Արքմենիկ Նիկողոսյան | Հակոբ Սիրունու ինքնակենսագրական նոթերը

Արքմենիկ Նիկողոսյան

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Անցյալ դարասկզբի արևմտահայ մշակութային ու հատկապես գրական աննախադեպ զարթոնքին անմիջաբար կապված մարդու հուշագրությունը չի կարող գոնե ճանաչողական առումով առնվազն հետաքրքիր չլինել։ Բայց երբ այդ և այլ իրադարձություններ ներկայացվում են ականավոր գրագետ Հակոբ Սիրունու դիտակետից, ապա սոսկ ճանաչողականն ու սոսկ հետաքրքիրը բնավ չեն պարագրկում իրերի բուն կացությունը։ Սիրունին արևմտահայ այն հազվագյուտ մտավորականներից է, որոնց հաջողվեց փրկվել Աղետից։ Եվ այն քչերից է, ով այնուհետև ապրեց երկար, շարունակեց զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով, ու տարբեր ժամանակներում հրապարակ հանեց տարաբնույթ արժեքավոր աշխատություններ, հոդվածներ, հուշեր…, ծավալեց ազգօգուտ գործունեություն իր կենսագրության վերջին հանգրվան Ռումինիայում։ Լայն հետաքրքրություններ ունեցող այս բազմաշնորհ մտավորականի թողած ժառանգությունը, եթե միայն գրական հատույթում դիտարկելու լինենք, ապա պիտի նշենք, որ հայ գրականության պատմաբանը, տեսաբանը, արևմտահայ դասականների կենսագրությամբ, ձեռագրերով զբաղվող մատենագետն ու նույնիսկ տեքստաբան–բնագրագետը մեծապես օգտվել ու այսուհետ օգտվելու են Սիրունու ինչպես հուշագրության մեջ, այնպես էլ տարաբնույթ այլ հրապարակումներում սփռված վավերական-փաստական արժեքավոր, հաճախ` բացառիկ տվյալներից։
Այս իմաստով` մեր գրական-մշակութային կյանքում անտարակույս կարևոր իրադարձություն էր Հակոբ Սիրունու հուշագրական անտիպ մնացած ժառանգությունն ամփոփող «Ինքնակենսագրական նօթեր» խորագրով բավական ստվարածավալ հատորի հրատարակությունը, որտեղ Սիրունին պատմում է արդեն գլխավորապես իր կենսագրությանը առնչվող մանրամասներ, կենսագրություն, որ շատ առումներով ընդհանրական է և օգնում է առավել տեսանելի գծերով պատկերացնել այն բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջավայրը, որում հասակ առել, ուսանել, ստեղծագործել է արևմտահայ մտավորականության 20-րդ դարասկզբի փաղանգը։ Հատորի հրատարակությունն իրականացվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից` «Ժամանակ և խոսք»` վաղուց արդեն հեղինակավոր մատենաշարով։ Բնագրերը հրատարակության է պատրաստել Հենրիկ Բախչինյանը` օժտելով այս պարագային սպառիչ ծանոթագրություններով, ինչպես նաև հեղինակել Հակոբ Սիրունու կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնող առաջաբան։
«Ինքնակենսագրական նօթերը» հուշագրություն չէ` ժանրային ավարտունության ու ամբողջականության առումով, այլ ավելի շատ տարբեր տարիներին գրած ու մեծ մասամբ չամբողջացված հուշերի և անձնական հիշատակների ժողովածու, հուշեր, որ, ինչպես հեղինակային որոշ ակնարկներից կարելի է ենթադրել, պետք է ամբողջանար իբրև ընդհանուր հուշագրական հատոր։ Նոթերի շատ հատվածներ կիսատ են, հաճախ` սոսկ վերնագրային մասով սահմանափակված։ Ծանոթագրություններում հաճախ են վկայաբերվում Սիրունու եղբոր` Գրիգոր Ճոլոլյանի` նոթերի ձեռագրերի այս կամ այն հատվածի առթիվ կատարած նշումները, որոնք ևս վկայում են վերոգրյալի օգտին, զորօրինակ` «Այս բոլոր խորագիրները – այս բաժնին մէջ կամ ուրիշ ձեռագիրներուն վրայ – անաւարտ մնացած են։ Երևի հետզհետէ ամբողջացնելու համար, ամբողջ էջ մը պարապ ձգած է, զոր ի հարկէ ժամանակ չէ ունեցած լրացնելու։ Բայց յաճախ մէկ տողն իսկ շատ բան կը բացատրե» (էջ 308)։ Սակայն մյուս կողմից` նոթերի տարբեր հատվածներում քիչ չեն նաև որոշ դրվագների կրկնաբանություններ։ Այս հանգամանքն էլ իր հերթին մղում է ենթադրության, որ «Նոթերի» ութ հատվածներից յուրաքանչյուրն իր հերթին հղացվել է իբրև առանձին ամբողջություն` աղոտ պարագրկելով ընդհանուրի մաս կազմելու հեռանկարը։
«Նոթերի» առաջին հատվածն ունի «Ատափազարը» խորագիրը։ Բնականաբար, Սիրունին, ինչպես հիմնականում բնորոշ է ինքնակենսագրական հուշերին, սկսում է իր ծննդավայրից, ծնունդից ու մանկությունից, ծնողներից ու հարազատներից, մանավանդ որ` «մարդ քանի տարիքը կառնէ` անուշ կը թուի իրեն հողը ուր իր առաջին քայլերը առաւ» (էջ 21)։ ՈՒ անմիջապես էլ մանկության դառնություններն ու հիասթափություններն են ուրվագրվում, որոնց շարքում տպավորիչ ու ողբերգական են հորը` Գինով Առաքելին նվիրված էջերը։
Սիրունու կենսագրության հաջորդ փուլը «Նոթերում» կազմում է երկրորդ հատվածը` «Իզմիթի մեր չորս ամիսը»։ Ժամանակային առումով այս փուլը շատ կարճ է տևել, դրա վկայագրումն էլ իրացվել է կարճ տարածության մեջ, սակայն այդ չորս ամիսը հատուկ առանձնացվել է, քանզի «ամենեն դժնդակ շրջաններէն մէկն է կեանքիս» (էջ 28)։ Սրան հակառակ` քաղցր հիշատակներով են առլեցուն «Էսաեանի իմ երեք տարիս», որոնց վկայագրումը «Նոթերի» երրորդ հատվածն է։ Այստեղ գունեղ մանրամասներով, հետաքրքիր, տեղ–տեղ գեղարվեստական ոճով ներկայացվում է դպրոցական պատանիների առօրյան, նրանց չարաճճիություններն ու արկածները, ուսուցիչների ու աշակերտների հարաբերությունների բնույթը և այլն։ Գուցե Էսայան վարժարանում անցկացրած օրերի` իր բնութագրմամբ` «անուշությունն» է, որ հիշողությունից չի սրբել և ոչ մի համադասարանցու անուն, ընդ որում` Սիրունին նրանց հիշում է «ճիշտ այն կարգովը որով զանոնք դասի կը կանչէր Պարթևեան» (էջ 38)։ Իսկ ընդհանրապես, իր վկայագրումներում Սիրունին ժլատ է երբեմն, բայց երբեք մոռացկոտ. «Նոթերի» բոլոր հատվածներն էլ անունների շատությամբ են հատկանշվում, թեպետ դրանց մի մասը ուղեկցվում է ծավալուն, մի մասը` մեկտողով ներկայացումներով։
Էսայանից հետո Սիրունին իր կրթությունը շարունակել է Կեդրոնական վարժարանում և «Կեդրոնականին մէջ» հատվածը վկայագրում է կենսագրության այդ շրջանը։ Սա, հուշագրի հետահայաց գնահատմամբ` քաղցր ու բեղուն շրջանն է իր կյանքի և դա ոչ միայն զուտ անձնական առումներով, այլև այն հանգամանքով, որ «Համիտի այդ դաժան շրջանին ուր հայ շունչը խեղդուած էր ամենուրեք` Կեդրոնական մէջ կարելի էր դեռ շնչել» (էջ 72)։ Այս հատվածին բնորոշ է ենթավերնագրերի առատությունը, որոնք ավելի շուտ ծրագրային նշումներ են, քանզի դրանցից հետո շատ հաճախ Սիրունին բավարարվել է սկսվածքներով. զորօրինակ` «Մեր դասարանը», «Մեր ընդհանուր թաղը», «Կոլոտի գերեզմանը» և բազմաթիվ այլ ենթավերնագրերի ուղղահայացում երկու–երեք, առավելագույնը` հինգ–վեց տողեր են։
«Նոթերի» հինգերորդ («Հէրօլտ Պըքսընին համար») և վեցերերոդ («Մէտթէրհանէն») հատվածներում Սիրունին պատմում է իր հանրային–խմբագրական գործունեության և դրա պատճառով իր բանտարկության մասին։ Այս հատվածները երևակում են Սիրունի–գործչի քաղաքացիական նկարագիրն ու մարդկային տեսակը։ Նույնիսկ բանտային պայմաններում այս անխոնջ մշակը չի դադարել մտածել հանրօգուտ ու ազգօտուտ ձեռնարկումների մասին։ Այդպես` նա թուրքական բանտում գրադարան է հիմնում` հետահայաց, կարծես ներողամտություն հայցելու պես խոստովանելով, որ «Հանրային կեանքիս փառասիրութիւններէն մէկն է եղեր մատենադարան հիմնել» (էջ 109)։ Ցնցելու չափ տպավորիչ է նաև հատորի ծանոթագրություններում արձանագրված այն իրողությունը, որ «Սիրունին բանտում գտնուելով հանդերձ կարողացել է կազմակերպել Զարիֆեան–Սևումեան թատերախմբի ներկայացումները Կ. Պոլսում» (էջ 315)։
Նշված հատվածներն առանձնակի արժեք են ստանում նաև այն առումով, որ Սիրունին իր բանտային կյանքը պատմում է ոչ թե հետահայաց, այլ «գրեթէ նոյնութեամբ» ներկայացնելով բանտի իր նոթատետրը` «զեղջելով միայն շատ անձնական, շատ մտերիմ տողերը» (էջ 117)։ Ներկայացվող–պատկերվող իրականությանը զուգահեռ Սիրունու իմաստավոր խորհրդածություններն ու հոգեբանական նրբին վիճակների վարպետ վկայագրումներն այդ հատվածները վեր են դասում սովորական գրառումների մակարդակից։ Այս իմաստով` դրանք զուգահեռելի են Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» գրությանն ու Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության շատ հատվածների։ Առաջին դեպքում` մարդկային ճակատագրերի, բանտային հարաբերությունների նուրբ դրվագման, երկրորդ դեպքում` պատկերվող միջավայրի նմանությունների առումով։ «Ամէն մարդ վէպ մը ունի հոս,–գրառում է Սիրունին,–ու այս վէպերով կրնաս բովանդակ տիեզերքի պատմութիւնը գրել լրիվ» (էջ 120)։ ՈՒ ինքը չի զլանում տիեզերքի` մի օր գրվելիք պատմությանն իր նպաստը բերել. գրառումների շատ հատվածներ ուղղակի փոքրիկ նորավեպեր են` հաճախ նույնիսկ ժանրային ավարտուն նկարագրով։ Ահա, օրինակ, այդպիսի մի հատված, որ պայմանականորեն կարելի է վերնագրել «Մահապարտի վերջին գիշերը»։ Ինձ թույլ եմ տալիս ամբողջությամբ ներբերել այդ հատվածը. «Դուք տեսե՞ր եք մահապարտի վերջին գիշերը։ Ա՜հ, ես տեսեր եմ։ Երէկ գիշեր զայն բերին, ու առտուն, չլուսցած, պիտի տանին Քեաղըտհանէ` որ կախաղան պիտի հանեն լուսնալուն։ Թշուառականը մարդ մը սպաննած է հոն անցեալ տարի։ Իմացուցած են թէ վերջին գիշերն է ատ։ Կ’աղօթէ, կը ճաշէ, հաշիշ մը կը քաշէ, ու կը մնայ աչքերը սևեռած պատի։ Քուն չունի։ Գուցէ կը համրէ ժամերը որ դեռ կը մնան իրեն։ Ուրիշներ` կ՛ըսէն` գրգռուած կ՛ըլլան մեռնելէ առաջ։ Հանդարտ է սակայն ասիկա, նոյնիսկ կատակներ կ՛ընէ կատուին հետ ու կեր ալ կուտայ անոր։ Կը քաշէ յետոյ վերջին հաշիշ մը, ու դարձեալ աչքերը կը յառէ պատին։ Մենք, ասդին, սոսկումով կը դիտենք զինքը Սաթվէթ Լութվիին հետ, մենք ալ արթուն։ Քիչ յետոյ կուգան իրեն ձայն տալու։ Կ՛ելլէ, կը հագուի, ու կը հետևի պահակին։ Ոչ մէկ ձայն որ իր ներսի խռովքը մատնէր։ Ան հաշտուած է վաղուց մահուան հետ։ Ան վաղուց կախաղան է հանած ինքզինքը։ Հիմակուանը կատակ մը կը թուի իրեն, աւելորդ ձևակերպութին…» (էջ 122)։ Այս դեպքում մարդու ազգային պատկանելությունը մղվում է ետին պլան, թեպետ մի տեղ Սիրունին բազմիմաստ նկատում է` «Զգայուն մարդիկ թուրքերում մէջ ալ կան» (էջ 137)։
Բանտային կյանքին հաջորդած ազատության ժամանակաշրջանը կարճ տևեց Սիրունու համար։ Ճիշտ է, նա չկիսեց իր գրչընկերներին բաժին հասած տաժանելի ճակատագիրը, սակայն տարիներով ստիպված էր թաքնվել տարբեր տեղերում` հաճախ կարոտ մնալով արևի լույսին անգամ։ «Նոթերի» «Թաքստոցի տարիներ» յոթերորդ հատվածը պատկերում է Սիրունու կենսագրության այդ շրջանի ոդիսականը։ Տանջագին մտածումների, օրեցօր խորացող հիասթափությունների, տարբեր մարդկանց անակնկալ փոխակերպությունների համապատկերին քիչ չեն նաև զվարճալի դրվագներն ու մարդկային վեհանձնության և նվիրվածության դրվագումները. «Եթէ պատերազմը արտադրեց իր տականքները որոնք հայ անունը աղտով ծեփեցին, առիթը տուաւ նաև որ գոհարներ յայտնուին»,–գրում է Սիրունին (էջ 166)։ Ընդհանրապես, նա հատուկ անդրադառնում է հայ տականքին, որ դրսևորվելու բացառիկ պայմաններում էր հայտնվել։ Սիրունին, սակայն, որոշակի զգուշություն է հանդես բերում տականքի պարագրկումը սահմանելիս։ «ՈՒրացումները, չգիտենք, պէ՞տք է դասել տականքներու շարքին մէջ» (էջ 171),–հարցնում է նա, և ինքն էլ բերում այնպիսի մի փաստարկ, –«ՈՒրացումները առհասարակ, առերես էին», –որ որոշակի վերապահություն է առթում, մանավանդ որ այնպիսի մտավորական, ինչպիսին Երվանդ Օտյանն է, ըստ էության, այդպես փրկվեց Աղետից։ Սիրունու նոթերի այս հատվածը կարևոր է նրանով, որ ներկայացնում է այսպես ասած` թիկունքի կյանքը, չաքսորված մտավորականի ընկալումը կատարվող իրադարձությունների հետ կապված, ընկալում, որ իրեն հասած լուրերի մակարդակով է։
«Իմ կեանքի ճամբան» «Նոթերի» վերջին` ութերորդ և ամենաընդարձակ հատվածն է, որը մի կողմից ընդհանրացումն է նախընթաց հուշերում ասվածի ու չասվածի, մյուս կողմից վկայագրումը թաքստոցի տարիներից հետո ապրած կյանքի` ընդհուպ մինչև 1960-ական թվականները։ Այն ներառում է Սիրունու հատկապես հանրային գործունեության մանրամասները, անշուշտ, չշրջանցելով նրա կյանքի դրամատիկ էջերը։ Վերջին առումով` հատկապես հուզիչ են Սիրունու շուրջ տասը տարի տևած աքսորի տարիների վկայագրումները, նրա խոհերն ու տագնապները։ Ճիշտ է, աքսորը առիթ եղավ, որ նա լինի նաև Երևանում («Բացառիկ օր մըն էր կեանքիս մէջ։ Երևանը տեսայ այդ օրը», էջ 247), սակայն անպտուղ անցած տարիների կսկիծին վերադարձին գումարվելու էին սիրելի կնոջ մահն ու իր գրական ժառանգությունն ամփոփող հինգ արկղերի կորուստը` «ձեռագիրներ ու նամակներ վաղուց անհետացած մեծ դէմքերէ, Վարուժանէն ու Սիամանթօէն, Զօհրապէն ու Զարդարեանէն, Կոմիտասէն ու Զաւարեանէն, Օտեանէն ու Օշականէն, Դուրեանէն…» (էջ 249)։ Հիշատակված անունները պատկերացում են տալիս կորստի մեծության մասին։
Հատորն ավարտվում է մի քանի հավելվածային բնույթի նյութերով, որոնք ամբողջացնում են «Ինքնակենսագրական նօթերում» պատկերված իրադարձությունների համապատկերը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *