում էր, չէր գտնում։
Ցուեյյուենը կաշվե պայուսակի մեջ կարմիր մատիտ ուներ, բայց միտումնավոր չհանեց։ Նա պետք է հիշեր իր հեռախոսահամարը, եթե չհիշեր, ուրեմն չէր սիրում իրեն, ուրեմն կարիք չկար շարունակելու խոսակցությունը։
Շրջափակումը բացվեց։ Զընգ-զընգ-զընգ-զընգ-զընգ։ Ամեն մի զնգոցը սառը, փոքր կետ էր։ Կետերը իրար հետևից գիծ էին կազմել՝ կտրելով տարածությունն ու ժամանակը։
Ողջույնների քամի փչեց քաղաքում։ Տրամվայը դռդռալով առաջ շարժվեց։ Ծոնճընը հանկարծ կանգնեց, խառնվեց ամբոխին, անհետացավ։ Ցուեյյուենը շրջեց գլուխը, ուշադրություն չդարձրեց։ Նա հեռացավ։ Իր համար Ծոնճըն մահացած էր։ Տրամվայը արագություն հավաքեց։ Մթնշաղին, մայթի վրա, տոֆու վաճառողը իջեցրեց իր բեռը։ Մի մարդ բարձրացրել էր Վըն թագավորի վեցագրամներով տուփը, աչքերը փակ թափահարում էր։ Մի խոշոր, շիկահեր կին, մեջքին ծղոտե գլխարկ, մեծ ատամները բացած ժպտաց մի իտալացի նավաստու, ու կատակով մի քանի բառ ասաց։ Ցուեյյուենի աչքերը տեսան նրանց ու նրանք կենդանացան, միայն մի պահ։ Տրամվայը դռդռալով առաջ էր վազում, նրանք հատ-հատ մահանում էին։
Ցուեյյուենը անհանգիստ փակեց աչքերը։ Եթե Ծոնճընը զանգեր իրեն, նա հաստատ չէր կարողանա կառավարել սեփական ձայնը։ Նրա հանդեպ շատ ջերմ կլիներ, քանի որ նա մահացած ու վերածնված մարդ էր։
Տրամվայի լույսերը միացան, նա բացեց աչքերն ու հեռվում տեսավ Ծոնճընին իր նախկին տեղում նստած։ Նա դողաց։ Փաստորեն չէր իջել տրամվայից։ Նա հասկացավ Ծոնճընի միտքը՝ շրջափակման ընթացքում կատարված ամեն ինչ հավասար էր չկատարվածի։ Ամբողջ Շանհայը նիրհել էր ու անհեթեթ երազ տեսել։
Տրամվայի վարորդն ամբողջ ձայնով սկսեց երգել․ «Խեղճ եմ, ողորմելի։ Մենակ եմ, փող չունեմ։ Խեղճ եմ, ողորմ․․․»։ Գոյությունը հազիվ քարշ տվող մի կին արագ, շփոթված անցնում էր տրամվայի դիմացով։ Վարորդը բղավեց․ «խո՛զ»։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *