Նաիրա Բալայան | Հեղափոխության մասին արդիական հարցադրումները Նշան Պեշիկթաշլյանի «Տանկ» վեպում

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Հեղափոխությունը և նրա ամենակուլ գաղափարախոսությունը ուղեկցում է մարդկությանը անհիշելի ժամանակներից առ այսօր: Դրանք քննաբանվում են  20-րդ դարի սփյուռքահայ լավագույն գրողներից մեկի՝ Նշան Պեշիկթաշլյանի՝ շուրջ վաթսուն տարի առաջ գրած վեպում, որը առանձնանում է արդիական հայեցակետերով, այնպիսի հարցադրումների  քննությամբ, որոնք այժմ էլ հետաքրքրություն են առաջացնում: Ուշադիր ուսումնասիրությունը փաստում է, որ գրողը համակողմանիորեն ներկայացրել է իր ժամանակի խնդիրները, դրանք ագուցել անցյալի դեպքերին և դրանց համաբանությամբ կանխորոշել ապագայի իրադարձությունները: Թվում է՝ գործ ունենք ֆանտաստիկ գրականության հետ, որին է բնորոշ ապագան գուշակելու հատկությունը: Այսպիսի գրականության մեջ հաճախ առաջնային է Գաղափարը, որի մոլուցքը դառնում է համընդհանուր հասարակության հոգեկան ոչնչացման պատճառ: Նման գրական գործերում պատկերված գաղափարախոսությունը, տիպական չլինելով գրողի ապրած ժամանակաշրջանին, դառնում է բնորոշ ապագայի համար: Դա է պատճառը, որ, օրինակ՝  Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբերիի հայտնի վեպերում պատկերվող գաղափարական սևեռվածությունը իր այժմեականությամբ այսօր զարմանք է հարուցում: Անշուշտ, նման ստեղծագործությունները իրենց դերակատարումն են ունեցել և սփյուռքահայ գրականության հայեցակարգի որոշ կողմերի ձևավորման վրա:

Գաղափարական սևեռվածությունը հայ գրականության մեջ հատկանշվում է առանձնապես կուսակցականացված գաղափարների եսակենտրոնությամբ, տարբեր կուսակցական գործիչների առճակատումներով: Պատահական չէ, որ այսպիսի խնդիրները հայ գրողները հիմնականում արտացոլում են երգիծական ստեղծագործություններում: Երգիծանքն է այն միջոցը, որով հեղինակները ձգտում են ոչ միայն ծաղրելով ի ցույց դնել կուսակցությունների պախարակելի արատները, հեղափոխությունների՝ տարբեր հասարակաքաղաքական շահերին ծառայելը (շատ հաճախ անպտուղ), այլև բուժել, այդ ախտավոր գործունեությունից երգիծանքի միջոցով բժշկվելու դեղատոմս առաջարկել: Երգիծաբանի այդ առանձնահատուկ շնորհի մասին Լեռ Կամսարը գրում է. «Ամեն մի քիչ թե շատ բարեկարգ դեղատուն, հատուկ շշերի մեջ, շատ խնամքով տզրուկներ է պահում հիվանդ մարմիններից կեղտոտ արյունը քաշելու համար:

Գրականության մեջ տզրուկը երգիծաբանն է:

Այո՛, մի տեսակ բարոյական տզրուկ, անառողջ արյունը քաշելու համար»[1]:

Տարբեր կուսակցություններին անխնա ձաղկելու միտումները, կուսակցական գործիչների հոգեկան սնանկությունն ու նյութական շահեր հետապնդելը ի դերև են հանված Լեռ Կամսարի տարատեսակ մանրապատումներում, Պարոնյանի՝ տարբեր գործերում քաղաքական երգիծանքի շեշտադրումներով, Երվանդ Օտյանի «Հեղափոխության մակաբույծները» պատմվածաշարում (1898-1899թթ.), «Պրոպագանդիստը» (1901թ.) և հատկապես «Ընկեր Բ. Փանջունի» (1911,1914,1923թթ.) երգիծավեպերում և այլ գրողների երկերում: Կուսակցական տարաբնույթ խնդիրների ու հենց ազգային առանձնահատկություններով տարբերվող հեղափոխական գործիչների մասին են հատկապես Օտյանի սատիրիկ ստեղծագործությունները, որոնցում առանցքային տեղ է զբաղեցնում հայ հեղափոխական գործիչը՝ երբեմն անկախ իր քաղաքական դավանանքից ու կուսակցության պատկանելությունից: Այս առումով օտյանական երգիծանքին սերտորեն աղերսվում են սփյուռքահայ մտավորական Նշան Պեշիկթաշլյանի երգիծական պատումները:

 1958 թվականին Բեյրութում տպագրված «Տանկ» վիպակը Նշան Պեշիկթաշլյանի երգիծական մյուս ստեղծագործություններից առանձնանում է ոչ միայն երգիծանքի ուժգնությամբ, կերպարների ամբողջական նկարագրերով, այլև կոմպոզիցիոն տարբեր հնարքների կիրարկման արհեստավարժությամբ:

Վեպը կառուցված է երկու իրականության միահյուսումով, այն նույն հնարքով, որով Լևոն Շանթը կառուցել էր «Հին աստվածներ» դրաման: Սակայն, եթե վերջինում երևակայության մեջ տեղի ունեցող դեպքերը առանձին-առանձին և կարծես «կոտրատված» պատումներ են՝ առթված խորհրդապաշտության սկզբունքներից, ապա «Տանկ» վիպակում երևակայության մեջ ընթացող պատումը ամբողջական մաս է, ունի իր սյուժետային գիծը և զուգահեռվելով իրականության մեջ ընթացող դեպքերին՝ մերթընդմերթ ագուցվում է նրան՝ հետևելով նեոռեալիստական ինչ-ինչ սկզբունքների, որոնք սքողված են երգիծանքով: Երևակայական պատումը ընթանում է գլխավոր հերոսի արթմնի երազներում: Առաջին հայացքից հերոսը կիսախելագար կամ իրական կյանքում ձախողակի մեկն է, որ փորձում է երևակայության մեջ կառուցել իր սեփական անձի տեսլականը, որը «պաշտվում» է իրենից վախեցող ու իրեն երկրպագող մարդկանցից: Սակայն արտաքուստ այսպիսին թվացող հերոսը իրականում բազմաշերտ հոգեբանություն ունի: Հայկազ Թուրյանը Փարիզում 15 տարի բնակվող «ճարտարարուեստական գծանկարիչ» է, ապրում է բարեկեցիկ կյանքով, ունի բնակարան՝ զարդարված հայտնի զորավարների դիմանկարներով, հայ և օտար գրականությունից հայտնի գրքերով, սակայն տարված է Մուսսոլինիի և Հիտլերի գաղափարներով, երևակայության մեջ նրանց, ինչպես նաև մյուս բռնապետերի՝ Ներոնի և Կեսարի, Ստալինի մարմնական կառուցվածքը, արտաքին նշանները վերագրում է իրեն ու երազում հիմնել նոր կուսակցություն, փրկել հայրենիքը և դառնալ հայ ազատագրական պայքարի նոր հերոսը: «Կը հաւատար որ ինք ծնած է կատարելու համար պատմական առաքելութիւն մը, ծնած է ստանձնելու համար հայ ազատագրական պայքարին մէջ գլխաւոր դերը»[2]: Իսկ երևակայության մեջ նա Հայկազ ցեղապետն է, որ կառավարում է քրդական ցեղերը՝ ձգտելով նրանց միացնել և հիմնել ազատ հայրենիքի կորիզը: Երևակայության մեծ թռիչքին օգնում էին նրա մի քանի լուսանկարները, որոնցում նա, Բարեկենդանի տոնի դիմակահանդեսից օգտվելով, լուսանկարված էր փափախով, փամփշտակալներով, հրացանով, դաշույնով, ատրճանակով: Մեծ բռնապետերով տարված հերոսը իր լավագույն լուսանկարը, ո՜վ հեգնանք, կախում է Անդրանիկի նկարի կողքին: Պեշիկթաշլյանը զգուշացնում է ընթերցողին. դիմացը ազատասիրական կեղծ արժեքներով ապրող մարդ է, որի համար հավասարապես պաշտելի են Անդրանիկն ու Հիտլերը:

Հերոսի, ինչպես նաև նրա ընկերների անուն-ազգանունը որոշելիս հեղինակը դիմում է հայտնի մեթոդի (այս հնարքով էր Երվանդ Օտյանն իր հերոսին «Փանջունի-բան չունի» անունը դրել). անուններով ներկայացնում է նրանց բուն նկարագրի իսկությունը. Հայկազ Թուրյանը թուր-կռիվ անող Հայկազ-հայ է, որի կռիվները, սակայն, միայն երևակայության մեջ էին, և իրականում, ինչպես շատ հայեր, նա խոսքից գործի չէր անցնում, նրա կուսակից Հողենցը, որ անչափ շատ էր սիրում իր հողը՝ Հայաստանը: Պեշիկթաշլյանի մի այլ հերոս սարկազմով բնութագրում է Հողենցին. նրա նկարագիրը համակ սեր է առ մայրենին. «Երիտասարդը խիստ մայրասէր է: Շատ կը սիրէր իր մայրը, որուն մահէն յետոյ սիրեց Հայաստանը եւ երկիր մեկնեցաւ: Քանի մը ամիս յետոյ ալ սիրեց մայր Արաքսին ու անոր ծոցը նետուելով անցաւ Պարսկաստան ու եկաւ նորէն Ֆրանսա: Հիմակ ալ մոր տարիքով ֆրանսուհիին մը հետ է»[3]: Մյուս ընկերները ևս՝ Հրարմատյանը, Արեգնագովը, Վիրապյանը և Վարազդատը, կրում են հեղինակի՝ անունների միջոցով պատկեր-կերպար ստանալու միտումը: Այս ընկերներով էլ մի օր Թուրյանը գինետանը հիմնում է իր նշանավոր կուսակցությունը՝ «Տանկ»-ը՝ «Տէրերու Ազատագրական Նոր կուսակցութիւն»-ը: «Տեր» հասկացողությունը, ըստ Թուրյանի, գերագույն պետն է, նա, ով երբեք չի ժպտում, անգամ հաղթանակի մեջ, որովհետև դա թուլության նշան է, նա է, ով «իտեալ և օրէնք բերէ, օրէնք ու նպատակ»[4]: Թերասացություններով հարուստ այս «ազատատենչ» հայի խոսքը, բազմաթիվ ճառերը ամբողջ վեպի ընթացքում մատնում են նրա հոգեկան սնանկությունը, անկշռադատված ու առանց պատճառահետևանքային կապերի պերճախոսության ունայնությունը. «Պետք է անհատը ազգայնացնել և ազգին անհատականութիւն տալ: Այսօր, ժողովրդավար ճանչցուած պետութիւններն անգամ կ՚ ուզեն երեւան բերել ազգայնականութիւն մը ու ազգային հաւաքական տիպարը: Կենսական է, մանաւանդ մեզի համար, միաւորութիւնը զանազանութեան մէջ, ինչպէս զանազանութիւնը միաւորութեան մէջ»[5]:

Երևակայության մեջ առաջ գնալով, տիրելով գեղանի, քաջ ու ըմբոստ Զյուլմանին՝ ցեղապետի դստերը՝ Թուրյանը մեկը մյուսի հետևից իրեն է միացնում քրդական ցեղերը, երկիրը ուղղորդում դեպի հզոր հեղափոխություն, որ վերջապես ազատագրելու էր քաջ քրդերին: Երևակայությամբ քուրդ դարձած Թուրյանը վկայում է շատ քրդերի իսկական հավատամքի մասին, այն, որ հայերը վախկոտ են, ստրուկ: Թուրյանին հասցեագրված նամակներում ցույց են տրվում երկու իրարամերժ գաղափար՝ հայերին եղբայրաբար վերաբերվելու քրդերի կեղծ ջանքերը, և հայերի՝ քրդերի իսկական էությունը հասկանալու և բացահայտելու միայնակ ցույցերը: Թուրյանին ուղղված նամակում պատմվող ավանդազրույցով փաստվում է, որ յուրաքանչյուր քուրդ Ֆիրդուսու «Շահնամե»-ի Զոհակ թագավորի նման է՝ «իր ուսերուն վրայ ունենալով մեյմէկ օձ: Եւ Քիւրտը իր օձերը կերակրեց, նմանապէս ուղեղներով: Եւ ի՛նչ ուղեղներով… Հայ կտրիճներու և հայ ոչխարներու ուղեղներով»[6]:

Պեշիկթաշլյանը ծաղրում է այն հայերին, որոնք, կարծելով՝ քուրդը թուրքի թշնամին է, հետևաբար մեր բարեկամը, քրդերի հեղափոխությունը համարում են ազատագրական նշանակալի երևույթ: Այսպես ընկեր Փանջունին էր եզդիներին համարում բարեկամ, քանի որ նրանք ապստամբել էին թուրքերի դեմ[7]:

Իր երևակայության մեջ նորանոր բարձունքներ նվաճած ցեղապետ Թուրյանը երևակայության պտուղները տեղափոխում է իրական դաշտ. վարում դասախոսություններ, որոնցում երկար ու հանգամանալից պատմում է քրդերի պատմության, մշակույթի, ցեղի առավելությունների, գրականության, մամուլի մասին, ներկայացնում քրդերի ու հայերի, հետո հայերի ու գերմանացիների սերտ առնչակցությունը: Իր այլ գործերում ևս ծաղրելով այս կեղծ գիտականությունը՝ Պեշիկթաշլյանը «Տանկ» վիպակում նույնպես անխնա երգիծում է այն վայ-լեզվաբաններին, որոնք գիտության մեջ առաջնորդվում են չստուգված ու չհիմնավորված վարկածներով: Այստեղ էլ ծավալուն նկարագրություններով, ինչը Պեշիկթաշլյանի սիրած ձևն է, բայց ոչ գեղարվեստականացման ցուցիչը, գլխավոր հերոսը Ար արմատի համաբանությամբ բացատրում է արմեն-հայերի մշակույթն ու պատմությունը: Կեղծ գիտականությունը նրան մղում է երևակայության մեկ այլ թռիչքով ուրվագծել մի այլ Հայաստանի պատկերը՝ Արաքսիայի տեսլականը, որ հզոր, ազատ, ինքնիշխան պետություն է՝ կազմված Հայաստանից, Ասորեստանից և Քուրդիստանից: Այս նոր հայրենիքը ընդգրկում էր Կովկասյան Հայաստանը, Նախիջևանը, Կիլիկիան. «Հիմնած էր հսկայ կայսրութիւն մը, որուն սահմանածայրերը ծովե՜ր…Սեւ, Կասպից և Միջերկրական:

Ինքը՝ ահարկու մենատէր: Ազնիւ, սակայն: Կը կոչուէր մեծն Հայկազ»[8]: Պեշիկթաշլյանի երգիծանքն առավել քան պարզորոշ է. Հայկազը ոչ այլ ոք էր, քան այն սովորական հայը, որի երազներում ծովից ծով Հայաստանն է, սակայն նրա գործունեությունը առ ոչինչ է հայրենիքը բարեկեցության տանելու մղումներում: Իրականության և երևակայության սահմաններում մոլորված հերոսը իր վսեմ սիրուհուն՝ Զյուլմանին է գտնում մի սովորական դերձակուհու՝ Մելանիի մեջ, որին հաճախ է գուրգուրում որպես Զյուլմանի: Քաղքենի Մելանիին, անշուշտ, դուր են գալիս Թուրյանի սիրահետումները, ու երևակայությունը նրանց կյանքում կարևոր դեր է խաղում. «Կը սուրար շոգեկառքը, Մելանին տանելով Հոլիվուտ իսկ Հայկազը՝ Արաքսիա: Իրիկունը սակայն, երկուքն ալ հասան Փարիզ»[9]: Սակայն կնոջ համար միայն երևակայությամբ ապրելը, անշուշտ, բավական չէ: Եվ Թուրյանից հեռացած ու հարուստ վաճառականի կին դարձած Մելանին հետագայում, երբ Թուրյանը աշխատում էր նախկին սիրուհու տանը որպես սպասավոր, արհամարհանքով նրա երեսին է նետում  անճարակության ու անպետքության մասին ծաղրը. «Միակ իմաստուն բանը որ ունէիր այդ իմաստութեան ակռան էր: Ան ալ քաշել տուեր ես»[10]:

Վիպական դեպքերը ընդմիջվում են քրդական մամուլի ծանուցումներով. քրդական հեղափոխությունը անկում է ապրել, և պետը մնացել է միայնակ ՝ կտրված ոտքով, ջարդված ձեռքով, կողոսկրերով ու ծնոտով: Նորությունը հանգեցնում է դեպքերի տրամաբանական ավարտին. Թուրյանին տանում են հոգեբույժի մոտ: Նրան ընդունած բժշկի եզրահանգումը Նշան Պեշիկթաշլյանի ոճական հնարքն է՝ երկար, խրթնաբանություններով առլեցուն մի խոսք. գրողը հոգեբանական պատկեր-կերպարն ամբողջացնելու համար դիմում է ծավալուն խորհրդածությունների, չնայած որ դրանք դանդաղեցնում են վիպական ընթացքը և հաճախ շեղում բուն ասելիքից: Խոր ու չափազանց հանգամանորեն քննելով հիվանդի ներաշխարհը, նրա՝ ընկերների հետ ունեցած հարաբերությունները, հասարարական կյանքում ունեցած նրա դերը՝ բժիշկը արձանագրում է, որ շատերի կողմից խենթ կամ կիսախենթ ընդունված Թուրյանը երևակայությամբ է գործում. «Եւ սակայն, այսօրինակ տիպար մը երբ, յանկարծ, կանգնի նպաստաւոր հողի վրայ, կրնայ մթնոլորտին մէջ ծփացող ելեկտրականութիւնը գործի լծել, իր ետեւէն քաշելով աշակերտներ, գաղափարակիցներ ու համակիրներ: Օրինակները, այնքան թարմ ու մեծ, մէջտեղն են, Եւրոպայի հողին վրայ, վերէն վար կամ աջէն ձախ»[11]: Հեղինակի, ինչպես Օտյանի եզրահանգումը «Ընկեր Բ. Փանջունի» վեպում, ցավալիորեն պարզորոշվում է. գաղափարը, որ կարող է մասսաներ կուլ տալ, ինչո՞ւ չուղղել դեպի բարեբեր հուն, որից կշահեն ազատագրական նկրտումները, հայրենասիրական ձգտումները:

Կուսակցականացված հայրենիքը սայլի նման առաջ չի գնա, քանի տարատեսակ կուսակցություններ են նրանում գործում: «Կուսակցութիւն մը ունինք որ մեր ազգը քնացնել կ՚ ուզէ, առարկելով թէ ազգը քունի պէտք ունի ուժովնալու համար: Կուսակցութիւն մըն ալ ունինք որ մեր ազգը արթնցնել կ՚ ուզէ, փաստելով թէ հայ ժողովուրդը չափէն աւելի քնացած է: Եթէ ասիական փիլիսոփայութեան հետեւինք՝ քունն է միակ երանութիւնը կեանքին: Իսկ եթէ եւրոպական տեսակէտին հետեւինք՝ արթնութիւնն է կեանքի պայմանը: Եւ որովհետեւ մեր ազգը կը գտնուի եւրոպական ու ասիական քաղաքակրթութեանց սահմանին վրայ՝ մեր վիճակն ալ այսպէս պիտի տեւէ…

-Այսինքն ի՞նչպէս…

-Կէս քուն, կէս արթուն»[12]:

Հումորային տարբեր դիպվածներով, երգիծական երկխոսություններով ու մենախոսություններով հարուստ վիպակը, բացելով և՛ քաղաքական, և՛ հասարարական տարբեր ենթաշերտեր, ցույց է տալիս, որ «Տանկ»-ի գաղափարը ոչ միայն հայ կուսակցությունների սխալ քաղաքականությունն էր, այլև աշխարհաքաղաքական դեպքերը տանկի խորհրդանշանով ներկայացնելը: Կարծում ենք՝ Պեշիկթաշլյանը լավագույնս հասկացել է, ինչպես և այլ երգիծաբաններ[13], որ քրդական հեղափոխությունը, ինչպես հայերի հարևան երկրների քաղաքական անցքերը տանկի նման տրորելու են իրենց հանդիպած ամեն ինչ, այդ թվում ազատատենչ ազգերի, հատկապես հայերի: Նշան Պեշիկթաշլյանի պայծառատեսությունը վկայող, քրդերի իրական նկարագիրը ցուցանող փաստեր ենք գտնում նորօրյա վավերագրերում: Այսպես օրինակ՝ «Հորիզոն» թերթի հոդվածագիրը գրում է հայերի դեմ քրդերի հայահալած քաղաքականության մասին, այն մասին, որ Եղեռնից հետո հայկական մի ամբողջ քրիստոնյա գյուղ՝ Արխունդը, կրկին բռնի իսլամացվեց, այնուհետև բռնեց գաղթի ճամփան քրդերի ակտիվ միջամտության պատճառով: «Հետաքրքրական է, որ Արխունդից դուրս եկած հայերի համար ճակատագրական եղաւ «Քրտստանի բանւորական կուսակցութիւն» խմբաւորման PKK-ի աքթիւացումը: Մեզ հետ զրուցած արխունդցիներից ոմանք փաստում են, որ իրենցից շատերը մանուկ հասակում հայ լինելու մասին իմացան, երբ քրտական շարժման զինեալները սկսեցին մէկը միւսի ետեւից գրոհել Սասունի գիւղերի վրայ, սակայն Արխունդը շրջանցեցին՝ իմանալով, որ հայաբնակ գիւղ է: Աւելի ուշ Արխունդի հայերից շատերը դուրս եկան գիւղից, երբ տեղի բնակիչներին պարտադրւում էր համալրել իշխանմէտ գիւղական պահակախմբերի շարքերը եւ կռուել քիւրտ զինեալների դէմ: Արխունդի հայերի զգալի հատուածը հրաժարուեց PKK-ի դէմ զէնք բարձուացնել ու հեռացաւ Սասունից: Տեղի խիլանցի քրտերը, սակայն, ամբողջական գերդաստաններով համալրեցին իշխանամէտ պահակախմբերն ու մինչ օրս շարունակում են բախուել PKK-ական հայրենակիցների դէմ»[14]:

Այսպիսով՝ Նշան Պեշիկթաշլյանի «Տանկ» վեպը իր առաջ քաշած հարցադրումներով կարող է այսօր էլ արդիական և գործուն դեր ունենալ հայ գրականության և հայ հասարարական-քաղաքական կյանքի ասպարեզում:

[1] Լեռ Կամսար, Կարմիր օրեր (Անտիպ էջեր), Երևան, 2000 թ., էջ 365:

[2] Նշան Պէշիկթաշլեան, Տանկ/ վէպ փարիզահայ կեանքէ/, Բեյրութ, 1958թ., էջ 5: Այսուհետև՝ հղումները միայն էջերով:

[3] Էջ 19:

[4] Էջ 13:

[5] Նույն տեղում:

[6] Էջ 60:

[7]http://grapaharan.org/

[8] Նշան Պէշիկթաշլեան, Տանկ, էջ 93:

[9] Էջ 95:

[10] Էջ 101:

[11] Էջ 82:

[12] Էջ 88:

[13] Օրինակ՝ Պարոնյանը, որ «Հոսհոսի ձեռատրերը» գործում քրդերի դիվանագիտական ցույցերը համարում է հայերի դեմ ուղղված սպանդի, թալանի ռազմավարություն: Տե՛ս Հ. Պարոնյան, Երկեր, Հոսհոսի ձեռատետրը, Երևան, 1969, էջ 329:

[14] https://horizonweekly.ca/en

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *