Լիլիթ Դամիրյան | Հողը տրորվում ու ապրում է` սպասելով տիրոջը

Նեղ ճանապարհը, որ անցնես ու շրջվես ձախ, մի պահ կանգ կառնես, կտեսնես վեհաշուք պարիսպները, դրանցից ներս`ամրոցի տանիքը: Երկաթակուռ դռներից ներքև հարյուր քայլ էլ չքայլած` պարսպի բարձրությունը կնվազի` հասցնելով ուրիշ հին դռան: Այստեղից ներս մտնելը մեկից մեկ է:
Կալվածքի մյուս ծայրում փարթամ խոտերի կանաչը տեղ-տեղ ընդհատում են սև խոշոր բազալտի քարերի ցցված ծայրերը: Մի ցատկ… ու պարսպի այն կողմում ես` Հովհաննես պապի տան ավերակներում:
Հենց մեջքով կանգնես դեպի ավերակները, կտեսնես բարձրաբերձ ամրոցը: Բայց ամրոցից առաջ ու նրանից էլ բարձր հարյուրամյա բարդիներին կտեսնես: Թե լսես, բարդիները քեզ կպատմեն`ոնց է Հովհաննես պապը շինել իր տունը: Կասեն, որ թուրքը իրենց կողմերը ոտք չի դրել: Մարդիկ վեր են կացել, խմբեր կազմել, ճակատամարտ տվել ու քշել թուրքին: Հետո է եղել, որ մարդիկ լքել են իրենց Աստծո տունը ու առաջին իսկ հրամանով քանդել գյուղի եկեղեցին: Հովհաննես պապը եկեղեցու քարերը հավաքել-բերել է ու իր տունը կառուցել: Պարզ ու անձև մի խաչով փորագրված սև քարերից մեկն էլ Հովհաննեսի կինը տարել ու ամուսնու տնկած այգու ծառերից մեկի կողքին է դրել, որ իրիկնամուտին թաքուն մոմ վառի հինգ զավակների համար:

Մի օր էլ առանց մի ատամ կորցնելու, սպիտակափայլ ժպիտը դեմքին Հովհաննես պապը պառկել է ու քնել… հավերժական քնով:

Հովհաննեսի զավակները պահել են տունը, պահել են մորը: Իրենց ընտանիքներն են ստեղծել: Հովհաննեսի կնոջ մահից հետո որդիներից երեցը այգու մյուս ծայրին ամրոցի հիմքերն է գցել ու ցանկապատով կիսել այգին: Հետո մի հետին մտքով ցանկապատը հանել է ու խնամել ամբողջ հողը: Կրտսեր որդին հեռացել է երկրից` անտեր թողնելով վաղանցիկ ցանկապատից իր կողմը մնացած մոր փայփայած խաչքարը:
Խաչքարին մոմ վառող չի մնացել:
Բայց տանձի ու խնձորի ծառերն իրենք իրենց բերք են տվել ու տարվա մեջ մեկ-երկու անգամ դժկամորեն հյուրընկալել են պտուղները հավաքելու եկած Հովհաննեսի զավակներին:
Դրացիները տեսել են անմարդ տունը, մտածել ու որոշել փրկել եղածը ցրտից ու շոգից: Սկզբում մի ապակին են կոտրել, սպասել-տեսել են արձագանք չկա` մտել ու ապակեպատ նախասրահի պահարաններն են տարել, աթոռները: Հետո հավանաբար մտել են սենյակները, տեսել պատից կախված Հովհաննես պապի նկարը ու ներսի իրերին ձեռք չեն տվել` հարգել են իրենց դրացուն:

 

***

Բարդիների շվաքին Հովհաննեսի կնոջ ձեռքով տնկած մալինաների թփեր կան` հատուկենտ պտուղներով. արևի երես չտեսնող թփերի բերքը մնում է թերհաս, թթու-թթվաշ: Անուշեղեն դարձող ու ատամների արանքում`աչքերը կկոցելու չափ անհարմար վայրի վարդեր կան: Բարդիների ու պտղատու ծառերի քիմքին հաճելի սառնորակ աղբյուր կա ու սևորակ հող` ոտքերին: Այգու երկնքում ժպտացող արև կա: Այգու ճակատին`սարերից փչող ուրցաբույր քամի:

Մկրատի երես չտեսած բարդիների ճյուղերը կպատմեն, որ իրենց թիկունքում մշակույթի տուն է եղել: Եկող-գնացող երիտասարդներ են եղել: Ու ոնց որ ճակատամարտի հաղթանակից տարիներ հետո են վերևից կարգադրել`եկեղեցին քանդել, այդպես էլ անկախանալուց հետո տրորել են մշակույթի տունը`ավելի լավը կառուցելու խոստումով:

Բարդիները կլռեն, ու քամու հարվածից թիկունքի ուղղությունը բռնած ճյուղերը մատնացույց կանեն հանց առևտրի կենտրոն գործող մշակույթի տունը:

Բարդիների տերևներից կաթացող առավոտյան ցողը ամառվա շոգին թրջում է շվաքին աճող մալինաներին, որ նրանք էլ չմեռնեն: Թոթափելով արցունքը` բարդիները վեհացած հայացք են գցում իրենց դիմացն ապրող Հովհաննես պապի դրացու այգուն. Մանան տատի հողը չի դիմանում բերքի ծանրությանը: Մանանի երկու որդիներից ամեն մեկն իր բաժին հողի տերն է ու այգեպանը:

Բարդիները անհիշելի ժամանակներից հետևում են իննսունամյա ավագին. հողին ծնկած`Մանանը համբուրելի համբերությամբ հատ առ հատ հեռացնում է կարմրացած ելակների արանքներում բուսած մոլախոտը: Մոլախոտը նոր է աճած, արմատներ չունի ու պոկելը դյուրին է: Տատը խնամքով մոլախոտերից բլրակներ է դիզում ու գործը վերջացնելուց հետո մարգ առ մարգ անցնում` հավաքելով կաթնասունների բաժինը:

Հովհաննես պապի այգում աճող երբեմնի հազվագյուտ խնձորի միակ ծառը դրացու համար երազանք չէ. գտել է սերմը, ցանել ու հիմա այգում երկուսն ունի: Բարդիների կատարները բարձր են` հաստատ տեսած կլինեն`ինչ հնարքով է հարևանների տները բաժանող սալորի ծառն անցել Մանան տատի կողմը: Տեսել են, բայց ոչ ոքի չեն պատմի: Սալորենին փարթամ է, խնամված, բերքառատ: Թող ապրի, թող լավ ապրի:
Ագուցիկ փայտերով եզերված շեների միջի սալորենու հորիզոնն ազատ է` հայացք է պահում եկեղեցին քանդելուց հետո գցած կամրջին: Գյուղն ու շրջկենտրոնը միացրած կամրջով մեկ-մեկ իրենց կողմերն են հասնում չինովնիկներին թևանցուկ բարերարները: Շրջում են գյուղով, գտնում լավ հողերը, առնում ու դեսպանատների պես կտրում միջավայրից:

Հովհաննես պապի տունը գյուղի ամենալավ հողերում է, ու սալորենին ձայնը կտրած` ոչ ոքի չի պատմում ամրոցի դիմաց թափված սև քարերի պատմությունը: Մանան տատի ծոռների խաղացած գնդակը մեկ-մեկ ընկնում է Հովհաննես պապի թոռների դաշտը: Հողը տրորվում ու ապրում է` սպասելով տիրոջը:

Բարդիները դեռ հիսուն տարի էլ կապրեն ու կհասցնեն պատմել, թե ոնց էր Հովհաննես պապի կինը ամուսնու մահից հետո առավոտները արձակում գլխաշորը ու ալիք-ալիք թափվող մազերին ցույց տալիս արևի լույսը: Փայտե խոշոր ատամներով սանրը ձեռքին`թոռնուհին մոտենում էր ու արևահամ ժպիտով սանրում տատի մազերը: Սանրին մնացած մազերից մեկն էլ վերցնում ու համեմատում էր իր վարսերի հետ: Տատը կարողանում էր ժպտալ: Դուստրերը շուտ-շուտ վարդերի նորաբաց թերթիկներն էին հավաքում ու շտապելուց չէին տեսնում ոտքի տակի քարը, որի առաջ կորացած`Հովհաննես կրտսերը մատնոցաչափ բաժակով հեռացնում էր մամռոտած ջուրը: Ինչ-որ մի սյուք գալիս ու հարվածում էր հոգսաշատ թոռան մեջքին: Թոռը հազում էր, սրբում ճակատի քրտինքն ու կարճ ակնարկ նետում քրոջ ու տատի կողմը…
Ցողը հալվում էր ու կաթում: Օրը ընթանում էր ու ավարտվում:

***

Սև քարերի եզերքի հավերժական լռության մեջ բարդիները հիմա նայում են երկնքին: Ուր որ է` կապտավուն մի լուսին կորաձև կկախվի երկնքից ու հեռու-հեռվից կհիշեցնի արևի լույսի մասին:
Ու սալորենին կշշնջա`Աստված ստեղծեց լույսը:
Ու բարդիները կսոսափեն`Բարի է:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *