Մհեր Իսրայելյան | Հինգերորդ ուղին

Չգիտեմ ինչ մեղու ինձ կծեց՝ որոշեցի մասնակցել գրական մի կայքում պատահմամբ աչքովս ընկած տարօրինակ պատմվածքի մրցույթին։ Սկզբում գրեցի հետգրությունը. այս գլուխգործոցը երկնել եմ միանգամայն սթափ մտքով, մնացածը հորդաց ինքնաբերաբար։ Ու որպեսզի պատմվածքը պակաս տարօրինակ չլինի, քան Կորտասարի «Ցատկախաղը» վեպը կամ ամերիկյան «Բնական արատ» կինոնկարը, հանդգնեցի Արաբոյին, Գուրջիևին ու Արմսթրոնգին մեկտեղել մի արարում, չհաշված Լաքի Լուչիանոյին։ Էն էլ ասեմ, որ ոչ թե ջազմեն Արմսթրոնգին, այլ՝ լուսնագնաց, թեև ջազմենն էլ իր մոգական հնչյուններով ու գինով վատ չէր ուտվի։ Իհարկե, բախտս մի քիչ բերել էր, պատմվածքի կեսը սեփական զույգ աչքով էի վերջերս տեսել, մաշկիս վրա զգացել, այսինքն ապրված գրականություն ստեղծելու մրցույթի նախապայմանն ապահովված էր ի վերուստ, մյուս կեսն էլ կբստրեմ ըստ արժանվույն, վարպետաց դասերի ուղեցույցին հարիր։ Սկզբում մի քիչ կփիլիսոփայեմ դեսից դենից, հետո կանցնեմ բուն պատումին ու այնպիսի խուճուճ սարդոստայն կհյուսեմ, որ ընթերցողի ուղեղը կախի` մեր երեխեքի լեզվով ասած։
Կյանքը, ինչպես պատմությունը, եթեներ չի հանդուրժում։ Կյանքում միշտ էլ լինում են անկանխատեսելի կանգառներ, շունչ քաշելու, արած-չարածը կշռելու ու առաջ գնալու համար։ Կամ էլ շրջադարձային կետեր, երբ ալիքը բախվում է ժայռին ու խռովահույզ հետ մղվում։ Կամ մեքենան է մի տեղ խափանվում, կամ գնացքի մեջ ես քնով ընկնում, կամ վերելակն է հարկը շփոթում, ու հայտնվում ես այնտեղ, ուր չպիտի հայտնվեիր։ Բացված դռնից խորհրդավոր մեկը աչքով է անում, ներս կանչում, ու հետո ստիպված ես լինում ընկնել մտատանջության գիրկը՝ իսկ եթե մեքենան չխափանվեր, եթե վերելակը հարկերը չխառնշտորեր, բա որ այդ հանդիպումը չլիներ, այս բանը չլիներ, այն բանը չլիներ, տեսնես հիմա ու՞ր կլինեի, կլինե՞ի ընդհանրապես։ Էդ աչքով անելը, էդ մեղմ ժպիտը իբր իսկական ժպի՞տ էր, թե քողարկված անեծք։ Հո պատահմամբ նոր ծլած պոզեր չկայի՞ն գլխին կամ մեջքի հետևում խնամքով թաքցրած պոչուկ։ Ոչ ոք չգիտի։ Մեր հայրենակից Գուրջիևն էլ ժամանակին գլուխ չհանեց կյանքի օրինաչափություններից ու հղացավ իր Չորրորդ, ոչ-պակաս անհասկանալի ուղին։ Բայց դիպվածի բերումով ծնվող պատմվածքի հերը վերջնականապես չանիծելու համար մի կողմ թողնենք առեղծվածային մարգարեներին ու իրենց պայծառատեսական ուսմունքները ու անցնենք մեր առտնին պատմությանը։
Գաղտնիք չէ, որ մարդիկ տարբեր են լինում, ու տարբեր հայացքներ ունենում։ Հատկապես՝ ճշտի, ապրած կյանքի իմաստի ու այն մասին, թե ով, երբ և ինչու է ստեղծել այս զարմանահրաշ աշխարհը։ Ու առավելևս այն մասին, թե ուր ենք գնում ի վերջո։ Պարզ օրինաչափություն է, հասարակ բան՝ թե հասարակ մահկանացու ես, շարքային հարիֆ, բայց զարմանալի՝ թե ճշտի գրասենյակի ասպետ ես, ավելին՝ ճշտի մեռած ու ամբողջ ապրած կյանքդ վայրկյան առ վայրկյան այդ գաղափարն արժևորած մեկը, Լաքի Լուչիանոյի երրորդ թե չորրորդ սերնդի մի կարկառուն առանձնյակ՝ սրամիտ ուսուցիչներից մեկի ասած։ Բայց քանի որ նվաստիս ուշադրությանն արժանացած առանձնյակը մեր հինավուրց երկրում ենթարկվել էր անխնա ուծացման ու տրվել ռազմահայրենասիրական, ավելին՝ քաջ-ֆիդայական հոգեզմայլանքի ազդեցությանը, նրան պայմանականորեն կանվանենք Արաբո, ֆիդայական շարժման հիմնադրի անունով։ Մանավանդ, չուզելով նսեմացնել հայտնի հայդուկի անուրանալի ավանդը ու խաղալ հայդուկասեր հասարակության հոգու նուրբ թելերի հետ, պիտի այնուամենայնիվ հիշենք, որ նա ըստ չար լեզուների, երբեմն երբեմն մանր-մունր ավազակություններ է իրեն թույլ տվել։ Երկու երնեկ, ինչպես ասում են, մի տեղ չի լինում։
Եվ ահա քաղաքի շքեղ պանդոկներից մեկում, մի մկրտության արարողության ժամանակ, մեր կյանքում ճշտի դերի ու նշանակության շուրջ հերթական պարզաբանումից հետո, երբ կասկածի նշույլ չի մնացել, իսկ կասկածողներն էլ ըստ արժանվույն նսեմացված են եղել ու տեղները սսկված, տեղի է ունեցել չլսված-չտեսնված շրջադարձը։ Մեռոնը տեղը տեղին ցողել են, քավորի աջը ագահորեն համբուրել, ու երբ ականատես հասարակությունը լիուլի ըմբոշխնել է պռնկեպռունկ լցված համբերության բաժակը ու հանց մի քրմապետի փորձել է տուն ճամփու դնել Արաբոյին, առկայծել է ճակատագրական դեպքը։ Վերելակը, բարեբախտաբար թե դժբախտաբար, իմաստուն նախախնամությամբ թե հիմար պատահականությամբ, ստորգետնյա ավտոկայան իջնելու փոխարեն կանգնել է հյուրատան սրճարանային հարկում, ճիշտ աշխույժ փողոցի վրա։
– Էս ինչ նոր աշխարհ ընկանք,- զարմացել է Արաբոն։
– Սու՞րճ, թե՞յ,- շողոմ ձայնով առաջարկել է բարետես մատուցողը։
– Ես սուրճ կամ թեյ խմող տղայի տեսք ունե՞մ,- հարցրել է զայրացած Արաբոն։
– Հիմա կոնյակ կբերեմ,- սխալը տեղում ուղղել է աչքաբաց մատուցողը։
Կոնյակի առաջին կումի հետ Արաբոն ուսումնասիրել է տեսադաշտում հայտնված նոր մարդկանց, ուշադրության արժանի թեկնածու չգտնելով՝ հայացքը վերջապես գցել է սրճարանից դուրս և նկատել մայթի նստարանին կծկված ղունղունող երիտասարդ զույգին՝ տղան երկարուկ մորուքով, կարծես մի այլմոլորակային, աղջիկը՝ քաղաքի աղջիկ։
– Եղբայր, դու ո՞ր մոլորակից ես,- հարցրել է Արաբոն։
– Լուսնից,- առանց ձայնը դողացնլու մեխել է այլմոլորակայինը։
– Բա ինչ ես անում։
– Երկիրն եմ ուսումնասիրում։
– Ճիշտը քանի՞ հատ ա, դե ասա։
– Մի հատ, այն էլ Lուսնի վրա։
Պատասխանից կարկամած Արաբոն փորձել է համոզել, որ իրենց հանդիպումը չի կարող պատահական լինել, որ վերելակն իբր չէր կանգնի սխալ հարկում, եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի ձեռամբ նախասահմանված չլիներ այս հանդիպումը։ Փորձել է հիմնավորել, թե իրենց երկուսի հանդիպումն իբր կարևոր նշանակություն է ունենալու մեր երկրի համար, իբր մեծ գործեր են սպասվում առաջիկայում։ Էլ չասած ընդհանրապես միջազգային ասպարեզ դուրս գալու ու գահավիժող աշխարհը փրկելու հեռանկարների մասին։
– Եղբայր, ես Ամերիկայից եմ եկել, անունս Լևոն է, այս աղջիկը նշանածս է, եկել եմ տանեմ, կատակ արեցի, ինչ լուսին, ինչ բան,- փորձել է հանդիպման ու պահի լրջությունը ցրել տղան։
– Այսինքն հրաժարվու՞մ ես, տղամարդու խոսքից հե՞տ ես կանգնում,- ունքերն է կիտել Արաբոն,- ուղղակի սրամտո՞ւմ էիր հա փաստորեն։
– Լևոնը պարզապես ՆԱՍԱ-ում է աշխատում, Ամերիկյան տիեզերական գործակալությունում, իմ նշանածն է, մեկ շաբաթով եկել է Հայաստան, պարզապես կատակեց,-օգնության է հասել աղջիկը ու իրադրությունը փրկելու ակնկալիքով մեկնել ձեռքը՝ Նազելի։
– Սրամտում էր փաստորեն,- խոժոռվել է Արաբոն,- իմ հետ ոչ ոք չի սրամտել, համենայնդեպս էս աշխարհի վրա, բախտդ բերեց աղջկա անունը տատիս անունն է, էս մի զարկը իրեն եմ բաշխում։
– Ծրագիրը, որի վրա աշխատում ենք, նախատեսում է հատուկ ռոբոտներ ուղարկել Լուսին, որոնք կուսումնասիրեն ապագայում այնտեղ բնակավայր հիմնելու հնարավորությունները։
– Մի խոսքով` դու այսուհետ Արմսթրոնգն ես, ինչ Լևոնչիկ, ինչ բան,- խոժոռվել է Արաբոն,- արի, արի, քարտեզը բեր տեսնենք ինչ ենք անում։
Սիրելի ընթերցող, մեղքս ինչ թաքցնեմ, քանի որ նյարդերից թույլ եմ, այդ ճակատագրական պահին, երբ որոշվում էր ազգի, իսկ գուցե աշխարհի ճակատագիրը, լքեցի հանդիպման վայրը։ Թքած թե մի սրճարանում չեն հանդիպել մի հայդուկ ու մի լուսնագնաց, ինձ ինչ։ Ու քանի որ լքեցի, իրականում չիմացա էլ, թե ինչ եղավ հետո, Արաբոն ու Արմսթրոնգը ինչ խոսեցին, ինչ արեցին։ Այդպես էլ կմոռանայի կգնար, եթե չլիներ մի եթե։ Բանն այն է, որ դեպքից հետո քունս խանգարվեց ու որպեսզի փարատեմ հաջորդ օրերին ինձ պարուրած մտատանջութուններն ու գտնեմ կորսված անդորրը, ստիպված էի լինելու իրադարձությունների զարգացման տարբեր վարկածներ մոգոնել։ Չչարաշահելով ձեր համբերությունն ու գեղագիտական քմահաճույքները և զերծ մնալով պատմության տարբեր անհեթեթ ճյուղավորումների մանրամասները անխնա պեղելու գայթակղությունից՝ կկենտրոնանամ մի քանի տարբերակի վրա, որ առավել հավանական են թվում։

Վարկած առաջին․
Եվ այսպես, իմ՝ թատերաբեմը լքելուց հետո, Արաբոն հաստատ կորցրած կլինի ինքնատիրապետումը։ Նրա խոցված ինքնասիրությունն ու Արմսթրոնգի հանդուգն ու լկտի վարքագիծը վերջնականապես հունից հանած կլինեն նրան, և, նախօրոք ներողություն հայցելով Նազելիից, իսպառ մոռանալով տատի անունը կրելու սուրբ հանգամանքը՝ բռունցքն իջեցրած կլինի նրա սիրեցյալի դնչին, հետո ուշաթափ վիճակում կապկպած` հրամայելով տանել նկուղ կամ գուցե ձեղնահարկ։
– Դե որ լուսնից ես եկել, թող այլմոլորակային ընկերներդ գան փրկեն, Արմսթրոնգ,- զայրացած կլինի Արաբոն,- հիմա քարտեզը կբերեն քո համար հանգիստ բզբզի։
– Այ հիմա հասկացա, որ ճիշտ էիր ասում,-նախախնամության մատն է խառը,- մենք անելու բան ունենք միասին, Չորրորդ ուղու մասին լսել ես, Գուրջիևի,- հազիվ գիտակցության գալով՝ փորձած կլինի արդարանալ տղան։
– Ոչ մի Գուրջիև քեզ չի փրկի։ Ինչ չորրորդ ուղի, ինչ բան, Ճիշտը մի հատ ա։ Մոմ վառիր, որ թուրք չես, թե չէ վիզդ կքաշեի, Խալիլ փաշայից լավ տղա չլինես։ Ուղղակի մորուքդ մազ առ մազ կփետենք ձեռի հետ։
Այս վարկածի համաձայն Արմսթրոնգին հաջողվել է հնարամիտ հնարք կիրառել՝ ժամանակը հետ տալու միջոցով խուսափել Արաբոյի հետ հանդիպումից, մատանին հապշտապ դնել նշանածի մատը ու առաջին չվերթով ճողոպրել Ամերիկա։

Վարկած երկրորդ․
Հիմա գամ երկրորդ վարկածին։ Գրեթե համոզված եմ, որ Արաբոն ու Արմսթրոնգը լեզու են գտել, եկել ընդհանուր հայտարարի։ Լևոնչիկը ընդունել է, որ Ճիշտն այնուամենայնիվ մի հատ է այս աշխարհում, և այդ ճիշտը մարդկանց հասցնելու համար անհրաժեշտ է ամենուր հիմնադրել ճշտի գրասենյակներ, ամեն քայլափոխի կարգել ճշտի ասպետներ։ Երբ մարդիկ ըմբռնեն այդ պարզ ճշմարտությունը, ազգի մարտունակությունն էլ կբարձրանա, երկրի անվտանգությունն էլ։ Իսկ հետո, երբ ամբողջ Երկիր մոլորակում հաստատվի ճշտի գերիշխանությունը, կարելի կլինի այն տարածել այլ մոլորակների վրա, բանտերն ու մեկուսարաններն էլ տեղափոխել տիեզերք։ Արմսթրոնգի ծրագրով վերաբնակեցված լուսնի վրա կարելի է հիմնադրել Ճշտի համալսարան ու առաջադիմական գաղափարները տարածել տիեզերքն ի սփյուռ։ Միակ մտավախությունն այն է, որ հայդուկային շարժումը կկորցնի իր արդիականությունը, բայց, դե ինչ արած, մեծ գործերը մեծ զոհողություններ են պահանջում։

Այլ մանր-մունր վարկածներ․
Մանր-մունր այլ վարկածներին չեմ անդրադառնում։ Դրանցից ամենաանհավանականի համաձայն Արմսթրոնգին հաջողվել է Արաբոյին այսպես ասած չիպավորել ու ուղարկել Լուսին ՆԱՍԱ-ի հետազոտություններին որպես փորձանմուշ մասնակցելու նպատակով։ Սա զուտ էկզոտիկայի համար։
Այսքանով երևի սահմանափակվեի ու մտատանջություններս փարատված համարեի, եթե չհիշեի տարօրինակ պատմվածքի մրցույթի մի պայմանի մասին։ Սկզբում մոռացա ասել, ըստ մրցույթի պայմանների, պետք է հաղթեր այն պատմվածքը, որի հեղինակը նույնիսկ չկարողանա բացատրել, թե ինչի մասին է գրել։ Կարծում եմ ստացվել է, ավել պակաս կներեք։ Միայն վերնագիրն է դժվար որոշել, գուցե դնեմ «Լուսնագնացը, մարգարեն կամ պարզապես հայդուկը»։ Կամ ուղղակի «Տարօրինակ պատմվածք»։ Կամ, գուցե Գուրջիևի տեսությունը զարգացնելու տրամաբանությամբ՝ «Հինգերորդ ուղի՞ն»։ Ժամանակը ցույց կտա։
Պատմվածքը պատմվածք, մրցույթը մրցույթ, բայց մեր պատմությունը ինչպես այս աշխարհի վրա տեղի ունեցող ցանկացած բան ունեցել է շարունակություն ու գուցե տրամաբանական ավարտ։ Միշտ էլ, երբ երկու հոգի աշխարհի ինչ-որ եզերքում հանդիպում են (Սարոյանի ականջը կանչի), անկախ ազգությունից ու համոզմունքներից, ծնվում է մի անբացատրելի բան։ Պատահական ոչինչ չի լինում։ Այլապես մի գեղեցիկ ու անմոռանալի օր, գուցե տարիներ անց, հյուրանոցի նախասրահում կախված մեծադիր էկրանի վրա Արաբոն Բի-Բի-Սիի եթերում պատահմամբ չէր տեսնի Արմսթրոնգին, նույն ինքը Լևոնչիկին, տիեզերքի բնակեցման հեռանկարների մասին հարցազրույց տալիս ու չէր գոռա.
– Վայ քու, արա, փաստորեն ճիշտ էր ասում ձկան աչքը։
Հետո էլ մեղմ չէր ժպտա ու քթի տակ քրթմբջա` Նազելիին կբարևես, կարգին աղջիկ էր։
Քիչ հավատալի է, բայց Լևոնչիկն էլ պոչուկը մեջքի հետևում խնամքով թաքցնելով էկրանից աչքով չէր անի ու խորհրդավոր քմծիծաղով հեգնի.
– Դու էլ էիր ճիշտ, ամեն ինչ նախասահմանված է։ Փնտրենք Հինգերորդ ուղին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *