Ռաֆայել Նահապետյան | Գունատ Հարսնացու՝ կարևոր ու երկրորդական մանրամասնություններով

Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, Ռաֆայել Նահապետյան

«Անձն իմ յոյժ խռոված է,
Եվ դու, Տէր, մինչև ե՞րբ…»;
(Դավթի սաղմոսների գիրքը, 6,4)

Պատկերասրահում վաղուց արդեն ոչինչ չէր կատարվում: Կտավների պատկերները ձանձրույթից նույնիսկ սկսել էին խամրել, գունաթափվել, ճաքճքել: Այն միտքը, թե իրենք միմիայն այցելուների առջև ցուցադրվելու և նրանց գեղագիտական հաճույք պատճառելու համար են՝ նկարվածներին խիստ վիրավորում էր և հուսահատեցնում: Այդ դաժան ճշմարտությունը հերքելու կամ գոնե «մոռանալու» համար, պատկերասրահի փակվելուց և գիշերային պահակի շրջայցից հետո, սրահներում մշտապես սարքովի, բայց արտասովոր ինչ-որ իրադարձություններ էին տեղի ունենում, որոնք վրձնաներկային ստեղծվածքներին հնարավորության էին տալիս չհիշելու, թե իրենք ընդամենը տաղանդավոր (կամ ոչ այնքան) նկարչի երևակայության արդյունք են՝ իրականացված որոշակի չափսերով կտավային հարթության վրա և ներկալված բրոնզե շքեղ շրջանակով: Սակայն վաղուց արդեն ոչ միայն արտասովոր, այլև նույնիսկ աննշան որևէ իրադարձություն չէր կատարվում, և կտավների պատկերները ձանձրույթից սկսել էին խամրել, գունաթափվել, ճաքճքել: Պատկերասրահի աշխատակիցները իրար էին անցել ու այս անհասկանալի փաստը չկարողանալով գիտականորեն որևէ կերպ հիմնավորել՝ ամեն ինչի մեղավորն ու պատճառը ֆինանսական իրենց սուղ վիճակն էին համարում և երկրի անառողջ քաղաքական մթնոլորտը: Գիտական քարտուղարը այլ կարծիքի էր:
— Անբացատրելի թվացող սույն երևույթը շատ պարզ բացատրություն ունի,- ներողամտորեն ժպտում էր նա,- կտավների վրա ազդում են մթնոլորտային կտրուկ փոփոխությունները, մագնիսական հողմերը և արևի վրա հայտնված բծերը:
— Իսկ ինձ թվում է,- ինքն իր ասածին համարյա չհավատալով քրթմնջում էր պատկերասրահի հնագույն վերականգնողը,- որ կտավները մեզ տեսանելի վիճակից բացի, կամ դրանից այն կողմ, մի ուրիշ՝ իրենց սեփական գոյության վիճակն էլ ունեն:
Գիտական քարտուղարի ժպիտը խամրում էր: Ցավակցաբար նայելով իր լա-վագույն աշխատակցին, նրա անհեթեթ խոսքերը վերագրելով տարիքին ու սեռական անկարողությանը՝ խորհուրդ էր տալիս.
— Հարգելիս, մթնոլորտային կտրուկ փոփոխությունները, մագնիսական հողմերը և արևի վրա հայտնված բծերը, ըստ երևույթին ու ըստ իս, ձեզ վրա նույնպես ազդում են: Այնպես որ, աշխատեք դրսում քիչ լինել, իսկ արև ժամանակ խուսափեք գլխաբաց քայլելուց: Ձեզ անպայման հարմար մի գլխարկ է պետք:
Եվ բարեգործական հանգանակություն կազմակերպեց՝ հնագույն վերա-կանգնողին մի գլխարկ գնելու համար: Ու պատկերասրահի աշխատակիցները կտավների հետ կատարվող անհասկանալի երևույթը մոռացության տալով, սկսեցին քննարկել հարմար գլխարկների, արևային բծերի, խոշոր պաշտոնյաների կողմից կատարվող գանձագողության և «Պոռնկությունը իբրև կանանց իրավահավասարության ու ազատ կամքի հետաքրքիր դրսևորման ինքնատիպ եղանակներից մեկը» նույնքան անհասկանալի, բայց առավել գրավիչ հարցերը: Մինչդեռ համընդհանուր ձանձրույթը կայծակնային արագությամբ տարածվում էր ողջ պատկերասրահում, և կտավները, մեկը մյուսի ետևից, արժեզրկվում էին՝ խամրում, գունաթափվում, ճաքճքում:
— Լսի՛ր,- պատկերասրահի փակվելուց ու գիշերային պահակի շրջայցից հետո մի օր շշնջաց յոթերորդ սրահի «Դեպի աքսոր» կտավի գլխավոր դետալը՝ ավազակապետը, իր օգնականին,- էսպես որ երկար շարունակվեց, հաստատ կփչանանք:
— Հաստատ,- հոգոց հանեց օգնականը, որ բացառիկ բութ լինելով՝ ամեն ինչում պետի հետ համաձայնում էր,- բայց ի՞նչ կարանք անենք:
— Փախչել է պետք,- ասաց ավազակապետը,- ուրիշ ճար չկա:
— Վարակը ամեն տեղ տարածվել է,- հիշեցրեց օգնականը,- փախչում ենք որ ի՞նչ:
— Ասում են, թե սրահներ կան, ուր միայն բնանկարներ են,- միտքը զարգացրեց ավազակապետը:- Արի ողջ խմբով փախչենք, մի հարուստ պալատ թալանենք, գնանք էդ սրահները: Հարմար, աչքի չընկնող բնանկար կգտնենք, շրջանակից ներս կխցկվենք ու մեր ուզածի պես կցուցադրվենք, իբր թե կոմպոզիցիա ենք կամ ըտենց մի բան:
— Ա՜յ թե խելք ունես,- հիացավ օգնականը,- ա՜յ թե գլուխ ունես:
— Ունեմ,- հաստատեց ավազակապետը,- բայց տես՝ ոչ ոք չիմանա:
— Ո՞նց չիմանա,- խնդմնդաց օգնականը,- ով ասես գիտի:
— Որտեղի՞ց,- qարմացավ ավազակապետը,- ես, ախր, նոր եմ մտածել:
— Գլուխդ,- շշմեց օգնականը:
— Ի՞նչ գլուխ:
— Ուսերիդ վրայի,- բացատրեց օգնականը,- էդ որ ասում ես, թե ոչ ոք չիմանա:
— Անխելք,- կատաղեց ավազակապետը՝ հասկանալով, որ նորից օգնականի բթության հերթական թակարդն ընկավ:- Ես ասում եմ, որ փախչելու մասին ոչ ոք չիմանա: Գլուխս քեզ ի՞նչ: Գլխիս հետ ի՞նչ գործ ունես:
— Ոչ մի,- վախեցավ օգնականը,- ես էլ մտածեցի…
— Մի՛ մտածիր, անխելք,- շարունակեց բղավել ավազակապետը,- հենց սկսում ես մտածել, ամեն ինչ թարս է գնում: Գործ չունես: Դու միայն տես, որ փախուստի մասին ոչ np չիմանա՝ մերոնցից բացի:
— Պարզ է,- հանգստացրեց օգնականը,- ոչ ոք չի իմանա ու վե՛րջ: Մերոնցից բացի:
Բայց զարմանալին այն էր, որ յոթերորդ սրահում շուտով փսփսոցներ տա-րածվեցին, թե «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատրաստվում: «Դեպի աքսոր» կտավը, չնայած հայտնի նկարչի վրձնի աշխատանք էր, բայց յոթերորդ սրահում հեղինակություն չուներ, քանի որ ընդամենը 20-րդ դարի առաջին տասնամյակում էր ստեղծվել, ու պատկերներն էլ ստորածին, շղթայակապ ավազակներ էին, որ բութ ու անկարեկից հրացանավոր զինվորների ուղեկցությամբ պատժավայր էին քայլում, մինչդեռ սրահի մյուս նկարները հիմնականում 17-19-րդ դարերից էին գալիս ու իրենց ժամանակների հռչակված անձանց դիմանկարներ էին կամ արքունի ինտիմ մանրամասնություններ ներկայացնող գեղեցիկ տեսարաններ: Այնպես որ, սրահում հայտնվելու առաջին օրերից այս կտավի նկատմամբ մյուս պատկերները ընդգծված սառնություն էին ցուցադրում և բացահայտ արհամարհանք: Նման վերաբերմունքից «Դեպի աքսոր» կտավի պատկերներն այն աստիճանի էին հոգնել ու զզվել, որ փախուստի գաղափարը բոլորին ոգևորեց: Հատկապես, չգիտես ինչու, հսկողության համար նկարված զինվորներին:
— Չտեսնված բան է,- ուրախացավ սիֆիլիտիկ ավազակի մի պատկեր,- հենց ազատվեցինք, սրահներում ինչքան ասես հայտնի բժիշկների դիմանկարներ կան, մեկնումեկին կվախեցնեմ, կամ կփախցնեմ, կստիպեմ, որ ինձ լավ բուժի ու սրանից հետո ինչ կնիկ էլ սիրեմ՝ կոմսուհի լինի, ֆաբրիկայի բանվորուհի թե սովորական լիրբ, նախ և առաջ առողջության վերաբերյալ բժշկի թուղթ եմ պահանջելու:
— Իսկ ես,- շղթաները զրնգացնելով բղավեց բարձրաշխարհիկ տիկնանց եր-կարատև արհամարհանքից խելքը թռցրած մի ավազակ,- հարուստ պալատ թալանելուց հետո ընտիր հագուստներ ձեռք կբերեմ ու էս ժանգոտած երկաթի շղթաների փոխարեն մաքուր ոսկուց շղթաներ կպաավիրեմ, դե թող էն ժամանակ որոշ պատկերներ փորձեն ինձ բանի տեղ չդնել:
— Մաքուր ոսկուց շղթանե՜ր,- հմայված շշնջաց ավազակների խմբի ամենաողորմելի պատկերը, ու նրա տհաճ կերպարանքում երազային ու ջինջ, մինչ այդ չեղած գույներ հայտնվեցին:- Մաքուր ոսկուց շղթանե՜ր:
— Ոսկի՞ն է թեթև, թե՞ երկաթը,- հետաքրքրվեց խիստ գործնական մի ավազակ:
— Ոսկին,- ասաց խմբի ամենազարգացածը:
— Էղավ,- արագ վճռեց խիստ գործնականը,- փախչելուն համաձայն եմ, ես էլ եմ մաքուր ոսկուց շղթաներ ուզում:
Եվ ողջ ավազակախումբը ոգևորված սկսեց փախուստի ծրագիր մշակել: Գի-շերային քննարկումներին նրանք իբրև փորձագետ-խորհրդատու հրավիրում էին իրենց հսկելու համար նկարված հրացանավոր զինվորներից ամենահեղինակավորներին, որոնք գործնական դիտողություններ էին անում ու նշում բացահայտ թերությունները: Ու չնայած այս ամենը խիստ գաղտնի էր կատարվում, բայց փախուստի մասին անորոշ շշուկներն ավելի էին հստակվում, ուժեղանում և տարածվում պատկերասրահով մեկ: Ազնվազարմ, բարձրաշխարհիկ պատկերները չնայած գիտեին այդ մասին, բայց բարձրաձայն խոսելուց համառորեն խուսափում էին, մինչև այն օրը, երբ «Ամառային պարահանդես դքսուհի դը Լանժեի առանձնատանը» կտավում, ուր նրանք ժամանակ առ ժամանակ հավաքվում էին, մի ծեր կոմս, ոչ ոքի չդիմելով, նետեց.
— Իսկ «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատ-րաստվում:
Ներկաները շփոթահար լռեցին: Մինչ այդ նրանք ձանձրույթից կիսախենթացած լսում էին սալոնային ասպետի հորինովի պատմությունները իր թափառումների, արկածների, քաջագործությունների մասին, սակայն ծեր կոմսը, որին հատկապես զայրացնում էր սալոնային ասպետին ուղղված դյուրահավատ կանանց հիացական հայացքները, ընդհատեց նրան ու, ոչ ոքի չդիմելով, նետեց.
— Իսկ «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատրաստվում:
— Օ՜հ,- անտանելի թախծով հառաչեց դքսուհի դը Լանժեն,- փախո՜ւստ, մի այլ գոյությո՜ւն:
— Դքսուհի,- բացականչեց լպստված մի պալատական, որ ինչ-որ տիտղոս ուներ, սակայն ոչ ոք ճշզրտորեն չգիտեր, թե ի՛նչ տիտղոս,- ձեր թախիծը ցրելու համար ես վաղն իսկ արշավի կելնեմ:
Պարահանդեսին ներկա բազմաթիվ ազնվական տիկնայք, չնայած բացար-ձակապես չհասկացան, թե ուր է արշավելու լպստված պալատականը, ում դեմ է արշավելու, և թե այղ արշավը ինչո՞ւ պիտի դքսուհու թախիծը ցրի, համենայն դեպս, հիացած նայեցին պալատականին:
— Օ՜հ,- անտանելի թախծին աննման հմայք հաղորդելով՝ կրկին հառաչեց դքսուհին,- փախո՜ւստ:
Այդ պահին նա այնքա՜ն էր գեղեցիկ ու գրավիչ: Համարյա այնպիսին էր, որպիսին երազում էր լինել աղջկական տարիներին, երբ մտածում էր, թե միանգամայն արժանի ու պատրաստ է ինքնամոռաց և անձնազոհ սիրվելու որևէ թափառական, բայց անպայմա՛ն տիտղոսակիր ասպետի կողմից:
— Փախո՜ւստ,- ահավոր տենչանքով մրմնջաց իր զառամյալ փեսացուի հետ պարահանդես հրավիրված Գունատ Հարսնացուն և ավելի գունատվեց,- փախո՜ւստ:
Օգտվելով այն բանից, որ պարահանդեսում խառնաշփոթ սկսվեց, ու զառամյալ փեսացուն, բոլորին միանալով, անցավ «Դեպի աքսոր» կտավում նախապատ-րաստվող աննախադեպ իրադարձության քննարկմանը, Գունատ Հարսնացուն, բոլորից աննկատ, սկսեց կտավի շրջանակներին մոտենալ: Եվ երբ համոզվեց, որ իրեն տեսնող չկա, շրջանակից դուրս սողաց: Իսկ «Ամառային պարահանդես դքսուհի դը Լանժեի առանձնատանը» կտավում վիճաբանություններն ու կրքերը բորբոքվում էին:
Մեծագույն դժվարությամբ գտնելով «Դեպի աքսոր» կտավը՝ Գունատ Հարսնացուն փորձեց աննկատ ներս սողոսկել: Սակայն նրա հայտնվելն անմիջապես իմացվեց: Հրացանավոր զինվորներն իրենց կորցրին, նրանց նկարել էին աքսորյալների փախուստը կանխելու համար, բայց թե ինչպես վարվեին իրենց մոտ եկողի հետ, ոչ ոք չգիտեր: Իսկ ավազակները համրացան. իրենց միջավայրում աննման գեղեցկությամբ, գունատ ու մաքրամաքուր հարսնացուի հայտնվելը բոլորին շփոթեցրեց: Այդքան գեղեցիկ մի բան, թափանցիկ ու հրաշալի գույներով ստեղծված՝ անհնարին էր իրենց կողքին պատկերացնել, իրենց կտավային հարթության վրա, ուր նույնիսկ ճանապարհի եզրերին եղած թփերն ու քարերը թունավոր ու վանող երանգներ ունեին, իսկ ճաքճքած հողը պատկերող ներկերն այնքան էին շոշափելիորեն դաժան, որ միայն այդ գույներին նայելով, ավազակները խեղդող փոշուց շնչահեղձ լինելու պատրանքն էին ունենում: Ու հանկարծ… հարսնացուի ճերմակ զգեստներով նման անթերի գեղեցկություն: Իրենց մեջ: Իրենց հետ: Ավազակները համրացել էին: Հսկող զինվորները՝ նույնպես: Ու Գունատ Հարսնացուն խոսեց: Հայտնեց, որ «Անհավասար ամուսնություն» կտավից է: Որ վաղուց, շատ վաղուց՝ ստեղծման օրից, կանզնած է եկեղեցու խորանի առջև, զառամյալ փեսացուի կողքին: Որ այլևս չի կարող, ուժ չունի լռելյայն կրելու այդ ահավոր ու դաժան փաստը: Որ իրեն արարող նկարիչը, «Անհավասար ամուսնություն» կտավն ստեղծելով, ցանկացել է մերկացնել ժամանակի սարսափելի բարքերը, որ ինքը դա շատ լավ հասկանում է, որ տեղյակ է, թե նա ինչ առաջադեմ արվեստագետ է եղել ու կտավն ստեղծելով՝ ցանկացել է անպայման բարիք գործել, թույլ չտալ, որպեսզի նման բարքեր հասարակության մեջ արմատավորվեն: Որ ինքն այդ ամենը գիտի: Գիտի՛: Գիտի՛: Բայց չէ՞ որ իրականացնելով հոյակապ մտահղացումը, վեհ ու վսեմ գաղափարը՝ նկարիչ-ստեղծողն իրեն հավերժական տառապանքի է դատապարտել՝ զրկելով փրկության աննշան հույսից, սիրելու ու սիրվելու ցանկացած հնարավորությունից: Եվ հիմա, տեղեկանալով, որ «Դեպի աքսոր» կտավում փախուստ է նախապատրաստվում, նրանց մոտ է եկել և խնդրում է, որ իրեն նույնպես վերցնեն, քանի որ նման ցուցադրական գոյությունն այլևս իր ուժերից վեր է: Ու Գունատ Հարսնացուն հեծկլտաց: Սարսափահար ավազակներն ու զինվորները զարմանքով զգացին, որ իրենց աչքերի անկյուններում նույնպես արցունք արտահայտող ներկի կաթիլներ հայտնվեցին: Զինվորների հրամանատարը՝ ծեր մի սպա, ցանկացավ Գունատ Հարսնացուին ասել, որ այս ամենը խաղ է, սուտ, սարքովի, որպեսզի պատկերները չհիշեն վրձնաներկային իրենց գոյությունը, որպեսզի կարողանան խաբել իրենց ու կարծել, թե իրենք իրենցից անկախ ինչ-որ գոյություն են ներկայացնում, ինչ-որ բան որոշում: Իսկ բացարձակ ճշմարտութ-յունն այն է, որ ի սկզբանե ու մեկընդմիշտ ամեն ինչ որոշված է ու վերջնականորեն արտահայտված, և իրենք մարդկանց համար ընդամենը համաշխարհային մշակույթի մնայուն արժեքներ են և միմիայն այդ պատճառով է, որ նրանք, իրենց նկատմամբ այդքան ուշադիր են ու սիրում են ու գնահատում: Բայց Գունատ Հարսնացուի աչքերում հույսի այնպիսի մի շող էր ճառագում, փրկության այնպիսի սպասում կար, որ ծեր սպան խոսել չկարողացավ: Բացի այդ, կատարվեց մի բան, որի մասին անկանխատեսելի իրարանցման ընթացքում պատկերները մոռացել էին՝ հնչեցին պատկերասրահի գլխավոր մուտքի մեծ ժամացույցի զարկերը՝ ազդարարելով աշխատանքային օրվա սկիզբը: Իսկ համաձայն նկարվածների գերագույն օրենքի, մարդկանց առջև կտավները միմիայն կտավներ էին՝ անշարժ ու անգո: Պատկերներն անշարժացան, և Գունատ Հարսնացուն անհեթեթորեն «Դեպի աքսոր» կտավի շրջանակների ներսում մոռացվեց: Անհեթեթ վիճակում հայտնվեց նաև «Անհավասար ամուսնություն» կտավի զառամյալ փեսացուն, որ տենդագին ու անօգուտ որոնելով անհետացած հարսնացուին ու չգտնելով նրան՝ մեծ ժամացույցի զարկերը լսելով աներևակայելի արագությամբ իր նկարը սլացավ: Եվ անշարժանալուց առաջ մեծագույն ցավով հասցրեց պատկերացնել, թե ինքն ի՜նչ աստիճանի անհեթեթ զավեշտ է դիտվելու: Քանի որ՝ ի՞նչ ամուսնության մասին է խոսքը, եթե խորանի առջև միայնակ ու զառամյալ ծերուկ է կանգած, ո՞ւմ հետ է ամուսնանում, ինքն ի՞ր: Ասենք թե, բայց այդ դեպքում «անհավասար» բառի իմաստը ո՞րն է:
Աշխատանքային ցուցադրման ողջ օրվա ընթացքում յոթերորդ սրահի բոլոր պատկերները սարսափահար սպասում էին այն պահին, երբ մարդիկ (կամ այցելուները, կամ աշխատակիցները) «Դեպի աքսոր» կտավում չգիտես որտեղից հայտնված Գունատ Հարսնացուին տեսնելով, իսկ «Անհավասար ամուսնություն» կտավում այդ նույն հարսնացուին չգտնելով, կսկսեն մտածել-խորհել-բխեցնել և վերջնական եզրակացության գալով՝ կբացահայտեն պատկերների կարևորագույն գաղտնիքը: Սակայն ոչինչ էլ չեղավ: Ու ոչ ոք ոչինչ չնկատեց: Միայն ճարպիկ էքսկուրսավարներից մեկը օրվա ընթացքում այցելուների իր խմբի հետ յոթերորդ սրահում հայտնվելով և «Դեպի աքսոր» կտավի մասին խոսելիս բոլորին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել ճանապարհի եզրին կանգնած հարսնացուի խիստ ողբերգական կերպարին, որը «նկարչի տաղանդի լավագույն ապացույցը լինելուց բացի, դիտողին պարզորոշ հասկացնում է, թե ինչ աստիճանի տառապանք է ապրում ՍԵՐԸ, երբ բախվում է դաժան իրականության հետ, քանի որ անմնացորդ սիրելով իր տղամարդուն՝ կինը հանկարծ իմանում է, որ նա սովորական հանցագործ է՝ աքսորվելու արժանի»: Իսկ «Անհավասար ամուսնություն» կտավի առջև հայտնվելով ու հարսնացուի սովորական կերպարը չգտնելով՝ էքսկուրսավարը ցնցեց ուսերը, անտարբեր նետեց՝ «իբր թե ի՞նչ…», և այցելուների խմբին խնդրեց անցնել հաջորդ սրահ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *