Աստղիկ Սարգսյան | Հրաժեշտ հազարմեկերորդ

ՄՈԼԵԿՈՒԼ

Երկիր չհասած
մոխրացած աստղերի
մի ամբողջ ստվերային բանակ է
շարժվում տիեզերքում․

(չենք տեսնում՝
չի նշանակում, թե չկան)։

Իսկ դու քայլիր
հոկտեմբերյան մութ գիշերով․
փողոցներում տեսլանում են
փոշի-աստղերի հյուլներն ու դու,
իսկ քեզ կթվա, թե հատիկ է՝ փոշի․
արձակի՛ր մի քանի կոճակ,
կանգ առ,
հանիր ձեռքերդ գրպանիցդ
ու զգա
փոշի-աստղ-ատոմները․
ինքնահիպնոսացու՞մ
ինչքա՜ն ուզես՝ խնդրեմ.

(սա է գտածն իմ) :

Հը՞ն, զգացի՞ր որքան փոշի ես
ու որքան մարդ․
այդ է մարմինը քո, իսկ հոգիդ՝
չկա․ դեռ Երկիր չի հասել,
լոկ մարդափոշի ես՝
միջանցիկ քաղվածք։

 

ԱԹՄԱՆ

Ես գիտեմ՝ պետք է
կանգ չառնեմ,
հիմա ամենից հարմար պահն է
գրելու տող,
դնելու գծիկ,
սեղմելու ստեղն,
հիմա, հենց հիմա կպայթի
սպերմը,
կլցվի աշխարհի արգանդը
ու կծնվի մի բան,
մի ինչ-որ բան

( ապրվելու համար )

Ու թող գոռա երկինքը․
ես չեմ վախենում
մեռած աստվածներից,
երկնային հյուլեներից,
այլշխարհների գոյությունից,

քանզի նոր, հենց նոր
եղավ ծնունդը ՕՄԻ։

 

էՊՈԽԱ

Դու, որ պատշգամբում
ոտքերդ պատին պարզած,
գլուխդ վար՝
պառկել ես կիսաքուն

Դու, որ ամպերից
պատկերք ես գծում․
նայիր դրանց,
եթե քնելը փախուստի
ելք չի դառնում.

տձև ամպերի
ալիքների մեջ
գտիր քարանձավի մարդուն,
քարից կրակ քամող,
գտիր բրոնզե մարդուն
մետաղահոտ, և եթե կուզես՝
մարդ-աստծուն ամպերի վրա քայլող,
և մարդուն,
մարդուն ամենակարող,
աստվածահաս,
համընդգրկուն եզակի դարձած․
քեզ տեսնու՞մ ես
մորդ տեսնու՞մ ես․․․

Դու մի փոքր,
միայն մի փոքր ետ քաշիր,
երկինք պարզած ոտքերդ․
սառցե դարաշրջանն է մոտենում։

ՀՐԱԺԵՇՏ ՀԱԶԱՐՄԵԿԵՐՈՐԴ

Փորձում եմ լքել քաղաքը,
ուր ապրում են սիրելիները․
բոլոր երկաթգծերը
մոխրագույն անձրևի հետ
ինձ նետում են գնացքի
անիվների տակ։

Մարմինս ցավում է ձայնից երկաթյա,
որը քաղաքի մարդու ստվերն է հիշեցնում․
ետ եմ գցում գլուխս
տամուկ խոտերի մեջ
ու փակում աչքերս․

(այս խոնավ մարմնում
համաշխարհային ջրի պաշարն է․
ու՞ր եմ տանում ինձ, Տեր․․․)։

Ամեն ճիգ գործադրում եմ՝
մոռանալու քաղաքն ու սիրելիներին․
ականջակալներիս մեջ
հերթափոխում են
գնացքի-թմբուկի
ջրվեժի-շրթհարմոնի
տիեզերքի-իմ ձայնը․
արդեն բառեր եմ լսում, Տեր
մեկն ասում է՝ ետ արի տուն,
ժամն է արդեն իրիկնահացի։

 

ԱՆՇՇՈՒԿ

Քաղաքի գտնված
միօրինակության մեջ
բառաթափ է քամին,
շշուկներն անգամ
բառ չեն վանկարկում։

Քեզ կպատմեն տիեզերքի մասին՝
լուսնի իսկությունը
ճշտել կուզես և
մետաղադրամի պես
ատամով փորձել․

(ի՞նչ տեսակ ես, մարդ)։

Երկինք կպագանես,
կուզես Նա ձկներ անձրևի
պատուհանիդ․
(այդքան ծո՞վ ես, մարդ)
Բայց իմացիր՝ նեղ են, ավաղ,
դարպասները վերանձնայինի․
ուղևորություն դեպի խորությու՞ն․
մենք այստեղ ու հիմա չենք,
ինչպես բառաթափ քամին՝
որ փողոցն անցավ անշշուկ։

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԵՐԻ ՔԱՂԱՔ

Սա իմ քաղաքն է.
այստեղ ամեն քայլափոխի
սրճարաներ են,
փաբեր ու
խանութներ.
այստեղ շաբաթ առ շաբաթ
փակվում են սրճարաները,
փաբերն ու
խանութները և նորերն են բացվում.
և հենց այստեղ՝
այս բացուխուփ արված
ժամանակի մեջ,
մեռնում են հիշողությունները, ու
քամին շշնջում է՝
հեշտ չէ,
հեշտ չէ,
հեշտ չէ։

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Լքված պահածոների գործարանի
քանդված ամեն մի անկյունում
քամիներ կան ու
մանկությունից փոխանցված
անհարթ քարեր՝
սրտի նման
փոքր ու ծանր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *