ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ | Ոչ ոք մարդուն չի պաշտպանում` ոչ պետությունը, ոչ էլ մարդը

Լուսանկարը՝  Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ, արտասահմանյան գրականության պրոֆեսոր, ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր Հենրիկ Էդոյանի հետ

Երբ գրողի հայացքով եք քննում ժամանակը, ի՞նչ տպավորություն եք ստանում:
– Ես ուզում եմ գտնել, թե հիմա մեր հասարակության մեջ ինչ է կատարվում, ինչ է կատարվում մտավոր, հոգեկան, զգայական աշխարհում, եւ ուր է գնում հասարակությունը: Ի վերջո, մարդը հոգեբանություն է, մեր կյանքը վատն է, որովհետեւ մարդու հոգեբանությունն է վատը: Ամեն ինչ հանգում է մարդուն, եթե լավ մարդ է, ուրեմն միջավայրն էլ է լավ: Հասարակությունը պետք է կազմված լինի լավ մարդկանցից, այսինքն՝ մարդու խնդիրն է դրված:
Ինչո՞վ է ապրում մարդը, ինչպե՞ս կբնորոշեք մեր ժամանակի մարդուն:
– Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ հիմա մեր երկրում ապրող մարդն ինչ-որ չափով դեգրադացիա է ապրում՝ մտավոր, հոգեկան առումով: Շատ արժեքներ արժեզրկվում են, մարդկային արժեքներ կան, որոնք միշտ պետք է գոյություն ունենան, ավելին՝ պետք է զարգանան, բայց մեզ մոտ մի քիչ հակառակ ընթացք է: Հավանաբար, դա էլ է անխուսափելի, մի ամբողջ համակարգ է փոխվել, մեր ժողովրդի հոգեբանությունը սոցիալիստական է ի վերջո, հիմքերը սոցիալիստական են, եւ այդ հիմքերի վրա կապիտալիստական հարաբերություններ են բարձրանում, հակասություն է ստեղծվում: Մեծ հակասություն կա. հոգեբանությունը սոցիալիստական է, հարաբերությունները՝ կապիտալիստական: Փողն իշխում է հիմա, բայց մեր հոգու մեջ, ի վերջո, փողը չի իշխում՝ անցյալից եկած, եւ մի ներքին պայքար, ցավ է առաջանում մարդու հոգու մեջ: Երկու տարբեր ֆորմացիաների հակադրություն կա մեր երկրում՝ սովետական սոցիալիստական եւ ժամանակակից կապիտալիստական: Եվ այս ամենի վրա ստեղծվում է փողի իշխանություն, դաժանություն միմյանց նկատմամբ, անհարգալից վերաբերմունք մարդու նկատմամբ։ Այդ բոլոր բաները հակասում են մարդու մեր պատկերացումներին, զգայուն մարդն այստեղ դժվարությամբ է դիմանում այդ երկու հարվածներին: Համաշխարհային ճեղքվածք է ստեղծվել, որ անցնում է մարդու միջով. մեր դժգոհության հիմնական առանցքը հենց դա է: Մենք չենք կարող ամերիկյան մոդելն ամբողջովին ձեւավորել մեզ վրա, որովհետեւ մեր հիմքը մի քիչ ուրիշ է: Այսպիսին է երեւույթը:
Այսօր, փաստորեն, դեռ շարունակվում է սովետական մարդը, մի կողմից՝ բռնատիրություն տեսած, որ կոպտորեն իշխում է, մյուս կողմից՝ սոցիալիստական գաղափարներով դաստիարակված հասարակություն: Այդպե՞ս է:
– Շարունակվում է դեռ: Իհարկե, սովետական մարդը միագիծ չէ, եւ դրականը կա, եւ բռնատիրական դաստիարակությունը կա, որ պիտի ուժով լուծել ամեն ինչ: Մեզ մոտ երկու աշխարհների վայրենի բախում է: Մարդիկ՝ առեւտրականները, որ նախկինում արհամարհված էին հասարակության մեջ, հիմա իշխանության ամենաբարձր լծակին են: Դա մարդու մեջ ցավ է առաջացնում. կարծում եմ, որոշ ժամանակ դեռ պետք է անցնի:
Եվ այսօր արդյունքում մենք ունենք սոսկալի արտագաղթ, պառակտվածություն, հասարակության մի ստվար զանգված դժգոհ է, թշնամական հարաբերություններ են՝ ինչպես խրամատի տարբեր կողմերում:
– Արտագաղթը ոչ թե աղքատությունից է, բնականաբար, վատ են ապրում, այլ այս մթնոլորտից են փախչում, այս հարաբերություններից՝ արդեն անմարդկային դարձած, արդեն մարդու ուժերից վեր է: Այդ հակասություններին դիմանալը մարդու ուժերից վեր է, բոլորը չէ, որ կարող են դաժան, կոպիտ, անմարդկային լինել: Արտագաղթն ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է, անհուսության մեջ է մարդը, անօգնական եւ անպաշտպան վիճակում է, ոչ ոք մարդուն չի պաշտպանում՝ ոչ պետությունը, ոչ էլ մարդը, ոչ մի կողմից պաշտպանություն չունի: Ի վերջո, շատ մեծ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը, բայց չի կարողանում իրեն իրացնել, հնարավոր չէ: Մեր աչքի առջեւ մեր երկիրը հալվում է: Աշխարհը բաժանված է սեւի ու սպիտակի, բայց նրանց միջեւ ինչքան երանգներ կան։ Ամենակարեւորը հավասարակշռության բերելն է բեւեռները, մարդը պետք է իմանա, որ ինքը հասկացվում է: Ոչինչ չի խնայվում, մեկը մյուսին չի խնայում, բոլորը բոլորի դեմ պայքար են մղում, երբեմն անհասկանալի է, հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում, ինքն էլ չգիտի: Հիմա մեր գրականության մեջ էլ Հայաստանի քաղաքացին կարդում եւ տեսնում է, որ չի հասկացվում, որ իրեն չեն հասկացել: Հասարակությանը պետք է հասկանաս, բայց երբ հասարակությանը հասկանում ես, հասարակությունն արդեն փոխվում է:
Դուք միշտ դավանել եք եվրոպական արժեքները, եւ հենց դրանց վրա էլ խարսխված են Ձեր գրականությունն ու կեցությունը: Մենք, որ տեւական ժամանակ ձգտում էինք Եվրամիություն, հանկարծ հայտարարեցինք, որ մտնում ենք Ռուսաստանի հետ նույն Մաքսային միության մեջ: Ի՞նչ եք մտորում այդ առիթով:
– Մեր մշակույթը, մեր պատմությունը եվրոպական են ըստ էության, այսինքն՝ նկատի ունեմ քրիստոնեական, մենք այդ կուլտուրան կրող ժողովուրդ ենք, մեր կյանքը, կենցաղը դրա վրա են հենված՝ եվրոպական, քրիստոնեական, ասենք՝ արեւմտյան: Բնականաբար, մեր ճիշտ տեղն այդտեղ է, մենք պետք է լինենք մեր աշխարհի հետ, իսկ մեր աշխարհը եվրոպականն է, հայերն իրենց ամենաազատն զգում են Եվրոպայում: Ռուսաստանի հետ էլ ենք կապված, ռուսական իրականությունը, ի վերջո, քրիստոնեական է, բայց ռուսական պետությունը մի քիչ տարբերվում է Եվրոպայից: Եթե հիմա ինձ հարցնես՝ ո՞րն եք նախընտրում, ես ասում եմ՝ բնականաբար, Եվրոպական Միությունը, դա կօգնի մեզ վերափոխվելու, մեր կյանքը կփոխվի՝ այդ դաժանությունը, անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ: Ռուսաստանը պետք է այնքան խոհեմ լիներ, որ իմանար, թե ինչ է ուզում այս փոքր երկրից. փոքր երկիր է՝ թող ինքն ընտրություն կատարի:
Ո՞րն է գրողի դերը ժամանակի մեջ, ոչ միայն գրական, նաեւ հասարակական կյանքում:
– Դեռ Ք. ա. 4-րդ դարում Արիստոտելն ասել է՝ երբ գրականությունից պահանջում ես ավելին, քան նա կարող է անել, գրականությունը մեռնում է: Պոեզիան ունի իր նպատակը, պոեզիայով որեւէ հարց չի լուծվում, եւ պոեզիայի վրա չպետք է այն բեռը դնենք, որ չի կարող տանել: Պոեզիան ստեղծում է ժամանակակից մարդու հոգեւոր աշխարհը, նրա հատակագիծն է տալիս, բայց ինքը չի կարող մասնակցել պետական, քաղաքական անցուդարձին: Երբ նայում ենք պատմությունը, տեսնում ենք, որ գրականությամբ որեւէ հարց չի լուծվում: Պոեզիան լուծում է արվեստի հարցեր, արվեստի հարց լուծելով՝ մարդուն տալիս է ներքին ազատություն, մի իրականություն է ստանում, որտեղ ինքը կարող է ազատ լինել: Իսկ մեր իրականության մեջ, որքան էլ ասում ենք մարդն ազատ է, իրականությունն ազատություն չունի, իրականությունը չի կարող մարդուն ազատություն տալ, որովհետեւ մարդը կախված է այնպիսի հարցերից, առանց որոնց չի կարող ապրել, այդ հարցերը ծանրանում, նրան սպանում են: Ես դեմ եմ, որ գրականությունը պետք է մեկնի հասարակական հարցեր, որովհետեւ որեւէ ազդեցություն հասարակություն վրա գործել չի կարող, որեւէ բան փոխել չի կարող. ստվերի պես կսահի-կգնա, իսկ ստվերը չի շարժում իրերը: Գրականությունը կարող է փոխել մարդու հոգեբանությունը, ներաշխարհը. գրականությունն անհատի հետ գործ ունի, ոչ հասարակության հետ:
Ազա՞տ է մեր երկրի մարդը:
– Բացարձակ ազատություն չկա մարդու համար, մարդը կարող է ազատ լինել կիսով չափ, որովհետեւ երկու աշխարհների միացում է՝ հոգի է եւ մարմին: Եթե հոգին ազատ է, բայց դրված է մարմնի մեջ՝ կիսով չափ կորցնում է իր ազատությունը: Բացարձակ ազատության ձգտել՝ մարդուն տրված չէ: Իհարկե, մարդը պետք է ազատ լինի, բայց պետք է իմանա, թե ինչ բան է ազատությունը եւ ինչից է ուզում ազատ լինել, իսկ ամենակարեւորը՝ հանուն ինչի է ուզում ազատ լինել: Եթե մարդն այդ երկու բաները չգիտի, թե ինչից է ուզում ազատ լինել եւ հանուն ինչի է ուզում ազատ լինել, ինքն ազատ լինել չի կարող: Մարդն ազատ է այն ժամանակ, երբ ազատ է ինքն իրենից: Ժամանակակից աշխարհում մարդը պետք է ներքին հոգեկան ազատություն ունենա, մտավոր, հոգեբանական ազատություն, ինքն իրենից ազատ լինի:

Հարցազրույցը վարեց Հուսիկ Արան

Հարցազրույցն արտատպված ` «Հրապարակ» օրաթերթից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *