Լուսինե Շահնազարյան | Հայ-Սայ-Ֆայ[1]. Հերբերթի «Dune»-ը.

Հերբերթի «Dune»-ը. Ավազուտներում թաղված գրականություն

«Ի՞նչ է տուփի մեջ»
«Ցավ»։

Մարդուն կենդանուց կարելի է տարբերել մեկ փորձնական թեստով. վերցնում ես ցիանիդի մեջ թաթախած մախաթասեղ, կամ ուղղակի Գոմ Ջաբար։ Մի ձեռքով այն պահում ես փորձարկվողի կոկորդից միլիմետր հեռավորության վրա, մյուսով՝ նրան ցույց տալիս փոքրիկ արկղիկ։ Փորձարկվողը ձեռքը պիտի մտցնի այդ տուփի մեջ ու չհանի այն մինչև դու չասես։ Նա կհարցնի՝ ինչ է տուփի մեջ։ Դու կասես՝ ցավ։ Թե չդիմացավ դրան ու ժամանակից շուտ ձեռքը հանեց տուփից, ուրեմն մարդ չի։ Ուրեմն բնազդները հաղթեցին։ Մախաթասեղը կմտցնես կոկորդի մեջ։ Նա տեղում կմեռնի։ Սա նրան ասում ես իմիջիայլոց։

Վարանելով, ըմբոստացած՝ Փոլը ձեռքը կդնի տուփի մեջ։ Նա դեռ տեղյակ էլ չի, որ իր գենետիկ սերումն արդեն հարյուրավոր սերունդերով հենց դու ես վերահսկում։ Վերջապես հիմա պիտի տեսնես՝ ինչ է ստացվել արդյունքում. մա՞րդ, թե կենդանի։ Փոլ Աթրեիդիսը, ամբողջ էությամբ քեզնից խորշելով, ձեռքը մտցնում է տուփի մեջ։
Սկզբում նա սաստիկ քոր կզգա, հետո մրմռոց, հետո մի թեթև այրում։ Հետո քո իմացած ցավերը կմխես տուփի մեջ, ջերմությունը ջերմության վրա՝ կվառես երիտասարդի ձեռքը։ Հիմա Փոլը զգում է՝ ինչպես է ձեռքի մաշկը կարմրում, սևանում, պրկվում, ոլորվում։ Ձեռքը չի հանում տուփից։ Լա՜վ։ Ուժգնացնում ես ցավը։ Ձեռքի միսը փխրվում, հալվում, թափվում, մինչև մնում են ածխացած ոսկորները։ Վերջ։ Ավարտվեց։ Նա չհանեց ձեռքը տուփից։ Ցավի նկատմամբ գազանային բնազդը չհաղթեց։ Նա մարդ է։

****
Ֆրենք Հերբերթի «Dune»-ը Հայաստանում այդքան էլ հայտնի չէ։ Դեռ։ Էլ ավելի քչերն են այն կարդացել՝ իրենց նույնականանցելով ոչ թե պայմանականորեն գլխավոր հերոս համարվող Փոլ Աթրեիդիսի՝ հերթական ընտրյալ-փրկիչ տղուկի հետ, այլ ընկղմվելով գրքի աղջիկների ու կանանց կերպարների մեջ. Բենի Ջեսըրիթ սրբազան տատմոր վերգիտակցական կնճիռներից մինչև ներանձնավոր Լեյդի Ջեսիքայի ցից այտոսկրերը, արնախում դեռաբողբոջ Չեյնիի կապտակապույտ թմրառատ աչքերն ու վերջապես մանկահասակ Ալիայի «ամենատես վերգիտակցականը»։

(Չ)Թարգմանված գիտաֆանտաստիկ գրականության հայկական դիետան ինչ-որ տեղ բացատրում է՝ ինչու հայ գրականության մեջ գիտական ֆատաստիկա առանձնապես չկա։ Ֆրենք Հերբերթն իր ժամանակակիցներից՝ օրինակ Ազիմովից, Քլարկից, Բրեդբերիից և փոքր ինչ ավելի հին Օրուելից, շատ ավելի քիչ շրջանառված անուն է հետսովետական երկրներում։ Պատճառներից մեկն այն է, որ սովետական գրաքննությունը կոնկրետ գիտական ֆանտաստիկայի նկատմամբ զավեշտալի սահմանգծերով վիզային համակարգ ուներ։ Դրա մասին շարքի հաջորդ հոդվածներում՝ Իտալական ֆաշիստական ֆուտուրիզմին անդրադարձից հետո։

Մինչ այդ, հայ-սայ-ֆայի չգոյությունը կարելի է դեռևս բացատրել նրանով, որ անընդմեջ ապրում ենք այսօրվա օրով։ Անցյալի ցավերը մշտապես արդի են։ Չլուցծված։ Ներկայի ցավի նկատմամբ մեր բնազդային արձագանքները՝ մակերեսային ու հիմնականում միակողմանի վերլուծությունների տիրույթում։ Պարադոքս է, բայց հայացքը դեպի աստղերն ու ապագա ուղղելը «անհեռատեսական» է, քանի երկիրը երկիր չի, աշխարհը աշխարհ չի, տիեզերքն էլ տիեզերք չի։

Այդուհանդերձ, բարձրանանք գիտաֆանտաստիկ գրականության զենիթ, կայանենք Ֆրենկ Հերբերթի «Dune»-ի շվաքին՝ զննելու կես դար առաջ ժանրում իր տեղը զմռսած այս մշակութային նշխարը[2] հենց մեր ժամանակի, տարածքի ու այսօրվա իրողությունների դիտանկյունից։

«Dune»-ով, Հերբերթը գիտական ֆանտաստիկայի համար արեց այն, ինչ Բիլի Այլիշը՝ փոփի կամ Գրիշ Աղախանյանը՝ ռաբիսի համար. նա վերացավ ժանրի պայմանականություններից ու փոխարենը ներմուծեց ժամանակի ու պատմական նարատիվների իր մեկնաբանությունը գիտական ֆանտաստիկայի ու ֆենթըզիի ֆոնին։ Ահա թե ինչու մոլորակի լեգենդար ռեժիսորներն անըդմեջ երազեցին վերարտադրել Հերբերթի «Ավազուտը» մեծ էկրանին։
Պատկերացրեք մի ֆիլմ, որի ռեժիսորական աթոռին նստելու էր Ալեխանդրո Յոդորովսկին[3], որում համաձայնել էր խաղալ ինքը Սալվադոր Դալին՝ Օրսոն Ուելսի ու Միք Ջագերի կողքին, որի երաժշտությունը գրել էր Փինք Ֆլոյդը, կոնցեպտային արվեստն ու դիզայնը Գիգյերի հանճարեղ ձեռքերում էր։ Յոդորովսկու «Dune»-ի տապալումից ծնվեց «Յոդորովսկու Dune»-ը վավերագրական ֆիլմը՝ ֆիլմի տապլաման ու բարոյական հաղթանակների մասին։ Դրանից հետո, սյուրռեալիզմը կինոյում հանրայնացրած Դեյվիդ Լինչի թեթև ձեռքով «Dune»-ը նկարելու երկրորդ ջախջախիչ պարտությունը հանրության կողմից արժանացավ լինչի դատաստանին. բառախաղ, որի մասին ինքը Լինչը հաճախ հիշում է ջղաձիգ գետնասկյուռի անզոր դառնությամբ։

Ինչպես՞ է այս գիրքը հաջողացրել իրենից անկախ խաչաձև փոշոտել ժանրի կանոնիկ գործեր[4], և ի՞նչն է այսօր ստիպում կինոռեժիսյոր Վիլնևին վերարժևորել այն՝ այս տարվա հոկտեմբերին լույս ընծայվելիք ֆիլմն էկրանավորելու արդեն երրորդ լուրջ փորձով։ Ֆիլմի բյուջեն գերազանցում է 2021 ՀՀ արտահանման եռամսյակային ցուցանիշը ինը միլիոն դոլարով։

Առաջին հայացքից սա մի հերթական պրոտո-պատում է.

– բիբլիական մոտիվներն ու մեսիայի գալստյան հակասական խորհուրդը կա
– մոնոմիֆերին հատուկ «հերոսի ճանապարհ[5]»-ի կոկիկ ցուցանշանները կան
– անձի պաշտամունքից բխող բոլոր հնարավոր ներանձնային և համամարդկային աղետները կան
– մոլորակի էկոլոգիայի ու գլոբալ ճգնաժամերի մասին ժանրին հատուկ ապոկալիպտիկ նախախնամությունները կան

Թվում է, թե այսքանն էլ բավարար է գիրքը փսորելու[6] համար։ Բայց այսքանով «Ավազուտը» սահմանելը նույնն է, ինչ ասել, թե գրքի միջուկը բազմաշերտ կերպարներով ու սպեկուլատիվ հասարակարգերով հսկա գալակտիկան է, կամ Համլետը վրեժի ծարավի մասին Շեքսպիր է, իսկ Մատրիցան՝ Կիանու Րիվզով կռիվ կինո[7]։

«Ավազուտ»-ը ռոբոտների ու տիեզերանավերի ֆուտուրիստական իրականության մասին չէ, չնայած դրանք այստեղ քիչ չէ իրենց տեղն ունեն, մի բան էլ հաճախ պատկերված են արխայիկ արևելյան պահպանողականության կողքին։ Մի պահ փակեք աչքերն ու մտովի պատկերեք ֆունդամենտալ ջիհադիստներին վալետ-բոտերի կամ այլ տեսակ ռոբոտների հետ մի աշխարհում։ Հետո պատկերացրեք մի մոլորակ՝ Արաքիսը՝ ավազաթմբերի մեջ պարուրված, որը ռազմավարական նշանակություն ունի երկու մարիոնետ ազնվական տների միջև՝ մեկը մի քիչ քրիստոնյա, մյուսը՝ մի քիչ մուսուլման։ Իսկ ահա այս երկուսին մոլորակի կռվախնձորով խաղացնում է տիեզերքի բառմալեյը՝ Փադիշահ կայսրը։ Պատկերացրի՞ք։

Արաքիսում ջուր չկա։ Ընդհանրապես չկա։ Անջրդի կեցության գիտակցումը ներծծված է աշխարհակառուցման ամեն ճեղքի մեջ՝ հերոսների համազգեստներից, թքալի հարգանքի տուրքերից, մինչև ձեռքի տակ պահվող արցունք ու քրտինք հավաքելու համար նախատեսված սրվակներն ու արյունարբու թաղման արարողությունները։ Քրդական «Ցեղի մեկ անդամի արյունը բոլորին է պատկանում» կարգախոսը, որը «Խենթում» Րաֆֆին հիշում է ծերունի Խաչոյի դառնացած համեմատականում հայերի հետ, «Ավազուտ»-ի Ֆրեմենների համար բառացի նշանակություն ունի։

Ջուր չկա, բայց Արաքիսից հորատած դարչնահամ մելանժը կամ սփայսը[8] կարող է կյանքդ հավերժացնել։ Ում ձեռքում որ մելանժն է, նրա ձեռքում էլ տիեզերքի կառավարումն է։ Մելանժ հայթայթելը հսկա ավազորդերի կեր դառնալու վտանգ ունի, դրանից կախումն անդառնալի է, իսկ թարգելը՝ մահացու, բայց գոնե հերոսների աչքերը լցվում են կապտակապույտ կորովաբիբ անթափանցելիությամբ։ Ահա և Արաքիսի ռազմավարական նշանակության պատճառը։

Թմրամոլների փսիխոկինետիկ «ուղևորություններն»[9] ու հիպերգիտակցականի նկարագրություններն ընթերցողին «տանում» են մի ամբողջ քաղաքակրթության հավաքական գիտակցություն։ Միևնույն ժամանակ, հավաքականի ու անձնականի մերձավոր կապն այստեղ արտացոլված է սեփական դևերի ու նվիրյալ կապույտ թռչունի գոյամարտին հետևելիս. նմանատիպ անցումների պատճառով է նաև, որ գիրքն իր միջի ֆրոյդիստական ավազորդի պես ամենակուլ է. որ կպար՝ կպար։

Վեպում Փադիշահ կայսրի և ազնվական տների միջև ծառացած ուժաբանության դինամիկան ստիպել է տալիս մտածել. այն սցենարները, որոնք համարում ենք տիպիկ հայկական, որոնք այսօր մեր ներքին ու արտաքին քաղաքական եղելությունների հիմքում են, իրականում ավելի լայն տարածում են ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, պատմության տարբեր շրջաններում` ոգեշնչելով «Ավազուտի» նման գրական գործեր։

«Dune»-ում հանդիպող դիվանագիտության ու բանախոսության թունդ խտանյութը հուշում է մեր իսկ աշխարհընկալման սահմանները վերաձևակերպել։ Միջմոլորակային աշխարհաքաղաքական բախումների ու դիվանագիտության արվեստը սանձած առաջնորդների բանակցությունների, պալատական զգայուն ինտրիգների ու երկխոսությունների ֆոնի վրա հայ ընթերցողը կգտնի հային, թուրքին, ռուսին, ամերիկացուն, Ոդիսևսին, Հիսուսին, Փաշինյանին, Սարգսյանին, Սասունցի Դավիթին, Անիքենին, Քոչարյանին, Պուծինին, Հայկին, Բելին, և… դրանց կողքին կանացի էնպիսի կերպարների, որոնց մենք սովոր չենք, որոնք մեր բազմադար գրականությունն ընհանրապես չունի։

Վեպի առնական հերոսների կողքին, կամ ավելի ճիշտ նրանց թիկունքին, իսկ եթե էլ ավելի ճիշտ՝ նրանց գլխավերևում, տեսնում ենք մայրիշխան Բենի Ջեսըրիթ ստվերային կառավարությունը, որն իր ձեռքում է պահում տիեզերքի սոցիալական, կրոնական և քաղաքական բոլոր բանալիները։

Կնոջը գերմարդկային մտավոր, հոգևոր և ֆիզիկական կերտվածք տալով՝ Հերբերթին հաջողվել է ստեղծել աննման կանացի հերոսներ, որոնք բնական են՝ մսից ու ավյունից։ Պարզվում է սա կարելի է անել առանց լղոզելու կին-տղամարդ սկզբնաղբյուրների խորհուրդը, առանց ստորադասելու մեկը մյուսին, առանց կնոջ վրա վուլգար կերպով արտատպելու տղամարդու հետ համեմատականների միօրինակ առանցք, առանց ուժեղ և անկախ կնոջ կերպարի բանալ օդային չակերտների, առանց կնոջը (գրական) օբյեկտի վերածելու և ընդհարնապես առանց այս երկուսի՝ իրար անընդմեջ որևէ բան ապացուցելու ժամանակակից հոլիվուդի հոգնեցուցիչ հեշթեգաբուխ ձևականությունների։

Մայրիշխանության ու ֆեմինիզմի թեզերը հարճերի կողքին պատկերելու համար առանձնահատուկ շնորհակալություն Հերբերթին ու իր կնոջը, ով Լեյդի Ջեսիքայի սկզբնաղբյուրն է և, ինչպես փաստում էր ինքը՝ գրողը, գիրքը գրել է իր հետ հավասար։ Սա մեծ բան է, եթե հիշենք բոլոր այն գրողներին, ովքեր իրենց կանանց սրբագրական, հետազոտական, տպագրական, ներկայացուցչական այլ աշխատանքների հետ միասին, նաև վերցրել են նրանց ամբողջական օրագրային նմուշներ, համահեղինակել գրքեր՝ հաճախ առանց առանձնակի հիշատակման կամ ծանուցման։ Սովորաբար հետմահու գրական հետազոտությունների շնորհիվ է, որ հնարավոր է բռնել շատ գործերի՝ օրինակ Լոլիտայի կամ Կոլլետի համահեղինակների կանացի «պոչը»։ Հերբերթի դեպքում դրա կարիքը չկա. գրողը դա արել է հերիք չի կյանքի օրոք, մի բան էլ ինքնակամ։

Մի (1000+) խոսքով, «Dune»-ը տարիք, սեռ, մասնագիտություն, ազգություն չի ճանաչում։ Ջահել ընթերոցողի համար սա ամենահիշարժան coming-of-age[10] ընթերցափորձը կլինի՝ հասունացման ցավերի ու սերունդների մինչև անդունդի թեմաների ամենաանմոռանալի ընթերցումն ու վերապրումը։
Հոգեբանների, փիլիսոփաների, գրականագետների, լեզվաբանների համար «Ավազուտ»-ը ինքնատիպ գրական որս է. այն գրական նախասիրություններ չի ճանաչում։
Ի դեպ վերջինիս մասին. երբ ինձ որևէ ընթերցասեր կամ կինոսեր ասում է, որ գիտական ֆանտաստիկան իրենը չէ, ակամ հիշում եմ այսօրակ դիալոգներ.

– Ի՞նչ երաժշտություն ես սիրում։
– Դե հայկական, ռուսական։
կամ
– Ի՞նչ գրականություն ես սիրում։
– Արտ. գրակ։

Արվեստի ու գրականության նկատմամբ մեր պրագմատիկ մոտեցումները սովոր են փակուղել գիտական ֆանտաստիկան՝ դրա հանդեպ մեր հնացած պատկերացումների մեջ։ Հաճախ մի ամբողջ ժանր անճաշակ, տրիվիալ, մեծաքանակ սպառողին ուղղված կապիտալիստական անողոք մշակութասպանություն է համարվում՝ հիմնվելով միայն մի քանի անհաջող օրինակների կամ նյութի մակերեսային ընկալման վրա։

Մինչդեռ լինելով ավելի երիտասարդ՝ գիտական ֆանտաստիկան իր մեջ պարունակում է գրական ավելի հին ժանրերն ու ոճերը։ Այն կարող է լինել մտքի հոսքի շարադրանքով , արկածային, պատմական, մոդեռնիստական ու պոստմոդեռնիստական, սյուրռեալիստական, շեքսպիրյան կամ բիբլիական, աթեիստական ու կրոնական գլուխգործ։

Ամեն դեպքում, գիտական ֆանտաստիկան ներկան է, անցյալն ու, ի տարբերություն բոլոր մնացած ժանրերի, նաև ապագան։

Հայ (գրական) իրականության մեջ ապագայի ընկալումը դեռևս անցյալում է։ Հայերենով «Dune»-ը դեռևս չկա։

[1] Հայ-սայ-ֆայ (խսկց. տերմ) Հայկական Գիտաֆանտաստիկ Գրականություն, Հայ Science Fiction, Հայ-Sci-Fi։
[2] «Dune»-ը վաճառվել է քսան միլիոնից ավելի օրինակով, թարգմանվել է քսանչորս լեզուներով, շահել է Նեբյուլա և Հյուգո մրցանակաբաշխություններում և հրատարկվելուց ի վեր գիտական ֆանտաստիկայի կանոնի առանցքն է։
[3] Նույն ինքը Խոդորովսկին կամ Հոդորովսկին կամ Ջոդորովսկին՝ նայած Jodorowski ազգանունն ինչպես թարգմանենք, Յոդորովսկու հրեական, թե Չիլիա-Ֆրասիական ծագումներից ելնելով։
[4] Օտարը (Alien), Պրոմեթևսը (Prometheus), Աստեղային Պատերազմները (Star Wars), Գահերի Խաղը (Game of Thrones), Աստղային Դարպասը (Stargate), Գիժ Մաքսը (MadMax), Շեղբի վրա վազողը (Blade Runner), և այլն։
[5] Ջոզեֆ Քեմփբելն իր «Հազարադեմ հերոսը» (Hero with a thousand faces) գրքում տալիս է գրական հերոսի ճանապարհի ուղենիշ, որը նկարագրում է հերոսի անցած ուղու փուլերն ու դրանց պատկերելու գրական հնարքների շերտերը։ Այսօրվա Հոլիվուդյան, պոպուլյար գրականության ու Քեմփելից առաջ գրված մեծ էպոսների ու էպիկական պատումների հերոսներն իրենցից անկած անցնում են հերոսի ճանապարհի գրական ուղղին։
[6] Spoil բառի հայերեն տարբերակ. Որևէ գրական գործ «փսորել» նշանակում է պատմել դրա սյուժեն այն չտեսած ու չկարդացած մարդուն՝ այսպիսով փչացնելով, փսորելով վերջինիս գալիք սպառողական փորձը։
[7] Հերբերթը «Dune»-ը գրեց վեց տարի հոգեբանության, փիլիսոփայության, լեզուների, պատմության, մշակութաբանության և հենց ավազաթմբերի մեջ խորանալուց հետո։ «Dune»-ի կերտման գործում քիչ դեր չխաղաց նաև գրողի՝ հանրապետական սենատորի համար հանրային ճառեր գրելու աշխատանքը։ Նա եփվեց Ամերիկայի ներքին և արտաքին քաղաքականության խոհանոցում ու զտեց քաղաքական դիսկուրսի լեզվական այնպիսի որակ, որի հետ քիչ գրքեր կարող են մրցել՝ անկախ ժանրից։
[8] Անգլ.՝ spice, համեմունք, համ
[9] Անգլերենով՝ «trip», ճամփորդություն, ուղևորություն։ Կիրառվում է թմրադեղերից առաջացած հալյուցինացիաներն ու գիտակցության բեկումները նկարագրելու համար։
[10] Թրգմն.՝ հասունանալ, բռց.՝ տարիքն առնել, տարիքի հասնելը։ Գրական գործերում բնութագրում է մանկությունից և/կամ դեռահաս տարիքից հասուն տարիք անցնելու, մեծանալու ընթացքում հերոսի աշխարհընկալման շրջադարձերը։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ գործը ներառի մանկությունից հասունություն ժամանակային անցումն ամբողջությամբ։ Այն կարող է լինել դրվագային կամ հուշել միայն, որ նկարագրվող իրադարձություններն անջնջելի հետք են թողնելու հերոսի հետագա կյանքի վրա։
Coming-of-age պատմվածքների հայտնի օրինակներ են Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին»-ը, Մարք Թվեյնի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Ջեյն Օսթինի, Էմիլի Բրոնտեի գրեթե բոլոր գործերը, Ջեյմս Ջոյսի «Պատանի արվեստագետի դիմանկարը», Անդրե Ասիմանի «Կանչի՛ր ինձ քո անունով»-ը, Մարկոս Զյուսաքի «Գրքի Գողը», Իըն ՄըքՅուանի «Քավություն»-ը, Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ Թրցնող»-ը, Վաղթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *