Պասկալ Քինյար | Աստված մեռած է

Gott ist tot
(էսսե)

Սկզբի համար հիշենք Լուկիանոսի աստվածների բողոքը.
« Մենք՝ աստվածներս դողում ենք: Մենք մշտապես դողում ենք : Դողում ենք ցուլերի կերպարանքով, երբ մեզ զոհաբերում են, դողում ենք ոսկե արձանների կերպարանքով, երբ մեզ մեծարում են…»:
***
Առաջին տեսարանը՝ «Gott ist tot» (Աստված մեռած է), մենք գտնում ենք Ժան Պոլ Ռիխտերի «Զիբենկեզ» վեպի վերջին էջերում, որը հրատարակվել է 1792թ.:
Գերեզմանոցում Հիսուսին ընդառաջ են ելնում մարդկանց դիակները, որոնք հավաքվելով նրա շուրջը՝ հարցնում են .
-Աստված դեռ ո՞ղջ է:
Հիսուսը տատանվում է՝ չիմանալով, թե ինչպես հայտնի դիակներին բերած լուրը:
-Մի՞թե Քրիստոսը Աստծո որդին չէ:
Այդժամ Հիսուսը պատասխանում է.
-Ո՛չ, նա Աստծո որդին չէ:
Սակայն, մեռելների ստվերները չեն բավարարվում նման պատասխանով: Նրանք շարունակ նույն հարցն են տալիս: Վերջապես, Հիսուսը պատասխանում է.
-Ես փնտրել եմ ամենուր, և՛ ցամաքում, և՛ ծովում, և՛ տիեզերքում: Մենք որբ ենք: Ես և դուք, մենք բոլորս որբ ենք: Եվ մենք հայր չունենք:

Երկրորդ տեսարանը՝ «Աստված մեռած է» ընթերցում ենք 1833թ. Էդգար Քինեի մոտ:
– Ահասֆեր, բարի Ահասֆեր, ասա այն անունը, որը մենք փնտրում ենք: Եվ երբ ես պատասխանեցի. «Քրիստոսը չէ՞ արդյոք»: Նրանք հեգնական ժպիտով ընդդիմացան.
-Քրիստոսը՞, ո՛չ: Նա չափազանց ծեր է մեզ համար: Իսկ երկիրը այլևս նոր աստվածներ չի ծնում իր ակոսներում մեր քաղցը հագեցնելու համար:

Երրորդ տեսարանը՝ «Gott ist tot» պատկանում է Հայնրիխ Հայնեի գրչին: Այն լույս է տեսել 1834թ. նոյեմբերի 15-ին « Revue des Deux Mondes»- ում.
-Մի՞թե չեք լսում զանգակի ղողանջը: Ծնկի՛ իջեք: Այնտեղ գնում են վերջին անգամ օծելու մահամերձ աստծուն:
Հայնեն Կանտին անվանում է Գերմանիայի «աստվածասպան» և ավելացում է . «Գուցե մի քանի դար պահանջվի, որ այս ողբալի լուրը տարածվի ամբողջ աշխարհում »:

Չորորդ տեսարանը՝ «Gott ist tot» հեղինակել է Մաքս Շտիրները: Այն ամենամոտն է 1572թ. Ժոֆրուա Վալեի նկարագրածին:
1844թ. Մաքս Շտիրները գրում է. «Աստծուն սպանել են, և ուրեմն Մարդը ևս գոյություն չունի: Մնում է Միակը, անցական, մահկանացու էակ, որ հոշոտում է ինքն իրեն, և ես ասում եմ. „Ich hab’mein Sac’ auf Nichts gestellt“ ես իմ գործը նվիրել եմ անգոյությանը»:

Պետք է մինչև վերջ կարդալ այն խոսքը, որը Նիցշեն գրել է 1883թ. «Gott ist tot! Und wir haben ihn getötet! Ist nicht die Grösse dieser Tat zu gross für uns?» ( Աստված մեռած է: Եվ մենք ենք նրան սպանել: Արդյոք այդ արարքի մեծությունը չափից ավելի մեծ չէ՞ մեզ համար):
Հինգերորդ տեսարանը որոշիչ է: Հարկ է այս զոհաբերությունը բաժանել երեք մասի:
Աստված մեռած է: Այն նշանավորում է քրիստոնեական աշխարհի մահը: Քրիստոնեական աշխարհը կարելի է բնորոշել հետևյալ կերպ: Աստված վերափոխվել է մահկանացու մադու` համաձայն երկու եղանակավորման: Նա մարդացավ և մեռավ չարչարանքների ենթարկվելուց և ստրուկի պես խաչվելուց հետո:
Այդ մենք ենք նրան սպանել: Ոչ միայն հռոմիացիներն են նրան խաչ հանել, և ոչ միայն հրեաներն են ազդարարել նրա մահը, քրիստոնյաները ներբողել են նրա մահը, քրիստոնյաները պատկերել են նրա մահը կտավներում և քանդակներում, քրիստոնյաները օրհներգել են նրա մահը իրենց կրոնի պատմության ողջ ընթացքում: Ահա Լյութերի անողոք մեկնաբանությունը. «Աստծո հիպոստասում Աստված մեռավ Հիսուսի զոհաբերությամբ»: Հեգելը իր «Ոգու բներևութաբանություն»-ում գրում է. «Ահա՛, Լյութերի դաժան վճիռը. Աստված ինքն է մահացել»:
Արդյոք այդ արարքի մեծությունը չափից ավելի մեծ չէ՞ մեզ համար: Ստիպված ենք ընդունել, որ այս արարքի մեծությունը չափից ավելի մեծ էր մեզ համար, քանի որ արդեն չորս դար է ինչ մարդիկ ահաբկված են նիհիլիզմով:
Օրինակ, նիհիլիզմով ահաբեկված են փիլիսոփաները:
Օրինակ, մեգաֆանուայի ( խոշոր կենդանիների) , հետո աստվածների, հետո մարդկանց, հետո մարդկային էության ոչնչացումը երբեք միասին չեն իմաստավորվում:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Ծանոթագրություն

1. «Gott ist tot» – Աստված մեռած է:

2. Լուկիանոս – (120- 180) հույն գրող-երգիծաբան:

3. Ժան Պոլ Ռիխտեր – ( Յոհան Պաուլ Ֆրիդրիխ Ռիխտեր, 1763-1825 ), գերմանացի գրող։ Գրական ասպարեզ է մտել սուր երգիծական ստեղծագործություններով։ «Զիբենկեզ» վեպում պատկերել է XVIII դ. ավատական Գերմանիայի կյանքը։

4. Էդգար Քինե – Ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատմաբան։ Քինեի բազմաթիվ աշխատություններից առավել հայտնի է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված «Հեղափոխությունը» (1865 ) ստեղծագործությունը:

5. Հայնրիխ Հայնե (1797-1856) – գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ։

6. Իմանուիլ Կանտ (1724-1804) – գերմանացի փիլիսոփա։ Գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր։

7. Մաքս Շտիրներ (1806 – 1856 ) – Գերմանացի փիլիսոփա, անարխիզմի տեսաբան։

8. Ֆրիդրիխ Նիցշե (1844-1900) – Գերմանացի փիլիսոփա է, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, գիտության և արվեստի սուր քննադատություն է:
9. Մարտին Լյութեր (1483-1546 )-Գերմանացի աստվածաբան, վանական։ Նա առաջինն էր, որ Աստվածաշունչը լատիներենից թարգմանեց գերմաներեն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *