Վերջինիա Վուլֆ | Կախարդված տունը

Որ ժամին էլ արթնանում եմ դռան թակոցը կա: Մի ուրվական զույգ, ձեռք-ձեռքի տված անցնում է սենյակներով`բարձրանալով, բացելով դռները, փորձելով համոզվել:
-Մենք այստեղ թողեցինք նրան-, ասաց կինը, իսկ տղամարդն ավելացրեց .-Օ՛, այստեղ, այստեղ: Այն վերևում է-, մրմնջաց նա: – Եվ պարտեզում, -շշնջաց մյուսը: -Հանգիստ, -ասացին, – թե չէ կարթնացնենք նրանց:
Բայց այնպես չէր, որ դուք արթնացրեցիք մեզ: Ա՛խ, ոչ. -Նրանք մի բան են փնտրում, շարժում են վարագույրը, ինչ որ մեկը այսպիսով էլի մեկ կամ երկու էջ կգնա առաջ: -Հիմա արդեն գտել են- կմտածի` կանգնեցնելով մատիտը լուսանցքում: Հետո կարդալուց հոգնած վեր կկենա, որ փնտրի ինքն իրեն, իսկ տունն ամբողջ դատարկ է, դռները բաց են, միայն վայրի աղավնիներն են ծղրտում, և ագարակի կողմից կալսիչ մեքենայի ձայնն է լսվում: -Ինչի՞ համար եկա այստեղ: Ի՞նչ էի ուզում գտնել… Ձեռքերս դատարկ էին: Միգուցե վերևու՞մ է: Խնձորը վերևում է: Նորից պետք է իջնել, պարտեզում խաղաղ է , միայն գիրքն էր սահել ու ընկել ցած:
Բայց գիրքը գտել էին հյուրասենյակում: Որևէ մեկը դժվար թե տեսած լիներ նրանց: Պատուհանների մեջ անդրադարձվում են խնձորները, վարդերը, թվում է, թե ապակուց այն կողմ տերևները կանաչ են: Երբ սենյակում շարժվում են, խնձորների դեղին կողմն է երևում: Հաջորդ րոպեին, երբ դուռը բացվեց, կարծես թե այդ բոլորը տարածվել են գետնի վրա`կախված պատերից , առաստաղից… Սա ի՞նչ է…Ձեռքերս դատարկ են… Մի կեռնեխակերպ ստվեր անցավ գորգի վրայով, լռության ամենախոր հեռվից վայրի աղավնու ծղրտոցն էր: ՙՎտանգ չկա, վտանգ չկա, չկա՚, հանգիստ խփում էր տան զարկերակը: ՙԳանձը թաղված է, սենյակը…՚, -զարկերակը մի պահ կանգ առավ.ՙՄի՞թե այստեղ է թաղված գանձը՚:
Հաջորդ պահին լույսը թուլացավ: Ուրեմն պարտեզից դուր՞ս: Բայց ծառերը մթություն էին հյուսել արևի թափառող ճառագայթի դեմ: Այնքան հրաշալի, այնքան բացառիկ էր իմ փնտրած , միշտ վառվող ճառագայթը փռվել ապակու հետևում: Ապակին մահն էր, մահը մեր միջև էր, դեռ հարյուր տարի առաջ փորձեց գալ կնոջ մոտ` լքելով տունը, փակելով պատուհանները: Սենյակներն էլ մթնել էին: Տղամարդը լքել էր ամենը, և կնոջը, գնացել էր հյուսիս, հետո արևելք, տեսել էր աստղեր, որ վառվում են հարավային երկնքում, փնտրել էր տունը և գտել այն լքված, Բլուրներից ներքև: ՙՎտանգ չկա, վտանգ չկա, չկա՚, -տան զարկերակը խփում էր ուրախությամբ: «Գանձը ձերն է»:
Քամին ոռնում է պողոտայում: Ծառերը կորացած թեքվում են այս ու այն կողմ: Լուսնի ցոլքերը թափվում և ցրվում են անձրևի մեջ: Եվ լամպի լույսի շողը տարածվում է պատուհանից դուրս: Կրակը վառվում է հանգիստ, առանց ճկվելու: Շրջելով տան մեջ, բացելով պատուհանները, շշնջալով, որ չարթնացնի մեզ, ոգեղեն զույգը իր ուրախությունն էր փնտրում:
-Այստեղ ենք մենք քնել, – ասում է կինը: Մյուսն ավելացնում է.-Անթիվ համբույրներ: Առավոտյան արթնացում… Արծաթափայլ ծառեր….Վերևում….Պարտեզում….Երբ ամառն էր գալիս… Ձմռանը, ձյան ժամանակ… Դռները հեռվում փակվում էին` նուրբ թխկոցով, որպես սրտի զարկ : Նրանք ավելի մոտեցան և կանգնեցին դռան մոտ: Քամին շտապում է, անձրևը արծաթ է ցողում ապակու վրա: Մենք ոչինչ չենք տեսնում ևոչ մի քայլ չենք զգում մեր հետևում, ոգեղեն թիկնոցը տարածած ոչ մի կնոջ չենք տեսնում: Տղամարդը ձեռքերով պահում է լամպը: -Նայիր, – հևում է, -խորը քնած են: Սերն է նրանց շուրթերում:
Թեքվելով, և արծաթե լամպը դեպի մեզ պահելով, նրանք երկար, մտասույզ նայում էին: Երկար դադար են տալիս: Հանկարծակի քամուց կրակը թեքվում է թեթևակի: Լուսնի շողը անցնում է թե հատակի և թե պատի վրայով և լուսավորում հակված դեմքերը`մտածկոտ, որ փնտրում են հողաթափերը և իրենց թաքնված ուրախությունը:
«Վտանգ չկա, վտանգ չկա, չկա», տան սիրտը խփում է հպարտությամբ: – Երկար տարիներ…հիշում է տղամարդը: -Դու նորից գտար ինձ : -Այստեղ, -մրմնջում է կինը, – քնած, պարտեզում ընթերցելիս, ծիծաղելով, խնձորները վերնահարկ տանելով: Այստեղ թողեցինք մեր գանձը… Նրանք թեքվում են, լույսից բացվում են աչքերիս կոպերը: «Վտանգ չկա, չկա, չկա»,- տան զարկերակը խփում է ոնց պատահի: Ես գոռում եմ, -Սա չէ՞ ձեր թողած գանձը: Հուրը սրտի մեջ:

Թարգմանությունը անգլերենից` Աննա Արզումանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *