Վարսինե Մակարյան | Իրանցի կնոջ կերպարը պատերազմի և խաղաղության համատեքստում

(իրանական փոքր արձակ)

1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմի տարիներին շատ իրանուհիներ իրենց ամուսինների և եղբայրների կողքին պայքարեցին հանուն հայրենիքի և սեփական արժանապատվության։ Նրանցից շատերը ենթարկ­վեցին տարաբնույթ ֆիզիկական բռնությունների կամ գերեվարվեցին։ Իրանցի կնոջ կերպարը պատերազմի մասին պատմվածքներում բավական ընդգծված է, ինչը խոսում է իրանական նորագույն շրջանի գրականության կերպարակերտման առանձնահատկու­թյունների, կնոջ՝ որպես գրական հերոսի ընտրության, և նրա դերի կարևորության մասին։ Որոշ պատմվածքներում ներկայացվում են ռազմական գործողությունների կիզակետում հայտնված կանանց ճակատագրերը, իսկ որոշներում՝ արդեն հետպատերազմական շրջափուլում որդեկորույս մայրերի և այրիացած կանանց սուգը, բարոյահոգեբանական խնդիրները և իրենց՝ ռազմաճակատից չվերադարձած զինվորների սպասումը։[1]

Բիժան Քիայի «Գիշերվա ալիքը» պատմվածքը ներկայացնում է բուն պատերազմական ժամանակահատվածի դեպքերը և գործողությունների կիզակետում հայտնված իրանցի կնոջ ողբերգական ճակատագիրը, որն ամուսնու հետ արահետով փախչում է, որպեսզի փրկվի թշնամու ճիրաններից. «Արմավենիներն այրվում էին, ամենուր կրակ էր և արյուն։ Նրանք վազում էին։ Տղամարդը վիրավորվել էր, իսկ կինը՝ հոգնել։ Արահետն անցնում էր արմավենուտի միջով, ռումբերի պայթյունից գետինը ցնցվում էր։ Ճանապարհը փակել էին… »։[2]

Շուտով ուժասպառ կինն այլևս չի կարողանում շարունակել ճանապարհը, իսկ թշնամին գրեթե բոլոր կողմերից սեղմում էր շրջափակման օղակը․

Վե´ր կաց, արագացրու´։

                   – Չեմ կարողանում։
                 -Դե վեր կաց, ուր որ է կհասնեն։
                  Կինը կծկվել էր։
                   – Ի՞նչ։
                  – Ինձ թվում է՝ կրնունկս կոտրվել է։
                 – Աստված իմ (բացականչեց տղամարդն ու հուսահատ ոտքը խփեց գետնին)։[3]

Ամուսինն ամեն կերպ փորձում էր այնպես անել, որ կինը կարողանա շարունակել ճանապարհը, սակայն ոտքի վնասվածքը շատ խորն էր, իսկ վիրավոր տղամարդն ուժ չուներ՝ օգնելու նրան։ Կինն անձնազոհաբար ամուսնուն խնդրում է, որ թողնի իրեն, հեռանա ու մազապուրծ լինի թշնամու ճիրաններից։ Զուգահեռաբար լսվում էին իրաքցի զինվորների ձայները, որոնք աստիճանաբար մոտենում էին։ Տղամարդու մոտ ընդամենը մի փամփուշտ էր մնացել, որով չէր կարող պայքարել թշնամու զինվորների դեմ. «Տղամարդն աչքերը լայն բացեց, ոչինչ չասաց, ժպտաց, արյունոտ մատներով շոյեց կնոջ բոցավառ դեմքը։ Թշնամու զինվորները բոլոր կողմերից մոտենում էին… մի փամփուշտ ունեմ։ Ի՞նչ (հարցրեց կինը)։ Տղամարդը չպատասխանեց։ Արի´, Մելիհե։ Կինը շարժվեց դեպի ամուսնու կողմը… ճիչ լսվեց»։[4]

Պատմվածքի հերոսը, գիտակցելով, թե ինչ ֆիզիկական բռնությունների կենթարկվի կինը թշնամու ձեռքում հայտնվելուց հետո, ստիպված սեփական ձեռքերով սպանում է նրան։ Մյուս կողմում մենք տեսնում ենք հավատարիմ ու պարկեշտ իրանցի կնոջ կերպար, որը զոհում է իրեն՝ պահպանելով  պատիվն ու արժանապատվությունը։

Պատմվածքում հանգամանորեն ներկայացված է պատերազմի ողջ սարսափը՝ իրանցի խաղաղ բնակիչների՝ կանանց, ծերերի, երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունները և հոգեբանական  ճնշումները։

Մասումե Էյվազիի «Քարունի դուստրերը» փոքրածավալ պատմվածքում նույնպես իրանցի հերոսուհիները թշնամու կողմից չխոշտանգվելու համար իրենց բարոյական մաքրությունն ու արժանապատվությունը վեր են դասում սեփական կյանքից և որոշում ինքնասպան լինել՝  խեղդվելով Քարուն գետում. «Դեմքը գունատվել էր և աչքերի սպիտակ հատվածը դեղինին էր տալիս։ Վեր կացավ, շալն արձակեց, կրկին ամուր կապեց և նայեց նրա ձեռքին։ Շուրթերն սպիտակ ու ճաքճքված էին։ Վերադարձավ գետի կողմը, նայեց բարձր ալիքներին, ապա նետվեց»։[5]

Այս երկու ստեղծագործություններում էլ մենք տեսնում ենք պատերազմական տարիներին իրանցի կնոջ բարձր բարոյական նկարագիրը՝ սեփական կյանքի գնով փրկել պատիվն ու ազգային արժանապատվությունը։

Մի շարք պատմվածքներում հանդիպում ենք նաև քաջարի,  պատերազմի տարիներին ողջ ներուժով հայրենիքին ծառայող հերոսուհիների։ Ռահիմի Մայաբադիի «Երկնքի կապույտը» (“Ābi-e āsemān”) պատմվածքի հերոսու­հին, մասնագիտությամբ բժշկուհի Ռանան է, որը  պատերազմում եղբոր զոհվելուց հետո որոշում է իր հարմարավետ  կյանքը թողնել և մեկնել ռազմաճակատ՝ իրանցի վիրավոր զինվորներին խնամելու։ Ռանան ռազմաճակատում կորցնում է ոտքը։ Հայրենիքին պարտքը կատարելուց հետո տուն վերադառնալով՝ հանդիպում է նյութապաշտ, եսակենտրոն ամուսնու՝ Ամիրի կշտամբանքներին, որի պատվին դեմ էր հաշմանդամ կին ունենալը. «Կարող էիր չգնալ, վերջն էլ սա էր, ա՞յս էր ուզածդ, քեզ ինչքան ասացի՝ պատերազմի դաշտը քո տեղը չէ։ Եթե ցանկանում ես ծառայել/աշխատել այստեղ էլ կարող ես, դու պարտավոր չես գնալ պատերազմական գոտիներ»։[6]

Ամուսինը վճռում է թողնել  հիվանդ կնոջը և շարունակել իր ցոփ ու շվայտ կյանքն առանց «գլխացավանքի»։ Սակայն Ռանան հավատարիմ է մնում իր դավանած բարոյական արժեքներին. «Ես հպարտ եմ այն բանի համար, որ կարողացել եմ չնչին չափով օգտակար լինել հայրենիքիս։ Դու կարծում ես՝ ինչ է, թե ոտքս կորցրել եմ, ես զղջու՞մ եմ։ Ամիր, դու մարդկային իսկական էությունն ինչի՞ մեջ ես տեսնում։ Ինքդ մխրճված ես աշխարհիկ վայելքների մեջ։ Դու շատ բաներ ես մոռացել, Ամի´ր։ Դու կարծում ես՝ այդ անցողիկ բաներին ապավինելով երջանի՞կ ես։ Բայց ես վստահ երջանիկ եմ։ Չէ որ մարմինը հոգու համար սոսկ վանդակ է… »։[7]

Միայն նյութական արժեքների և աշխարհիկ վայելքների մեջ երջանկություն որոնող Ամիրի հանդեպ ճակատագիրը դաժան հաշվեհարդար է տեսնում. նա ավտովթարի է ենթարկվում և հայտնվում նախկին կնոջ հիվանդանոցում։ Մեծահոգի Ռանան, հավատարիմ իր կոչմանը, վիրահատում է նախկին ամուսնուն, սակայն,  ճակատագրի հեգնանքով վերջինս գամվում է հաշմանդամի սայլակին։ Կյանքի այս հարվածից հետո Ամիրն առավելապես տանջվում է ոչ թե ֆիզիկական տկարու­թյունից, այլ իր հայրենասեր և անձնվեր կնոջ հանդեպ ունեցած ամոթի զգացումից ու խղճի խայթից։

Պատմվածքում Ռանան մարմնավորում է իրանցի կնոջ  հոգևոր և բարոյական վեհ հատկանիշները։ Իսկ ամուսինը՝ Ամիրը անցողիկ արժեքներով ապրող մարդու կերպար է, որն ունակ չէր արժևորելու և գնահատելու կնոջ հերոսական քայլը։

Իրանցի կնոջ՝ պատերազմական տարիների յուրօրինակ կերպար է կերտել Ահմադ Դեհղանն իր «Նամականիշ» պատմվածքում։ Հեղինակն այստեղ լույս է սփռում պատմության որոշ մութ էջերի վրա, շոշափում արգելված  հարցեր։ Ուշագրավ է այն փաստը, որ «Ես եմ Ձեր որդու դահիճը» պատմվածաշարին նվիրված պարսկալեզու ուսումնասիրություններում  չենք գտնում որևէ անդրադարձ այս պատմվածքի քաղաքական կողմերին։ Պատմվածքում գործողությունները և իրա­դարձու­թյունները ծավալվում են նախահեղափոխական շրջանից ընդհուպ հետպատերազմական ժամանակահատվածը։ Ստեղծագործությունը ներկայացնում է անանուն հերոսի (որի հիշողությունների միջոցով է ներկայացված պատմությունը) և նրա մանկության ընկերների՝ Էդրիսի ու քրոջ՝ Ռոյայի (որի հանդեպ հերոսը պատանեկության տարիներին համակրանք էր տածում) կյանքի պատմությունը։ Հեղինակ-հերոսի և Էդրիսի հարաբերությունները պտտվում էին նամականիշների հավաքածուի շուրջը, որտեղից էլ առաջացել է պատմվածքի վերնագիրը։ Հերոսը, բուխարու մոտ նստած, թերթում է նամականիշ­ները՝ վերհիշելով իր, Էդրիսի և Ռոյայի մանկությունը, խաղերը, բակի արմավենին։ Նա նամականիշները մեկ առ մեկ նետում է բուխարու մեջ ՝մտաբերելով Էդրիսի հետ այն ձեռք բերելու պատմությունը. «Իմ մանկությունը սկսվեց Էդրիսի, Ռոյայի և բակի մյուս երեխաների հետ և այս նամականիշների նման, որ արագ ընկղմվում են կրակի մեջ ու,աչքդ չթարթած, այրվում, շուտ ավարտվեց։»[8]

Երիտասարդության տարիներին նրանցից յուրաքանչյուրը կյանքի իր ճանապարհն է ընտրում. «Մենք մեծացանք, ու յուրաքանչյուրս իր ճանապարհով գնաց։ Ես Ռոյային տեսնում էի, որ սպիտակ քաթանիներով[9] ու մոխրագույն կարճ վերնազգեստով գնում-գալիս էր և տեսակ-տեսակ թռուցիկներ բաժանում»։[10]

Ուշագրավ է պատմվածքում Ռոյայի հագուստի նկարագրությունը, որը հեղի­նակի կողմից այդ ժամանակաշրջանում Իրանում ծավալվող քաղաքական գործընթաց­ների մութ կողմերին անդրադառնալու փորձ է։ Նման հագուստ կրում էին mojāheddin-e xalq կոչվող կազմավորման անդամները։ Այն իսլամական ձախ արմատական կազմավորում էր, որը  ստեղծվել էր 1965թ. և հակաշահական գործունեություն էր ծավալում։ Այդ կազմավորումն իր գործուն մասնակցու­թյունն է ունեցել Իրանում 1978-1979թթ. իսլամական հեղափոխությանը, որից հետո իրանական իշխանության հետ անհաշտ հարաբերություններ ունենալու պատճառով հաստատվել է Իրաքում:[11]

Ռոյան հեղինակ-հերոսին իտալական նամականիշ է նվիրում. «Մի աղջնակի ու տղայի նկար էր, որ ուս ուսի էին դրած, և մի նետ խոցել էր երկուսի սիրտը, նետի ծայրից արյուն էր կաթում»։[12] Հերոսն ու Էդրիսն այդ նամականիշը փակցնում են իրենց նամականիշների ալբոմում։ Մի օր, երբ նրանք թերթում են ալբոմը, նկատում են, որ իտալական նամականիշը բացակայում է։ Հաջորդ օրը Ռոյան անհետանում է («Հաջորդ օրը Ռոյան անհետացավ, ոչ ոք նրան չէր տեսել և նրանից լուր չուներ Էդրիսն ամեն օր օրաթերթը ձեռքին արագ-արագ գնում ու խցկվում էր տուն, նա ոչինչ չէր ասում, ես էլ ոչինչ չէի հարցնում, բայց լավ գիտակցում էինք՝ այդ ամենի ետևում ինչ կարող է լինել։ Ես էլ ամեն օր թերթերում փնտրում էի նրա անունն այն մարդկանց անունների շարքում, որոնք սպանվել կամ մահապատժի են ենթարկվել։ Բայց նրանից հետք չկար»[13]

Սկսվում է Իրան-իրաքյան պատերազմը, և տակավին երիտասարդ հերոսը սեփական նախաձեռնությամբ միանում է Խորրամշահրի ազատագրման պայքարին։ Դրանից հետո Էդրիսը դառնում է ինքնամփոփ և տնից հազվադեպ է  դուրս գալիս. «Մայրս պատմում էր, որ մայր ու որդի տնից դուրս չէին գալիս, հատկապես այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ նրանց պատին կարմիր X նշան էին նկարել և անընթեռնելի ձեռագրով ինչ-որ բան գրել, որը երբեք չկարողացա կարդալ։ Մի գիշեր մայր ու որդի մինչև լուսաբաց տանջվեցին, որ ներկը քերեն, բայց միևնույն է դրա հետքն ընդմիշտ մնաց նրանց տան պտին»։[14]

Այս մեջբերումից կարելի է եզրակացնել, որ այդ ընտանիքը (Էդրիսն ու մայրը), հավանաբար, պատժվել է Ռոյայի՝ հակաիշխանական խմբավորմանը անդամակցելու պատճառով։[15]

Տարիներն անցնում են, իսկ հեղինակ-հերոսը շարունակում է պայքարել ռազմաճակատում։ Պատերազմի վերջին տարում՝ արձակուրդ գալու ժամանակ Էդրիսը խնդրում է օգնել իրեն բանակում զինվորագրվելու հարցում։ Վերջինս նախկինում մերժում էր ստացել, ինչը, հավանաբար, պայմանավորված էր քրոջ՝ Ռոյայի քաղաքական դիրքորոշմամբ։[16] Էդրիսի ցանկությունն իրականանում է, և նա մեկնում է ռազմաճակատ. «Ասացին՝ խաղաղության որոշումն ընդունվել է, ուղիղ 40 օր էր, ինչ եկել էինք, երբ դա ասացին, պատրաստվեցի վերադառնալ, պատերազմն ավարտվում էր, և ես այլևս անելիք չունեի այդ օտար վայրում. Էդրիսն էլ էր ցանկանում վերադառնալ»։[17]

Ռազմաճակատից տուն վերադառնալիս երեք հերոսները (հեղինակը, Էդրիսը և Ռոյան) կրկին հայտնվում են նույն վայրում։ Հերոսն ու Էդրիսն իրանական Քրդստանի Կուզարան շրջանից ուղևորվում են Քերմանշահ, որտեղից պետք է ավտոբուսով վերադառնային տուն։ Ճանապարհին նրանք հանկարծակի հայտնվում են կրակահերթի տակ. «… մի քանի հոգի բղավեցին՝ պառկեք, մի՞թե չեք տեսնում, որ պատերազմ է և կվիրավորվեք։ Խառնվեցինք իրար, թե այլևս ի՞նչ պատերազմ, և հենց այդտեղ Էդրիսը լռեց… գնացինք առաջ, ասացին զգույշ եղեք. նրանք (հակառակորդը) էլ են պարսկերեն խոսում, և մենք չկանգնեցինք, գնացինք։ Երանի՜ գնացած չլինեինք, եթե չգնայինք, գուցե այժմ ամեն բան այլ կերպ լիներ»։[18]

Կրակոցներից պատսպարվելու համար երկու ընկեր գիշերն անցկացնում են կամրջի տակ՝ «նրանց զինվորներից մեկի դիակի կողքին։ Ետդարձի  ճանապարհը փակ էր… այդ գիշեր մի կամրջի տակ մնացինք, և նրանց կին զինվորներից մեկի դին մինչ լուսաբաց մեր կողքին էր։ Նրա երկար, կարմրավուն մազերից գլխի ընկանք, որ կին է, այլապես չէինք կռահի, քանի որ դեմքն այլանդակված էր»[19]։

Պարզվում է, որ դա Ռոյայի դին է, որը, լինելով Mojāheddin-e xalq-ի կազմակերպության անդամ, զոհվել էր թշնամի զինվորների կողքին՝ իրանցիների դեմ մարտնչելով։

Ուշագրավ է պատմվածքի իրադարձությունները նկարագրելու հեղինակի ընտրած միջոցը։ Հերոսը մերթ վերադառնում է անցյալի մղձավանջ հիշեցնող դեպքերին, մերթ տեղափոխվում ներկա. «Չգիտեմ՝ ինչու եմ մրսում, ուզում եմ բոլոր նամականիշները միանգամից այրել կրակում, որ տաքանամ»։[20]

Անցյալի պատկերներում ետդարձի ճանապարհն է, թշնամու կրակոցները և ինքը, որ ստիպված է կյանքը պաշտպանել՝ թաքնվելով թշնամի զինվորի, բայց հարազատ ընկերոջ դիակի ետևում. «Երբ գլուխս վեր բարձրացրի, Էդրիսին տեսա՝ գունատ, ուռենու պես դողում էր ասացի՝ ուր որ է կաթվածահար կլինի, և չէի հասկանում՝ ինչու։ Հայացքը հառել էր այն դիակին, որի ետևում ես թաքնվել էի։ Ասացի՝ շարժվե´նք։ Էդրիսը չարձագանքեց, ձեռքը բռնեցի՝ վեր կացնեմ, երբ տեսա սառել, մնացել է տեղում, դաստակս բռնեց և միայն մի բառ արտաբերեց՝ Ռոյա´»։[21]

Պատերազմն ավարտվում է։[22] Հերոսները վերադառնում են իրենց գյուղ, սակայն արդեն շատ բան է փոխվել։ Հոգեկան ծանր ապրումներից Էդրիսը խելագար­վում է, մայրամուտներին դուրս է գալիս փողոց, խոսում, բղավում. «Այդ օրվանից հետո Էդրիսը դարձավ այսպիսին։ Ես ծերացա։ Շատ ծերացա, քանի որ իմ հասակակիցներից ավելին եմ տեսել… հիմա, երբ նստած եմ բակում՝ խուրմայի ծառի տակ ու նամականիշները նետել եմ կրակի մեջ, բացառությամբ այն մեկի, ուզում եմ սիրտս բացել, այս ամենն ինչ որ մեկին պատմել, թեթևանալ… ես ուզում եմ սա հանել հոգուցս, վերջին նամականիշը նետել կրակի մեջ և հեռանալ»։[23]

Պատմությունն այստեղ ավարտվում է. պատերազմի վետերանն ընթերցողին ներկայացնում է ռազմաճակատի ողջ սարսափը։ Պատերազմ, որը սևացրեց իր մանկության լուսավոր հուշերը և ստիպեց մեծանալ, հասունանալ իր հասակակից­ներից շուտ։

Ուշագրավ է Ռոյայի կերպարը։ Թեև նա հայտնվել էր թշնամու ճամբարում, բայց ճակատագրի միջամտությամբ, թեպետ անշնչացած, պաշտպանում է իր մանկու­թյան ընկերոջն ու եղբորը։

Հետպատերազմական տարիների պատմվածքներում մենք տեսնում ենք իրանցի կնոջ երկու կերպար՝ սպասող կին և սգացող կին։

Պատերազմի թողած չսպիացող վերքերի մասին ստեղծագործությունների շարքին է դասվում Ահմադ Դեհղանի «Ուղևորը» (“Mosāfer”) պատմվածքը, որտեղ ամենայն դաժանությամբ ներկայացված են պատե­րազ­մից չվերադարձած Աբդուի մոր՝ նանե Մարիամի ապրումները, հոգեկան խնդիրները և այն անսովոր գործողությունները, որոնք նա անում է  խորը վշտից և անհույս  սպասումից առաջացած խանգարումների հետևանքով՝ իբրև մխիթարու­թյուն։

Ստեղծագործության հեղինակ-հերոսը Աբդուի զինակից ընկերն է, որին վերջին անգամ տեսել է մարտական գործողություններից մեկի ժամանակ վիրավորվելիս, հետո իմացել, որ նահատակվել է։ Նա Աբդուի հետ կապված է հոգու անտեսանելի թելերով՝ պատերազմական հուշերով։ Աբդուի մայրը, լսելով որդու մահվան գույժը, հայտնվում է խելագարության շեմին։ Խաթարվում է նրանց ողջ ընտանեկան անդորրը։ Նահատակի եղբայր Ջասեմը հեղինակ-հերոսի հետ հեռախոսազրույցում պատմում է․

«Նանեն տասն օր առաջ անհետացավ, ամենուր նրան փնտրելու գնացի, մինչև, որ չորս օր առաջ վերադարձավ, այն էլ՝ մի պարկ ոսկորով։ Գնացել էր սահմանի մոտակայքի ավազաբլուրներ, ոտքով գնալու պատճառով երկու ոտքերին բշտիկներ էին գոյացել։ Ասաց՝ գնացել էի Աբդուի ետևից, ապա ոսկորները սենյակում իրար կողքի շարեց և ծածկոցով ծածկեց… չգիտեմ՝ ինչ անել։ Սենյակում շշուկ անգամ չի հանում, քանի որ Աբդուն, ըստ նրա, վերադարձել է և քնած է։ Ուզում էի ոսկորները հավաքել, գոնե տանել մի տեղ թաղել. չգիտեմ էլ՝ ումն են, ընդհանրապես իրանցու՞ են, թե՞ իրաքցու, բայց նանե Մարիամը չի թողնում անգամ մոտենամ դրանց, ասում է՝ Աբդուն հոգնած է, ասել է՝ հենց հոգնածությունը թոթափի, այստեղից կգնանք… հաճախ  նանե Մարիամը դուրս է գալիս փողոց և ում տեսնում, ուրախությամբ հայտնում է, որ Աբդուն վերադարձել է և քնած է»։[24]

Անչափ դաժան այս պատմվածքում պատկերված է հետպատերազմական շրջանի իրանցու կյանքի ողբերգությունը։ Նահատակի վերադարձի ապարդյուն հույսը, որը երբեք չի մարում և որդեկորույս մորը հասցնում է խելագարության։ Մայր, որն օտար զինվորի ոսկորներում էր փնտրում իր որդու կենդանությունը և այդ ոսկորներին  բաշխում իր ողջ մայրական սերն ու գորովանքը։

Սպասող կնոջ յուրօրինակ կերպար է Ամին Բիթարաֆի «Սպասման օրեր» պատմվածքի հերոսուհին։ Ստեղծագործությունը գրված է նամակի տեսքով, որում շարադրված են մի երիտասարդ կնոջ՝ ռազմաճակատից ամուսնու վերադարձի սպասումներն ու ապրումները։ Նրա ամուսինն իրենց ամուսնության առաջին տարում մեկնում է ռազմաճակատ։ Կինը, զօրուգիշեր սպասելով ամուսնու վերա­դարձին, ամեն օր տարբեր ամսաթվերով նամակներ է գրում նրան և պահում իր հուշատետրում։ Տարիներն անցնում են սպասման ու կարոտի մեջ։ Ամուսնու ծննդյան հիսունմեկերորդ տարեդարձի օրը կինը հավաքում է իրերը և ուղևորվում Շալամչե։ Այնտեղ նա հաֆթ-սինի սեղան է պատրաստում՝ մտածելով՝ գուցե իր սիրելին կյանքի վերջին օրն այդտեղ անցկացրած լինի։ Կանայք, որոնք ողջ կյանքում անհույս սպասում են իրենց ամուսինների կամ որդիների վերադարձին, հաճախ այդպես էլ աչքները ճամփին մահանում են. «Հին վարագույը հանեցի և նորը կախեցի։ Մայրս ինձ էր նայում, աչքերս արցունքով լցվեցին, չեմ ուզում որևէ մեկի սիրտն ինձ համար ցավի. սպասումն ինձ չի ծերացնի»։[25]

Պատերազմական փոքր արձակում շատ ազդու է սգացող կնոջ կերպարը։ Ազադե Ֆախրիի «Վշտի մայրը» պատմվածքի հերոսուհին որդեկորույս մայրն է։ Չքավոր ու անօգնական մի կին, որն ապրուստի միջոց վաստակում էր տարբեր մարդկանց տներում մաքրություն անելով։  Իր չարչարված ու տանջված ձեռքերով նա հողին է հանձնում պատերազմում զոհված որդուն՝ միակ զավակին, որից բացի ոչ ոք չուներ աշխարհում։[26]

Այսպիսով, ի մի բերով վերաշարադրվածը, կարող ենք ասել, որ իրանցի կնոջ կերպարը կարևոր և նշանակալից տեղ է զբաղեցնում իրանական պատերազմական փոքր արձակում (պատմվածք, նովել)։ Բազմաթիվ պատմվածներում նրանք գլխավոր հերոսներ են՝ մի դեպքում որպես զինվոր անմիջականորեն մասնակցելով պատերազմական գործողություններին, մյուս դեպքում հանդես են գալիս որպես իրանցի մայրեր, կանայք, որոնք իրենց վրա են կրում պատերազմի հարուցած սոցիալ-հոգեբանական վնասներն ու բեռը։

[1] Šarifpur A., Laškari F., Barresi-e jelveha-ye janān dar do majmu’e-ye dāstān-e kutāh-e “Yusef”, Našrie-ye adabiāt-e pāyidāri, dāneškade-ye adabiāt va ‘olum-e ensāni dānešgāh-e šahid bāhonar-e Kermān, sāl-e panjom, šomāre-ye nohom, pāyiz va jemestān-e 1392/2013, s. 165:

[2] Kiā B., Yaser…Yaser…Ahmad, Širāz, 1386/2007, s. 8:

[3] Տե´ս նույն տեղում։

[4]Dāstān-ekutāh/Moujvamahtāb/BižanKiāh

[5] Amirhoseyn F., Yusef 1, Tehrān, 1385/2006, s. 212.

[6] Šarifpur, barresi-e naqš-e zanän dar čand dästän-e kutäh-e defä’-ye moqadas, našrie-y e adabiāt-e pāyidāri, sāl-e aval, šomāre-ye dovom, bahār-e 1389/2010, s. 179.

[7] Տե´ս նույն տեղում։

[8] Dehqān A., նշվ. աշխ., էջ 33։

[9] Ծանոթագրություն։ Սպորտային կոշիկներ։

[10] Dehqān A., նշվ. աշխ., էջ 34։

[11] Moosavi A. (New York University, NY, USA), Dark Corners and the Limits of Ahmad Dehqan’s War Front Fiction, Midle East Criticue, 2016, p.7.

[12] Dehqān A., նշվ. աշխ., էջ 35։

[13] Տե´ս նույն տեղում։

[14] Dehqān A., նշվ. աշխ., էջ 36։

[15] Moosavi A., նշվ. աշխ., էջ 8։

[16] Տե´ս նույն տեղում։

[17] Dehqān A., նշվ. աշխ., էջ 38։

[18] Տե´ս նույն տեղում։

[19] Dehqān A., նշվ. աշխ, էջ 39։

[20] Նույն տեղում, էջ 41։

[21] Նույն տեղում։

[22] Երկու երկրների միջև ռազմական գործողությունների պաշտոնական դադարումից ընդամենը մի քանի օր անց, Mojāheddin-e xalq-ի անդամները, որոնք զինվել և խրախուսվել էին Սադամ Հուսեյնի կողմից, ներխուժեցին իրանական Քրդստան՝ փորձելով վերցնել Քերմանշահը և տեղի բնակչությանը հանել իսլամական հանրապետության դեմ։ Mojāheddin-e xalq-ին սպասարկող  աղբյուրներում ճակատամարտը կոչվում է «Անմար լույս ռազմական գործողություն» (Operation Foruhg-e Javidān): Դա մեծ ձախողում էր նրանց համար, սակայն իրանական կողմը նշում է, որ այդ գործողության ընթացքում զոհվել է 4500 իրանցի զինվոր։

[23] Dehqān A., նշվ. աշխ., էջ 45։

[24] Dehqān A., նշվ. աշխ., էջ 13։

[25] Amirhoseyn F., Yusef 2, Tehrān, 1386/2007, s. 197.

[26] Šarifpur A., Laškari F., Barresi-e jelveha-ye janān dar do majmu’e-ye dāstān-e kutāh-e “Yusef”, Našrie-ye adabiāt-e pāyidāri, dāneškade-ye adabiāt va ‘olum-e ensāni dānešgāh-e šahid bāhonar-e Kermān, sāl-e panjom, šomāre-ye nohom, pāyiz va jemestān-e 1392/2013, s. 179․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *