Անահիտ Ղիասյան | Գյուղապետը՝ կտուրին

Նվիրվում է ընկերոջս՝ Դ․Խ․-ին

Հյուսիսարևելյան շրջանի գյուղերից մեկում՝ Ազատաշենում, արդեն չորրորդ օրն է շշուկով են խոսում, մեկ-մեկ էլ, հարկն եկած տեղը, գոռում։ Ի՞նչ պատահեց 117 բնակիչ, 3 անասնաֆերմա, 4 կոմբայն և 5 աղբյուր ունեցող գյուղին։
– Գյուղապետը թռել է կտուրը, չի՛ իջնում,- գոռում էր գյուղի տասնյակ կովերի ծնունդն ընդունած, տեղի կանանց մեջքը հաճույքով յախու դնող Սիրանուշ տատը։
– Ո՞նց թե կտուրն է թռել, այ մարդ, հետ բերե՛ք, համոզե՛ք, ասե՛ք սխալմունք կա, հաշվարկը սխալ է արվել։
Ազատաշենի գյուղապետի մասին լուրը հասել էր անգամ կողքի գյուղերը։ Բոլորին մտքինն էլ նույնն էր՝ «գյուղապետը խանգարվել է»։ Բա ի՞նչ եղավ, բա ո՞նց եղավ քչփչում էին Ազատաշենում և կողքի շեներում։
Կարապետ Փոքրիկյանն Ազատաշենի գյուղապետն է արդեն 3,5 տարի։ Իր կարծիքով՝ գյուղում բոլորն իրեն սիրում են, իր արևով երդում ուտում։
– Հա բա ո՞նց չսիրեն, ընկերական միջավայրում նստած, տնական օղին դրած, ուտում-խմում և գլուխն էր գովում Փոքրիկյանը։
Փոքրիկյանի տան կտուրը տարբերվում էր գյուղի մյուս տների կտուրներից․ քաղաքից բերած կարմիր ներկով էր ներկել, գագաթին էլ մետաղական մի խաչ դրել։ Նրա հետ կես ժամ շփվողները գիտեին՝ ամեն երկրորդ նախադասության վերջում ասելու է՝ Մեղայ Աստուծոյ։

Թե ինչու՞ էր խոսքի մեջ անընդհատ Աստծուն վկայակոչում, ոչ ոչ չգիտեր, բայց կարողացել էր աստվածավախ մարդու տպավորություն թողնել։
– Ամուսնուս իջեցրե՛ք կտուրից,- խնդրում-աղաչում էր Փոքրիկյանի կարճահասակ, գործունյա կինը՝ Սիրիկը։
– Ինձ մոտ չգա’ք, ինձ մոտ չգա’ք,- կնոջ խոսքին ի պատասխան վրա էր բերում Փոքրիկյանը։

Փոքրիկյանը ծնվել և մեծացել է Ազատաշենում։ Տատն ու պապն առաջին թոռանը հատուկ խնամքով են պահել։ Գյուղի բարիքներից ամենալավ թիքեն իրեն է բաժին հասել, ամռան լուսնկա օրերին ամենագունեղ հեքիաթները նա է լսել։
Փոքրիկյանը կնոջից՝ Սիրիկից, մի ձեռնաչափ էր բարձրահասակ։ Մազերը մոխրասպիտակ էին, գանգի հետևի հատվածում առատ, իսկ առաջամասում՝ նմուշի համար մի քանի հատ։ Փոքրիկյանը ո՛չ շատ գեր էր, ո՛չ շատ նիհար, բայց կառուցվածքի մեջ մի բան ակնհայտ աչք էր ծակում․նեղ ուսերի, բարալիկ թիկունքի հետ կլորիկ, դուրս ցցված փորը ոչ մի կապ չուներ։ Բայց գյուղապետը մի տեսակ հատուկ խնամքով էր վերաբերվում օղով, գարեջրով և հոնի կոմպոտով ծանրաբեռնված իր կլորիկ փորիկին։
Փոքրիկյանը Ազատաշենի տարածքում խելացի մարդ կոչվելու բոլոր հավակնություններն ուներ։ Գյուղի դպրոցի գերազանցիկների տախտակին նրա նկարը վերևի շարքում երրորդն էր, իսկ համբավը դասընկերների և համագյուղացիների մոտ՝ պատկառելի։
Կտուրին թառած գյուղապետն իր կյանքի 56 տարին գյուղում էր անցկացրել, բայց նույնիսկ մի երեք անգամ տեղը տեղին բահն ու փոցխը ձեռքը չէր առել՝ հողի հետ աշխատելու։ Նա նույնիսկ մի տեսակ հոգեբանական տարանջատում էր մտցրել հողագործների և գյուղապետարանում աշխատող օսլայած շապիկով, շատախոս և մազերը գծով սանրող համագյուղացիների միջև։

Երբ նոր-նոր էր աշխատանքի անցել գյուղապետարան, ամեն օր տնից աշխատանքի գնալիս մտածում էր՝ ղեկավարին ո՞նց բարևի, ձայնի ի՞նչ տոնայնություն ընտրի, հայացքն ուղիղ նրա աչքերին սևեռի, թե՞ մի քիչ կողք նայի։ Մինչև տեղ էր հասնում Փոքրիկյանը, քրտնում էր՝ վերնաշապիկի թևատակերն էլ ամենալավ ապացույցը։

Աշխատանքի առաջին երկու տարին նա առանձնապես աչքի չէր ընկել, դե առիթ էլ չէր ստեղծվել փայլելու բնությունից տրված հռետորական և կազմակերպչական տաղանդով։ Բայց Փոքրիկյանի անասելի նվիրվածությունն աշխատանքին, գյուղապետարանում բարձր գդակ դնողները մի քանի տարի անց հստակ տեսան։ Երբ բոլորն ընդմիջում էին անում, նա կարող էր սենյակից դուրս չգալ, երբ աշխատանքից հետո գրեթե բոլորը մոտ կես ժամ հավաքվում էին գյուղամիջում՝ զրուցելու, նա նախընտրում էր մեն-մենակ մնալ գյուղապետարանի միահարկ, սպիտակ պատերով շենքում։ Ի՞նչ էր այդքան գրում, ի՞նչ էր այդքան ջնջում՝ ոչ ոք չգիտեր։ Բայց բոլորը միաբերան ասում էին ու զուգարանում թերթ կարդալիս մտածում՝ Փոքրիկյանը շատ առաջ կգնա։

Գյուղապետարանում աշխատանքի երկրորդ տարում Փոքրիկյանը հասցրեց ընտանիք կազմել։ Ամուսնացավ Ազատաշենի կանանցից ճարպիկ, կարմրաթուշ, չաղլիկ Սիրիկի հետ։ Իրար հետևից երեք երեխա ունեցան։ Սիրիկը տունը կառավարելու, երեխաներին դաստիարակելու բարդ գործն իր վրա վերցրեց, դե հասկանում էր ամուսնու գործի կարևորղությունը, գյուղի կանանց մոտ էլ սուրճ խմելիս գլուխ գովում՝ Սեյրանս պաշտոնավոր, թուղթ ու գրչի մարդ է, որ գալիս է տուն, պետք է ամեն ինչ իր սրտով լինի։

Սեյրանին որ թողնեիր՝ տուն էլ չէր գա, երեխաներին լսել, նրանց հետ ժամանակ անցկացնել չէր սիրում, երբ նրանք վազքով մոտենում էին հորը գրկելու, ամեն մեկի ճակատին մի համբույր էր դրոշմում ու ճանապարհում։
***
Գյուղապետարանում շատախոս էր, տանը՝ քչախոս։ Երբ Փոքրիկյանը տուն էր մտնում, դեմքի փայլը մի տեսակ կորում էր, դառնում էր խոժոռադեմ, մտածկոտ, մի քիչ էլ անտարբեր տան կեցաղին, տան ամենօրյա շարժին։ Սիրիկը սովորել էր նրա նման պահվածքին, արդեն անգիր գիտեր՝ ամուսնու ամեն շարժումն ի՞նչ է նշանակում։ Նա նույնիսկ ապահովության համար երեխաներին էր զգուշացրել․
– Երբ հայրիկը գործից հոգնած գալիս է, աշխատեք չաղմկել, ավելորդ հարցեր չտալ նրան, լավ կլինի մտնեք սենյակները կամ այգի դուրս գաք։
Սիրիկն ամեն բան անում էր, որ Փոքրիկյանը գոնե տանը հանգստանա։ Գյուղում ապրող կնոջ պատկերացումներում գրիչ բռնող տղամարդը գերանդիից էլ ծանր մի բան է բռնում։

Տուն մտնելուց հետո Փոքրիկյանը մոտ կես ժամ կարող էր նստել հյուրասենյակի բազմոցին, բառ անգամ չխոսել, հետո ծիսակարգի նման գնալ խոհանոց, մի բան ուտել ու մտնել սենյակ։ Այդ ընթացքում Սիրիկն ուղղակի պտտվում էր նրա շուրջը․ հացը տալիս, ջուրը բերում, ընթացքում էլ մի տեսակ ձգվելով, զգաստանալով՝ փորձում էր համատեղ կյանքից երեք երեխա ունեցածի հետ մի երկու բառ փոխանակել․

– Հըն Սեյրան, ի՞նչ կա գյուղապետարանում, բա Կոշտոյանին ինչի՞ հանեցին։ Կինն ասում է՝ վաղուց պլանավորած բան էր, Սերոբյանը թույն է շնչում նրա դեմ։
– Դա քո խելքի բա՞նն է, էդ հարցերին մի՛ խառնվի, ու՞մ հանեցին, ու՞մ բերեցին, Մեղայ Աստուծոյ։

Սիրիկը գիտեր, եթե հերթը հասավ «Մեղայ Աստուծոյ»-ին, ավելի լավ է ինքը լռի, գնա պատշգամբի աստիճաններն ավլի։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Փոքրիկյանն առավել քան լարված էր։ Մոտ մեկ շաբաթից՝ նոյեմբերի 11-ին, գյուղապետի ընտրություններն էին։ Ազատաշենը պետք է ընտրություն աներ Փոքրիկյանի և երիտասարդ մի թեկնածուի՝ Բազիկյանի միջև։

Բազիկյանը 34 տարեկան, ամուսնացած, երկու երեխա ունեցող, եռանդուն երիտասարդ էր։ Արտաքնապես նա Փոքրիկյանի հակապատկերն էր․ բարձրահասակ էր, մկանուտ, շեկ մազերով, երկու բուլատ ատամով և համոզելու մեծ ձիրքով։ Բազիկյանի հայրը գյուղամիջում փոքրիկ խանութ ուներ, ողջ գյուղը նրանցից էր օգտվում։ Բազիկյանը ոչ այնքան խելացի էր, որքան ճարպիկ, գործունյա։ Ազատաշենում նրանց ընտանիքը լավ համբավ ուներ, առաջիկա ընտրություններին էլ իր համոզմամբ՝ մեծ շանսեր։

Նոյեմբերի 10-ի գիշերը Փոքրիկյանը ողջ գիշեր չքնեց, շարունակ շուռումուռ էր գալիս անկողնում, անհանգիստ էր, մի տեսակ վախում էլ էր Բազիկյանից։ Սիրիկը զգում էր,

որ ամուսինն աչք չի փակում, նա էլ կուչ էր եկել անկողնու մի ծայրում և վախենում էր շրջվել։

Ապագա գյուղապետի ընտրության օրը Ազատաշենում նոյեմբերի այդ հատվածին ոչ բնորոշ արևոտ ու տաք եղանակ էր։ «Գյուղի կլուբը» մի լավ մաքրել էին, սեղան-աթոռները հարմար շարել, ընտրության խցիկում էլ կարմիր վարագույր քաշել։

Նախորդ օրվանից գյուղամիջի թիվ մեկ թեման Փոքրիկյան-Բազիկյան հակամարտությունն էր։ Հավաքվածներն իրենց կանխատեսումներն ու մեջբերումներն էին անում, իրենց նախընտրած թեկնածուի մասին ճոխ-ճոխ պատմում, ձայները գցում, հետո հանկարծակի հանգստանում ու ոտքերի ցեխին նայում։
– Ինձ թվում է Բազիկյանը պիտի անցնի, շատ կազմակերպված և խելացի տղա է,- «Գյուղի կլուբը»-ի մոտ կանգնած դատողություն էր անում 5 երեխաների հայր Կարապետը։
– Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը, ի՞նչ գիտես, թե Բազիկյանն իրեն ոնց կպահի գյուղապետի դերում։ Փոքրիկյանին արդեն սովորել ենք, մարդը լավ էլ իր գործն է անում, մենակ հոգնեցնում է իր Մեղայ Աստծույով։

Գյուղապետի ընտրության օրը՝ նոյեմբերի 11-ին, Փոքրիկյանը քիչ չի ողջ գիշեր աչք չփակեց, հետն էլ հողաթափերը հագնելիս զգաց՝ գլուխն էնպես է ցավում, որ անգամ աջն ու ձախը չի տարբերում։

Ընտրության գնաց Սիրիկի հետ՝ թևը մտած, բայց մոռանում էր քայլերը դադանդաղեցնել ու գոնե Սիրիկին հավասար քայլել։ Փոքրիկյանի գործողություններն անկանոն էին, իսկ գլխում պտտվող մտքերը՝ անկապակից ու ահազանգող։

Ազատաշենում ընտրությունները միշտ էլ հետաքրքիր են անցել։ Ընտրվողներն ու նրանց հարազատները, գուցե, լարված էին, բայց ողջ գյուղում մի տեսակ տոնական տրամադրություն էր։ Կանայք փայտե, հնամաշ պահարանից հանել էին ծունկը ծածկող կիսաշրջազգեստները, տղամարդիկ էլ լողացել, սափրվել, մի մասն էլ գդակ էր դրել։

Տոնական հագնված, բայց դեմքի հոգնածությունը ոչ մի կերպ քողարկել չկարողացող կանայք ու տղամարդիկ իրար ետևից արագ-արագ մտնում էին «Գյուղի կլուբը», ընտրություն անում ու դուրս գալիս։ Կանայք գնում էին հարևանի տուն մի երկու բառ փոխանակելու ու սուրճ խմելու, տղամարդիկ էլ հողի հետ կռիվն առժամանակ մի կողմ թողած, նոյեմբեր 10-յան արևի տակ տարատեսակ դատողություններ էին անում, ծխախոտի քուլաներն օդ դուրս թողնում ու սպասում ընտրությունների արդյունքին։

***
Փոքրիկյանն ընտրությունից հետո տուն չգնաց, կնոջը երկու կցկցտուր բառ ուղղեց ու շտապեց աշխատասենյակ։ Դեռ երեկվանից Փոքրիկյանը ներսից ալեկծվում էր, բա ի՞նչ կլինի, բա ո՞նց կլինի, եթե ինքը գյուղապետ չվերընտրվի։ Սենյակի պատուհանը բացեց, նայեց դրսում խմբված մարդկանց ու ավելի զայրացավ։ Նրանց շարքերում տեսավ ուրախ-զվարթ, հանգիստ դեմքով Բազիկյանին։
– Աչքիս սա մի բան գիտի, աչքիս սա էս անտաշներին իրենով է արել, ծխախոտն ագահաբար քաշելով՝ մտածում էր Փոքրիկյանը։
Պատուհանը փակեց, բայց չէր կարողանում հանգիստ տեղը նստել, շարունակ մտածում էր ու հայելու մեջ իրեն նայելով՝ կապույտ փողկապն ուղղում։

Դուռը երեք անգամ թակեցին։ Սենյակի անխախտ լռության մեջ դռան ձայնն այն աստիճան շփոթեցրեց Փոքրկյանին, որ նա սեղանի վրա դրված թղթերը ձեռքի մի շարժումով թափեց գետնին։ Առանց բարձացնելու՝ գնաց ու բացեց դուռը։ Այդ պահին, եթե մի լավ նկարիչ լիներ ու ֆիքսեր Փոքրիկյանի աչքերի արտահայտությունն, ապա արվեստի հետաքրքիր նմուշ կստացվեր։

– Հյուրերի չէիր սպասում հա՞ ոնց որ, գիտեմ որ աներեսն եմ, բայց թող գոնե առաջ գամ,- ժպիտը դեմքին, ինքնավստահությունը ողջ կերպարանքում արտասանեց Բազիկյանը։
– Արի՛, արի՛ Բազիկյան ջան,- երեք քայլ հետ գնալով՝ մի կերպ խոսեց Փոքրիկյանը։

Փայտե, չոր աթոռներին հարմար տեղավորվելուց հետո Բազիկյանը սկսեց տեղը տեղին զննել Փոքրիկյանի դեմքը։ Կլոր երես, կլոր աչքեր ու աչքերի արտահայտության մեջ տագնապ։

«Ինչու՞ որոշեց գալ այստեղ, սրա մտքին մի բան կա հա՞», – մտովի կուչ եկավ ու մտքերի կծիկ դարձավ Փոքրիկյանը։

– Փոքրիկյան աչքիս շատ վախեցած ես հա՞, քեզ ոտքից գլուխ իմանալով մի լավ առաջարկ ունեմ։ Արի՛ մի կարևոր գործի վրա գրազ գանք։ Պայմանները հիմա կասեմ։
– Ի՞նչ գրազ Բազիկյան ջան, ասա՛ տեսնեմ՝ ի՞նչ առաջարկ ունես,- կլոր աչքերն ավելի կլորացնելով, երկու թշերն էլ կաս-կարմիր կտրած, հևոցով արտասանեց Փոքրիկյանը։

Բազիկյանի՝ իր հակառակորդի մոտ գալը, պատահական չէր։ Նա շատ բան էր հասկանում կյանքից, մարդկանցից։ Հաջողակ խանութպանը ընտրությունների այդ մի քանի ժամերի ընթացքում մի քանի կարևոր դրվագ իր համար առանձնացրեց։

Նախ ողջ գյուղը խոսում էր, որ Փոքրիկյանն այս ընտրություններին ձայն չի հավաքի, նրա խոսքերին հավատացողը միայն կինն է՝ Սիրիկը, ու իրենց կողքի երկու հարևանները։
Այս խոսակցությունները Բազիկյանն անմիջապես ֆիքսեց։ Բայց էլ ավելի անակնկալի եկավ, երբ գյուղի ուտող-խմող, քեֆչի ու կատակասեր Գիգուշը մի շատ տարօրինակ առաջարկ արեց իրեն՝ ընտրությունների մեկնարկից երեք ժամ անց։

– Բազիկյան ջան, արի՛ օրներս հետաքրքրացնենք ու մի օյին խաղանք Փոքրիկյանի գլխին։
– Էլ ինչ խաղաս, չես զգում՝ ինչ վիճակում ա Փոքրիկյանը, մի քիչ էլ, որ մտածի կաթվածահար կլինի։
– Բազիկյան, չես զգում էդ մարդը խանգարվելա գյուղապետի պաշտոնի երեսից։ Եթե էս ընտրություններին չանցնի, ինչը ես կանխատեսում եմ, մի բան կանի իր հետ։
– Լավ ի՞նչ անենք, ի՞ նչ ես առաջարկում։
– Առաջարկում եմ հաղթելու դեպքում հրաժարվես գյուղապետի պաշտոնից ու թող նորից վերընտրվի Փոքրիկյանը։
– Բայց ո՞նց, ինչի՞։
– Եթե դու քո հաղթանակը զիջես Փոքրիկյանին, ես քեզ կտամ իմ 06-ը, իսկ այդ խանգարվածին ինչ կասենք՝ կանի։ Արի ասենք, որ ինքը նորից կդառնա գյուղապետ այն դեպքում, եթե բարձրանա իրենց տան կտուրը ու մի ամբողջ օր այնտեղ անցկացնի։ Հա չմոռանաս զգուշացնել Փոքրիկյանին, որ ոչ մեկին չասի։

Բազիկյանին շատ է դուր գալիս Գիգուշի առաջարկը։ Մի տեսակ իրենից ինչ գյուղապետ, ողջ օրը նստի չորս պատի մեջ, գրի, ջնջի, գլուխդ ցավեցրու դու էլ չգիտես՝ ինչի համար։ Մեկ է, ինչ էլ անես դժգոհողները դժգոհում են։ Իսկ ահա թարմ, կարմիր 06-ը ինքը հավեսով կքշի գյուղում, հետո էլ նրան մեծ հրճվանք էր պատճառում Փոքրիկյանը՝ կտուրին։

Եկավ հաշվարկի ժամանակը։ 117 բնակիչ ունեցող գյուղում 36 երեխաները 22։00-ից հետո ամուր քնեցին, մնացածները սպասում էին ձայների վերջնահաշվարկին։ Կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Խանութպանը հաղթեց գրասենյակում ապրող Փոքրիկյանին։

Լուրը հասավ Սիրիկին․ առաջինը որ մտածեց՝ մարդն ինքնասպան կլինի։

Բազիկյանը վերջնահաշվարկից առաջ արդեն խոսել էր Փոքրիկյանի հետ։ Իր առաջարկը ներկայացրել էր նրան ու զարմացել։ Փոքրիկյանը դողացող ձեռքերով համբուրել էր Բազիկյանին և հոգեխանգարմունքի մեջ վրա բերել․ «ինչ ասես կանեմ Փոքրիկյան ջան, տո կտուրն էլ կթռնեմ, հավի ծերտն էլ կուտեմ․ միայն թե գյուղապետ մնամ»։

***
Երբ գյուղն իմացավ, որ ընտրություններում հաղթել է Բազիկյանը, բնակիչները անակնկալի չեկան։ Փոքրիկյանը այդ գիշեր գնաց տուն, պայմանը նա պետք է աներ վաղ առավոտյան և այդպես մնար մինչ ուշ գիշեր։ Հոգում նա ցնծում էր, նորից իրեն պատկերացնում էր գյուղապետի աթոռին նստած։

Երբ մտավ տուն, Սիրիկին նախօրոք ասաց, որ ինքը հաց է ուտելու և պառկելու, թող ոչ մեկին տուն չթողնի, իրեն էլ չանհագստացնի։ Ամուսնու վարքագիծը հենց սկզբից տարօրինակ թվաց Սիրիկին։

Ընտրությունների հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Փոքրիկյանը հագավ իր տոնական կոստյումը, զոլերով փողկապը կապեց, իրեն կարգի բերեց ու առանց որևէ բան ասելու տնեցիներին, բարձրացավ իրենց տան կարմիր կտուրը։

Գյուղն արթնացավ, տեսավ Փոքրիկյանին կտուրին, մի աղմուկ, մի արարանցում։ Սիրիկը գոռում էր, լացում, աղաչում․ «ամուսնուս իջեցրե՛ք կտուրից, չի հասկանում՝ ի՞նչ է անում, խայտառակվեցինք տնով-տեղով, բժիշկ կանչե՛ք, ասե՛ք Փոքրիկյանը խանգարվել է»։

Փոքրիկյանը ոչ մի ձայնի չէր արձագանքում, պարգևն իր համար անչափ քաղցր էր։ Կեսօրին արդեն ողջ գյուղն էր նրանց տան մոտ։ Բազիկյանն ու Գիգուշն էլ գրազը նշելու տեղն էին քննարկում։

Ուշ երեկոյան, երբ արևը մայր մտավ, Փոքրիկյանն իջավ կտուրից, մտավ տուն, Սիրիկին համբուրեց ու խելագարի աչքերով ասաց՝ էլի գյուղապետ եմ։ Սիրիկն ավելի վախեցավ, կարծեց ամուսինը լրիվ խանգարվել է։

Մի քանի օր անց Գիգուշի և Բազիկյանի գրազը հայտնի դարձավ ողջ գյուղին։

Հիմա նրանք էին կրկնում գյուղապետի սիրելի խոսքը՝ Մեղայ Աստուծոյ։

Փոքրիկյանն իր աշխատասենյակում՝ գործերից կքում էր, իսկ կարմիր 06-ն էլ պտտվում էր գյուղամիջում ու հիշեցնում բնակիչներին` գյուղապետի կտուրին թառած տեսարանը։

– Մեղայ Աստուծոյ, Մեղայ Աստուծոյ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *