Սվետլանա Բարսենց | Հովհարային հիշողություններ

Դու չկաս,
Իսկ գետերը դեռ հոսում են,
Իսկ մարդիկ դեռ խոսում են
Կյանքից, սիրուց, ու էլի
Նման մի քանի մանր-մունր բաներից,
Արևը ծագում է
Աստղերը ճառագում
Ասես բան չի եղել,
Դու չկաս, ու ցավը հեղել է,
Գետի պես վարարել,
հոսում է,
Կյանքն էլ գետի պես հոսում է, աբսուրդ է,
Տնազ ու ծաղր.
Գուցե դեռ չգիտե՞ն, որ չկաս.
Քաղաքի լույսերը
աչքերս շաղում են,
Շեղում են ու խաբում
Հավերժի հեքիաթով,
Քաղաքը, աշխարհն ու հեքիաթը
Խցկել եմ գրպանս,
Թողել եմ գետերը միայն,
Որ ետդարձի ճամփին
Տարածը հետ բերեն։
Դու չկաս…
Իսկ ես քեզ հիշել եմ
Երեկ, այսօր ու միշտ,
Ես արդեն վիժել եմ
Զույգ հույսը,
Ներսիս ողջ լույսը
Ու էլի նման մի քանի
Մանր-մունր բաներ,
Փաթաթել՝ չլինելուդ ցավով,
Խցկել եմ գրպանս՝
Քաղաքի աշխարհի ու հեքիաթի կողքին…
Ինչ տարօրինակ,
Ինչ տարօրինակ աշխարհ է,
Դու չկաս,
Իսկ կանգառները դեռ լիքն են
Մարդկանցով,
Սեղանները հացով,
Ծնարանը՝ լացով,
Մեկը գար, արթնացներ,
Մեկը գար հաստատեր չլինելդ,
Հեքիաթի ու կյանքի
Արանքում ինձ պես շիվարած
Մեկից ճշտեի՝
գուցե ե՞ս չկամ,
Ու եթե ես չկամ,
Ասա, քեզ համար տարօրինակ չի՞
Որ Վաղը և հաջորդող
Ոչ մի օր չի չեղարկվում,
Որ գետերը դեռ հոսում են,
Որ մարդիկ դեռ խոսում են
Հազար ու մի մանրուքների մասին…

 

***

Հետերկրաշարժյան Սպիտակում,
Ուր ծնվելը ակամա հերոսություն էր,
Համառեցի ու համալրեցի
Ընտանիքիս կազմը կրճատված…
Ճերմակած ջահելների,
Նյարդային, ողբացող ահելների,
Չերազող, թևաթափ գալիքի արանքում
Կուլ գնաց մանկությունս,
Ուր գնաց, չիմացա…

Այդ օրերի հոսանքի պես հովհարային հիշողություններս
Երազանքներիս ոտքը կապեցին
Փլատակներից,
Ու սովորած առաջին թվերով հաշվեցի
Հազիվ ճարվող հացի կտորները,
Հաճախ մորս բաժին չհասնող,
Ես լացեցի երկար՝ իմ անարդար
հաշվարկների համար,
Մայրս ասաց կուշտ է, հետո լռեց մի պահ.
-Եկեղեցում մոմն էլ է պակասում, անցողիկ է,
Իսկ ինձ թվաց՝ եկեղեցում ու ամենուր
Մեր բաժին Աստվածն էլ էր պակսել…

Ես տեսա ցավը գրկած կանանց՝ օրոր ասող,
Եվ հայացքներ՝ մի կետի հառած՝
Խելագարված նվնվոցով երբեմն
Ընդհատվող,
Տեսա ամեն տարի արևին տրվող շորեր,
Չգտնված, անհայտ-անհետ կորած
Իրենց տերերին դեռ սպասող…
Տեսա աշխարհի խղճացող ու օգնող ձեռքը ՝ մեկնած մեզ,
Եվ յուրայինների գողությունը՝ աշխարհի խղճացող ձեռքից,

Տեսա տատիս ուրախությունը ոնց ծաղկեց վշտի մեջ
Երբ պապս, կոր մեջքով շալակած՝
Ծածկոց, նավթ ու հաց բերեց մեր տնակ,
Ժպտաց ու լացեց նույն պահին,
Ինձ անհայտ, չընկալվող ժպիտ ու լաց…

Հետո… հետո ես «Հայր մեր» սովորեցի
Հավելումով՝ անցնցում հողի խնդրանքով , ու
Հողը դեռ չի ցնցվել այդ օրերից ( թու, թու),
Բայց անգամ երկու տասնամյակ անց,
Երբ տատս լուռ աչքն է թրջում,
Երբ պապս զուսպ, գլուխն ափերն առած
Հայացքն է թաքցնում,
Արդեն հասկանում եմ, ինչ ցնցում է սրտում.
Հաստատ ոչ իմ համրած հացի համար։

 

***

Եթե դու սիրում ես բառեր,
Կամ դրանց արանքում ընկած չբառը,
Եթե դու սիրում ես գրել բանաստեղծություն,
Եվ վերջապես,
Եթե դու ունես պատուհան՝
Լուսնին նայող, կամ հակառակը,
Ուրեմն ընտրիր քսան լավագույն բառերը,
Որոնցով սովորաբար երկխոսում ես Աստծո հետ,
Գրիր դրանք հերթով,
Հետո անհերթ,
Հերթին հակառակ գրիր,
Ղուշ ու գիր անելով գրիր,
Խառնիր ու բաժանիր նորից,
Բառե հրաշք ու մատնահոտ
Կոմպոզիցիաներ կազմիր
Ու տար մանկատուն նրանց,
Քանի Աստված քնած է…

Գրիր լուսնի մասին,
Ոսկի հասկերի մասին,
Չոր-չոր ծառերի,
Նրանց տխուր տերևների
Եվ անպայման, անպայման
Հոկտեմբերի մասին գրիր.
Թե չէ էլ ինչ բանաստեղծ…
Նռների ու մասուրի,
Մանուշակի և հայրենիքի,
Մասին գրիր,
Գրիր միշտ նույնը
Բառերի տեղը փոխելով
Զի դու արդեն գտել ես
Փառքի կածանը,
Զի գիտես, որ բառը ոչինչ է,
Չբառն ու դադարներն են իմաստ,
Եվ բառե թելով ասեղնագործիր
Համբոյի քրոջը,
Զի դա էլ էս ջոկել՝
Բանաստեղծական է…
Ու քո մեծ սրտով անափ
Ասա երջանիկ եղիր՝
Եվ լինենք,
Ասա Աստված իջնի թզենու տակ,
Եվ գա,
Ասա թող հոկտեմբերը ծաղկի
Եվ ծաղկի…
Հևասպառ ու հոգնած,
նստիր պատուհանի գոգին
Անկեղծ, միայն անկեղծ ասա՝
Սառը ջուր կուզե՞ս,
Ես ծաղիկներն արդեն ջրել եմ,
Ուշ է, շատ է ուշ Պողոս առաքյալ…

 

***
Եվ սուտ էր այն,
Թե նախ բանն էր,
Բանը ստեղծվեց՝ ի սկզբանե եղած
Ներդաշնակ լռության
Համը հանելու համար….

Ի սկզբանե լռություն էր,
Լռության հետ հաշտ ապրելու
Անփորձություն,
Մեզ աչքաթող արեց Աստված
Որովհետև կիրակի էր,
Ու մեր չտես ձեռքից ընկավ
Հազար կտոր եղավ լռությունը…

 

 

***

Կներեք ինձ,
Ես ողջ եմ,
Բախտավոր ու երջանիկ,
Գիտեմ, բարդ է,
Կներե՞ք,
Վրեն…

Կներեք ինձ,
Իմ չափը,
Իմ օգնելն ու տաք ափը,
Կներե՞ք,
Վրեն,

Կներեք ինձ.
Ձեր խորհուրդին չանսալը,
Ձերից բեթար իմ հալը,
Ձեզնից թաքուն իմ լալը
Կներե՞ք.
Վրեն։

Կծու խոսքս ու ճառս,
Վերից հայացքս ու չարըս,
Կներեք։

Կներեք ինձ,
Իմ երկարող օր-կյանքը,
Լավ օրի իմ շարքը,
Ձերից զատվող իմ վարքը
Կներե՞ք։

Կներեք ինձ,
Ես լավն եմ,
Դեռ ջահել եմ ու թարմ եմ,
Կներե՞ք.
Վրեն։

Դուք իմ զառամ ընկերներ.
Ձեր չստացված կյանքերի,
Ձեր ծերացող մաշկերի,
Ձեր անհագուրդ մտքերց
Ծնված նավսն ու չար խոսքը
Որ իմ տանձին չլինի
Կներե՞ք.
Վրեն…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *