Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ, փաստորեն, ինձ շրջանցել են:

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի գրողների միության նախագահ, գրող, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
Երկար տարիների բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ուներ, հայ գրականության և մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Երկար տարիներ ղեկավարել է իր իսկ հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:
Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ էր։ Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։ Արցախը Մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։

Մեծ է Վարդան Հակոբյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի կազմակերպման հարցում: Վարդան Հակոբյանը Արցախի գրողների միության նախագահն էր, բազմաթիվ գրական միջոցառումներ համակարգող ու կազմակերպիչ: Մուրացանյան օրերի շրջանակում տասնյակ տարիներ բազմաթիվ գիտական-կրթական միջոցառումներ է նախաձեռնել ու իրականացրել Արցախում:
2012 և 2014-ին կազմակերպել և անցկացրել է Համաշախարհային պոեզիայի օրերը Արցախում միջոցառումները՝ հրավիրելով տասնյակ հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր ծայրերից: Միջոցառում, որի նպատակն էր ապացուցել, որ Արցախը ինքնուրույն, ինքաբավ միավոր է, ունակ խաղաղ ու ստեղծարար կյանքով ապրելու:
Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հեղինակել է ԼՂՀ պետական օրհներգը:
Վարդան Հակոբյանի պոեզիան անկախության գրականության առանցքային իրողություններից է: Արցախի ինքնորոշման ու անկախության կայացման նախահիմքերում կանգնած հեղինակի ստեղծագործությունը ինքնագիտակցման նոր փուլ էր թևակոխել պոեզիայի տարածքում երկիր ու պետականություն կառուցելու ընթացքին համընթաց: Իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Բանաստեղծությունը հայրենիքի ինքնահաստատումն է»:
Վարդան Հակոբյանի պոեզիայիում հայրենիքը ստեղծվում է բնության և սեփական ես-ի ինքաճանաչման ու ինքահաղթահարման միջոցով: Հեռուն, լեռը, խոտը, մանուշակը, ծառն ու թռչունը ճանապարհի միջոցով բանաստեղծության սեփականությունն են դառնում: Ճանապարհը՝ իր արևելյան փիլիսոփայական էությամբ մինչև կոնկրետ առարկայական իրողություն՝ Ստեփանակերտ-Երևան ճանապարհ, առանցքային մետաֆորիկ արժեք ունի նրա բանաստեղծության մեջ. այն հեռուն վերապրելու, իր երկրի արտաքին ու ներքին սահմանները հաղթահարելու, բնությանն ու կատարյալին մոտենալու կենսական խողովակ է:
Վարդան Հակոբյանի երկրի սահմանները սկսում էին իր ներսից և բանաստեղծական տողի միջոցով հոսում արտաքին աշխարհ՝ դառնալով ամենօրյա ուժի ու մաքառման հաստատակամություն, սեփական երկրի իրական սահմանների քարտեզագրում, գծագրում:

Երկրիս սահմանները
ճշտելու համար՝
որպես չափման միավոր
ընտրում եմ
սերը: Եվ չկա
Արցախից ավելի մեծ երկրիր
Արցախից ավելի հզոր մի հայրենիք:

 

Հասմիկ Հակոբյան, գրականագետ, Գրանիշ կայքի խմբագիր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *