Հրաչ Բեգլարյան | Թախիծ


Թախիծը նրա մեջ ծնվում էր միանգամից, ամառային պայծառ օրվա դեմքն անսպասելիորեն կնճռոտող հողմի պես: Հակոբը չէր իմանում, թե երբ կհայտնվի հոգեմաշ այդ տրտմությունը: Ասենք եթե իմանար էլ՝ ո՛չ կուզենար, ո՛չ էլ կկարողանար պայքարել դրա դեմ: Թախիծը նրան մոտենում էր կատվի պես՝ անտեսանելի ու անձայն, իսկ հետո անսպասելի ու հանկարծ ճանկերը խրում էր սրտի մեջ: Եվ բռնվելով թախիծի մագիլների մեջ՝ Հակոբն օրերով չէր կարողանում ազատվել:
Այդ օրերին նա իրեն նմանեցնում էր աշխատասենյակի լուսամուտի ապակուն կպած մկանը, որի մասին իրենից բացի ոչ ոք չգիտեր: Այն հայտնվել էր անակնկալ ու անսպասելի: Մի առավոտ աշխատասենյակ մտնելով տեսավ, որ գիշերվա հողմը ապակուն է փակցրել ջարդված մի տերև: Հակոբն այն նմանեցրեց չարաճճի մկնիկի, որն սպասողական վեր էր բարձրացրել բարակ, երկար պոչը, և, չնայաած ծիծաղելի տեսքին, թվում էր, թե նա էլ է թախծում:
Տրտմության մեջ ընկնելիս Հակոբը օրը հազար անգամ տեղափոխվում էր մի այլ հարթություն: Մի աշխարհ, որ իր փափուկ անէությամբ հաճելի էր նրան: Հաճախ էր թվում, թե ինքը գտնվում է մի մեծ ու անտեսանելի թմբուկի մեջ: Թմբուկ, որն սկզբում կարծես պտտվում էր դանդաղ, բայց հետո կամաց-կամաց թափ առնելով՝ դառնում էր տիեզերական արագությամբ: Այդժամ Հակոբին թվում էր, թե ինքն իրենից անկախ տարալուծվում ու խառնվում է շրջապատին: Երբեմն թվում էր, թե ինքը մի քիչ սեղան է, մի քիչ՝ գրիչ, պատուհան, օդ, քամու և անձրևի սարքած տերևե զավարճալի մկնիկ: Այս զգացողությունը որքան զարմանալի, նույնքան էլ հաճելի էր: Մանավանդ, որ այդպիսի ժամանակ նա կարող էր փակել աչքերն ու մտովի հեռանալ ամեն ինչից: Թե իր կիսատ հոդվածներից, որոնք նման պահերին ծամծմված ու տափակ էին թվում, թե աշխատասենյակից և թե հանրակացարանի իր տաք ու հարմարավետ սենյակից: Այնքան շոշափելի էր տարալուծման այդ զգացողությունը, որ նա ժամերով նստում էր անշարժ ու բացակա:
Մի անգամ ձմռանն էր: Սառնությունից ճաքճքում էին մարդու շուրթերը և բռնվում էր շունչը: Գործի գնալիս փողոցում տարօրինակ մի մարդու տեսավ. երկաթե լինգը դրել էր ուսին, դրա տատանումը հավասարակշռել իր քայլքի հետ ու քայլում էր ձեռքերը գրպանները դրած: Իսկ լինգը ասես ձեռնասուն լիներ. ոչ սահում ընկնում էր, ոչ էլ դադարում էր ճոճվել: Թախիծի օրերին Հակոբն իրեն նմանեցնում էր այդ լինգին. անընդհատ ճոճվում էր իրականի ու երազայինի, ներկայի ու անցյալի միջև, իսկ թախիծը աշնան թուխպի պես գալիս, փաթաթվում էր նրան, կուրծքը սեղմում շունչը բռնելու աստիճանի: Նման պահերին նա ոչ այն է լաց լինելու, ոչ այն է գոռալու ցանկություն էր ունենում և իրեն նմանեցնում էր բրածո մի կենդանու, որին հրաշքով հանել էին հազարամյակների քնից ու բերել, կանգնեցրել էին թանգարանում՝ ի տես բոլորի:
Ասես կորցնում էր խոսելու ընդունակությունը, նրա շագանակագույն աչքերի մեջ կարծես արցունքը լիճ էր կապում և աչքերը դրանից դառնում էին կանաչին տվող ու փայլուն: Կպցնում էր գլանակ գլանակի ետևից ու ներս էր քաշում ծուխն այնպես, կարծես հոգին ճմլողն ու ցավեցնողը ծխախոտն էր, և դրա համար ինքն աշխատում էր վրեժ լուծել նրանից՝ արագ վառել մոխրացնելով:
Թախիծի առաջին, այդ կարճ ու հաճելի ժամերին սովորաբար հաջորդում էր տառապանքը, որ բերում ու հոգուն էին փաթաթում աչքերը: Աչքեր, որոնց սիրահարված է հիմա էլ: Եվ հետաքրքիրն այն է, որ Գոհարի աչքերը հիմա տեսնում է նրա դեմքից անջատ: Այդ աչքերը ոչ լալիս են, ոչ ժպտում, ոչ էլ սիրում: Նրանք սարսափից չռված են և ճիչ կա դրանց մեջ, որ նրա էությունն իրար է խառնում և ուղեղի մեջ է մեխվում արդեն քանի տարի:
Այս անգամ նույնպես թախիծը հայտնվեց անսպասելի: Քած շան շողոմ լռությամբ եկավ նրա ձեռքերը լպստելու:
Կեսօրից հետո նստած էր աշխատասենյակում: Թերթում էր պատահաբար ձեռքն ընկած մի հին ամսագիր, երբ դուռը բախեցին: Շեմքում սկզբից հայտնվեց կնոջ լիքը կուրծքը, ապա լայն կոնքն ընդգծվեց, իսկ հետո Հակոբը տեսավ նրա փոքրիկ, շեկ մազերի արհեստական գանգրացված խոպոպներով եզերված դեմքը: Թե ինչ էր ուզում կինը, ինչու էր հայտնվել խմբագրության իր սենյակի շեմին, Հակոբը հետագայում չէր հիշում, բայց մտքի մեջ անջինջ էին մնացել նրա աչքերը, որ անչափ նման էին իրեն տանջանք ու տվայտանք պատճառող աչքերին:
Զրուցում էին: Ասենք խոսում էր նա, և ինքը տաս րոպեում իմացավ, որ քառասունին մոտ, արդեն թառամող գեղեցկությամբ այդ կինը չի սիրում ամուսնուն: Հարուստ են: Ե՛վ մեքենա ունեն, և՛ ընդարձակ ավտոտնակ, և՛ զենք և, որ տասնյոթ տարեկան տղան բանի տեղ չի դնում հորն ու մորը: Հաճախ փախցնում է մեքենան, քշում տանում Աստված գիտե ուր:
Հակոբին հոգնեցրել էր կնոջ՝ եղածից ավելին երևալու ջանքը: Իսկ կինը, նրա սրտնեղությանն անտեղյակ, շարունակում էր ցուցադրել իրեն: Իբր ինքը գիտակ է, կարդացած, գեղեցիկ ու տեսած: Քաղաքավարությամբ լսում էր նրան ու հազիվ էր զսպում նյարդերը ձգող, իր խորքերում առաջացող զայրույթն ու սրտնեղությունը: «Ի՞նչ է ուզում ինձանից,- մտածում էր,- գուցե հրապուրե՞լ է ցանկանում, դրա համար այդքան շռայլորեն օգտագործում է իր հմայքի մնացորդները: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ չի խոսում եղանակից, ինչո՞ւ քնարական տողեր չի արտասնում»: Իսկ կինը ճարճատում էր.
-Սուրիկս տաս տարեկանից մեքենա վարել սովորեց…
Այս անգամ թախիծն սկսվեց կնոջ գնալուց հետո, երբ կրկին վերակենդանացան նրա հոգու պատին դաջված աչքերը: Եվ ամառային այն օրվա, թվում է, մոռացված հուշը դարձյալ կենդանություն առավ ու թրթռաց նրա կոպերի տակ և ասես լճափնյա շոգը նորից պարուրեց մարմինը:
Այդ օրը Գոհարի հետ դարձյալ փախել էին շոգից և ապավինել Սևանի զով ափերին: Ամռան արևն իր ջահել զորությամբ տաքացնում էր թիկունքը: Լինում էին պահեր, երբ թվում էր, թե շոգից ուր որ է կկտրվի շունչը, կանգ կառնի սիրտը, բայց այդ ժամանակ սարից փախած մի հովիկ գալիս, կատվի պես քսմսվում էր մեջքին ու նորից բաբախում էր սիրտը, կենդանություն էին առնում հոդերը:
Հակոբը շատ էր սիրում Գոհարի լռությունը, ջրի ջերմ խշշոցը և արևի ու քամու խաղը թիկունքի վրա: Այդ պահերին նրան թվում էր, թե օդում ճախրող ճայերից ինչ-որ անտես ու շատ կարևոր բան է խառնվում իր էությանը: Նա միշտ կարծել էր, թե ճայերն այնքան բարձր չեն թռչում ու միշտ մոտիկ են մնում ջրին, բայց այս տարի համոզվեց, որ խաղաղ եղանակին նրանք այնքան են տարվում թռիչքով, որ բարձրանում, կպչում են երկնքի կրծքին:
Աղջիկը մատով անհասկանալի նշաններ էր գծում ավազի վրա, իսկ ալիքները շնաձագերի պես գալիս փաթաթվում էին նրա բոբիկ ոտքերին և, հարմար պահ գտնելով, պոչով սրբում տանում էին գրածը: Գոհարը ոչ այն է տառեր էր գրում, ոչ այն է նախշ էր նկարում թաց ավազի վրա: Նրա աչքերը տխուր էին և փայլում էին տարօրինակ փափուկ փայլով: Տղային աղջկա գրերը զարմանալի նշանագրեր էին թվում և որքան էլ ջանում էր, չէր կարողանում ընկալել դրանց իմաստը:
Նա ձգվեց, ծնոտը կպցրեց աղջկա մերկ ուսին ու շշնջաց.
-Ի՞նչ ես նկարում:
-Կախարդում եմ,- տարօրինակ փոխված ձայնով ասաց աղջիկը:
Նրա շուրթերն այդ պահին կարծես ջրից նոր հանած փոքրիկ ձկնիկներ էին, որ թպրտում էին շնչակտուր, տղայի մեջ առաջացնելով կիրք և դրանց հպվելու անկասելի ցակություն:
Աղջիկը ձեռքի ափով ջնջեց իր գրածն ու շեշտակի նայեց նրան.
-Սիրո՞ւմ ես,- հարցրեց ասես ձեռքի հետ:
-Այո,- պատասխանեց ինքը:
-Ի՞նչը,- կատակի տվեց նա:
-Արևը, օդը, ջուրը:
-Է՞լ:
-Էլ,- մի վայրկյան մտածեց տղան,- ավազը, քամին, ավազներին խառնված խխունջների պատյանները:
-Ուրի՞շ:
Գիտեր՝ աղջիկն ուզում է, որ ինքը, թեկուզ կատակով սեր խոստովանի արդեն հազարերորդ անգամ, բայց ինքը շարունակեց անհասկացող ձևանալ ու ասաց անտարբեր.
-Ուրիշ էլ ի՞նչ,- ասաց ու ճիչով վեր թռավ վրան լցրած սառը ջրից:
Գոհարը փախչում էր սեթևեթելով, անմարդ ափի ավազին դրոշմելով իր բոբիկ ոտքերի ոտնահետքերը: Տղան մի քիչ հետապնդեց նրան, բայց հանկարծ դա զավեշըալի թվաց նրան: Կանգնեց ու ձայն տվեց.
-Բա ե՞րգը:
-Ի՞նչ երգ:
-Հնդկական կինոյի:
-Ի՜, ջրիկ,- սառած ոգևորությամբ արտաբերեց աղջիկը, հետո եկավ, նստեց կողքին ու գլուխը ուսին դնելով՝ խնդրեց պահանջելով.
-Արի՛ նավակ նստենք:
-Գործ չունես,- առարկեց ինքը:
-Չէ՛, ուզում եմ,- համառեց Գոհարը:
-Ախր նայիր, թե ինչքան պիտի քայլենք մինչև վարձույթի կետին հասնելը: Մի ժամ կտևի,- դժկամ պատճառաբանեց տղան:
-Լա՜վ, էլի,- դարձյալ թախանձեց աղջիկը: Նրա ձայնը կարծես ոչ երկրային էր, մի տեսակ ծորուն ու թախիծի մեջ թաթախված:
Նավակն օրորվում էր ջրի վրա: Հակոբը սկզբում անվարժ էր թիավարում, բայց հետո մի քիչ վարժվեց: Նրան դուր էր գալիս, որ նավակի քիթը ճեղքում է ջուրն ու նավակը ոստնում, բարձրանում է ալիքի կատարը: Տղան լավ էր լողում, իզուր չէին անցել լողի խմբակի պարապմունքները, բայց թիավարում էր առաջին անգամ:
-Շատ խորը չլողաս, հեռու չգնաս, նավակի մեջ չխաղաք,- անգիր արածի պես զգուշացրել էր վարձույթի կետի սև տղան, որ ամառային գլխարկի տակից սրբիչ էր գցել գլխին ու նմանվել արաբի:
-Մի անհանգստացիր,- պատասխանել էր ինքը,- ես լողորդ եմ:
-Սևանի ջուրը լողորդ չի ճանաչում,- նույն անխռով հանդարտությամբ աչքերն էր փայլեցրել «արաբը»:
Հիմա Հակոբը մտքի մեջ ծիծաղում էր «արաբի» վրա՝ չհասկանալով նրա այդպես կերպարանափոխվելու իմաստը և նավակն ուղղում էր դեպի լճի խորքը: Իսկ աղջիկը նստել էր նավակի քթին ու անքթիթ նայում էր իրեն: Զարմանալի մի վերացում կար նրա դեմքին և Հակոբին մեկ-մեկ թվում էր, թե նա Գոհարը չէ, այլ նրա կերպարանքն առած ուրիշ մեկը: Այդ զարմանալի զգացողությունը տղայի մեջ ծնվել էր դեռևս առավոտյան ու չէր լքում ամբողջ օրվա ընթացքում: Նրան թվում էր, թե իր հետ մի անգամ էլ է կատարվել այս ամենը: Կարծես ինչ-որ տեղ մի անգամ էլ էր տեսել ջրի ափին հատուկ հարմարանքի միջոցով ձուկ որսացող մարդուն: Նրա կոպերը ջրին շատ նայելուց կուչ էին եկել, կարմրել ու դրանից աչքերը հիվանդ ու խեղճ էին թվում, իսկ ձեռքերը, զգալով բարակ լարի աննշան շարժումը, այն անմիջապես քաշում էին առանց հապաղելու:
Հակոբը մտքում մի քանի անգամ ասաց. «Այս մեկը մեր սիրո բախտից», բայց այդ մտքին միշտ հաջորդում էր ձկնորսի դժգոհ մրթմրթոցը. «Էլի փախցրեց»: Նայեց մի քիչ, հետո ծիծաղեց իր վրա. «Կարծես Գիքորը լինեմ»: Հետո նաև մտածեց, թե ինքը ուզում է երջանկություն գտնել որսացած ձկների դժբախտության հաշվին ու այդ միտքն էլ վանեց իրենից:
Կողքին կանգնել էր Գոհարը և անքթիթ ու կենտրոնացած նայում էր լճին, ասես նրա համար ո՛չ ձկնորսը կար, ո՛չ ինքը: Կար միայն մագնիսի պես ձգող ու կանչող լիճը:
Նույնն էր և հիմա. Գոհարն այնպես էր նայում իրեն, կարծես չէր տեսնում և քթի տակ ինչ-որ երգ էր դնդնում: Ինքն աղջկան առաջին անգամ էր տեսնում երգելիս: Քամին խաղում էր նրա սևսաթ ծամերի հետ և տղան չէր ուզում, որ այս պահն անցնի:
Աղջկան գրկելու, փաղաքշելու, նրան իրեն մոտիկ զգալու անկասելի մի ցանկություն էր զգում: Ուզում էր մոտիկից զգալ նրանից եկող արևի, ջրի, օծանելիքի իրար խառնված բույրը, որով հազար կնոջ միջից, աչքերը փակ, անսխալ կճանաչեր նրան:
-Ուզո՞ւմ ես թիավարել,- հարցրեց ավելի շատ աղջկան տարօրինակ թմբիրից հանելու համար:
-Ըհը՛,- գլխով արեց նա:
-Արի՛,- կանչեց տղան ու աղջիկը վեր կացավ: Քայլ արեց, բայց հանկարծ կորցրեց հավասարակշռությունը: Նավակը կողի թեքվեց: Անակնկալի եկած շփոթվեցին երկուսն էլ, և չհասկացան, թե նավակն ինչպես շրջվեց: Հակոբն ուշ գլխի ընկավ, որ ջրի մեջ է և նավակը շուռ է եկել իր վրա: Լողալով դուրս եկավ, կառչեց նավակի եզրից և կուլ տված ջրից շշմած՝ առաջին պահ մոռացավ, որ Գոհարը լողալ չգիտե: Նայեց շուրջն ու ջրի վրա տեսավ աղջկա երկար ծամերը, որ ընկղմվում էին դանդաղ, ասես չուզենալով:
-Գոհա՜ր,- ճիչն անմարդկային էր և աղեկտուր:
Աղջիկը մի անգամ էլ ջրի երես բարձրացավ, անբնականորեն չռած մատներով փորձեց կառչել ինչ-որ բանից ու սուզվեց: Այդ պահին Հակոբը տեսավ նրա աչքերը՝ լայն բացված, ճչացող, սարսափահար աչքերը:
Ինքը, որ լավ լողորդ էր, շշմած ու զարմացած հետևում էր, թե ջուրն ինչպես է հանդարտ հետևողականությամբ կուլ տալիս աղջկան: Տեսնում էր, թե բարձրացած զգեստի տակից ջրի մեջ ինչպես են փայլում նրա սպիտակ ազդրերը: Հիմա նա ամենայն մանրամասնությամբ հիշում է նույնիսկ աջկա ազդրի վրայի խալը: Հիշում է, թե ինչպես էին երկնքում իրար խառնվել ճայերն ու ճչում էին տագնապած, կարծես հասկանում էին, թե ինչ է կատարվում:
Հակոբը տեսնում ու հասկանում էր ամեն ինչ, բայց ոչինչ անել չէր կարողնաում: Մեկն ասես բռնել էր ոտքերն ու ձեռքերը, իրեն զրկել գործելու կամքից: Իսկ երբ ուշքի եկավ, արդեն ուշ էր: Նա մինչև ուժասպառ լինելը փնտրեց աղջկա ջրամույն եղած մարմինը, բայց չգտավ: Իրեն գտավ ու փրկեց «արաբը»:
Ասես երազում լսում էր ձայները՝ տագնապած ու զայրացած: Հարցերին պատասխանում էր անկամք ու անտարբեր՝ կարծես երազում լիներ: Մեկ-մեկ նրան թվում էր, թե շուտով կվերջանա մղձավանջը, մշուշը կցնդի ու ամեն ինչ կընկնի իր տեղը:
-Շան որդի, ինքդ ես խեղդել աղջկան,- քթի տակ բռունցքը թափահարում էր «արաբը»,- հարյուր անգամ զգուշացրի: Տարել, ով գիտի, ինչ է արել, հետո էլ սպանել է աղջկան, գցել ծովը:
Հակոբը ոչ պատասխանելու ուժ ուներ, ոչ էլ նրա ասածները հաստատելու կամ ժխտելու ցանկություն: Հիշում է, թե մարդիկ ինչպես էին խփում իրեն, ճչացող կանանց է հիշում, որ չանչ էին անում ու գոռում.
-Արևդ մեռնի, մեղք չէ՞ր աղջիկը;
Ո՞վ ոստիկանություն կանչեց, չգիտի: Ջահել շարքայինը դողացող ձեռքերով ձեռնաշղթա հագցրեց իրեն, կարխես թե ամենասոսկալի հանցագործն էր ամբողջ աշխարհում:
…Ողջ գիշեր մեկուսարանի պատի տակ մլավեց կատուն: Այնքան աղիողորմ ու մարդեղեն էր նրա ձայնը, որ թվում էր, թե երեխա է լալիս: Անմայր, լքված, անտեր երեխա: Ասես բարուրի մեջ գալարվում էր, լայն բացած բերանով մոր կուրծքը փնտրում ու լալիս:
Քնել չկորղացավ ողջ գիշեր: Ականջի մեջ զրնգում էր քննիչի հասցրած ապտակը: Նրան կորստի ցավը չէր տանջում, քանզի գիտակցության մեջ ոչ մի կերպ չէր տեղավարվում Գոհարի կորուստը: Նա պարզապես ի վիճակի չէր հավատալ դրան: Հակոբի սիրտը մրմռում էր ավելի շատ վիրավորանքից: Քննիչի անպատկառ, իբր ամեն ինչի պատասխանը նախօրոք իմացող հարցերից նրա մեջ այն զգացումն էր առաջանում, կարծես մեկը կեղտոտ ձեռքերով շոշափում է Գահորի մաքուր, անբիծ մարմինը:
-Աղջկան դու ես խեղդել: Ասա, ինչո՞ւ էիր գնում լճի խորքը,- գոռում էր քննիչը, իսկ ինքն ասես համր լիներ, բացում էր բերանը, բայց պատմել չէր կարողանում: Նաև չէր հասկանում, թե այս մարդն ինչո՞ւ է ուզում քրքրել իր կյանքի ծալքերը: Չէր ուզում նրան՝ քրտնող դեմքն անընդհատ կարմիր, քառածալ թաշկինակով սրբող այդ մարդուն պատմել, որ Գոհարին սիրում է արդեն երկու տարի, որ որոշել էին աշնանը նշանվել: Իսկ քննիչը դրանից զայրանում էր ու խփում էր գազազած, կարծես Գոհարին ավելի լավ էր ճանաչում, կարծես Գոհարի մահն իրեն ավելի էր ցավեցնում, քան Հակոբին:
Եղավ մի պահ, որ քննիչի կարմիր դեմքի վրա սկսեց տեսնել Գոհարի ճչացող, լայն բացված աչքերը: Քննիչի ձայնը նրան էր հասնում հեռվից, աղոտ, չբռնվող մտքի նման: Նրա հարցերն ասես անցնում էին Հակոբի կողքով ու միայն թեթևակի հպվում ականջին: Հեռվից էր լսվում նաև իր ձայնը:
-Ո՞վ է աղջիկը, ի՞նչ էր անունը,- փնչացնում էր քննիչը:
-Գոհարն էր, Գոհար Սարգսյանը: Ընկերուհիս է,- անտարբեր, առանց հույզի ու ելևէջի լսում էր իր պատասխանը:
-Ինչո՞ւ էիք Սևան եկել:
-……………………
-Քեզ եմ հարցնում, աղջկան ի՞նչ նպատակով էիր Սևան բերել:
-Հանձնել էինք ընդունելության քննությունները: Երկուսս էլ ընդունվել էինք: Որոշեցինք մի քիչ հանգստանալ:
-Հանգստացա՞ր,- հեգնեց քննիչը:
Հակոբի համար անտանելի էր այն, որ լայն երեսով քրտնաթաթախ այդ մարդը կասկածի տակ էր դնում Գոհարի մաքրությունը: Հիմա իր համար այլևս կարևոր չէր՝ կդատե՞ն իրեն, բա՞նտ կնստեցնեն, թե՞ կծեծեն: Սկզբում փորձեց բացատրել, որ ինքը չէր կարող խեղդել աղջկան, որ կգերադասեր ինքը խեղդված լինել, որ… բայց երբ տեսավ, որ օրենքի պահապանը քմծիծաղով ու անվստահությամբ է նայում իրեն, լռեց:
Չգիտես որտեղից նորից հայտնվեց գանգը շաղափող գլխացավը, որ մանկությունից տանջում էր նրան և ընդամենը մի քանի տարի էր, որ վերացել էր: Քննիչի թերահավատ քմծիծաղից դարձյալ վերակենդանացավ գլխացավը, իսկ ինքը կարծես համրացավ ու դարձավ որևէ բան հասկանալու անկարող:
Մենախցումում մի քիչ մեղմացել էր ցավը, իսկ կատվի աղիողորմ ու անդադար մլավոցը սղոցում էր գիշերային լռությունը: Նա նստել էր հատակին, գլուխը հպել ցեմենտե պատին ու փորձում էր քնել, գոնե մի կարճ ժամանակ անջատվել իրականությունից, բայց մտքերը բզզում էին ցավող գլխի մեջ, պատկերներն անողոք ճանճերի նման կպչում, պոկ չէին գալիս աչքերից:
«Ասում են՝ մեռած մարդկանց հոգիները բնակվում են կենդանիների մեջ: Ինչո՞ւ է այսպես աղեկտուր մլավում կատուն»,- անցավ մտքով ու սկսեց շշունջով խոսել Գոհարի հետ.
-Ախր ինչո՞ւ այսպես եղավ: Ինչո՞ւ էիր այդքան թախծոտ և ի՞նչ էիր գծում ավազի վրա: Ես չկարողացա օգնել քեզ: Ո՞վ էր բռնեել թևերս: Ճայերը ճչում էին: Մի՞թե մի ճայի չափ էլ չկայի ես…
Մտքերն անկապ էին, հախուռն, իրար զարնվող, իսկ գլուխը ցավում էր: Հիշեց, որ առավոտնից ոչինչ չի դրել բերանը, բայց ուտելու մասին միտքը սրտխառնուք առաջացրեց: Աչքերի առաջ Գոհարի փայլուն, սպիտակ ազդրերն էին, երկար մազերը, որ ջրի մեջ էին սուզվում դանդաղ, ասես չուզենալով:
Հաջորդ օրը քննիչը նորից գործի էր դրել իր երկաթե տրամաբանությունը.
-Դու լավ լողորդ ես, ինչո՞ւ չփրկեցիր աղջկան: Պարզ է, չուզեցիր, որովհետև ստորություն էիր արել ու փորձում էիր հետքերը ծածկել:
Նա թևաթափ էր լինում այդ հաստատակամ ու աներեր վստահությունից, ինքն իր աչքին թվում էր թրջված ու փոքրացած շան լակոտի չափ խեղճ: Բայց աղջկա հասցեին քննիչի անպատկառ ու բաց քմծիծաղից հետո տղային թվաց, թե նա իր հաստ ու մսոտ մատներով շոշափում է Գոհարի լուսե ազդրերը և այդ հպումից խամրում է դրանց մաքուր ճերմակությունը:
-Չհամարձակվե՜ս,- ոչ իր ձայնով ճչաց նա,- Գոհարն անբիծ է, հասկանաո՞ւմ ես: Ստուգե՛ք:
-Հը՞,- անակնկալի եկավ քննիչը, ապա արագ հավաքեց իրեն,- դիակը դեռ չի գտնվել,- լռեց մի քիչ, հետո ծխախոտ կպցրեց, ներս քաշեց ծուխը և հեզ ու փափուկ ձայնով հարցրեց.
-Լավ, հիմա չե՞ս ասելու ճշմարտությունը:
Հակոբն արդեն տասներորդ անգամ սկսեց պատմել: Սկսեց հանգիստ, բայց հետո մի դող բռնեց մարմինը: Գոհարի լայն բացված աչքերը նորից եկան ու համընկան քննիչի դեմքին: Տղայի դողը հեկեկոցի փոխվեց:
-Դե ձև մի թափի,- անտարբեր ու արհամարհական նետեց քննիչը: Գոհարի աչքերը պոկվեցին նրա դեմքից ու սկսեցին լողալ օդի մեջ…
…Երբ աչքերը բացեց, առաջին բանը, որ զգաց, տտիպ ու թթու հոտն էր: Միայն մի շաբաթ հետո գլխի ընկավ, որ գտնվում է խենթանոցում: Ոչ ոքի տեսնել չէր ուզում, նույնիսկ սեփական ծնողներին:
Եղելությունը միայն բժշկին պատմեց, որ խելոք ու վստահող աչքերով փոքրիկ ծերուկ էր: Հակոբին լսելով նա սպիտակ, ասես թափանցիկ բռունցքով քաշում էր երկար ու փարթամ մորուքը, իսկ երբ սկսեց խոսել, նրա ծխախոտից խանձված ձայնից անտեսանելի մի հանգստություն եկավ ու պարուրեց տղայի էությունը: Թե ինչ էր ասում ծերուկը, Հակոբն էլի չի հիշում, բայց նրա մեջ օրեցօր արմատ էր գցում այն միտքը, թե աղջիկը չի մեռել, այլ մկնել է ինչ-որ հեռավոր քաղաք: Թեև գիտեր, որ ճշմարիտ չէ այդ, բայց իր համար հաճելի էր հանգստություն բերող այդ սուտը:
Վեց ամիս մնաց հիվանդանոցում: Շատ բան է մոռացել հիմա, չի հշում մարդկանց, չի հիշում դեմքերը, բայց մտապատկերի մեջ հաճախ է կենդանանում խելացի աչքերով փոքրիկ ծերուկը: Չի կարողնաում մոռանալ նաև հոգեբուժարանի հոտը՝ խեղճության, կեղտի, հասկացված չլինելու հոտը: Նա համառորեն ուզում է մոռանալ այդ հոտը, բայց ապարդյուն: Արդեն վեց տարի է սափրվում է ամն օր, դեմքին բուրավետ օծանելիք քսում, բայց ռունգների միջից դուրս չի գալիս այդ յուրահատուկ հոտը: Հիմա նա համոզված է, որ դա ծակոտկեններով անցել է մաշկից ներս և իրեն ուղեկցելու է մնացած ողջ կյանքի ընթացքում:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այցելեց Գոհարի գերեզմանին: Քարի վրա գեղեցիկ նկար էր, կողքին՝ լացող ուռենի, իսկ դրա տակ նկարած էր կիսաթեք մի կուժ, որից ծորում էր ջուրը: Նկարը նման էր Գոհարին, բայցև՝ տարբեր: Հակոբը հասկացավ, որ դա իր իմացած Գոհարը չէ: Նա չէր հավատում, թե Գոհարը մեռած է և թաղված այդ քարի տակ: Նրան թվում էր, թե աղջիկը դեռևս այնտեղ է՝ լճի մեջ և ամեն օր խեղդվում է դանդաղ, չուզենալով:
Չնայած մոր լացին ու հոր հորդորներին չմնաց մայրաքաղաքում, տեղափոխվեց այս հեռավոր քաղաքը, աշխատանքի ընդունվեց քաղաքային թերթի խմբագրությունում: Հիմա, երբ թվում էր, թե այդ ամենն անցել է անդարձ, նրա էությունը նորից պաշարել էր թախիծը: Անտեր, թափառական շան պես լիզում էր ձեռքերը, կամ ոտքերին էր փաթաթվում կատվի մլավոցի պես:
Նա անկամ, ասես իրենից անկախ եկավ հանրակացարանի իր սենյակ: Քունը չէր տանում և կեսգիշերային սենյակում դարձյալ հայտնվեցին Գոհարի աչքերը: Նրանք այլևս չէին ճչում, օգնություն չէին խնդրում: Աչքերը հանդարտ էին, գեղեցիկ ու թախծոտ: Նույնիսկ թվում էր, թե նրանք ժպտում են, կանչում, հմայում ու գնում, ձուլվում ալիքներին: Հակոբին թվում էր, թե երկարատև աղմուկից հետո ինքը միանգամից հայտնվել է փափուկ ու խեղդող լռության մեջ:
…Հանկարծ ամեն ինչ ճղճիմ ու ավելորդ թվաց նրան: Անաղմուկ դուրս եկավ, փակեց սենյակի դուռն ու գնաց Գոհարի աչքերը փնտրելու:
…Դեռ երկար ժամանակ գիշերները նրա պատուհանից լույս էր ցայտում մայթին, բայց անցուդարձ անող մարդկանցից ոչ մեկի հոգը չէր, որ մի լուսամուտ վերածվել է անբիբ աչքի:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *