Նազելի Մարկոսյան | Իրանը և եվրոպական երկրները իրանցի ճանապարհորդ-հեղինակների հուշագրություններում

           Գիտական գրականության մեջ գեղարվեստական վավերագրության ժանրը, որի մեջ մտնում են հիշատակարանը, հուշագրությունը, ուղեգրությունը և օրագրությունը, անվանում են մեմուարային գրականություն:[1] Փաստավա-վերագրական տվյալների աղբյուր լինելուց և տեղեկատվական ու ճանաչողական ծանրակշիռ արժեք կրելուց զատ մեմուարային գրականությունն օժտված է գեղարվեստական գրականության բնութագրիչներով, որոնցով այն դասվում է գեղարվեստական գրականության ժանրերի շարքին: Մեմուարային ժանրը հեղինակին թույլ է տալիս բացահայտել իր հերոսի բարոյական կերպարը նրա արկածների և տարբեր բացասական երևույթների բախման ֆոնին՝ միևնույն ժամանակ, հնարավորություն ընձեռելով՝ պատկերելու  սեփական երկրի կյանքն ու ապրելակերպը:

         Պարսից գրականության մեջ դեռևս XI դարում սկզբնավորված, սակայն շարունակական զարգացում չունեցած մեմուարային գրականությունը ճամփորդական օրագրերի և ուղեգրությունների  տեսքով «վերածնվել է» միայն XVIII դարի վերջերից սկսած: XIX դարի երկրորդ կեսի պարսից ուղեգրական գրականության զարգացման գործում առանձնահատուկ նշանակություն է ունեցել XIX դարի իրանցի հայտնի մտավորական, հասարակական, մշակութային գործիչ Միրզա Սալեհ Շիրազիի ժառանգությունը: Վերջինիս «Սաֆար-նամե»-ն («Ճանապարհորդագրություն») XIX դարում ստեղծված ճամփորդական օրագրերի ամենավաղ նմուշներից է: Ուղեգրական երկում հեղինակը պատմական կարևոր տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների և քաղաքների վերաբերյալ՝ փորձելով օտար երկրներում տեսածը համեմատել Իրանի տարբեր ոլորտներում (կառավարման, կրթական, դատաիրավական) գոյություն ունեցող իրողությունների հետ: Շիրազիի համար եվրոպական քաղաքներից ամենատպավորիչը Լոնդոնն էր՝ իր արտադրական անհավանական ներուժով, տեխնոլոգիական հրաշքներով: Հեղինակին ոգևորում էր հատկապես Անգլիայի արդարադատության համակարգը, որով երկրի բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական դիրքից, հավասարվում էին օրենքի առջև:[2] Շիրազիի ստեղծագործության մեջ տեղ են գտել  սահմանադրական իրավունքների, խոսքի և ընտրության ազատության, պառլամենտի անկախության և բրիտանական սահմանադրական համակարգի մասին գաղափարներ, որոնք նորություն էին Իրանի և իրանցիների համար:

Ճանապարհորդի օրագրում զետեղված են նաև Ռուսաստանի քաղաքներից ստացած տպավորությունները: Այսպես, Մոսկվայում, Պետերբուրգում, Տուլայում և այլ խոշոր քաղաքներում հեղինակի ուշադրությունն են գրավում գործարանները, ֆաբրիկաները, մշակութային հաստատությունները: Նրան առավելապես հետաքրքրում են գիտության զարգացումը, արվեստը, գրքի տպագրությունը: Իրականում, հեղինակի բոլոր գրառումներն արվում էին այն ակնկալիքով, որ օրագիրը կարժանանար երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությանը՝ հող նախապատրաստելով Իրանում բազմապիսի բարեփոխումների իրականացման համար:[3]

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Սաֆար-նամե»-ում Սալեհ Շիրազին անդրադարձել է նաև հայկական բնակավայրերի նկարագրություններին: Այսպես, հեղինակի օրագրում Ջուլֆան ներկայացվում է որպես Արաքսի ափին գտնվող հին հայկական քաղաք՝ բազմաթիվ ավերված հուշարձաններով: Հետաքրքիր է նաև հայկական գերեզմանների նկարագրությունը: Ճանապարհորդի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր գերեզմանում կային հատուկ նշաններ, որոնք պատմում էին հանդերձյալի անցած ուղու և նրա զբաղմունքի մասին: Օրինակ՝ նախկինում անասնապահությամբ զբաղված հանդերձյալի գերեզմանաքարին պատկերված էին չորքոտանիների գլուխներ: Հեղինակը հիացմունքով է խոսում նաև Երևանի մասին՝ այն նկարագրելով որպես գեղեցիկ, խորհրդավոր քաղաք՝ հյուրընկալ բնակիչներով:[4]

XIX դարի երկրորդ կեսի պարսից ուղեգրական գրականության նմուշներից է Ֆարրոխ խան ամին օդ-Դոուլեի  (1812-1871) «Safarnāme-ye Farrox Xān-e Amin-od-Doule» («Ֆարրոխ խան ամին օդ-Դոուլեի ուղեգրությունը») ստեղծագործությունը: Այս օրագիրը պատկանում է այն սաֆար-նամեների թվին, որոնց ստեղծման նախադրյալ են հանդիսացել դիվանագիտական առաքելությունները: Տվյալ դեպքում օրագրի ստեղծման շարժառիթ է դարձել նախարար Ֆարրոխ խանի գլխավորած դիվանագիտական առաքելությունը Եվրոպա՝ Իրանի դեմ Անգլիայի պատերազմի (1856-1857 թթ.) դադարեցման և խաղաղության պայմանագրի կնքման (1857 թ.  մարտի 4) ուղղությամբ բանակցություններ վարելու նպատակով:[5] Ուղեգրությունը շարադրվել է երկու հատորով, որոնցից ընթերցողին հասանելի է միայն առաջինը:

Գրքի առաջին հատորը կատարված իրադարձությունների (Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, պետական գործիչների հետ ունեցած պաշտոնական հանդիպումների, անցկացրած հարցազրույցների ու բանակցությունների) արձանագրումն է, իսկ ահա երկրորդ հատորը շարադրանք է ճանապարհորդի տպավորությունների, ֆրանսիական պետության կառավարման համակարգի, մշակույթի, զարգացած արդյունաբերության, ժողովրդի ազատության, ինչպես նաև եվրոպական երկրների և Իրանի միջև առկա տարբերությունների վերաբերյալ: [6]   Ընդհանուր առմամբ, ճանապարհորդ-հեղինակի՝ Եվրոպա կատարած ուղևորության նպատակը, քաղաքական բանակցություններ վարելուց և պայմանագրեր կնքելուց զատ, եվրոպական երկրների մշակույթին, գիտության ձեռքբերումներին և նորամուծություններին (շոգենավ, շոգեքարշ, օդապարիկ հեռագրատուն), տարբեր ոլորտների գործարանների արտադրանքին, արտադրման եղանակներին և տեխնոլոգիաներին ծանոթանալն էր:  Այսպես, հեղինակը հիացմունքով է խոսում ֆրանսիացիների էթիկայի, մարդասիրության, հյուրընկալման եղանակների մասին: Փարիզում՝ այդ հոյակերտ քաղաքում, ճանապարհորդի ուշադրությունն են գրավում պատմամշակութային վայրերը, հուշարձանները, ընդարձակ Կարուզել հրապարակը՝ շրջապատված Լուվրի և Թյուիլրիի արքայական պալատներով: Հեղինակը տպավորված էր նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորությունից, քանզի լամպերի մեծ քանակության և լույսի առատության շնորհիվ ողջ քաղաքի փողոցները, տներն ու շուկաները ցերեկվա պես լուսավոր էին:[7] Ուղեգրության ժանրով ստեղծագործող մյուս հեղինակների պես Ֆարրոխ խանը համեմատում է սեփական հայրենիքն ու այցելած երկրները, նա ցուցադրում է արևմտյան երկրների դրական ու առաջադիմական կողմերը իրանական իրականության բացասական ու հետադիմական երևույթների ֆոնին՝ փորձելով ուղիներ գտնել հայրենիքը դժվարին վիճակից դուրս բերելու համար: Ի վերջո, հեղինակը հանգում է այն եզրակացության, որ Իրանի զարգացման և առաջընթացի համար  ամենակարևոր գործոններն են արդյունաբերության զարգացումը, տարբեր գործարանների կառուցումը, կրթական մակարդակի բարձրացումն ու անհրաժեշտ մասնագետների պատրաստումը:  Ըստ այդմ, հեղինակը կոչ է անում ամրապնդել ու ընդլայնել Իրանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, հատկապես՝ առևտրի և արդյունաբերության բնագավառում:[8]

Չնայած այն հանգամանքին, որ Ֆարրոխ խանի ուղեգրությունը առավելապես պաշտոնական հաշվետվություն է հիշեցնում,  իրանցի մի շարք պատմաբաններ և հետազոտողներ այն համարում են Իրանում սոցիալական բարեփոխումների ոգեշնչման աղբյուր՝ ընդգծելով ճանապարհորդ-հեղինակի հսկայական ավանդը երկրի արդիականացման համակարգում:[9]

Պարսից գրականության մեջ ուղեգրական ժանրով ստեղծագործած մյուս հեղինակը հայտնի ճանապարհորդ և հասարակական գործիչ Մոհամմադ Ալի բեն Մոհամմադ Ռեզա Սայյահն է (1836-1925),  ով գրականության մեջ առավել հայտնի է Հաջ Սայյահ անունով: Վերջինս պատկանում է այն անձանց թվին, ովքեր արտասահման են ճանապարհորդել ոչ թե հատուկ առաքելությամբ՝ պատվիրակությունների կամ ուսանողական խմբերի կազմում, այլ միայնակ՝ նպատակ ունենալով հայրենակիցներին հնարավորինս ստույգ տեղեկություններ հաղորդել Արևմուտքում գոյություն ունեցող երևույթների վերաբերյալ: Հաջ Սայյահի ճանապարհորդությունը սկսվել է 1859թ. և տևել մոտ 18 տարի: Ուղևորության վերաբերյալ ճանապարհորդի հուշերը տեղ են գտել տարբեր հոդվածներում և իհարկե «Safarnāme-ye Hāj Sayyāh» («Հաջ Սայյահի ճամփորդական օրագիրը»)  ուղեգրությունում:  Ճանապարհորդի ուղևորությունը սկսվում է Զենջանի և Թավրիզի ճանապարհներով, որտեղից նա հասնում է Կովկաս՝ նպատակ ունենալով սովորել հայերեն, թուրքերեն, ռուսերեն և աշխատանքի անցնել Թիֆլիսի դպրոցներում որպես պարսկերենի ու արաբերենի ուսուցիչ:[10] Ընդհանուր առմամբ, Հաջ Սայյահի ճանապարհորդությունը աշխարհագրական լայն ընդգրկում ունի, այն ներառում է Հայաստանը, Վրաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ավստրիան, ինչպես նաև Ամերիկան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը:

«Հաջ Սայյահի ճամփորդական օրագիրը» բազմաբովանդակ ստեղծագործության մաս կազմող գլուխները վերնագրված են ճանապարհորդի այցելած քաղաքների անուններով, ինչպես՝ ایروان (Երևան),  مسکو (Մոսկվա), لندن   (Լոնդոն),   میلان (Միլան): Օրագրում հեղինակը հաջորդաբար նկարագրում է այցելած երկրներն ու քաղաքները (պատմամշակութային վայրեր, հուշարձաններ, եկեղեցիներ, մզկիթներ, գործարաններ, արտադրամասեր, տպարաններ)՝ ուղեգրությանը հաղորդելով փաստագրական ու տեղեկատվական մեծ արժեք: Ճանապարհորդ-հեղինակը մեծ ոգևորությամբ պատմում է Ռուսաստանի քաղաքներում գործող արդյունաբերական ձեռնարկությունների, գործարանների, տպարանների, ժամանցի վայրերի մասին: Ամենից առաջ ճանապարհորդի ուշադրությունն են գրավում Մոսկվայի համալսարանը, քաղաքի դատարանները, հյուրանոցները, թատերասրահները, զբոսայգիները, ինչպես նաև Լազարյան ճեմարանը՝ իր հարուստ գրադարանով:[11] Հեղինակը նկարագրում է նաև Միլանը՝ քաղաքի ընդարձակ, կոկիկ փողոցները, բարձրահարկ շենքերը, հյուրանոցները, գրադարանները, սրճարանները, որոնցից շարունակ երաժշտության ձայն է հնչում: Ճանապարհորդի հուշերում գերմանական Համբուրգ քաղաքը ներկայացվում է որպես գեղեցիկ, բարեկարգ քաղաք, որտեղ գտնվում է գեղատեսիլ Ալստեր լիճը՝ շրջապատված հոյակերտ շենքերով:[12]

Հաջ Սայյահի ուղեգրության մեջ բավական մեծ անդրադարձ կա նաև հայերին ու Հայաստանին: Հեղինակն այսպես է նկարագրում իր մուտքը Երևան.

«شهری دیدم در نهایت پاکیزگی. روی بازارها نپوشیده. میدانی بسیار وسیع. با غچه های متعدد به اطراف میدان. از شخصی پرسیدم که آیا ممکن است در این  با غچه ها گردش بکنم؟ گفتند این با غچه ها را برای گردش مردم ساخته اند»[13]

(«Չափազանց մաքուր մի քաղաք տեսա՝ բացօթյա շուկաներով, ապա՝ շատ ընդարձակ հրապարակ՝ շրջապատված բազմաթիվ այգիներով: Մի անծանոթից հարցրի՝ արդյոք հնարավոր է այս այգիներում զբոսնել: Պատասխանեց՝ այս այգիները մարդկանց զբոսանքի համար են ստեղծվել»):

Իր ուղևորության ընթացքում ճանապարհորդն այցելել է նաև Էջմիածին, այցելության հիմնական նպատակը Մաթևոս կաթողիկոսի հետ հանդիպումն էր: Օրագրում քննարկվում է նաև հեղինակի՝ կաթողիկոսի հետ ունեցած զրույցը կրոնի և մի շարք այլ հարցերի շուրջ:[14]

 XIX դարի երկրորդ կեսին կատարված մասնավոր ճանապարհոր- դությունների թվին է դասվում նաև Հաջի Մոհամմադ Ալի Փիր-զադե Նաինիի (1833-1903) ուղևորությունը եվրոպական մի քանի երկրներ: Նրա առաջին ուղևորությունը արտասահման տեղի է ունեցել 1860թ., իսկ երկրորդը սկսվել է 1886թ. Թեհրանից և ավարտվել 1889թ. Սպահանում: Փիր-զադեն այցելել է բազմաթիվ երկրներ՝ Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Ավստրիա, Հնդկաստան, Եգիպտոս, Թուրքիա, Սիրիա և Իրաք: Բավական երկար ժամանակ անցկացնելով արտասահմանյան երկրներում ու քաղաքներում՝ հեղինակը մտադիր էր մանրամասնորեն ծանոթանալ  տեղական մշակույթին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ժողովրդի կենցաղին ու բարքերին, քանզի ճանապարհորդությունը միջոց էր՝ բացահայտելու սեփական երկրի թերությունները աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին:[15]

Ճանապարհորդության վերաբերյալ իր հուշերը ճանապարհորդն ամփոփել է «Safarnāme-ye Hāji Pirzāde» («Հաջի Փիր-զադեի ճամփորդական օրագիրը»)   երկհատորանոց ուղեգրական երկում, որը, սակայն, որևէ տեղեկություն չի պարունակում հեղինակ-ճանապարհորդի առաջին ուղևորության մասին:[16] Հիշյալ ուղեգրության մեջ հեղինակը խրախուսում է եվրոպական կենցաղն ու մարդկային հարաբերությունների ազատությունը, կոչ է անում  ընդարձակել սեփական երկրի սահմանները կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, քաղաքականության և մի շարք այլ ոլորտներում:

Եվրոպական բազմաթիվ քաղաքներից ճանապարհորդին առավելապես գրավում է Փարիզն իր ջերմ մթնոլորտով և հիասքանչ եղանակով.

«امسال هوای تابستان پاریس را طوری مشاهده نمودم و دیدم که هیح مملکتی چنان هوای خوبی ندیده بودم»

(«Այս տարի ականատես եղա Փարիզի հիասքանչ եղանակին և նկատեցի, որ ոչ մի երկրում նման հաճելի եղանակ չէի տեսել»):

Ճանապարհորդի համար տպավորիչ էր նաև եվրոպական հասարակության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Այսպես, Հաջի Փիր-զադեն գովերգում է եվրոպացի կանանց անկաշկանդությունը, ազատ հագուկապն ու մասնակցությունը հասարակական կյանքին: Այս առիթով իրանցի բանասեր Իրաջ Աֆշարը գրում է. «Ասում են, որ Եվրոպա կատարած երկրորդ ճանապարհորդությունից վերադառնալուց հետո, Հաջի Փիր-զադեն՝ որպես հեռատես, ազատ և խորաթափանց անձնավորություն, իր բարեկամին ասել է. «Շատ ժամանակ չի անցնի, և այս ստվերաշատ ծառերի տակ տղամարդկանց հետ կնստեն կանայք առանց չադրաների և հատուկ հանդերձանքի ու թեյ կխմեն»»:[17] Այս տողերն արտահայտում են հեղինակի լավատեսական մտորումները Իրանի ապագայի վերաբերյալ:

Այսպիսով, Հաջի Փիր-զադեի «Սաֆար-նամե»-ն հայրենակիցներին ուղղված  համընդհանուր կոչ է ազատության, առաջադիմության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ինչպես նաև ժողովրդի կյանքի մաս կազմող մի շարք բացասական երևույթներից ձերբազատվելու համար:

XIX դարի երկրորդ կեսի ուղեգրությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում շահական ընտանիքի անդամների ուղեգրություններն ու ճամփորդական օրագրերը, որոնք ունեին որոշ առանձնահատկություններ: Դրանցից մեկն այն է, որ շատ հաճախ շահի հանձնարարությամբ ճամփորդական գրառումներն արվում էին նրա օգնականների կամ քարտուղարների կողմից: Եվ, որպես կանոն, դրանք գրվում էին առաջին դեմքի հոգնակի թվով՝ ըստ որի շահական ընտանիքի անդամն իր մասին խոսում է հարգական հոգնակիով: Այս առումով հատկանշական են Նասրեդդին շահ Ղաջարի (1831–1896)  ճամփորդական օրագրերը: Իզուր չէ, որ խորհրդային իրանագետ Ե. Բերտելսն իր՝ «Պարսից գրականության պատմության ակնարկ» գրքում, կարևորելով Նասրեդդին շահի ճամփորդական օրագրերի դերը պարսից ուղեգրական գրականության մեջ, գրում է. «Շահի ուղեգրությունները, թեև բովանդակային առումով այդքան էլ հետաքրքիր չեն, սակայն բավական ուշագրավ են լեզվի և արտահայտչաձևերի տեսակյունից, քանզի գրված են մաքուր պարսկերենով՝ պարզ ու հստակ, առանց պալատական ոճին բնորոշ վերամբարձ տարրերի»:[18]

Նասրեդդին շահը Իրանի՝ Եվրոպա մեկնած առաջին միապետն էր, ով, ճանապարհորդությունը դարձնելով իր կառավարման համակարգի անբաժան մասը, ժամանակ առ ժամանակ ուղևորվում էր Իրանի տարբեր շրջաններ (Խորասան, Գիլան, Մազանդարան, Ֆարս) և արտերկիր՝ պաշտոնական կամ, պարզապես, ճանաչողական նպատակներով:[19] Շահի առաջին ճանապարհորդությունը Ավստրիա տեղի է ունեցել 1873թ., ոչ պաշտոնական բնույթ կրող երկրորդ  և երրորդ ճանապարհորդությունները համապատասխանաբար՝ 1878 և 1889 թվականներին: Այս ուղևորությունների արդյունքը երեք ճամփորդական օրագրերի հրապարակումն էր, որոնցում մանրամասն տեղեկություններ են հաղորդվում այցելած եվրոպական երկրներում նրա առօրյայի, սեփական անձին առնչվող իրադարձությունների (հանդիսավոր ընդունելություններ, պաշտոնական ընթրիքներ) վերաբերյալ, բավական գեղարվեստորեն (պատկերավոր նկարագրություններով, համեմատություններով, երկխոսությունների մեջբերմամբ) նկարագրվում են այդ երկրների գեղատեսիլ վայրերը, թատրոնները, թանգարանները, կրթական հաստատությունները, ճանապարհային փոխադրամիջոցները, զինանոցները, արքայական պալատները, գիտության և տեխնիկայի նվաճումները:

Իր առաջին օրագրում շահը կիսում է տպավորությունները գերմանական Հեյդելբերգ քաղաքի գրավչության վերաբերյալ՝ նկարագրելով քաղաքի համալսարանը, բարեկարգ ճանապարհները, շենքերը, շուկան, սրճարանները, ռեստորանները՝  հագեցած ժամանակակից հարմարություններով:[20]

Եվրոպական ուղևորության ընթացքում Նասրեդդին շահն առավել տպավորված էր լոնդոնյան արվեստի և ճարտարապետության ինքնատիպությամբ: Բարձրաշխարհիկ հեղինակի հետաքրքրությունների շրջանակում, բնականաբար, չէին կարող հայտնվել հասարակության ցածր խավի ներկայացուցիչների կյանքի մանրամասներն ու կենսապայմանները: Ուստի, ճանապարհորդի ուշադրությանն էին արժանանում հատկապես բացառիկ և անսովոր երևույթներն ու իրադարձությունները: Այսպես, շահի հետաքրքրությունն է շարժում հատկապես կանանց ու տղամարդկանց համատեղ մասնակցությունը եվրոպական երկրներում կազմակերպված խնջույքներին և միջոցառումներին (չնայած նրան, որ փաստը տպավորիչ էր, շահն արգելում է իր կնոջը մասնակցել նմանատիպ միջոցառումների):[21] Ճամփորդական օրագրերում բոլոր այս իրադարձությունները ներկայացվում են որպես ուշագրավ, սակայն իրանցու և իրանական միջավայրի համար միանգամայն արտասովոր երևույթներ:

Հիշյալ երեք օրագրերից բացի Նասրեդդին շահի եվրոպական ճանապարհորդությունների արդյունքն էր նաև XIX դարավերջին Իրանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում որոշ բարեփոխումների իրականացումը (հեռագրային ցանցի ստեղծում, ճանապարհների, երկաթուղիների կառուցում, կրթական մակարդակի բարելավում և այլն):[22]

Ճանապարհորդելու ավանդույթը Նասրեդդին շահից փոխանցվեց  որդուն՝ Ղաջարական դինաստիայի հինգերորդ ներկայացուցիչ Մոզաֆար-էդ-դին շահին (1896-1907թթ.): Վերջինիս գահակալման տարիները բնութագրվում են մի կողմից տնտեսական վայրիվերումներով, մյուս կողմից՝ լուսավորչական բարեփոխումներ անցկացնելու միտումներով («Նասիրի» թերթի հիմնադրում, «Մոզաֆարիե» ռազմական ուսումնարանի ստեղծում, բանակի մարտունակության բարձրացում և այլն): Իր բարենորոգչական ծրագրերն ամբողջացնելու նպատակով շահը երեք անգամ ճանապարհորդում է Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ (Ավստրիա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա)՝ ծանոթանալու իրանցիների համար նոր երևույթների և իրողությունների:[23]

Մոզաֆար-էդ-դին շահի «Safarnāme-ye mobārake-ye šāhanšāhi» («Շահնշահի օրհնյալ ճամփորդական օրագիրը») ուղեգրությունը մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի ճամփորդական օրագրերից ժամանակագրորեն ամենաուշ ստեղծվածն է:  Օրագրի լեզուն բավականաչափ պարզ է, համեմատաբար քիչ են բարդ նախադասությունները, շարադրանքը տեղ-տեղ ընդմիջարկվում է բանաստեղծական մեջբերումներով: Ճանապարհորդի ուղեգրության մեջ ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է եվրոպական երկրներում շահի անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը՝ ընդունելության արարողությունները, իրականացրած գործունեությունը, այցելած վայրերը, շահի և ուղեկցող պատվիրակության պատվին կազմակերպված թատերական ու երաժշտական միջոցառումները:[24] Նկարագրություններն առնչվում են ոչ միայն օրվա անցուդարձին, այլև շրջակա բնությանը, բնակավայրերին, մարդկանց ու նրանց կենսապայմաններին:

Չնայած նրան, որ շահական ճանապարհորդությունները որոշակիորեն նպաստեցին Իրանում գիտության, մշակույթի և կրթական համակարգի բարելավմանը, քիչ չէին նաև այդ ուղևորությունների հասցրած տնտեսական վնասները (շահական ճանապարհորդությունները կազմակերպվում էին ձեռք բերված խոշոր վարկերի միջոցով):

 Այսպիսով, XIX  դարի երկրորդ կեսին իրանցի ճանապարհորդների իրականացրած ուղևորություններն, անկասկած, խոր հետք են թողել հեղինակ-ճանապարհորդների գաղափարների, մտածելակերպի, աշխարհընկալման վրա, ինչպես նաև ինքնատիպ հայացքներ ու մոտեցումներ ձևավորել քաղաքական ու հասարակական կյանքի հանդեպ, որն էլ, բնականաբար, ստեղծագործության միջոցով փոխանցվել է ընթերցողներին: XIX  դարի երկրորդ կեսից XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածում ուղեգրությունը պարսից գրականության մեջ դարձավ բավականին զարգացած ժանր: Այդ ժանրով գրված ստեղծագործությունները (ուղեգրություններ,  ճամփորդական օրագրեր) մեծ դեր խաղացին պարսից գեղարվեստական նոր արձակի ձևավորման, գաղափարական նորացման, թեմատիկայի բազմազանեցման, գրական լեզվի պարզեցման, գրական ստեղծագործության մեջ խոսակցական տարրերի ներթափանցման, ինչպես նաև լուսավորական գաղափարախոսության զարգացման գործում՝ նոր շունչ հաղորդելով Իրանի հասարակական, տնտեսական, գիտական և կրթական կյանքի նորացմանն ու արդիականացմանը:

[1] Գալստյան Ա., Հայ գեղարվեստական վավերագրության ժանրը և նրա բնութագրման փորձերը գիտական գրականության մեջ, Լեզու և լեզվաբանություն, Երևան, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, 2016, № 2, էջ 34:

[2] Denison S., The travelogues of Mirza Saleh Shirazi: A Persian view of regency London, London Historians, 2016, p.1.

[3] Комиссаров Д.,История персидской литературы XIX-XX веков, Москва,  «Восточная литература», РАН, 1999, стр. 230.

[4] Rāin E., Safarnāme-ye Mirzā  Sāleh Širāzi, Tehrān, Dāvarpanāh,1969, s. 57:

[5] Sarābi H., Maxzan-ol-vaqāye:  Šarh-e māmuriat va mosāferat-e  Farrox Xān Amin-od-Doule, Tehrān, Entešārāt-e dānešgāh-e Tehrān, 1966, š. 1020, s. 34.

[6] Vahdat V.,  Occidentalist perceptions of european architecture in nineteenth-century persian travel diaries: Travels in farangi space, Abingdon, Routledge, 2017, p. 33.

[7] Sarābi H., Maxzan-ol-vaqāye:  Šarh-e māmuriat va mosāferat-e  Farrox Xān Amin-od-Doule, Tehrān, Entešārāt-e dānešgāh-e Tehrān, 1966, š. 1020, s. 193.

[8] Նույն տեղում, էջ 195:

[9] Erdentug A., Colombijn F., Urban ethnic encounters: The spatial consequences, London and New York, Routledge, 2002, p. 162.

[10] Ferdowsi A., “ḤĀJJ SAYYĀḤ”, Encyclopædia Iranica,  2002, Vol.  XI, Fasc.5, pp.556-560 and XI/6 p. 561 http://www.iranicaonline.org/articles/hajj-sayyah

[11] Sayyah M., An Iranian in nineteenth century Europe: the travel diaries of Haj Sayyah, 1859-1877, Bethesda, Md. : IBEX Publishers,1999, p. 316.

[12] Sayyāh M., Safarnāme-ye Hāj Sayyāh be farang / be kušeš-e Ali Dehbāši,  Tehrān, «Nāšer», čāp-e aval, 1985, s. 490:

[13] Նույն տեղում, էջ 45:

[14] Նույն տեղում, էջ 46-48:

[15] Комиссаров Д., История персидской литературы XIX-XX веков, Москва,  «Восточная литература», РАН, 1999, стр.  232.

[16] Persian Travel writing in 19th  century , Chapter 11, p. 78. https://shodhganga.inflibnet.ac.in/bitstream/10603/165060/5/05_chapter%203.pdf

[17] Комиссаров Д.,История персидской литературы XIX-XX веков, Москва,  «Восточная литература», РАН, 1999, стр.  233.

[18] Бертельс Е., Очерк истории персидской литературы, Ленинград, ЦИК СССР, Ленинградский восточный институт, 1928, стр. 108.

[19] Jalise M., Safar va Safarnāmehā-ye Nāsr-ed-Din šāh be farang, Pāygāh-e xabari-e nosxe-ye xați, Tehrān, 2016  http://www.manuscripts.ir/fa.

[20] Persian Travel writing in 19th  century , Chapter 11, p. 70. https://shodhganga.inflibnet.ac.in/bitstream/10603/165060/5/05_chapter%203.pdf .

[21] Նույն տեղում, էջ 71:

[22] Cunningham J., Nāser al-Din Shāh Qājār, Shah of Iran, Encyclopaedia Britannica, 2009 https://www.britannica.com/biography/Naser-al-Din-Shah

[23] Մարտիրոսյան Ա., Օրագրերի ենթաժանրը XIX դարի Իրանի մեմուարային գրականության մեջ, Կանթեղ գիտական հոդվածների ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2013, № 4, էջ 29:

[24] Selim M., Riāzi D., Safar-e orupāyi-e Mozafar-ed-Din šāh va rahāvard-e honari-e ān, fașlnāme-ye elmi-pajuheši pajuhešnāme-ye tārix, š 25, 2019, s. 82.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *