Նարեկ Թոփուզյան | Հաշվից շուտ դուրս գրվածը

Որ Անուշն ամուսնացել է, թաղում իմացան շա՜տ քչերը, քչերը, որովհետև մարդիկ կային, ովքեր չգիտեին նույնիսկ, որ ուրարտական ժամանակներին հարող վաղնջական իրենց թաղում Անուշ անունով հարսնության թեկնածու մեկը եղել ու իրենց թաղից ինչ-որ ժամանակ ուրիշ թաղ հարս է գնացել: Որ Անուշն ամուսնացել է թաղում իմացան միայն այն ժամանակ, երբ նա արդեն բաժանվել ու խինկալու խմորի պես թոթոլ աղջնակին առել, հոր տուն էր դարձել ու նույնիսկ այդքանից հետո էլ մարդիկ եղան, ովքեր Անուշի գոյությանն անհաղորդ մնացին: Նույնիսկ այդքանից հետո, երբ նա երեխային մանկասայլակի մեջ դրած, փողոցում աննպատակ թրև էր գալիս ու հարբած կոշկակարի բռի բառերով թրատում սիրածների հետ զվռնող երեխի հորը, դեռևս հանդիպում էին հարցական նշանը գլխավերևում ոլորած հատուկենտ մարդիկ, ովքեր մանկահասակ երեխով էդ մանկահասակ գեղեցկուհու ով լինելու վերաբերյալ մեկուսի հարցեր էին տալիս: Այդ ժամանակ էր, որ Անուշը շատերի համար միաժամանակ և՛ ծնվեց, և՛ հասակ առավ, միաժամանակ և՛ մարդի գնաց, և՛ պատճառավորվեց, մայրացավ և տեղնուտեղն ապահարզանվեց:
Հոր տուն ոտքը հազիվ դրած, մինչևիսկ սկոչով փաթաթած ճամպրուկները դեռ տան անկյունում անհուպ դրած, Անուշին թաղեցիներն անմիջապես շտապեցին հաշվից դուրս գրել: Այդպես վարվելու համար բավարար կլիներ միայն այն, որ նա բաժանված էր ու ման էր գալիս պուճուր էրեխեն պտուկից կախ, իսկ այստեղ միայն այդ չէր: Միայն այդ չէր Անուշի դեպքում: Ոչ մի կղերական կամ ծխական կանոնագրքում գրված չէ, թե բաժանված կինն ինչպիսին պետք է լինի, բայց հաստատապես ոչ այնպես հպարտ, ինչպես Անուշը, ոչ այնպես, համարձակ ինչպես Անուշը, իսկ Անուշը հպարտ էր, համարձակ էր այնքան, որքան դրա իրավունքն ունեցող ամուսնացած կինն իրեն այդպիսի համարձակություն թույլ չէր տա: Խորը բացում էր ազդրերն Անուշը, երկու կողմից դեպի դոշի կենտրոնական գիծն էր սեղմում կրծքերը, խորը ներկում էր կոպերն ու այդպես փողոց դուրս գալով, չէր երկչնում` փուշ-փուշ անող իր այդ անտակ աչքերով, հալումաշ անող անտակտ ազդրերով մեխում էր ցանկացած մեկին, ում կենսաբանական սահմանագծերում իրեն հետաքրքրող ինչ-որ բան էր գտնում: Հայացքը խոնարհել չուներ, տեղը սթրել չուներ էդ աղջիկը: Ասում էին իբր գործի է գնում, թե հիմա գնու՜մ էր, չէ՜ր գնում, թեկուզ գնում էլ էր, կարևորը որ տանից դուրս գալիս, բայց ամեն անգամ տուն մի մեքենայով էր գալիս, լավագույն դեպքում նույնով երկու անգամ էր գալիս: Գալիս, թաղի ամենատես աչքերից հեռու իջնում էր ու թե չնկատվեց` չնկատվեց, իսկ թե նկատվեց հայացքը կախելու տեղակ խեթում էր, յարաբ աստված, սեփական կյանքի իրավատիրոջ թունոտությամբ ո՜նց էր խեթում, նրան խեթում էին ու նա էլ տակ չէր մնում` համարձակ հայացքով ի պատասխան խեթում էր:
Ու զարմանալի չէր, որ Անուշը, դեռևս ուժերի ծաղկման շրջանում անկասկած փթթուն մի վարդ, սեփական կյանքում այդ եղած-չեղածի պատճառով արդեն հաշվից դուրս էր գրվել: Հերիք չի բաժանված, պուճուր էրեխեն կծվածքից հլը ճաք-ճաք պտուկից կախ, հետն էլ հպարտ ու համարձակ, հետն էլ ման էր գալիս: Ու՞մն էր Անուշն այդպիսին պետք լինելու, որ նրան հաշվի մեջ պահեին ու որ կարևոր է` հաշվի առաջին դիրքերում պահեին, կամ չէ՛, պետքն անկասկած պետք կլիներ, համա հազիվ թե օջախի ծաղկամանի մեջ դրված փխրուն վարդի կարգավիճակում:
Անուշին, բայց, երևում է սեփական թաղեցիները հաշվից շա՜տ շուտ էին դուրս գրել, որովհետև թաղում հանկարծ տարածվեցին քողարկված շշուկները, թե Անուշը Ջուլիկի տղուն է առնելու: Լուրերն, ի դեպ, աներկբայելի իրողություն լինելու համար չափից դուրս վեհերոտ էին, բայցև չափից դուրս կպչուն էին զուտ բամբասանք լինելու համար: Ծագելով հանկարծակի` դրանք սկիզբ առան ոչ մի կերպ բացահայտման չտրվող աղբյուրից ու հավատարժանության տեսանկյունից տեղում կասկածի տակ դրվեցին` չի՜ կարող պատահել, չի՛ կարող, որովհետև Ջուլիկի տղուն ու Անուշին հլը մի անգամ իրար հետ տեսնող չէր եղել, ուրեմն ոչ միայն իրար հետ տեսնող չէր եղել, այլ նույնիսկ չկար մեկն, ով կհպարտանար, թե տեսել է, որ նրանց ճանապարհները խաչվել են կամ, որ այդ ճանապարհները թեկուզ զուգահեռվել են կամ, որ նրանք ինչ-որ ժամանակ միմյանց կողքով գլխահակ սահել, յուրաքանչյուրն իր բանին է գնացել: Ախր դրանց նույնիսկ մեկմեկու բարև տալիս ոչ ոք չէր տեսել: Այդքանից հետո դրանց մտերմությունն ի՞՜նչ պայմաններում պիտի ձևավորվեր, որտեղ պիտի ծավալվեր ու ինչպես պետք է մտերմությունից մերձեցման վերափոխվեր` այս հարցի վրա անպատասխան կերպով գլուխ էին ծեծում շատ-շատերը: Ամենակարևոր հարցը, սակայն, որ թմբկաձողի պես ծեծում էր բորոբոքված մտքերի թաղանթը, այն էր, թե տենաս ի՞նչ է արել Անուշն այդ աստիճան խորը գրավելու համար Ջուլիկի տղի սիրտը, ի՞՜նչ էլի, ասենք կարո՞ղ է սրտին հասնելու համար լարախաղացի պես Տաթեվերի ճոպանով մի ծերից մյուսն էր անցել, կատաղած շան բերնից միս էր պոկել, Տերմինատորի հետ ձեռի ուժ էր կպել` հաղթանակը Ջուլիկի տղին ձոնել, ի՞նչ էր արել, որ էդ տղեն էդպես կտրուկ աչք էր կոծել Անուշի երեխի, տարած-բերած մարմնի, դալիդոլի հոգու վրա և նրան հետ` հաշիվն էր վերադարձրել ու դա դեռ բավարար չի, նրան տեղ էր հատկացրել սեփական հաշվի առաջին հորիզոնականներում:
Ասում էին ծանր բեռ է ու բոլորի աչքից հեռու այս երկուսի միջև հույժ մի կարևոր բան է եղել: Կարևոր մի բան, որ Ջուլիկի տղեն` հլը ազաբ, կողակցի բերկրանքն ու դժբախտությունը դեռ չտեսած մեկը, գլուխը դրել է կողակցի դժբախտությունը մի ժամանակ արդեն իսկ վերապրած այդպիսի ծանր բեռի տակ ու պատրաստվում է քարշակելու համար եզան պես լծվել դրան: Ասում էին ողբերգություն է, ողբերգություն հատկապես այն, որ լուսի պես տղեն, ում թվում է օրենքով հալալ կաթնակեր մեկը բաժին պետք է դառնար, ինքն է շան բաժին դառնալու, հալալ կաթնակեր ջահել, ով սեփական երեխին մեծացնելու փոխարեն ուրիշի նաֆարին է մեծացնելու: Բոլորը միակամ էին մի հարցում, մի բան պետք էր անել այդ ողբերգությունը կանխելու համար, բայց կանխողը, որ Ջուլիկն էր, ասում էին համոզելու բոլոր անհաջող փորձերից հետո լավագույնը, որ կարողացել էր անել տղին նախազգուշացնելն էր` եթե անդնդի պռոշից հետ չի դառնալու, ուրեմն թող վեշերը կապի ու կնկա հետ ապրելու համար իրեն տեղ ճարի: Ասում են Ջուլիկի տղեն մոր նախազգուշացումից հետո վեշերը կապել, բայց դեռևս կամուկացի մեջ է ու անդնդի պռոշից ո՛չ առաջ, ո՛չ էլ հետ քայլ գցել չի համարձակվում:
Ասու՜մ էին, չէի՜ն ասում, ամենակարևորը ինչ էին ասում` այդ ամենին Անուշը, սակայն անտարբեր ու անհաղորդ, իր բանին էր: Ներկում էր նա աչքերը, տկլորացնում ոտքերը, գծում կրծքերը և գնում էր գործի` եթե, իհարկե, գնում էր ու թքած այն ամենի վրա ինչ կասեին թաղեցիները: Առավել հաճախ իրիկունները դստեր հետ Անուշը զբոսանքի էր դուրս գալիս ու այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էր` դուստրը, որ թեև անհաստատ, բայց արդեն քայլում էր, մոր ձեռքից կտրուկ քաշեց ձեռքն ու ձեռքերը լայն տարածած, մորը դեմ-հանդիման դուրս եկավ:
– Հոգեցի, գկի ինձի, մամա,–մանկականորեն թոթվեց երեխան ու հույսով լի աչքերը մոր դեմքին սևեռելով, սպասեց նրա արձագանքին:
– Չեմ կարա, բալես,–պատասխանեց Անուշն ու մի կողմ հրեց դստերը:
– Ինչի, մամա,–աչքերը զարմացական ճպճպացնելով` հետաքրքվեց դուստրը:
– Որովհետև բժիշկը չի թողնում,-պատասխանեց Անուշը:
– Մամա՜, էլ ինձի չե՞ս գկելու,–ահաբեկված հետաքրքրվեց դուստրը:
– Կգրկեմ, բալես, ո՞նց չէ,–գորովալից ձայնով պատասխանեց Անուշն ու ձեռքի ափը զգուշությամբ դրեց որովայնին,–անպայման կգրկեմ, բայց ինը ամիս հետո:
Ասում էին Անուշը տարօրինակ կերպով է չաղանում` եզրագծերը մնում են նույնը, իսկ որովայնը հետևողականորեն առաջ է գալիս:

24 – 28 ապրիլի 2016թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *